ՄՈՒՇԵՂ ԻՇԽԱՆԻՆ
Թե ինչո՞ւ հենց ե՛ս պիտի արարեմ,
Պիտի հավատամ՝
Հույս, Հավատ, Սիրուն,
Խոսող ջրերին
պիտի խոնարհվեմ,
Ոլորտներ հոգամ,
չափումներ ճշտեմ.
Առաջ գիտեի…
Հիմա չգիտեմ,
Թե մարդը մարդուն ինչո՞ւ է կրծում,
Հալածում, որ նա փլուզված մնա
Անիրավության նենգ ճիրաններում
Ու սպառնում է ողջ մարդկությանը
Խավարի առաջ…
Հիմա չգիտեմ,
Թե ի՞նչ են կիսում
պատերազմներում,
Երբ երկրագունդն է
զոհվելու պատրաստ,
Ոչ ոք չի մնա այս ուղեծրում՝
Պատմելու թաքուն
մաղձը չար մարդկանց
Ապագա Աստծուն…
Հիմա չգիտեմ,
Թե սարսուռներում կեսգիշերային
Ինչպե՞ս ենք երգում ոգին Աստուծո,
Հավատում դարձյալ
դարձին մարդկության,
Թե հրաշափայլ
Հայտնություն կգա,
Առա՛ջ գիտեի…
Հիմա՜ չգիտեմ…
ԵԹԵ…
Թե կիսատ է մնացել
գիշերներիդ բույնը,
Ուր ափսոսանքի ձվեր
աստղը կածի ամոթով,
Չի վայելվում շուրթերի
ցանկությունը առտվա,
Չի հատուցվում ամոթխած
այգաբացի հրաշքով,
Ուրեմն է՜լ մի՛ ամաչիր,
արտասվիր, սե՜րս.
Խաչափայտին գիշերվա…
Եթե կորել է անհետ
վերադարձի ծառուղին,
Ու փշրվել են բոլոր
լապտերները հույսերի,
Անկատար է թռիչքը
երազների վազքուղում,
Եվ արմատները ծարավ չեն
պատրաստվում փթթելուն,
Ուրեմն՝ է՜լ մի ամաչիր,
արտասվիր, սե՛րս,
Խաչափայտին հուշերի…
Եթե զգում ես՝
Նա էր տիրակալը արյունիդ,
Որ գնացել է հեռվի
գաղտնիքները կարդալու,
Եվ ճիչ ու կանչդ, ավա՜ղ,
նրա ունկին չի հասնի,
Ու տարածքն անսահման
կվերածվի դամբանի,
Ուրեմն՝ է՜լ մի՛ ամաչիր,
արտասվիր, սե՜րս
Խաչափայտին արյունի…
Թե ավերվել է արդեն
գարուններիդ գույնը,
Չես վիճարկում հարցը սրտի
հիշողության,
Աշուններիդ թափած
տերևների հևքում,
Թե չես գտնում անցածի ու
գալիքի դուռը,
Ուրեմն՝ է՜լ մի ամաչիր,
արտասվիր, սե՛րս,
Խաչափայտին մրմուռի…
ԱՅՆ Ո՞Վ ԷՐ, ՄԱՅՐԻԿ…
Ո՞վ հղկեց, մայրի՛կ,
սալաքարերը այն ճանապարհի,
որով իջա քեզ։
Փափուկ էին խխունջի պես
աստղիկներն ինձ ճանապարհող
և կայծկլտուն՝ որպես բյուրեղ,
իմ ուսերին պահում էի
կավե սափոր՝
լիքը ոսկե հրդեհներով ու դռներով,
որոնք դեպի տաղասացի
լույսն են բացվում,
հետո շարվում հիշողության
ջրերի մեջ
ու ձկների հետ ալիքվում՝
շաղ տալով
վառ ադամանդներ ու սուտակներ…
Ո՞վ կանչեց, մայրի՛կ,
ու ինձ պատվիրեց-
գնալ ու գտնել ակնթարթները
արծաթ հոտերի
և քշել արոտ երկինքներում բաց,
ուր այգիները գինի են դառնում
ինքնաբերաբար
ու գտնում հունը սիրո գետերի,
ու երկարում են մեր մերկ կրծքերին
նարգիզների փունջ,
որ սիրտ են գերում,
և լողանում են ժամանակի մեջ՝
նայելով իրենց աչքերի միջով՝
ինչպես հայելին,
բառերն են գալիս բոլորից թաքուն
և փնտրողներին իրենց մի հատիկ
