ՍԵՎԱՆԱ ԼԻՃԸ, ՄԵՆՔ / Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ

Երկու լուսանկար Սևանից, ավագը մոտ յոթանասուն տարեկան է, բայց էն մյուսից թարմ է պահպանվել, ոնց կար՝ մնում է, սև-սպիտակ, առանց դեղնածության. մայրս է, նրա գրկին ես եմ՝ երկու-երեք տարեկան, Սևանի ափին ենք, լիճը չի երևում, լուսանկարչի թիկունքում է, բայց ես տեսնում եմ՝ դեմքս ջրերին է դարձած: Դեմք… դեռ դեմք չէ, մաքուր, անչար, չփչացած… կամ էլ հենց իսկականն է, հետո կյանքը դիմակ կսարքի: Սակայն հիմա դեմքս չէ հոգսս, Սևանն է (թեև կարելի է դիտարկել որպես փչացման զուգահեռ պրոցես և դրա նույնական պատճառները փնտրել ու գտնել): Մորս գրկին ինձնից ձախ՝ կղզին է, այն ժամանակ երևի դեռ կղզի էր, թեև, հավանաբար, ջրի միջով արդեն երևակվում էր ցամաքը, որը շուտով կղզին թերակղզի էր դարձնելու:

Երկրորդ լուսանկարին լիճն է, կապույտ, որովհետև ինչքան էլ լուսանկարը սև-սպիտակ՝ չի կարող քողարկել Սևանի կապույտը, կապույտ ջրերում՝ ռետինե փչովի նավակը, նավակի մեջ՝ ես, երևի տասնհինգ-տասնվեց տարեկան, մի պահ դադարեցրել եմ թիավարելը՝ դիմացի նավակից լուսանկարում են, կեցվածք չեմ ընդունել, չէ՛, անակնկալի եմ եկել, Շորժայի կողմերում ենք, նկարիչների հանգստյան տան մոտերքում, Նկարիչների միության կազմակերպած սիրողական ձկնորսության մրցույթն է, մի քանի խմբերի ենք բաժանված, ես հորս խմբից եմ (նկարիչ չէր հայրս, սակայն Նկարիչների միության հուշանվերների կոմբինատի գլխավոր ինժեներն էր), բայց՝ առանձին նավակով, երեք հարյուր յոթանասուն գրամանոց իշխան որսացի այդ օրը, նույնիսկ ամաչում էի ներկայացնել կշռման, սակայն պարզվեց՝ հենց այդ պստիկ ձկան քաշն էր անհրաժեշտ, որ մեր խումբը բարձրանա առաջին տեղ. հայրս ժպտաց, ծանր ձեռքը դրեց ուսիս՝ ապրե՛ս: Այս լուսանկարին կղզի չկար արդեն, իր լայնքի ցամաքով ափին միացել՝ թերակղզի էր դարձել, իջել էր ջուրը, իջնում էր, նրա նախկին մակարդակը ճերմակ գծով երևում էր շրջակա բարձունքներին, հիմա այլևս չի երևում, քամիներն ու ժամանակը փոշով ծածկել՝ նույնացրել են շրջակայքի ժայռ ու քարի գույներին:

Հայրս Սևանի սիրահար էր, ընկեր-բարեկամները արձակուրդին Սև ծովի ափ էին գնում հանգստի, ինքը՝ միայն Սևան, Ցամաքաբերդ գյուղ, որը լճին մոտիկ էր, մոտիկ էր նաև Հրազդան գետի ակունքին, ուր երեկոյան, օրվա իշխանաորսությունից չկշտացած, գետաձուկ էինք որսում ափից՝ բեղլու:

Առաջին անգամ իշխան որսալու մեր փորձը զավեշտով ավարտվեց. հայրս «Ձկնորսություն» ամսագրից տեսականորեն ծանոթացել էր որսի բոլոր հմտություններին՝ որ ձկնատեսակը ոնց, ինչով, որ չափը որ համարի կեռիկով ու թելով, խայծը՝ ճիճու, թե մանրաձուկ, թե ճարպով ճմռած հաց, ինչ չափի լողակ՝ ըստ ջրի հոսունության ու ալեկոծության աստիճանի, արճիճե ծանրուկների չափերը և այլն: Ահա այդպես, համարյա գիտականորեն զինված ու մեծ ակնկալիքներով, դուրս եկանք բաց ծով, կարմիր ռետինից փչովի նավակով, գերմանական էր, երևի ռազմավար՝ Երկրորդ համաշխարհայինից, հայրս ինչ-որ տեղից գտել-գնել էր, երեք բաժին ուներ նավակը, մեկը-երկուսը եթե պատռվեն-փսկեն՝ անվթար մնացած նույնիսկ մեկի հաշվին կարելի է ափ հասնել: Ահա, ուրեմն, առաջին անգամ, առավոտ կանուխ, նավակն ափից հրելիս ոտքներս թրջած՝ սրթսրթալով, որովհետև նույնիսկ ամենաշոգ ամռանը Սևանի օդը, քարը, ավազն ու ջուրը տաքանում են միայն ցերեկով, դուրս եկանք բաց ծով՝ իշխան ձուկ որսալու: Սպիտակ, պարարտ «մսի» ճիճուները, որ նախորդ երեկոյան սպանդանոցի հորերից էինք հավաքել, հանեցինք պահածոյատուփից, ամրացրինք կեռիկներին, սպինինգ-կարթաձողերի կոճերը ճռռացնելով՝ նետեցինք ջուրը և սրտատրոփ սպասեցինք՝ աչքներս կարմիր լողակներից չկտրելով. ուր որ է «կխփի»: «Էս որդերի կողքով ոչ մի իրեն հարգող ձուկ անտարբեր չի անցնի»,- ասում է հայրս արդեն երկրորդ անգամ: Բայց անցնում է մեկ ժամ, երկուսը, ձուկը չի խփում, երբեմն, այստեղ-այնտեղ, ասես մեզ ծաղրելու համար, ջուրը ճողփելով դուրս է ցատկում, գալարուն ճաճանչելով բարձրանում օդ, ապա չլմփալով ընկնում ջուրը, նրանց հետևող հորս աչքերը փայլում են որսորդական խանդով: Օրը տաքանում էր, քաղց ու ծարավ զգացինք, երշիկ-պանիր-հացով բուտերբրոդներ ունեինք, կերանք, թերմոսից սուրճ խմեցինք, ու՝ «Հիմա կսկսվի որսը»,- ասաց հայրս՝ ձեռքն առնելով թիակին հենած սպինինգը: Արևը բարձրացել էր, ալյակների կատարները կայծկլտում էին, չոր, մերկ ափերը հեռու հեռվում ողողվում էին լույսով ու ջերմությամբ: Մոտոռային նավակ հայտնվեց Նորատուսի կողմից, տռտռալով մոտեցավ, արևահար դեմքերով տեսուչներ էին, երկուսը։ «Ծուկ ա կբռնեք, խա՞»,- հարցրեց նրանցից մեկը՝ մի տեսակ զարմացած-ծաղրական ժպիտով: «Հա՛,- պատասխանեց հայրս,- չի կարելի՞»: «Կարելի ա, բռնեք, բա իմա՞լ, բայց նայեք՝ շատ չլնի»,- ասաց տեսուչը, մյուսը փռթկացրեց, ու հեռացան տռտռացնելով:

