ԹՈՄԱՍ ԷԼԻՈԹ
Թարգմանությունը`
ԱՐՏԵՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
ՄԱՐԻՆԱ
Ինչպիսի՜ ծովեր, ափե՜ր և
մոխրագույն ժայռե՜ր,
Ալիքնե՜ր, որ ծփում են կայմին,
Եվ բույրը սոճու, և երգը կեռնեխի
մառախուղի խորքից.
Ինչպիսի՜ պատկերներ, որ վերադառնում են,
Օ՜, աղջի՛կս:
Նրանք, ովքեր սրում են ատամները շան
և մահ կամենում,
Նրանք, ովքեր փայլում են հծծահավի փառքով
և մահ կամենում,
Նրանք, ովքեր նստում են գոհացման
խոզանոցում և մահ կամենում,
Նրանք, ովքեր տանջում են կենդանիներին
և մահ կամենում,
Անէանում են, մաշվում այս քամուց,
Սոճու մի հնոց, և անտառի մշուշը
Ցնդում այս վայրում, հենց այս շնորհիվ:
Եվ այս դեմքը՝ անվերջ հեռացող,
Այս զարկերակը՝ ձեռքի վրա մարող,-
Նվե՞ր է, թե՞ պարտք, հեռու՝
ինչպես աստղ և մոտ՝ ինչպես աչք:
Հծծանք և ծիծաղ
շտապող ոտքերի և տերևի միջև,
Քնի խորքում, որտեղ բոլոր
ջրերն իրար են խառնվում:
Ցռկահեծանը ճաքել է ցրտից, ներկը՝ արևից:
Արարել եմ, մոռացել:
Նորից վերհիշել:
Թուլացած առագաստ և կտավ փտած,
Եվ այս ամենը՝ հունիս-սեպտեմբեր հատվածում:
Ստեղծել եմ՝ չճանաչելով, անգիտակից,
չիմացված, իմ սեփականը:
Տախտակամածը ջուր է թողնում,
ճեղքը պետք է ձյութել:
Այս ձևը, դեմքը, այս կյանքը,
Որ պետք է ապրի, ապրելու համար
ժամանակի աշխարհում,
Թույլ տուր հրաժարվեմ իմ կյանքից՝
այս կյանքի համար,
Խոսքից չասվածի
Եվ արթնացումի համար, բաց շուրթեր,
հույս, նոր նավեր,
Ինչպիսի՜ ծովեր, ափե՜ր և գրանիտե կղզինե՜ր,
Որ լողում են հեծաններիս ընդառաջ,
Եվ կանչը կեռնեխի մառախուղի խորքից,
Օ՜, աղջի՛կս:
(Էլիոթի վերջին բանաստեղծությունը`
նվիրված աղջկան)