այնտեղ սպասում…
Այն ո՞վ էր, մայրի՛կ, իր լույսը թողեց
արյանս կարմիր սենյակների մեջ՝
նրանց պատերին
թողնելով խոստման
լռությունները և աղոթքները՝
Հանց աղավնաթև,
ու սեղաններին շարեց սպասման
մեղրահացերը՝ որպես իսկական
բանաստեղծություն ու գինի լցրեց
երախտավորի համար այն լուսե,
որի շուրթերը աղն են որդեգրել
ու գովերգում են ներկայությունը
Աստուծո Որդու արքայության…
ՀԱՍՈՒՆ ՊԱՐՏԵԶ
Մեղրահացերի ծովը տարածվել,
Գրկել է բառի խորքը խլրտուն,
Կենաց գինին է այնտեղ թագավոր,
Լույսի ղողանջը աղոթք է դառնում։
Արևի տարածքն անվերջ է,
խոսուն,
Հազարան Հավքը հույս է ակոսում
Ու ժամանակը՝ աղջկա մատներ՝
Հավատում է դեռ երեքնուկներին…
Կտավներին լույս,
նեկտարի բույլեր,
Դեռևս անհայտ
անընթերց խոսքեր,
Որոնք կծաղկեն
այն երկինքներում,
Ուր թռիչքն ունի
արարման պահեր։
Կյանքի դռները նեղ էին այնքան,
Որ ավետումի սահմանը մաքուր
Հասուն պարտեզի զգեստ է հագել
Եվ անուշահամ երդում է գրել
Միջօրեների ալ շրթունքներին։
Ընդարձակության
ընկալումն անվերջ
Աստղեր է ծնում լռության կողից,
Նրանց ուսերի սափորների մեջ
Երգեր են պահված,
որ կելնեն ծոցից
Մտքի որսորդի ու կփոթորկվեն-
Մշտարթուն ու հեզ…
ԱՐԱՐՈՒՄ
Արևելքը՝ հուր գազան
ներշնչման գույների մեջ,
Ոսկիները անլվա-ձանձրույթների
ափերին,
Փոթորիկներում լույսի և
աչքերի թերթունքին,
Արևելքը՝ հուր գազան,
պարուրեց վալսը դեղին։
Լուսավորվեց անուրջի
արթնությունը դողահար,
Ոսկիները անլվա-ձանձրույթների
ափերին,
Թռչունները թևեցին եթերներում
անծանոթ,
Իրենց թիռով ավլելով
ոսկիները անլվա։
Շառագունեց հուզումից բառաշխարհը պոետի,
Փոթորիկում լույսերի և
աչքերի թերթունքին,
Տիեզերքի բուրմունքից
ներբողներով խոհածին,
Նա գուրգուրեց անծիրը
և ջութակը՝ որպես կին։
Կամուրջները քաղցրահունչ
կապեցին հանգը ափին.
Արևելքը՝ հուր գազան,
պարուրեց վալսը դեղին,
Ճշմարիտի նվագը տենչանք
փռեց անմեկին,
Որը երգում են միայն
պոետները աստղածին…
ԹԱՓԱՌՈՂ ՀԱՆՃԱՐԸ
Նա ոտքով էր դեգերում
հեռաստանները երկրի՝
Ճանաչելով լանդշաֆտներ՝
երազներում տեսանված,
Ընկալելով անծիրում
իրեն տրված չափն-անչափ՝
Ծվենները հագուստի
թողնում էր փուշ ու լեռանց։
Գազաններին զսպելով
աչքերի խոր հմայքով՝
Աշխարհն իրենն էր դարձնում,
ինչպես շրջող առաքյալ,
Չէր տրտնջում, ժպտում էր,
երբ անարգում էր իրեն
Հոծ նախիրը գեշ մարդկանց,
Ճակատի գիրը նրանց
գուշակում հանց մարգարե,
Տխրելով, որ երկինքը
դարձի չի բերում սրանց,
Աղոթում էր առ Աստված –
տիեզերքն իր հոգում,
Խորհում մտքեր իր ներսում,
որ մարդուն մարդ են պահում –
Չարի-Բարու սահմանում…