Ալիխանե ՄԱՄԵ

Ալիխանե ՄԱՄԵ
Լուսանկարը՝ Նազիկ Արմենակյանի

ՏԵՐԸ

Ընկերոջս՝ Վազգեն Սարգսյանին
Պոկում եմ հիմքից լեռը պահապան՝
Հորս պատգամով
Եվ վերցնում տակից նետն ու աղեղը՝
Որդուն կտակած…
Դիցի համաձայն:
Ես կորացնում եմ աղեղը նախնուս
Եվ ձեռնադրվում հասուն պատանի,
Երբ ոսկե նետը անցնում, հասնում է
Նշանակետին՝ յոթ դռներ այն կողմ:
Ձեր վստահության քվեն վաստակած՝
Գալիս, գետնում եմ
պատրանքը քաղցր,
Ծալում եմ ձեռքը բութ գոռոզության
Եվ գլխատում մութի դևերին
Իմ ճանապարհին ինքնահաստատման՝
Եռակի դժվար,
Եվ քարանձավից հանում Մհերին՝
Կյանքից խռոված, բախտից խռոված
Եվ տրված
ուխտին ինքնահրկիզման…

Ես կորացնում եմ աղեղը երկրի
Եվ դառնում հերոս
շատ փառաբանված,
Որին չի տեսել Իթակեն նույնիսկ
Եվ հեռու քշում նեռերին օտար՝
Մեր տան, պատմության
բարիքը մսխած,
Եվ քարանձավից դուրս հանում Սերը
Նախկին մաքրությամբ –
տեսքով այսօրվա,
Որ ոսկե նետը առաջացումի
Անցյալն ու ներկան իրար մոտեցնի
Եվ թողնի, թողնի ուղիղ հետագիծ
Անհունության մեջ հեռանկարի:

Ես կորացնում եմ աղեղը կյանքի
Եվ դառնում արքա մեր
թափուր գահին,
Եվ արդար դատ նետով օրենքի
Կեղծիքից մաքրում լեգենդի ուղին
Եվ քարանձավից դուրս
հանում Հույսը,
Իբրև սերմնացան ակոսներում բաց,
Որ թեթևանա վիշտը աշխարհի՝
Իմ իշխանությամբ վերագտնված,
Իմ իշխանությամբ
վերահաստատված…

Ես կորացնում եմ աղեղը երկնի
Եվ պատրաստ պահում,
և ապահովում
Խաղաղությունը մեր երանելի.
Գուցե աշխարհում ոմանք չգիտեն,
Թե եռապատկված ուժը ինչ կանի՝
Անպարտ ոգու հետ իմ հավատամքի:
Իմն է աղեղի լարված վիճակը,
Նետ արձակելը նպատակս չէ,
Սակայն պաշտպանվել
ես պարտավոր եմ
Փորձի վճիռով ու հրահանգով,
Որ հավասարվեմ արագության հետ
Իմ մտքի, լույսի ու ժամանակի…
Եվ բաց եմ թողնում նետը իմ վերջին
Զուգահեռ նետին Էրոսի
Եվ Ապոլլոնի նետին զուգահեռ.
Չեմ միջամտում նրանց գործերին,
Նրանք չեն խառնում իմ հաշիվները,
Եվ հետևում եմ Տիրոջ հայացքով
Աղեղիս կորի լարված վիճակին,
Նետիս ընթացքին՝
խաղաղության մեջ…

Առանց կանգնումի, առանց անկումի
Նետն է ժողովում ոգի ու կորով
Եվ ներքաշում է սլացքում անվերջ
Նշանակետեր ինձ տեսանելի…

Ես կորացնում եմ…
այսպես դառնում ՏԵՐ,
Ինչպես Արարատ ու պահապան լեռ:

ՍՈՒԶՈՒՄՆԵՐ
Տղաների մոտ վեճ էր բորբոքվում,
Թե ո՞վ իր շունչը երկար կպահի
Ջրի մեջ սուզված,
Նա էլ՝ կհաղթի.
Մեկ, երկու րոպե,
Երեք, չորս րոպե…

