Հայոց անկախության 30 տարիների ամենամեծ ձեռքբերումը Հայոց բանակն է, և դա ապացուցվեց Արցախյան պատերազմում, 1990-ական թվականներին Հայաստանի սահմաններում ծավալված պատերազմական իրավիճակներում, ինչպես նաև 2016 թ. մարտական գործողություններում: Իսկ ընդամենը օրեր առաջ Տավուշի դիրքային պայքարում ևս մեր Հայոց բանակն իր սպաներով, զինվորներով, ճշգրիտ գործողություններով փաստեց, որ բանակը ոչ միայն կայացած է, այլև անվերջ կայացման փուլում է և՛ նոր զինատեսակների, և՛ կրթության, և՛ տեխնիկայի՝ նաև Հայաստանում արտադրվող տեխնիկայի՝ ԱԹՍ-ների ու նաև դրանց դեմ պայքարի միջոցների (խոցվել է հակառակորդի 10 ԱԹՍ) առումով: Հիշենք, թե 2016 թ. այդ մի քանի թռչող սարքերի հարվածներից քանի՛ զոհ ունեցանք: Այնպես որ, կարող ենք փաստել բանակի կայացման, զարգացման և հատկապես վերջին երկու տարում նոր տեխնիկայի ձեռքբերման և նոր արտադրություններ հիմնելու մասին: Այսինքն՝ բանակն աշխատող օրգանիզմ է, որ հընթացս տեսանք հենց բուն գործողության մեջ:
Մեր խոնարհումը կռվող բոլոր սպաներին, զինվորներին, փառք ու պատիվ նրանց: Ինչպես նաև՝ մեր ցավակցությունը զոհվածների հարազատներին: Պատերազմն առանց զոհերի չի լինում, չի լինում առանց հաղթողների և առանց պարտվողների: Մենք ցավում ենք, մեծ կսկիծ ենք ապրում զոհվածների համար: Բայց նաև հպարտանում ենք մեր տղաների հաղթանակով: Նրանք իրենց խիզախությամբ, կյանքի գնով, ամեն մետրի համար պայքարելու կամքով ու ջիղով ապացուցեցին, որ հաղթանակը մերն է:
Նաև պիտի փաստենք, որ առաջնագիծն առանց թիկունքի այդ ուժը չի ունենա. Տավուշի գյուղերի բնակիչներից ոչ ոք իր տունը չլքեց, մինչդեռ հակառակորդի գյուղերը ահագնացող թափով դատարկվում էին: Հայ գյուղացին իր հողին, իր սահմանին կպած լինելու ու սահմանը պաշտպանելու կամքով է արիություն հաղորդում ոչ միայն առաջնագծի, այլև թիկունքում գործող մեր զորամիավորումներին:
Մեր բանակը, մեր ժողովուրդը միասնականության հրաշալի դաս տվեցին: Քաղաքական տարատեսակ քաշկրտումները ընկալելի են, երբ սահմաններում հանգիստ է: Բայց այդ վճռորոշ օրերին մի շարք լուրջ կուսակցություններ սատարեցին իշխանությանը, պետականությանը և միացան միասնականության կոչերին: Համախմբվեց հայ ժողովուրդը՝ Սփյուռք, Արցախ, Հայաստան: Այդ պայքարն առանց այդ միասնության, հավաքական ուժի անհնար է պատկերացնել:
Նաև ծիրանի հետ կապված մոսկովյան այդ միջադեպը յուրովի ամրագրումն էր այն իրողության, որ Մոսկվայում լինենք թե որևէ այլ քաղաքում, Հայաստանի հետ ենք և Հայաստանի թիկունքին: Ե՛վ ԱՄՆ-ում, և՛ Ֆրանսիայում, և՛ Գերմանիայում, ամբողջ աշխարհում, որտեղ հայություն է ապրում: Պայքարում էին նաև մեր դիվանագիտական կառույցների, դեսպանատների մոտ՝ դիմագրավելով ադրբեջանցիների հավաքներին: Այսինքն՝ մեր պայքարն ամենուր է: Մեր գոյությունը պայքար է: Գոյապայքար: Մանավանդ այսօր, 21-րդ դարի հարափոփոխ ժամանակի մեջ, երբ մի կողմից կորոնավիրուսի համավարակ է, մյուս կողմից՝ Թուրքիայի, Ադրբեջանի պես հարևանների առկայություն:
Ուզում եմ ուշադրություն հրավիրել Թուրքիայի գործողություններին. տարածաշրջանում նա դարձել է ահավոր պայթյունավտանգ պետություն Իրաքի, Իրանի, Սիրիայի, Լիբիայի, Եմենի, Հունաստանի, Կիպրոսի, Հայաստանի համար: Սա նրա գիշատչական, արյունարբու կերպն է, հարյուրավոր տարիներ չի հանգստանում և հիմա էլ Օսմանյան կայսրությունը վերականգնելու տեսիլների մեջ է: Եվ, բնականաբար, այդպիսի հարևան ունենալը դժբախտություն է: Պայքարում են մեր Պահանջատիրության դեմ՝ հատուկ կազմակերպություններ ստեղծելով, չեն խորշում զենքեր, փորձագետներ, չի բացառվում՝ նաև վարձկաններ մատակարարել Ադրբեջանին: Նրա ամեն մի արտահայտության տակ պետք է վտանգ տեսնենք: Երբ Էրդողանը հայտարարեց, թե հայերը գրավել են Նախիջևանը, հավանաբար նկատի ուներ Արցախը: Սակայն եթե լեզվաբանական, հոգեբանական վերլուծության ենթարկենք նրա խոսքը, կտեսնենք, որ Նախիջևան բառը հեռակա նպատակների մասին է ակնարկում՝ Նախիջևանը դարձնելու են, թերևս դարձրել են մի հենակետ, որտեղից փորձելու են ռմբակոծել Հայաստանը, ճանապարհները, նաև Երևանը: Երբ Ադրբեջանի նախագահը, բանակը համարում են, որ Երևանն իրենց քաղաքն է, ուրեմն՝ Նախիջևանը մեր ամենավտանգավոր սահմանակից տարածքն է լինելու: Այնպես որ, ամեն խոսքի տակ պետք է տեսնենք ապագա վտանգները: Եվ պատահական չէ, որ Ադրբեջանը պետականորեն հայտարարում է հայկական ԱԷԿ-ը ռմբակոծելու մասին: Սա արդեն լրիվ պարզում է նրանց դեմքը՝ անբարո, գիշատչական, աշխարհի կարծիքը չընդունող: Համապատասխան ձևով պետք է հարաբերվենք նրանց հետ՝ ամուր պահելով մեր և՛ ներսը, և դուրսը՝ հայության ոգին, մշակույթը, բանակը՝ միասնականության բոլոր ուղիներով:
Հավելեմ, որ շատ սևեռվել Մարգարիտա Սիմոնյանի անպարկեշտ խոսքի վրա և պայքարել ենթատեքստերի դեմ, հավելյալ էներգիա կխլի և կշեղի բուն նյութից: Խնդիրն այն է, որ հայ-ռուսական հարաբերությունները՝ և՛ ռազմական, և՛ տնտեսական, մանավանդ այսօր, այնքան խորացված են, որ վեր են միջանձնային, միջազգային, միջպետական շատ հարաբերություններից: Վերջիններս կարող են շատ ավելի ցածր լինել, քան տարածաշրջանի ընդհանուր շահերի և համաշխարհային շահերի խնդիրն է: Այստեղ, ինչքան զգում եմ, ճանաչում են, հայ-ռուսական և տարածքային շահերը որոշակիորեն համատեղում են՝ նաև աշխարհում պահպանելու մեր կերպը, մեր հարաբերությունները, նաև մեր դիվանագիտական ջանքերը՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև հզոր պետությունների, եվրոպական երկրների, բոլորի հետ, ում հետ հնարավոր է: Մեր շահերը և մեր հարաբերությունները մենք պիտի կարողանանք ճշմարիտ կերպով կազմակերպել, աշխատել միշտ այդ ուղղությամբ: Ամեն մեկս պետք է մի աղյուս ավելացնենք մեր բանակաշինության պայքարի և մեր հոգևոր կառույցներին՝ ամրացման, ամրապնդման և հզորացման համար:
Հիշեցնեմ, որ ՀԳՄ-ն Պաշտպանության նախարարության հետ համատեղ ծրագրեր է իրականացնում՝ ի շահ գրականության և ի շահ մեր պետականության հոգևոր ուժի ամրակայման: