ՀՐԱՆՈՒՇ

ՉԷԻ ԿԱՐԾՈՒՄ
Անտարբեր եղար,
Ինձ չնայեցիր,
Ես գլոր-գլոր
Ընկնում եմ քարին
Ու չեմ վախենում,
Որ էլ չեմ լինի:
Դու մաքուր լաթով
Իմ հետագիծն ես
Սրբում ապակուց՝
Իմ անկման ճամփան:
Իսկ ես ի՞նչ չարի,
Որ պատուհանիդ
Ճերմակ երգ մնամ,
Ինչե՜ր չարեցի,
Որ ինձ նկատես,
Կարոտս զգաս՝
Ապակուդ վրա
Թառած իմ շնչից:
Մոռացե՜լ ես ինձ:

ԽՇՇԱՑՈՂ ԼՌՈՒԹՅՈՒՆ
Անձայն ճիչերից ցավն իրեն
Գերազանց է զգում:
Հարցրո՛ւ բարձիս՝
Ինչո՞ւ են ատամներս
Փշրում իրար,
Խնդությանս վրա պատռված
Լեղին ինչպե՞ս է ներծծվում,
Քայլերս անտարբեր ինչպե՞ս են
Տկտկացնում հողին.
Ոչինչ չի՛ եղել,
Ոչինչ չի՛ եղել,
Չի՛ եղել… Ոչի՛նչ:

ԿՐԿԻՆ
Փխրե՜ց-փխրե՜ց լեռս,
փլուզումներ եղան ձյունահոսքի նման,
Քեզ հասնելու պահին ինձ մրրիկը
տարավ հեռուներով անտես,
Քաջքերն արին խնջույք իմ լուսե
փնջերով ու մարմինս կերան,
Այն ո՞ւմ կաթիլ ջրով, տերևի տակ թափված,
էլի՛ ծնվեցի ես…
Մի կարոտած ոգի ծխի տեսքով իջավ ու
տարածվեց իմ մեջ,
Սիրի՛ր-սիրի՛ր խավս ու իմ ձևը
սիրի՛ր թարմությունով լեցուն,
Մրմունջներս հիմա ծխի ծեսով հանդարտ
տարածվում են անվերջ,
Մեզ հայտնի ու անհայտ երկինքների գրկում
թևածում են անքուն:
Առվիս պարզ ծիծաղը որոտներից հետո
սոսկ մի հնչյուն դարձավ,
Այս մեծ խառնարանի ասուն ամբոխի
մեջ ո՞վ է անկայծ վառվում,
Սիրի՜ր-սիրի՜ր ցավս և իմ բեռը սիրիր,
որ լեռը չտարավ,
Երբ խայծ է կուլ տալիս, ի՞նչ խոսքով է
դիմում արդյոք ձուկը Աստծուն:
Աստիճանին իջած փաթիլների
բախտով սարսռում եմ հիմա,
Տխուր-տխուր սրտիս ոստեր են
ամրացվել հավատամքով կաղնու,
Ինձ գիշերվա կեսի նարնջագույնն
այրեց լիալուսնից պոկված,
Իսկ իմ փաթիլներին, աստիճանին չիջած,
հանդիպեցիր հենց դո՛ւ:
Սիրի՜ր-սիրի՜ր անվերջ՝ տխրությունս սիրի՛ր, որ
անուրջ է անհուն,
Սահման չճանաչող, չնահանջող բնավ,
ուղեգիծ է սիրո,
Ամեն խրախճանքի, իմ սերը լափելու՝
քաջքերն անզոր եղան,
Փաթիլներս սիրի՛ր աստիճանին չիջնող.
նրանք բախտն են հենց քո:

ԲԱՂՁԱՆՔ
Հեռանալով՝ դու մնացիր հայելուս մեջ,
Խավարեցնել լույսն աչքերիս չեմ հանդգնում:
Ճամփանե՛ր, ինձ կրկին կանչե՛ք,
Հոգիս, հոգնած պարապուրդից,
Թե իմանաք ի՞նչ է շնչում:
Հեռանալուց դու այդ ինչո՞ւ
Քեզ մոռացար իմ սափորում,
Նորից տարե՛ք ինձ, ճամփանե՛ր,
Շարունակե՛ք սլացքը իմ՝
Կաթնագույնից մինչ երկնագույն:

ԱՀԱ
Այսօր ամպերն իջել,
Համբուրում են հողը ոտքերիս տակ,
Այսօր տխրությունս ամպերի հետ
Հպված հողին՝ հառնում է երկինք:
Անձրևի ո՛չ մի կաթիլ,
Ո՛չ մի արտասուք:
Հատկապես, որ զուր է,
Հատկապես, որ սպասող չկա:
Հայացքս ակնդետ թափառում է հեռու
Եվ փնտրում է լույս հղացած…
Աստծո սիրտ է՝ կբացվի՛…

ԱՆՑՈՒՄ
Ժամանակի համար՝ ես մի շքեղ տիկնիկ,
Ժամանակն ինձ համար՝ քմահաճ երեխա,
Խաղաց-խաղաց ինձ հետ,
Եվ երբ պետք չէի էլ,
Գցեց մութ անկյունում ու մոռացավ…
Հետո հիշեց կրկին ու ցանկացավ էլի
Լինեմ իր խաղընկերն ու ենթական,
Ես անկյունում նեխվել, տկարացել էի,
Չէի կարող քայլել, խոսել անգամ,
Ժամանակն ինձ համար
Կրկին խենթ էր, բայց թանկ,
Իսկ ես նրա համար
Արդեն ոչինչ էի,
Եվ ինձ տանում էր նա
Տախտակներով փակած,
Որ թաքցներ հավերժ գրկում հողի:

Ե՛Ս
Ե՛ս՝ վերից նետված փորձաքարս,
Դիմացա բացակայությանդ,
Ստվերների սառնությանը,
Կարողացա հասնել գոյությանդ,
Անցնել ոսկուդ ճաճանչների,
Կրակիդ միջով
Եվ տեսնել էությունդ անբիծ:
Ե՛ս՝ վերից նետված փորձաքարս,
Պատրաստ գլորվելու
Քեզ հետ գլխապտույտ:
Հուրս հենց այնպես
Կտամ կարիքյալներին,
Կապույտ հոգիների մի փունջ
Կավելացնեմ անաղարտությանդ,
Սրբությունս կնվիրեմ քո Տանը և…
Ինձ դարձյալ տա՛ր այնտեղ, ուր որ էի,
Լազուրիդ մեջ իմ փիրուզն ընդունի՛ր,
Արև՛…

ՉԵՄ ԱՄԲՈՂՋԱՆՈՒՄ
Հավերժի ճախրող թրթիռների մեջ իմ փշրանքներն են,
Քաջքերով հարուստ հողագնդին այս ոչինչ չփոխվեց,
Ջրհեղեղից ետ՝ խեղդվում եմ կրկին, աջդ դի՛ր ուսիս,
Ժամանակների անցուդարձերում ես մոլորվել եմ:
Մինչև կոկորդս թաղվել եմ, ահա,
անապատային ավազուտներում:
Տապից տոչորված սպասումներիս
փրկարար կաթիլ անպայման կգա,
Քարհանգույց ընկած ժամանակների
թոհուբոհերում դաղվել եմ, Տե՛ր իմ,
Ու ճյուղը դարձյալ անձայն դողում է
ամեն մի ընկնող տերևի վրա:
Գիշերն աննշմար, բայց նոսրանում է,
աջդ դի՛ր ուսիս՝ քիչ էլ համբերեմ:
Գույների ահեղ բախումների մեջ ես մոլորվել եմ:
Իսկ առավոտն այս կաթնաբույր է դեռ
Ու չի համբուրվել հետն արեգակի:
Հայելու առաջ դեմքն է հարդարում մի հիմար ոգի:
Մինչ հեռանալը գեղեցկանում են բոլորն անխտիր,
Գետնին ամբարված տերևների պես,
Ցավերի բազում տարատեսակներն
զարթնախում արած՝
Ամենադաժան հայտնությունների
հողմապտույտում կարկամել եմ ես:
Հավերժի ճախրող պահերի գրկում
հյուլեներ դարձած
Հիշողություններ և՛ ոգի, և՛ սեր
Քո մեծ պարգևը՝ Օրն այս նորածին,
Եվ բյուրեղներիս առկայծումները,
Ամենքի համար օրհնյա՛լ արա, Տե՛ր:

ԻՆՉՈ՞Ւ
Դու չեկար: Գիշերն այլ երգ է մատուցում,
Ցնորքներ են բախվում հանգույցներում անանց,
Տե՛ս, չեկար՝ բերկրանքիս թափուր գահին
Մեկը տիրակալեց, հաղթանակած մնաց:
Ամառ է: Աշնան պես խամրել-անձրևում է,
Դու չեկար: Հովերն ինձ բերեցին բույրեր,
Երբ չեկար, քամիները փորձեցին խլել ինձ,
Չեկար՝ մի կերպ խարխափելով հասա տեղ:
Չէ՛, չեկար: Սառեց սպասումս աստղերի աչքերում,
Ի՞նչ եղար, ամառը չի ճաքճքվում տապից,
Ճամփաները դարձել են անբանուկ-օտար,
Կարոտ կա հորդացող ամենուր ու թախիծ:
Ամառն այս որքա՜ն անձրևոտ է, Աստվա՛ծ իմ,
Ինչ-որ բան երկնքի աչքերին թառեց,
Այնքան շատ են տալիս քո անունը ինձ մոտ,
Գուցե սիրտս ցրտերից է դողում հենց:

ԵՐԿՄՏՈՒԹՅՈՒՆ
Որ գաս, չփշրե՛ս դղյակս բյուրեղյա,
Անուրջներիս չցանե՛ս մոխրափոշի,
Իմ չապրած օրերին չծանրանա՛ս:
Եվ հիշի՛ր.
Ես կարող եմ պոռթկուն ծիծաղել ցավից,
Ուրախության մի կաթիլից լալ,
Կարող եմ հոսել-թափվել-ծփալ,
Ներել նույնիսկ աններելին,
Փոթորկված պահիս՝ անհոգ թվալ:
Ես կարող եմ հրդեհվել-հանգչել,
Չքանալ-ցնդել-արձանանալ,
Երբ գաս, չդառնա՛ս դատավոր,
Կամ… ինչպես կուզես…

ՍԵՐ
Թույլ տուր մի անգամ էլ, քի՛չ էլ,
Մի քիչ էլ սիրեմ ու հեռանամ,
Թույլ տուր մի անգամ էլ, քի՛չ էլ
Աչքերիդ ծովում մոխրանամ:
Ափերով կարդամ մարմինդ,
Իմ հոգին ամոքեմ քո հոգում,
Թույլ տուր մի անգամ էլ, քի՛չ էլ
Քեզ սիրեմ բոլորից թաքուն
Ու հետո անհետ հեռանամ,
Թևածեմ անծիր եթերում,
Մի անգամ էլ ինքս ինձ խաբեմ.
Չես դավել այլոց գրկերում,
Մի անգամ էլ, քի՛չ էլ, քի՛չ էլ
Երազով տարվեմ ու գնամ,
Համարեմ հեքիաթն իմ ավարտված,
Չունեցած հրաշքով լիանամ:

ՏԵՆՉ
Ծնվելուցս իսկ Արև սիրեցի, Հող, Որոտ, Քամի
Եվ այն, ինչ տեսա, իմն է կարծեցի:
Երբ ցնցվեցի անսպասելի հարվածներից բիրտ,
Եղա արևխանձ և՛ ճյուղակոտոր, և՛ արմատախիլ
Ու հարցրեցի Անտեսին անհայտ՝
Այդ ինչո՞ւ հենց ես:
Ու իմ մի կաթիլ ուրախությունը ուզեցի գտնել…
Եվ նորից դժնի, հուժկու հարվածներ,
Այնքան, մինչև որ հասկացա՝ չկա,
Երազ է, ցնորք իմ որոնածը,
Ու կյանքի գավը ցավով է լեցուն,
Ըմպի՛ր և արբի՛ր դառնությունով լի,
Ըմպի՛ր և ապրի՛ր:
Եվ ես ապրում եմ.
Լցրո՛ւ գավաթս քո ունեցածով և էլի, էլի.
Կյանքի ծարավով սիրում եմ դարձյալ, ինչ սիրում էի՝
Հող, Որոտ, Արև, Անձրև ու Քամի,
Լցրո՛ւ գավաթս, ու շշնջում եմ ապրելու տենչով.
Դե, ինչո՞ւ ոչ ես…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։