ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է
գրականագետ
Վազգեն Գաբրիելյանին
ծննդյան 85-ամյակի
առթիվ
«Գրական թերթը» միանում է
շնորհավորանքին
ԺՊՏԱՑՈՂ ՀՈԲԵԼՅԱՐ, ԾԱՆՐԱԽՈՀ ՀՈԲԵԼՅԱՆ
Այս արագափոխ, այս օրենքները վայրենաբար ոտնակոխ անող, վերջապես այս խելացնոր աշխարհում, երբ բացեիբաց երկրագնդի ոչնչացման, ռմբահարումների հաստատակամ կոչերն են հնչում այստեղ ու այնտեղ, մենք կարոտում ենք հանդարտության, մարդկային մի պարզ ժպիտի, ոչ այն, որ իր կեղծությամբ ու թաքցրած սառնությամբ հոգի կհանի։
Ահա այդ մարդկային պարզ ժպիտի տերն է, ըստ իմ անսասան ընկալման, Վազգեն Գաբրիելյան մարդը, տաղանդավոր գրականագետը, նույնքան տաղանդավոր ու ազնվաշուք գրականագետ Ժենյա Քալանթարյանի ամուսինը, հասարակությանը հայտնի ընտանիքի հայրը, ապա՝ պապը, մեր ազնիվ բարեկամը, ընկերը, հա՛, բա չեք ասում՝ քաջածանոթ դասախոսը։
Եվ այսպես՝ շուրջ 60 տարի նրա ներկայությունը ցանկալի է, հաճելի և մտքի խաղաղ փիլիսոփայությամբ հաշտեցնող, գնահատող, վերլուծող։
Մեր գրականության լայն դաշտում և՛ դասական, և՛ ժամանակակից, հատկապես արևմտահայ ու սփյուռքահայ գրական ընթացքի խորը իմացությամբ գրականագիտական հերկեր է բացել, որոնք ձգվել են ուսանողների, ընթերցողների հոգիներում։ Ո՞ր նոր գրքի հեղինակը չի սպասել նրա բանավոր կամ գրավոր կարծիքին կամ գրախոսությանը։
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին իրագործեցինք եղեռնազոհ գրողների «Հողը կխոսե» անթոլոգիայի հինգ լեզվով լույսընծայումը, գերմաներենը նաև Գերմանիայում, որի շնորհանդեսը տեղի ունեցավ Մագդեբուրգի Սուրբ Հովհաննես եկեղեցում, բազմաթիվ գերմանացի և հայտնի թուրք գրող Դողանի մասնակցությամբ, իմիջիայլոց, Դողանը ևս բարձր գնահատեց զոհված գրողների գրականությունը և ցավ հայտնեց, որ նման գրողների են սպանել իրենց հայրենիքում։ Գիրքը ներկայացվեց նաև Հալլե քաղաքի քաղաքապետարանում և Վիեննայի ՀՀ դեսպանատան դահլիճում։
Գրքի առաջաբանը գրել էր Վազգեն Գաբրիելյանը և այնքան խորիմաստ ու դիպուկ, որ օտարալեզու ընթերցողին ճշմարիտ պատկերացում էր տալիս Ցեղասպանության և մեր սրբազան գրող-զոհերի իրական համաշխարհային արժեքի մասին։
Հոբելյարի մասին այնքան լավ գնահատականներ են հնչել, որ ինքը թույլ չի տա թվարկելով ձանձրացնեմ իրեն, քանզի իմ ճանաչած մարդկանցից իրական համեստության համն ու հոտը առել եմ աշխարհում 85 տարի ապրած ու կյանքը առանց ճիգերի շարունակելու պատրաստ զվարթախոհ Վազգեն Գաբրիելյանից։
Շնորհավոր հոբելյանդ, սիրելի՛ ավագ գրչեղբայր։
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
ԳՐԿԵԼԻՆ
Հոբելյանական-հուշագրական տեքստերի մի ոճ կա, որ ես չեմ սիրում, ու ինքը՝ Վազգեն Գաբրիելյանն էլ չի սիրում, ավելի ճիշտ՝ ես Վազգեն Գաբրիելյանի ազդեցություն-թելադրանքով չեմ սիրում. դպրոցական երեխա՝ կարդացի նրա «Ձեզ պահեք ձեր հուշ-մասունքները» հոդվածն ու այդ օրվանից առնվազն տհաճ է, երբ առիթը, առավել ևս հոբելյանական առիթն օգտագործում են ոչ թե կամ ոչ այնքան հոբելյարի, որքան իրենց մասին պատմելու համար:
Բայց հիմա հենց իր՝ Վազգեն Գաբրիելյանի հերթական հոբելյանի առիթով գրվող տեքստի համար բառեր, բնորոշումներ, արտահայտություններ փնտրելիս զգում եմ, որ ուղղակի անհնար է չպատմել իմ մասին, որովհետև նա՝ Վազգեն Գաբրիելյանը, այդ գեղեցիկ ու պայծառ, մաքուր ու պարզ, խիստ ու բարի, ընտիր հումորով, ամենագրական ու ամենադրական մարդը, այդ խոհուն ու ռոմանտիկ գրականագետն ու զարմանալի խաղաղ ու հանդարտ բնավորությունը, այդ գրկելի ու հոգատար ուսուցիչը ճակատագրորեն այնքան շատ կա իմ՝ հենց այս ճանապարհին լինելու մեջ, մարդկայնորեն այնքան շատ կա իմ՝ հենց այս բնավորության մեջ, ուսուցչորեն այնքան շատ կա իմ՝ հենց այս գործունեության մեջ, որ անգամ մեր չսիրածը շրջանցել չեմ կարող:
Ընդունելության քննություններից մինչև ատենախոսության պաշտպանություն, ուսանողական կյանքիս ամենաբախտորոշ ու կասեի՝ ճակատագրական պահերին, ու դրանից էլ անդին, ու միշտ Վազգեն Գաբրիելյանը ներկա է իմ կյանքում՝ առաջին քննության, առաջին հիասթափության, առաջին անբավարարի, առաջին գերազանցի, առաջին հոդվածի, առաջին զեկուցման, ու տասնյակ առաջինների մեջ նրա գնահատականն է, խորհուրդն է, օգնությունն է, թիկունք կանգնելն է, խրախուսելն է, քննադատելն է, ձեռ առնելն է, սաստելն է ու թևեր տալը…
Վազգեն Գաբրիելյանի մարդկային ու մանկավարժական անզույգ որակների այդ ներկայությունն ինձ համար ուղենշային է եղել ու է: Մյուս կողմում նրա գրականագիտական պատկառելի վաստակն է, որ ինձ թելադրել է գործունեության, մոտեցումների, հայացքի ու ճանապարհի կերպ: Հիմնավորության, որոնումի, այլ տեղեր տեսնելու և այնտեղ տանելու, լայն հետաքրքրությունների, միշտ ընթացքի մեջ լինելու գրականագետի նրա կերպը, սակայն, մի շատ կարևոր հատկանիշ ունի, որ միայն իրենն է՝ Վազգեն Գաբրիելյանինը: Նա թերևս հայ ամենառոմանտիկ գրականագետն է, ռոմանտիկ ոչ թե մեթոդի կամ գիտականության տեսանկյունից, այլ նյութի ընտրության, այդ նյութը վերլուծելու, դրան մոտենալու առումով: Նրա թե՛ մենագրություններում, թե՛ հոդվածներում ու ուսումնասիրություններում միշտ գեղեցկության, հատկապես անտեսված կամ մոռացված գեղեցկությունների փնտրտուք կա՝ լինի դա հեղինակ, բանաստեղծություն, պատկեր թե մեկ այլ բան, Վազգեն Գաբրիելյանը միշտ վայելում և օգնում է վայելել հայտնաբերումի հրճվանքը: Նա սքանչացած է գրականությամբ և քեզ էլ մղում է դրան: Նա ուշադիր և հոգատար է գրականության հանդեպ և քեզ էլ մղում է դրան: Նա նաև քննադատող ու բանավիճող է՝ հանուն գրականության, և քեզ էլ մղում է դրան: Եվ այդ ամենը իրեն հատուկ հանդարտությամբ, խաղաղությամբ ու պայծառությամբ, գրականության մարդու վստահ կեցվածքով, առանց ներքաշվելու ուրիշ տեղեր տանող ճահճացող խոսակցությունների ու հարաբերությունների մեջ…
Ու ինչ բարեբախտություն է, որ Վազգեն Գաբրիելյանը՝ այդ գրկելի ուսուցիչը, իր ներկայությամբ, գործով ու գործունեությամբ տասնյակ սերունդների է ուղեկցել և դեռ ուղեկցելու է: Ու ինչ բարեբախտություն է, որ նրա տվածն իր հերթին դառնալու է փոխանցելիք: Ու ինչ բարեբախտություն է, որ այսօր էլ նրան կարող ես հանդիպել բանասիրականի միջանցքներում ու լսարաններում՝ հանդարտ, խաղաղ, ժպտերես ընթացքի մեջ, գրկել, գրկել պինդ-պինդ ու ասել՝ շնորհակալ եմ, ուսուցի՛չ, սիրելի, սիրելի, սիրելի Վազգեն Գաբրիելյան:
