ԼՅՈՒԲԻՑԱ ՄԻԼԵՏԻՉ

107962380_293741291871681_4533217276235322735_nՀԳՄ վարչությունը խո­րին ցա­վակ­ցութ­յուն է հայտ­նում սերբ բա­նաս­տեղ­ծու­հի, թարգ­մա­նիչ Լ­յու­բի­ցա ­Մի­լե­տի­չի հա­րա­զատ­նե­րին՝ վեր­ջի­նիս մահ­վան ցա­վա­լի ա­ռի­թով…
­Մի­լե­տի­չը ե­ղել է Ար­ցա­խում, ­Հա­յաս­տա­նում, գրել է ­Հա­յաս­տա­նի մա­սին, թարգ­մա­նել է հայ գրող­նե­րին։
­Մեր սի­րե­լի սերբ քրոջ մա­հը ցա­վա­լի կո­րուստ է բո­լո­րիս հա­մար։ Մ­խի­թա­րում ենք հա­րա­զատ­նե­րին և ­սերբ գրող­նե­րին։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
Բելգրադում 72 տարեկանում կյանքից հեռացավ սերբ ականավոր բանաստեղծուհի, թարգմանիչ, էսսեիստ, Հայաստանի գրողների միության Պատվավոր անդամ, մեր ժողովրդի ճշմարիտ բարեկամ Լյուբիցա Միլետիչը:
Նա ծնվել է 1948-ին, Բելգրադում, երկար տարիներ աշխատել է որպես համբավավոր «Պրոսվետ» հրատարակչության խմբագիր, ապա՝ տնօրեն, հրատարակել է հեղինակային և թարգմանական ավելի քան քսան գիրք:
Միլետիչին գրական հռչակ են բերել «Թախիծ», «Ֆիսոնը ստվերոտ գետ է», «Շնչառություն եղեգնի վրա», «Քրիստոսը Կրեմլում», «Օրվա որդին. 7504», «Արևելքի բարձունքից», «Բաբելոնյան գրառումներ», «Կոստանդինի խաչը», «Անհասանելի ձայն» գրքերը: Այս շարքում առանձնակի տեղ ունի ծայրեիծայր հայկականությամբ համակված «Արարատի հողմերը» բանաստեղծական ժողովածուն, որը վերջին տարիներին Արցախ և Հայաստան իր բազմակի այցելությունների, մեր ստեղծագործական համագործակցության արգասիքներից է և Բելգրադից էլ առաջ թարգմանաբար հրատարակվել է Երևանում և Ստեփանակերտում: Բանաստեղծուհու ստեղծագործությունները ներկայացված են սերբական ու համաշխարհային տարբեր անթոլոգիաներում, թարգմանված են շուրջ երկու տասնյակ լեզուներով: Լյուբիցա Միլետիչը արժանացել է հայրենական և համաշխարհային գրական հեղինակավոր մրցանակների և պարգևների, այդ թվում՝ ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի: Նա անբաղդատելի ջերմ սիրով էր կապված մեր ժողովրդին, խորքով ու լայնքով գիտեր մեր պատմությունն ու մշակույթը: Սերբ ընթերցողին լայնորեն հայտնի են իր «Հայացք Արարատին» ու «Արարատ և Ղարաբաղ» սքանչելի ուղեգրությունները: Նրա թարգմանությամբ և Սերբիայի հայ համայնքի մեկենասությամբ Հայոց ցեղասպանության 100-ամյակի օրերին լույս է տեսել 28 հեղինակի գործեր ամփոփող «Ժամանակակից հայ պոեզիա» անթոլոգիան, որի երկրորդ, լրացված հրատարակությունն էր պատրաստում և չհասցրեց տպագրված տեսնել: Չհասցրեց բոլորովին վերջերս հրատարակված իր նոր թարգմանական գրքի՝ իմ «Վեճ Հոբի հետ» ժողովածուի շնորհանդեսին մասնակցել, որին պատրաստվում էին հայ համայնքը և Սերբիայի գրողների միությունը:
Բանաստեղծուհին սեփական նախաձեռնությամբ անդամագրվել էր Սերբիայի հայ համայնքին, ապրում էր համայնքի կյանքով, վաստակել էր սերբահայության գորովալից սերն ու հարգանքը: Լյուբիցա Միլետիչի պայծառ անունը ընդմիշտ կմնա մեր ժողովրդի նվիրյալ բարեկամների հիշատակի Ոսկե մատյանում:

Գագիկ ԴԱՎԹՅԱՆ

 

ԼՅՈՒԲԻՑԱ ՄԻԼԵՏԻՉ

ԵՐԵՔ ԿՅԱՆՔ
Մի կյանքը երկրի վրա
Երկրորդը պահ է տրվում կենարար հողի գրկին
Երրորդը թևին տալով միտում է դեպի երկինք

Որ լինի արևին մոտ

Եվ ճախրի թեթևաթև անհունում տիեզերքի
Աստղիկի նման ճերմակ
Արևից մոմը վառի

Եվ փնտրի աստվածահաճ սեղանը զոհաբերման

Իսկ հետո երբ կռանա ու մի պահ ներքև նայի
Կտեսնի ժամանակը դատարկված ու ամայի
Ու հոգնած հոգիներին անթափանց մշուշի մեջ

Ու մարդկանց սակավ խմբեր շուրթերով աղոթողի

Մի կյանքը երկրի վրա
Երկրորդը գրկում հողի
Երրորդի առաջ բաց է երկնային արահետը

Իմ հոգին այսուհետև հավիտյան Նրա՜ հետ է

ՆՈՅԸ
Ահա և դարձյալ ժամն է ընտրելու
Սոճիներ ճկուն և կաղնիները ամենաամուր
Հանուն սուրբ գործի վերստին
տապան տաշելու համար
Հասել է ժամը ձյութով լցնելու
Բոլոր ճեղքերը բոլոր հետքերը տաշեղիկների
Եվ առագաստը դիմացկուն կաշվից բարձրացընելու
Հորիզոնը խուլ տնքում է արդեն
Ճռռում են կրող հեծանները որ
Դարերն են կերտել տանջանքով անլուր
Որ գորշ ամպերի խորխորատներով անվթար անցնի
Պատրաստ եմ դաժան ծովերի բոլոր փոթորիկներին
Եվ ալիքներին անհավատության խավարին ահեղ
Իմ աչքի առջև Արարատ լեռն է
Ոսկե պատվա՜րը Աստծո ոստանի

ՄԻ ՓՈՔՐԻԿ ԱՐԵՎ
Միլորադի հիշատակին
Դու ինձ ասացիր աշխարհը փոքր է
Աստծո՜ւն է թվում թե մեծ արարեց
Գնա՛ ասացիր գնա և լսիր հասարակ մարդկանց
Մանկանը լսիր մարտիկին ջահել հացթուխին տարեց
Ասացիր հիշիր ինչ որ կտեսնես
Հայոց հնամյա վիրավոր հողում
Քանի որ այն ինչ այնտեղ կատարվեց
Մի օր էլ այստեղ պիտի կատարվի
Եվ ինչ այստեղ է կատարվում հիմա
Կարող է նաև այնտեղ կատարվել

Ասացիր այնտեղ
Նահատակների հիշատակության մոմեր կվառես
Որ ամեն մի մոմ խավարում մի պահ
Շողշողա որպես փոքրիկ մի արև

Համոզված էիր որ ես այսքանը կարող եմ անել

Դու ինձ ասացիր ճշմարիտ խոսքով հարվածիր չարին
Քանի որ նրան ցավ է պատճառում խոսքը ճշմարիտ
Ասացիր ճչա Եղեռնի մասին և ասա որ այն
Անվիճելի է
Ինչպես տառապյալ Յասենովացը Կոսովոն Բոսնիան

