ԱՐԴԻ ՌՈՒՍԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ / Եվգենի Կարասյով

Վեհերոտություն
Ես յոթ անգամ կանգնել եմ դատարանի առաջ.
նստել ճամբարներում,
որտեղ չեն շտապել հայտնել վերևներին
մահվան մասին նառի հարևանի,
որ համարեն, թե նա կենդանի է և ունենան հացի
լրացուցիչ բաժին.
և քնել եմ այդպես մեռածների կողքին՝
քանի վերակացուն դեռ չի
բացահայտել հանգուցյալին հոտով-
գլխաքանակը մեր ճշգրտելիս:
Ես արգելված գոտում սպանվելու ստույգ
վտանգն արհամարհած՝
փախուստի եմ դիմել հատուկ խիստ
ռեժիմի զոնաներից,
նույն վագոնում տանջվել մահապարտների հետ,
որոնց դատավճիռն ի կատար ածելու
վայրերն էին տանում։
Ես տարել եմ նաև դաժան
մենությունը կարցերների…
Եվ երգերիս տետրը ձեռքերիս
մեջ մաշել – քրքրելով,
վեհերել եմ վերջին ֆրայերի պես
ու ոտընդփոխ լռվել խմբագրության շեմին
«Նովի միր»-ի:

Անտառում
Ես անտառում հսկա մրջնանոցի կողքին
կանգնած՝ դիտում էի նրա բնակչության
կյանքը զարմանալի:
Եվ ինձ պատկերացավ եղբայրների
դեմքով միանման,
նույն հավատքի մարդկանց մի նոր երկիր,
որտեղ ունևորներ – չունևորներ չկան,
որտեղ բոլորն ունեն հագուստ – կապուստը նույն:
Նրանք միասին են հաղթահարում
ախտերն ու աղետներն ամեն,
և հոգ տանում բոլոր մանուկների մասին…
Ես նայելով անխոնջ բանողներին,
այնքան էի տարվել պատրանքներով,
որ մոռացել էի, ախր, երեկ էր,
որ ես էլ էի բանում մրջյունի պես,
ելնում զարթուցիչով, խժռում էի
ճեպով նախաճաշը
և գործարան վազում՝ մրջնանոցիս
հանդեպ ատելությամբ լցված:
Երևում է, ինձ հետ ինչ-որ սարսափելի բան է
եղել այսօր, որ դինոզավրերի
անհետացման հետ է բաղդատելի,
եթե նախանձում եմ միջատներին անդեմ:

Մեղադրող կողմի վկաները
Որպես սկսնակ գրպանահատի՝
առաջին անգամ երբ ինձ քարշ
տվին ոստիկանություն, պատանյակ էի,
իմացա այնտեղ, որ իմ մատները բոլորից
տարբեր կնիքներ ունեն:
Կործանարար էր յուրահատկությունն այդ
գողի համար,
պատուհաս էր դա, դժբախտություն էր
ցմահ ուղեկցող:
Նվագածուի մատներիս նախշերն
այդ յուրօրինակ
փորձեցի քերել և այլանդակել՝
տրվելով անլուր ինքնախոշտանգման:
Բայց ոչնչացված բանվածքը
շուտով դավաճանական ինքնակայությամբ
հայտածվեց, ինչպես ճարպով
ներծծված դրամաթղթին։
Ես քրեական ալքիմիայի նվաճումներին
դիմեցի ապա. և վկաներին մեղադրող կողմի
թունավորեցի չհանգած կրով և
բերտոլետյան աղով մինչև իսկ:
Սակայն այդ փորձված ընթացակարգից
հետո էլ անգամ
երիցս անիծյալ գծերը դարձյալ երևան եկան՝
աննկուն խղճի վկաների պես:
…Ես առանձնանալ չեմ փորձել երբեք
ո՛չ իմ լաթերով, ո՛չ իմ մռութով,
չեմ սիրում, երբ քեզ նայում են մարդիկ
պլշած աչքերով հետաքրքրասեր:
Եվ միմիայն իմ երգերի մեջ եմ
ձգտում չլինել ոչ ոքի նման,
որ Դատարանում ընդունեն դրանք,
ինչպես եզակի մատնահետքերս:

Թեքահար անձրև
Անձրևը փութով անցավ փողոցի
հակառակ մայթով,
առանց ցողելու վերնաշապիկս:
Տարածքներ կիսած անտուն շներն են
այդպես զբոսնում ըստ սովորության:
Մինչդեռ ինչպիսի մեծ ուրախություն կլիներ, եթե
տուն բերող երկար ճամփեքից հետո,
հեղձուցիչ շոգին, երբ ջերմաչափը կպայթի ասես,
կանգնել փութանցիկ հորդ անձրևի տակ:
Փայտե տունը հին ինձ դիմավորեց
կտուրից պոկված թիթեղի սույլով:
Եվ կնոջ նման – երկար սպասված –
անձրևը անցավ դիմացի մայթով:

Հեռավոր
Հիշողությանս հանդիմանական կանչո՞վ,
թե՞ ծանր զգացողությամբ,
որ ունենում ես գավթում տաճարի,
կամ թևաբեկված թռչնիկի տեսքից,
գյուղ էի գնում, տատիս մոտ-
մանկութ արահետներով։
Ցուրտ է-
այնպիսի, որ բռնակալի
կառավարումից հետո է լինում։
Քամին սանձարձակ
քշում է փոշին.
հուսահատությամբ
հետքերն եմ զննում մարած օջախի:
Ո՛չ ջրհոր, ո՛չ տուն-
Թևին է տալիս մի կենտ ցախաքլոր:
Գետակը ծանոթ
նույն հունն է հարթում իր ոլոր-մոլոր:
Սրտի ցավի մոտ
նսեմանում են ցավերը բոլոր:
…Սարսափելի է վերադառնալը
մանկության աշխարհ,
ուր ոչ ոք չկա:

Ուղեվարձը
Ես, նստած բանտում, որի պատերից
անդին անցնում էր տրամվայի գիծը,
կարոտով էի լսում քաղաքի ձայներն ըղձալի,
անասնոց քշված կենդանու նման։
Եվ քննում էի մտովի, թե ես ինչե՜ր կտայի
այդ զնգզնգացող վագոնով
փոքր-ինչ երթևեկելու երջանկությանը
հասնելու համար։
Իմ թանկ մեքենան, ամառանոցս
տաքուկ ծովափին, չլսված գումար,
ճենապակեղեն, գեղանկարներ,
հազվագյուտ դրամներ-
առանց վարանքի պատրաստ էի տալ,
թե ունենայի այդ ամենը ես…
Շատ տարիներ անց, ապշահարության
հասնող միամիտ ոգևորությամբ,
զբոսնում էի երկար սպասված զնգուն
վագոնով, տոն օր էր ասես։
«Ուղեվարձը մեր երեք կոպեկ է»,-
աչքովս ընկավ ազդագիրը թանկ։
Եվ ինձ նեղություն չպատճառեցի
տարբերությունը հաշվելու համար:

Քամոտ օրով
Քանի՜ ընկերների ես էլ չեմ հանդիպի,
տղեկների, քանի՜ մերձավորի:
Քամոտ օրով կանգնած ափին գետի-
փրփրակալած եռուն, կայտառ
ալիքներից ցածրակատար-
հիշում եմ, թե ինչպես, ա՜յ, էն կաղնու բնին-
ցանկանալով անցնել գիրկը հավերժության-
զատմաչյեցի1 տկլոր-սոված ընկերներով,
փորագրեցինք մենք մեր անունները։
Մոտենում եմ ծառին:
Փորվածքներում – բուժված սպիների նման-
նշմարվում են գրերն անձնապաստան:
Եվ ես հանկարծակի հասկանում եմ,
որ դա ոչ թե փառամոլի քմահաճույք,
այլ միամիտ տենչ էր բարեկամությունն ու ընկերությունը մեր հաստատելու:
…Իսկ ալիքը գետի ջանադրությամբ
անխոնջ քշում է ու քշում
փրփրագառնուկներին, ինչպես անդուլ
ռանդան՝ տաշեղները:

Որբություն
Խրճիթը դատարկ է: Վազվզում է քամին:
Խունացած նկարում երևի տերերն են,
արանքում՝ մի խենթուկ:
Պատերի հետևում, ժանգոտած
ծխնիով դռան պես,
մարգալորն է ճռռում թախծալի:
Ամենուր դեռ վերջին օրերի
ապրուստի հետքերն են,
գդալներ, ափսեներ:
Եվ ինչպես շներն ու կատուները լքված,
թվում է, իրերն ինձ ինչ-որ մի մղկտուն,
նախատող հայացքով են նայում:
Եվ ի՞նչն է ստիպել այս մարդկանց,
որ լքեն պատերը հարազատ։
Հավաքագրողների խոստումնե՞րը դատարկ:
Թե՞ նախագծերը երերուն:
Լռություն. միմիայն մարգալորն է վհատ
ձգում իր թախծալի մեղեդին:

—————————-
1. Զատմաչյե – շրջան Տվերում, Տմակոյ գետից անդին։

Թարգմանությունը՝ Գագիկ ԴԱՎԹՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։