Այսպես սուզվեցի սիրո ջրերում
Ընկերների հետ վեճի թունդ պահին,
Ո՛չ ջրից, ո՛չ էլ ցավից անհատակ
Ինքս դուրս չելա
Մեկ, երկու տարի,
Երեք, չորս տարի…
Գրեթե մի կյանք:
Ա՛յ քեզ հաղթանակ,
Որը ներս տարա վերջին ումպի հետ,
Կոկորդիս մնաց որպես խարդավանք:

ԴԵՌ ՀԱՎԱՍԱՐ ԵՄ ԻՆՔՍ ԻՆՁ
Դեռ չեն նեղացրել ձեռքերս իրար,
Բայց այս առավոտ
Մեկը շտապեց, մյուսն ուշացավ
Երկինք ուղղելիս:
Թեև աղոթքը վնաս չկրեց,
Սակայն ձեռքերս
Վախով լցվեցին միմյանց հանդեպ,
Իրարից անկախ…
Եվ զգուշացան ոտքերս՝
Ճամփա ելնելիս,
Եվ զգուշացան աչքերս՝
երկինք նայելիս,
Եվ ականջներս շատ զգուշացան՝
Խլության ցավը պատկերացնելիս:
Դեռ չեմ նեղացել իմ մյուս կեսից,
Բայց զգուշացա, խոստովանում եմ,
Այս փոքրիկ դավից:

* * *
Այդ տարվա տապից
Գետը ցամաքեց,
Անտառը այրվեց՝
Այդ տարվա տապից:
Վշտի ամպերը
Պաշարել են ինձ,
Բայց չեն գրավել
Բերդը իմ սրտի:
Երբ ես լքելու,
Ցավալի կսկիծ,
Փրկի՛ր, վերջապես
Բզկտումներից:

***
Մղձավանջները տվի աչքերիս,
Ասացի` հանեք էս անտեր սրտից:
Արցունք քամեցին առվով բիբերի…
Խակ զգացմունքը տվի իմ լեզվին,
Ասացի` հանիր էս անտեր սրտից:
Հառաչներ թռան, թառանչներ թռան…

Եվ անորոշը տվի ձեռքերիս,
Ասացի` հանեք էս անտեր սրտից:
Կուրծքս ծեծեցին, գլխիս բամփեցին,
Արցունքներ ելան, հառաչներ թռան
Հոգուս խորքերից:

***
Դուրս ես վտարում քո սահմաններից,
Ու համակերպվում աստիճանաբար
Քեզ հետ, առանց ինձ:
Թևեր եմ տալիս իմ անշեղ մտքին,
Զինում ձգտումով,
քննախույզ կամքով,
Սակայն ես Ես չեմ
սահմաններից դուրս,
Այլ վտարանդի ու տարագիր հավք,
Որ վայր չի գտնում,
քան գիրկդ տաքուկ,
Որ իջնի, իջնի,
Եվ սահմանները փլվում են անտես,
Եվ սահմանները փլվում են անձայն,
Թևաբախումից, ալեբախումից
Տվայտանքների ու տագնապների,
Եվ թողնում փոշու քուլա-քուլա ամպ,
Բայց ներս չեմ մտնում,
Վերագրում եմ մի անսահման սեր,
Վերագրում եմ մի անսահման լույս
Ու մխիթարվում… անհուսորեն:

ԿՈՂՔԻՑ
Կողքի սեղանից` երկու շիշ խմիչք.
Ես ընդունում եմ որպես մի ակնարկ,
Բայց չեմ պատրաստվում
լրիվ ժպիտ տալ
Անծանոթ, շռայլ հյուրասիրողին…
Հարիր չէ քիմքիս տոնական օղին:
Կողքի սենյակից` երաժշտություն,
Ես ընդունում եմ որպես հրավերք
Խելահեղ պարի,
Բայց չեմ պատրաստվում
իմ հոգին հանձնել
Ռիթմիկ մոլուցքին
առանձնության մեջ
Եվ սկսում եմ կողքից ինձ դիտել`
Ուրիշ հուզմունքով, մի ողջ երեկո,
Երաժշտության հարևանությամբ,
Երկու շշի շուրջ՝ չհամտեսած…
Շարունակում եմ սպասել նրան,
Ում հետ դեռևս չեմ ժամադրվել
Այսքան տարվա մեջ:

ԳԱՅԱՆԵ ԲԱԲԱՅԱՆԻՆ
Քանի անգամ ասացի քեզ`
Անզգույշ է ժամանակը,
Նրա նետած բիրտ քարերից
Փշրվեցինք ապակու պես:

Մտիր սիրո սավանի տակ
Ու քնքշությամբ պահպանիր մեզ,
Անզգույշ է ժամանակը`
Քանի անգամ ասացի քեզ:

ԵՐԿԻՐ ՄՇՏԱԳՈ
Ես կգամ, կգամ
Հողով, կրակով, ջրով ու օդով,
Որ դու չունենաս որևէ կարիք,
Սակայն գնալիս
Դրանք կթողնեմ որպես թանկ ընծա,
Որ իշխանություն ունենաս հավետ
Այս երկրի վրա
Եվ այն կոչվի` ՍԵՐ:

Ամեն օր կյանքիդ խառնիր մի քիչ օդ,
Որ լինես եթեր,
ավելի եթեր,
Խառնիր մի քիչ ջուր,
Որ լինես մաքուր,
ավելի մաքուր,
Խառնիր մի քիչ հող,
Որ լինես ձգող,
ավելի ձգող,
Ու թե խավարը փորձի տիրանալ,
Դիմիր կրակին, չլինես ժլատ,
Որ սրբագործվես էությամբ անբիծ
Ու հեռու մնաս ամեն չար աչքից:

Ես կգամ, կգամ, որ իմ նվիրած
Չորս տարերքների իշխանությունը
Բերի սեր, հույս, լույս,
Որ չարը հանես սահմաններից դուրս,
Ու լինեմ անխաբ հպատակը քո,
նպատակը քո,
Երկիր մշտագո…

ՀԵԹԱՆՈՍԱԿԱՆ
Մայրս Մարիամ չէր,
Իսկ հայրս` Հովսեփ,
Որ ծնվեմ Հիսուս,
Այնքան սեր եղավ, որ աշխարհ եկա
Որպես բանաստեղծ
Եվ այն էլ` տղա…
Աշխարհ, աչքդ լույս:
Ոչ հրեշտակը
Վերից զորացրեց,
Որ լինեմ անեղծ
Ու Քրիստոս հույս,
Ու Քրիստոս մեծ,
Ոչ էլ Հիսուսը մեղքից ազատեց,
Բայց սերը բերի, ետ բերի մարդկանց՝
Իբրև «Է» ընծա:

Դժվար է ապրել
սրտով կողոպտված…
Պրոմեթևսն եմ՝
Առանց մեղք ու քեն
Դեռ ժայռին գամված…

ՍԻՐԱԽԱՂ՝ ԾՈՎԻ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹԻՑ ԲԱՐՁՐ
Դու` աղբյուրի մոտ,
լեռան բարձունքին,
Ես` ծովի ափին…
… Թե ողջույն հանձնեն
առվին փոստատար,
Քո «Բարի լույսը» ծաղկեփնջի պես
Կհասնի սրտիս երեկոյան կողմ
Գետաբերանի հորդուն խոսվածքով,
Թե ողջույն հանձնեն
առվին սուրհանդակ,
«Բարի երեկոն» ծաղկեփնջի պես
Կհասնի սրտիս առավոտյան կողմ
Գետաբերանի հղկված բարբառով…
Լեռնուհիս, երբ ես խոստովանելու,
Ծովի և լեռան համանուն լեզվով,
Առավոտյան կամ երեկոյան կողմ,
Թե սիրում ես ինձ,
Որ նավարկության
դուրս գամ, վերջապես,
Ազատ ջրերում, սիրո ջրերում,
Համընթաց քամին մտել է նեղուց,
Սպասում է քեզ`
Վաղուց, շատ վաղուց…

ՍԵՐԸ ԹՌՉՈՒՆ Է
Առավել հեշտ է
Ձեռքից թողնելը
Ու ձեռք գցելը՝
Առավել դժվար,
Չեմ ուզում նույնիսկ
Մտքով անցկացնել,
Ուր մնաց՝ փորձել
Այդպիսի մի բան…
Եթե թռչուն է…
Սերը թռիչք է։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։