Հովիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴ
Իմ ձեռքի մեջ մաշող
Քանի գանակ տեսա,
Լանջերս ի վեր, ի վար
Նախճիր, բանակ տեսա…
Մարմինն իմ բզկտող
Քանի դանակ տեսա…
Խև մոլուցքով վայրի՝
Ծաղր ու ծանակ տեսա…

Հայոց բառ ու բանով՝
Գալիքն, արար տեսա.
Հավերժի ճամփորդ եմ,
Ճամփիս խորհուրդն է սա:

ԻՄ ԵՐԿԻՐ
Ինչ լավ է, որ
Քո որդին եմ,
Իմ երկիր.
Իմ սերը քո
Կյանքի համար
Ահեղ մարտում
Կհաղթի,
Այն
Տառապած,
Այն
Փառապանծ
Տերն ու ծառան է
Բախտիդ:

Ինչ լավ է, որ
Քո որդին եմ,
Ու դու իմն ես,
Իմ երկիր,
Կյանքիդ համար
Մահս թե գա,
Քո գրկի մեջ
Պիտ ննջեմ,
Այն ժամ դու քո
Սուրբ շուրթերով
Ինձ երգիր:

ԳԱՐՈՒՆԴ ԿԳԱ
Այս տեսակ ձմեռ
Դու շատ ես տեսել…
Սառույցը հոգուդ
Խորքերն է հասել.
Դու չես վհատվել,
Երբեք չես սարսել,
Եվ սառցակալած
Ճանապարհներով,
Արյունաքամող
Մացառուտներով
Պանծալի ճամփիդ
Եզերքն ես հասել…

Գիտեմ, որ կյանքում
Բախտը քո ճամփին
Ինչ էլ որ բերի,
Ահեղակործան
Արհավիրքն անգամ
Կամ դարանակալ
Քո հին թշնամին
Վերստին կանգնի
Քո ճանապարհին,
Քեզ դավաճանի
Ձեռքն իսկ բարեկամ,
Հայրենի՛ երկիր,
Հայաստա՛ն աշխարհ,
Դու պիտի ապրես…
Դու պիտի ապրես
Միայն քեզ վայել
Ու հպարտ, ինչպես
Մառախուղների,
Բուք-բորանի մեջ
Թրծված սարն այն սուրբ,
Որն իր փառավոր
Ողջ գեղեցկությամբ,
Սառցե ճերմակով՝
Հանց հավերժաթագ,
Հպարտ կանգնած է
Բոլոր դարերի
Խաչմերուկներում՝
Իբրև հաղթանակ:

Հայաստա՛ն աշխարհ,
Անցյալիդ, փառքիդ,
Ողջ տառապանքիդ
Մասիսն է վկա,
Խորհուրդով խորին
Դու նրա մեջ ես,
Ու ամեն հայի
Հոգում Մասի՜ս կա:

ՈՉ ՈՔ ՉԵՂԱՎ…
Նենգ թշնամիս
Փակեց ճամփաս,
Փակեց ճամփաս՝
Երդիկ ու դուռ…
Ծովից ծով էր,
Մնաց մի բուռ,
Հին աշխարհից՝
Մի սուրբ մատուռ…
Մնաց մի խեղճ
Աղոթատեղ,
Ու սուրբ հոգուս՝
Հուսո կանթեղ…

Չորս կողմ մահի
Ստվերն անգութ՝
Ծիկլակում էր
Ամեն տեղից,
Ոչ ոք չեղավ
Բացեր մի դուռ,
Ազատեր չար
Դիվահարից…
– Չկա օրենք,
Չկա դիվան,
Ողջ աշխարհն է,-
Ասին,- հիվանդ:
Երբ որ բացի
Դուռը իմ տան,
Բացի երդիկ
Ու պատուհան,
Օրն արբեցավ
Ճիչից մանկան,
Ծաղկով զուգվեց՝
Հետքերը ձյան…
Եկա՜ն, եկա՜ն
Կազմած խմբեր,
Աղմուկով խև
Լցրին եթեր…
Ո՞վ էր նայում
Անմեղ զոհին,
Վիշտ ու ցավից
Ողբացողի՜ն.
– Ատամնե՛րն ես
Ջարդել խևի,
Էլ ի՞նչ աշխարհ,
Առանց դևի:

Ո՞ՒՐ ԵՆ ՏՂԱՆԵՐԸ
Ո՞ւր են տղաները,
Որոնց թեժ կրծքի տակ
Լավայում էր սերը,
Կարոտն՝ հայրենի տան…
Նրանք նվիրումով մարտի ելան,
Օրհնանքով հայրենի,
Հավատով՝ մայր լեռան…

Ո՞ւր են տղաները՝
Ազնիվ,
Արդարամիտ,
Թշնամու դեմ կանգնած
Աներեր,
Աննկուն.
Վայելչության բոլոր
Հմայքները թողած,
Պսակվեցին զենքին,
Զենքը՝ նրանց:

Ո՞ւր են տղաները, ո՞ւր գնացին,
Նրանց արծվենի հայացքի տակ,
Նրանց առյուծային սրտի բաբախյունը
Հայ մանկանց մայրական սուրբ կաթի հետ
Ամրացներ պիտի ոսկորները մանկանց,
Ո՞ւր են նրանք…

Շնագայլերն ահա աչալուրջ և ուշիմ
Ոստնում են առյուծի գահը նվիրական.
Ա՜խ, ի՞նչ եղան, ո՞ւր են առյուծներս…
Արդյո՞ք լսող չկա աղոթքը մայր լեռան,
Գետերս ինձ լքած՝ ա՜խ, էս ո՞ւր են փախչում,
Աղունիկներն հայոց ո՞ւր են լքում բույնը.
Ծիծաղում է վրաս օտար մի քած,
Թե՝ բոլորն էլ ունեն հիմա թքած…

Ո՞ւր են տղաները…
Թռիչքներին նրանց այնպես է կարոտել
Գագաթը մայր լեռան,
Ի՞նչ պատասխան ես տամ հիմա նրան…
Ո՞ւր են տղաները:

ՊՈԵՄ ԶԻՆՎՈՐԻ ԵՎ ՆՐԱ ՀԻՎԱՆԴ ՄՈՐ ՄԱՍԻՆ
Հիվանդ է մայրը զինվորի,
Հիվանդ է և հողն հայրենի.
Մե՛կ կռվում է մոր ցավի դեմ,
Մե՛կ՝ թշնամու նենգ դավի դեմ…
Քաջ զինվորը՝
Մորն իր պաշտող
Որդին բարի,
Լուռ թեքվել է մոր սնարին
Ու մոլորվել՝
Ո՞ր կողմ գնա, ինչպե՞ս անի:

Մայրը տխուր նայեց որդուն,
Տեսավ որդու մազերին ձյուն,
Ասաց.
– Տղա՛ս, ես՝ գնացող,
Հասիր, փրկիր
Մեր տունն ու հող:

ՀՈԳՆԵԼ ԵՄ
Հոգնել եմ արդեն
Հնազանդ ու հեզ
Այս անճարներից,
Հոգնել եմ արդեն
Նյութապաշտ ու չար
Այս «հանճարներից»:

Հոգնել եմ արդեն…
Անսկիզբ, անվերջ
Թվացող ճամփին՝
Ինքս մսխելուց,
Հոգնել եմ արդեն
Ի՛մ և աշխարհի
Դեմ՝ ընդվզելուց…
Դողում են դարձյալ
Շանթ ու որոտից
Արտերս կանաչ…
Սուր, վահան է պետք՝
Հաղթական երկունք…
Եվ
Ո՛չ թե՝ նահանջ:

ԼՅԱՌՆ ԱՐԱՐԱՏ
Այս ի՛նչ պատահեց,
Ի՛նչ կատարվեց,
Երերաց վանքիդ
Գմբեթ ու հիմք,
Հիմա էլ հոգուդ
Տաճարն է մտել
Առավել դաժան մի արհավիրք…

Քանդում են դրսից,
Քանդում ներսից,
Ջանում են պոկել
Արմատից քեզ…
Անհայրենիք այս
Մոլագարներից
Միայն դու պիտի,
Դո՛ւ քեզ փրկես:

Հավաքիր սիրող
Քո որդիներին՝
Ցանուցիր եղած
Աշխարհով մեկ,
Տե՛ր կանգնիր դու քո
Նոր լուսաբացին՝
Հանց աղեղնավոր
Հայկ Նահապետ:

Քո հոգու խորքից
Վեր հանիր նորեն
Փառք ու պատվի
Գանձերն առատ,
Խրոխտ քայլերիդ
Գալուստն է օրհնում
Հայո՜ց թագակիր
Լյառն Արարատ:

ԴՈՒ ՉԵՍ ՄԱՐԴԱՑԵԼ
Ես հո լա՜վ գիտեմ,
Դու չես մարդացել,
Նույն մարդատյացն ես
Մնացել կյանքում,
Վաղ թե ուշ՝ կգա
Պատիժը վերին…
Ինքդ էլ լավ գիտես,
Որ չկա ներում…

Ժամանակները
Որքան էլ փորձեն
Սպիով ծածկել
Մարմինը հոգու…
Քո մանկան սրտում
Կմնա հավետ
Վախի ու մահի
Տագնապն ահարկու:

Ես տեսնում եմ քո
Դեմքին ծածանվող
Սատանայական
Ժպիտն անմաքուր,
Խորամանկ ոգիդ
Աշխարհակործան
Էլ չի՛ թաքցնի
Ո՛չ մի վարագույր:

Դու հասկանո՞ւմ ես,
Աղետյա՛լ վհուկ,
Ինձ չեն խաբի քո
Խաղերն անմաքուր,
Այդ ե՛ս եմ գալիս
Ու ինձ հետ բերում
Լռած զանգերիս
Ղողանջը մաքուր…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։