Դու ինձ ասացիր նահատակների արյունը հողում
Զորավոր է քան դիվաբախ դահճի
կեղծիքն անպատկառ
Եվ մեզ ոչ մի բան չի կարող անել որևէ սողուն
Քանզի շեղված է Աստծո ուղուց

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԱՐԵՎԵԼՔ
Երբ ճամփա ընկա
Ես իմ Կոստանդին արքայի ձայնը լսեցի հանկարծ
Դարերի թանձր մշուշի միջից
Խոսում էր հանդարտ
Ու հնչեղ հանգով

«Գնա՛ բարի է ճանապարհը քո
Օրհնյա՜լ է գնա և վերադարձիր
Հի՜ն են ճամփեքը որքան աշխարհը
բայց այնտե՜ղ միայն
Այնտե՜ղ կգտնես պատասխանը քո ամեն մի հարցի

Տրդատը և ես միշտ հավատացինք
Երբ անգամ թվաց թե ուշացել ենք արդեն ամենքից
Ու տես որ բնավ չսխալվեցինք
Թեև ասում են թե անցավոր է կյանքում ամեն ինչ»

Ու երբ տեղ հասա
Փլատակներից վերստին հառնող պատերը տեսա
Քարերի դեմքից մոխիրը սրբող մատները տեսա
Համառությունը համբերությունը և ջանքը տեսա
Ժպիտը տեսա արցունքը տեսա օրհնանքը տեսա

Տեսա թե ինչպես հիշողությունը կերպափոխվում է
Սահմանը հսկող
Արթուն զինվորի

Եվ իմ Կոստանդին արքայի ձայնը
Լսեցի նորից
Խոսում էր հանդարտ և զգուշորեն անվերջ կրկնում
«Երբ որպես պատնեշ կանգնես չարի դեմ
Հիշիր մեկընդմիշտ որ նա չի քնում»

ԳԱՌՆԻ
Այստեղ դարպասը ժամանակների իմ առաջ բացվեց
Անսպասելի և միանգամից
Այդպես բացվում է լույսը վաղորդյան
Երբ խավարամած մշուշն է ցրում հարավի քամին

Մի հնամենի խորհրդանշան երևաց հանկարծ
Սրբատաշ պատին՝
Որձաքարերով կապարակցված ու երկաթագամ

Անհայտ – անանուն վարպետի աջը
Արևապատկեր ծաղիկներով է քարը զարդարել
Արանքում նրանց փոքրիկ մի խաչ է

Ժամանակների հոսանքի միջով
Տողերն են հոսում քարարձանագիր

Այստեղ թևերը հրեշտակների
Մի-մի պատնեշ են անտեսանելի
Որ պահպանում են չարաղետ նեռից

Տեսանողներին

Այստեղ Գառնիում հասկացա հանկարծ
Որ հրաբխային կոկորդից ծնված ժայռը ելնում է
Թիկունք դառնալու անպաշտպաններին

Հասկացա նաև որ տեսանողի շնորհը վերին
Տրված է միայն այն սակավներին
Որոնց աղոթքը անլսելի է և սիրտը մաքուր

ԹԱԴԵՈՍ ԱՌԱՔՅԱԼԸ
Չգիտեմ աշուն էր թե ամառ է եղել
Երբ եկավ եզերքից Եդեսիո
Հանդերձով մազեղեն

Թե ինչ էր մտածում ճամփեքին չգիտեմ
Իր Աբգար արքայի Թո՞ւղթը թե
Հոգու մեջ ծովացած հավատն էր խթանում

Բայց եկավ

Եվ գիտեր որ Տերն է առջևից ընթանում
Եվ գիտեր որ Լույսը երկնառաք չի մարի
Երբ Խոսքն է ճշմարիտ
Եվ Սերը որ պատրաստ է կանգնել աներեր
Եվ Աստծու Դատաստանը կրել
Թարգմանությունը՝ Գագիկ ԴԱՎԹՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։