Արքմենիկ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
****
Յարաբերական է «դեսպանի» խորհրդի հարցադրումը մշակոյթի պատմութեան մէջ ինքնին, քանի որ, յայտնի բան է, դեսպաններին բնորոշում է, նախ, դիւանագիտական զսպուածութիւնն ու «կոճկուածութիւնը»։ Ինչքան էլ խօսեն, գնահատեն, գիտնականն ու գրագէտն առ հասարակ խօսքը պիտի բխեցնեն «նշանի ահագնութիւնից», լաւ գիտենալով, որ պահելով անգամ բարեվարքութեան կանոնները, հետամուտ են լինելու վարագոյրից այն կողմ ճշմարտութեան ժայթքումին։ Մեզ սիրելի են գրականութեան, գիտութեան զարմի այն «դիւանագէտները», որոնք սիրտն ու միտքը, հայեացքի ճառագող ջերմութիւնը միասնաբար ի ցոյց են դնում հենց գրական ճակատի առաջնագծերում՝ նպատակադրուելով վերհանել միտք բանին, միտումը, խօսքի սլացքի միջուկը, հիացումը կամ հիասթափութիւնը։
Մի խօսքով, դժուար բան է կարծես գրականագէտի խորաչափեր պահելը, յատկապէս եթէ սպասարկում ես Սփիւռքի խայտաբղէտ կալուածը, երբ գիտես, որ քո գնահատականին շահագրգռութեամբ սպասում է ոչ միայն ընթերցողը, որ վաղուց տանիք է կապել իր հայեացքին, այլ առաջին հերթին համալսարանականը, կեանք մտնող ուսանողը, որ պիտի հասու լինի գրական եւ ազգային իրադարձութիւնների ներհակ ծաւալումներին, իսկ նրա կողքին, այն էլ անհամբեր՝ գրողը։ Գրականագէտի կողմնորոշող վերաբերմունքին, բնական է, իբրեւ հայրենի կոչնակի արդար ձայնի, սպասում են գրականութեան արեւմտեան ափերում գուցէ առաւել անհամբերութեամբ։
Իսկ այս հանգամանքը գիտնականի ընդերկար իր ճանապարհներին քաջ գիտակցել է Սփիւռքի գրական տրոփի ներհուն, նուիրեալ մեկնաբաններից բանասիրութեան դոկտոր, ԵրՊՀ-ի երկարամեայ Պրօֆեսոր Վազգէն Գաբրիէլեանը, որն առաջնորդուել է գիտամանկավարժական նման բարձր առաջադրութիւններով, վաստակել բարի համբաւ ու ակնածութիւն։
Գրական ոլորանների գայթակղիչ սկիզբը, սակայն կարծես, այլ բան պիտի յուշէր. զօրեղ էին թւում ստեղծագործական հրապոյրները. 1962-ից գրական արահետներ մտնելու յայտ ներկայացրած, քսանհինգամեայ բանաստեղծի հովերով ապրող Վազգէն Գաբրիէլեանին պիտի սպասէր առաջին քերթողական ժողովածուի թելադրութեամբ՝ «Կանաչ, հինաւուրց թթենու» բանաստեղծական աւանդական հեռանկարը, սակայն շատերի, եւ գուցէ նաեւ իր համար անակնկալ, կտրուկ անցումով նա ընտրեց արեւմտահայ շնչառութիւնը, Սփիւռքի տարասփիւռ աշխարհի գրական թրթիռները համակարգող գիտնականի ճակատագիրը։
Քչերն էին այդ ասպարէզի վաղուայ օրուայ հաւատով լցուած, այնքան որ խորհրդային քաղաքական հաստաբեստ վարագոյրները ծանրաշարժ էին ու հարկ է որ «պատշաճ» հեռաւորութիւն պահէին հայ գրամշակութային երկու անընտել աշխարհների միջեւ։ Այդպիսին չեղաւ Վ. Գաբրիէլեանը, թէեւ թուաց, թէ անաղմուկ է մտել գրական թոհուբոհի մէջ, բայց՝ իրականում մտել էր կողմնորոշուած, ազգային արժէքներին անսակարկ նուիրումով։