Երեկոյան, երբ ձեռնունայն վերադարձանք տուն, հայրս, ընթրիքի սեղանի շուրջ, տանտիրոջը պատմեց անհաջող ձկնորսության պատմությունը: Տանտերը ներողամիտ ժպտաց, ասաց. «Գյա՛, ճիճվով, պապլավոկ-ճռիկով իշխան չի բռնվի, իշխան բլիսնով կբռնվի»: Ինքը, նախկինում եղել էր՝ տարվել էր ձկնորսությամբ, գնաց, գտավ, բերեց իր «բլիսնան», «Էս ա, էս մե խատ մացեր ա, առ, բանցրա»՝ նվիրեց ու բացատրեց որսի տրամաբանությունը, այդ «բլիսնա» կոչվածը բրոնզե կեղծ մանրաձուկ էր, փայլեցված, մոտ հինգ-վեց սանտիմ չափով, տակին՝ եռաժանի, վերից պետք էր օղակով կապել թելին, ապա իջեցնել ջուրը, մինչև հատակ, այնուհետև մի քսան-երեսուն սանտիմ բարձրացնել հատակից ու թելով անդադար վերվարել, որպեսզի բրոնզե մանրաձուկը պլպլալով խաղա, գայթակղի իշխանին, գրգռի նրա գիշատչային բնազդը, և երբ ձուկը հարձակվի, իր գործը կանի եռաժանին՝ խրվելով ձկան բերանը կամ մարմնի մի այլ տեղ, մնում է զգուշորեն, որպեսզի որսը չպոկվի, վեր հանել: Հաջորդ օրը փորձեցինք՝ ստացվեց, երկու ձուկ խաբվեցին արհեստական ձկնիկի պլպլանքին: Աննկարագրելի զգացողություն է, երբ ձեռքիդ թելը հանկարծ ցնցվում, արգելակվում է, սրտի դողով կռահում ես՝ կպա՛վ, այնտեղ՝ մի քսան-երեսուն մետր խորությամբ մութ անհայտության մեջ, քաշքշում է, ուզում է ազատվել, և սկսվում է պայքարը նրա ազատվելու և քո՝ նրան իր հարազատ կենսոլորտից դուրս բերելու ջանքերի միջև, մոտալուտ հաջողությունը ոգևորում է, բայց պիտի համբերատար լինել, նուրբ գործել, այլապես կպոկվի՝ կգնա-կկորչի: Ահա նա, վերջապես երևում է ջրերի խորքում, հայտնվում, կորչում, դարձյալ հայտնվում, գալարվում է, ճկվում, քաշքշում, մերթ էլ բարձրանում՝ թուլացնելով թելի լարումը, ուզում է խաբել՝ քնեցնել զգոնությունդ, արդեն մոտ է, մի քանի մետրի վրա, արևի շողերը հասնում են նրան, հակադարձվում հազարագույն ճաճանչներով, ահա, արդեն օդում է գալարվում, ավելի հախուռն, վերջին ճիգերն են, վերջ, նավակի մեջ է, ձեռքերդ օղակի մեջ են առնում լպրծուն, գալարվող-ջղացնցվող-տրոփող մարմինը:

Հաջորդ ամռանը սպասելով՝ հայրս բազմաթիվ մետաղյա մանրաձուկ պատրաստեց, իր ձեռքով, տաշեց, փայլեցրեց՝ պղնձյա, բրոնզե, լատունե, մեկը նույնիսկ նիկելապատել էր… Դե արի, իշխա՛ն, ու դիմացիր: Սակայն այնպես չէր, որ տասնյակներով էինք որսում, չէ՛, երկու-երեք հատ, պատահում էր՝ ոչ մեկը, բայց քանակը նպատակ չէր, հետաքրքրությունը զուտ սպորտային էր, որսորդական ազարտ, սեփական հմտությունների հաղթանակի հրճվանք, նաև՝ անհայտ մութ խորքերից մինչ այս չտեսնված մի արարած հայտնաբերելու՝ ջրերից դուրս բերելու խորհրդավոր ցանկություն:

Մեր որսած ամենախոշոր իշխանը երեք կիլոգրամ, երեք հարյուր հիսուն գրամ կշռեց, տեղացիների լեզվով՝ իսկական «յաբանի»: Մի աչքից կույր էր խեղճ «յաբանին», մտածեցինք՝ ուրիշ մի ձկնորսի կեռ է պատուհասել, վաղուց, սպին հին էր, բայց պարզ ուրվագծվում էր աչքի վրայով, ակնախնձորը մեռած էր՝ անթափանց սպիտակուցային զանգված: Բացի այն, որ խոշոր էր, եռաժանու կեռն էլ մեջքից էր խրվել, մեջքի լողակի տակով, այսինքն՝ մենք նրան հորիզոնական դիրքով էինք բարձրացնում, մեծ ճիգով, սանտիմ առ սանտիմ։ «Կա՛մ գետինն եմ բարձրացնում, կա՛մ էլ սա ահռելի ձուկ ա»,- ասաց հայրս, աչքերը վառվում էին որսորդական խանդավառության կրակով, թելը խրվում էր ձեռնափի մաշկի մեջ, մաշկն արնածորում էր: Երբեմն, կարճ ժամանակով, թելը տալիս էր ինձ, որ շունչ առնի, մաքրի ձեռքերի արյունը, ես ակնածանքով, զգուշորեն վերցնում էի պրկված թելը, զգում թելով ինձ հետ կապված արարածի փրկվելու ջանքերը, ուժը, ո՞վ ես՝ հարցնում էի մտովի, համարյա չէի բարձրացնում, որ չպոկվի հանկարծ, առայժմ հերիք էր այն, որ նույն խորության վրա պահեմ, չթողնեմ հեռանա: Այս լարված իրավիճակը քիչ էր, տեսչական մոտոռանավակը հայտնվեց, մոտ եկավ, տեսուչը նայեց՝ նավակի մեջ ձուկ չկա, թելը ձեռքիս հետ ազդրիս տակ էի թաքցրել, մի կերպ էի պահում, չնկատեց, ծաղրեց, թե. «Գյա՛, առվտվանից նստեր եք, բան չե՞ք բռնե… Գացեք տուն, գացեք էրաղ խմեք, խանգստացեք, գացեք»,- ծաղրեց ու հեռացավ: Պայքարը ձկան հետ շարունակվեց: Քամի էր փչում, ամպեր կուտակվեցին, ալիք բարձրացավ՝ արագորեն, Սևանում մթնոլորտային երևույթները սովորաբար կայծակնային արագությամբ են փոխվում, ուր որ է անձրև էր թափվելու, սակայն հանգուցալուծումն էլ մոտ էր արդեն, ձուկը հոգնել էր, թուլացրել դիմադրությունը, բարձրանում էր… Ահա, երևաց երկարուկ մութ զանգվածով, կարծես շնաձուկ, սուզանավ կամ ուրվական, թելը ձգած՝ պտտվում է նավակի շուրջը, գալարվում՝ ճերմակ փորը ցուցանելով, թեփուկավոր պողպատային մաշկին տեսանելի են թանաքագույն պուտիկները՝ ասես մութ աստղեր լուսավոր երկնքում։ «Հանելու եմ, չես փախչի»՝ ոգևորված էր հայրս, ձուկն արդեն խփվում էր նավակի կողին, եռաժանու երկու ազատ ժանիքները հանկարծ խրվեցին-պատռեցին ռետինը (ձկան վրեժը), օդը ֆսսալով դուրս նետվեց պատռվածքից, սակայն՝ գրողի ծոցը, վթարով զբաղվելու ժամանակ չկա, ձուկն արդեն օդում է, ջղացնցվում է, գալարվում, ահա, նավակի մեջ է վերջապես, շարունակելով գալարվել, ոստոստալ՝ խառնում է հատակին հավաքված թելն ու մյուս իրերը, ես հարմարեցրի՝ հեծնեցի նրան, զգում էի նրա մկանների պրկումն իմ տակին, ջղացնցումները, հրելը և… աստիճանաբար թուլանալը: Վերջապես մտցրինք բրեզենտե պարկի մեջ, բերանը կապեցինք ու՝ դեպի ափ. ես էի թիավարում, հայրս նավակում հավաքվող ջուրն էր դուրս թափում, երրորդ՝ պատռված ռետինով մասնաբաժինն արագորեն փսկում էր, կնճռվում, նավակի ետնամասն իջել էր ջրի մակարդակին, ալիքները ներս էին խուժում… Սակայն ափն արդեն մոտիկ էր, թիակի ևս մի քանի թափով հարված, ու ավազը խշրտաց տակներս: Թրջված, սրթսրթալով, բայց հաջող որսով երջանիկ՝ նավակից ափ դուրս եկանք:

Սա անցյալ դարի վաթսունականների սկիզբն էր, ուրիշ Սևան էր, ուրիշ ափեր, ուրիշ ջուր, որի մակարդակը թեև արդեն իջնում էր, բայց դեռ իր բնական վիճակի մեջ էր՝ խոր թափանցիկությամբ, վճիտ, մաքրամաքուր, ծարավեցիր՝ բաժակը խփիր, հանիր-խմիր անվարան, սիգ ձուկը նոր էր բերվել, դեռ շատ չէր բազմացել, դեռ հյուրի պես էր իրեն պահում, լիճը տնօրինում էին էնդեմիկ բնակիչները՝ Իշխանն իր չորս տարատեսակներով, Կողակը, Բեղլուն, ափերը հիմնականում բուսազուրկ էին, չոր, ավազը՝ ոսկյա, մաքուր: Հետո…

Հետո Սևանին պատուհասեց անհագ ագահությունն ու անհեռատես անմտությունը՝ ափերին մերձ առանձնատներ կառուցվեցին, ինչ-որ արտադրամասեր, որոնց թունավոր կեղտաջրերն ու կոյուղաջրերն ուղղվեցին լիճ, տնկվեցին փշատերև անտառներ, որոնց օրգանիկ արտազատումները (սերմ, տերև, ճյուղ) աղտոտում են լճի ջուրը, լիճը կանաչում է բուռն աճող-տարածվող ջրիմուռներից, բնավորվում են ճահճացման խորհրդանիշ կենդանական տեսակները («կարաս» ձուկ, խեցգետին), ջրառը ոչ միայն չի զսպվում, այլև տարեցտարի ավելի է աճում: Ժամանակին, Սևանի մակարդակը գոնե եղած սահմանի վրա պահելու նպատակով՝ Արփա և Որոտան գետերը շրջեցին լիճ, ինչը փոխեց ու շարունակում է փոխել ջրի բաղադրությունը, աղճատում է հազարամյակներով կազմավորված բացառիկ էկոհամակարգը: Սևանի ջուրն այսօր մի քաոտիկ, խառնափնթոր «բորշ» է՝ կեղտաջրեր, ծառաբներ, ծառարմատներ, եղեգ, ջրիմուռ, մանրէներ, պլաստիկ սպասքի ու տոպրակների լողացող կույտեր, կերակրային մնացորդներ, շշերի ապակյա բեկորներ…

Եթե փոքր-ինչ խորատեսությամբ նայենք՝ Սևանն իր վիճակով ասես մեր երկրի ընդհանրական վիճակը խորհրդանշի. ամեն տեսակի խառնածին ինչ-որ բաներ են լցվում մեջը, աղտոտվում, թալանվում, դավաճանվում, անկանգառ փոքրացվում, ճահճացման ու կործանման հասցվում:

Ասում են՝ բնությունը ինքնամաքրվելու հատկություն ունի: Գուցե: Սակայն դրա համար նրան օգնել է պետք, շտապ, որովհետև բնությունը նաև մեռնելու հատկություն ունի: Եվ մեռնելու է՝ քեզ հետ, քեզ էլ է տանելու, ինքը՝ դրախտ, դու՝ դժոխք:

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։