Դրա առաջին վկայութիւններից եղաւ հեռաւոր 1976-ին տպագրուած անյաւակնոտ թուացող խորագրով «Դիմանկարներ» շարքը, ուր ընդգրկուած էին Սփիւռքի առաջին ալիքի առաջնակարգ գրողներ տարբեր օջախներից՝ Կոստան Զարեան, Յակոբ Մնձուրի, Շահան Շահնուր, Վազգէն Շուշանեան, Վահէ Հայկ։ Դրանից հազիւ անցել էր մէկ տասնամեակ, երբ Սփիւռքի գրականութեան ջատագովն ու մութուլոյս այդ աշխարհում արդէն հմտացած, խորագիտակ Վազգէն Գաբրիէլեանը իրեն իրաւունք վերապահեց լայնախոհ ճանաչողութեամբ գրական քմահաճ հանրութեան սեղանին դնել «Սփիւռքահայ գրականութիւն»՝ դասագրքի ամբողջական արժէք ներկայացնող գիրքը, որ իրար ետեւից երեք տպագրական քննութիւն բռնեց դեռ խորհրդային շրջանից՝ 1987-ին, ապա նորանկախ ժամանակներում՝ 2008-ին եւ 2016-ին՝ յղկելով ու կողմնորոշելով հայրենի ընթերցողի գրական ճաշակը, ընդլայնելով ճանաչողական ընդունելի մակարդակների ներկապնակը։
Մինչ այդ երիտասարդ գիտնականը արդէն իւրացրել էր Ռուբէն Որբերեանի (1964) եւ արեւմտահայ այլ բանաստեղծների հիմնարար գծերը (1971)՝ առանձին գիտական աշխատութիւններով, առընթեր կազմելով Վահան Թէքէեանի, Մուշեղ Իշխանի եւ այլոց՝ իրականում՝ արեւմտահայ ամբողջական երգի՝ «Ցեղին սիրտ» (1981), «Սփիւռքահայ բանաստեղծութիւն» (1991), «Սփիւռքահայ պատմուածք» երկհատոր (1984, 1986) ժողովածուները։ Անդադրում գիտնականը մենագրութիւնների ու յօդուածների տարաբնոյթ ժողովածուներով հասաւ «Դասականների ժամանակի» (1997), «Գրականութեան մեր ժամանակի» (2006) խորագնայ իմաստներով բարձունքի սահմաններին, բացայայտեց ազգային գրականութեան «Պատմութեան խորհուրդը եւ ներկան» (2012), ուր ի մի բերեց անցեալից ներկայ ձգուող մայր ճանապարհը՝ որսալով զուգահեռներ եւ օրինաչափութիւններ՝ Էմիլ Վերհարնից Դանիէլ Վարուժան, եւ Ռուբէն Սեւակ, Հրանդ Մատթէոսեանից մինչեւ Յակոբ Մնձուրի, խորացնելով արեւմտահայ ու արեւելահայ գրական հարուստ, բայց եւ անտեսանելի շերտերը (Դ. Դէմիրճեան, Ստ. Զօրեան, Վահագն Գրիգորեան, Զահրատ, Համաստեղ եւ բազում այլ ընտրեալներ)։
Իսկ այժմ գիտական նուաճումի մասին. Վազգէն Գաբրիէլեանը մօտեցրեց մեզանում հանճարեղ Դանիէլ Վարուժանի բանաստեղծական գեղագիտութեան եւ ժամանակի բացայայտումի շրջանը՝ 1978-ին եւ 2009-ին երկիցս հրատարակելով նրան նուիրուած աշխատասիրութիւնները։ Ընդգծենք նաեւ, որ 1986-1987 թթ. հրապարակ հանեց բանաստեղծի՝ այնքան սպասուած ակադեմիական եռահատորեակը՝ բնագրերի, յօդուածների, նամակների, ելոյթների, ինքնագրերի հնարաւոր լրամշակումներով։ Հիմնականում արեւմտահայ գրական բարձրագոյն արժէքների տեսական ընդհանրացումներով նա բացեց վարուժանեան բաղձանքը՝ «ապագայի մարդերուն նուիրել այնպիսի հզօր երգ մը, որ հայրենիքը ինծի պէս արարած մը ծնած ըլլալուն գոնէ չզղջայ»։
«Ապագայի մարդերից» մէկը Վազգէն Գաբրիէլեանն է, որ զօրացրեց Դ. Վարուժանի գիտական յուշարձանը կերտելու յանձնառութիւնը մեր մէջ՝ տալով «գրաւոր խօսքի» իր բարձր ծառայութիւնը հայ գրականագիտութեանը, խորացնելով բանաստեղծի գեղագիտական ընկալման աստիճանը։
Սուրէն ԴԱՆԻԷԼԵԱՆ