Աշնան ամպերը թուխս էին նստել: Աշուն էր: Ներսում ու դրսում: Բալենին այնպես էր դեղնել, ասես իր մեջ էր ներառել երկրի վրա սփռված ողջ աշունը:
Բալենին խոհ էր, խորհրդանիշ:
– Էդ ո՞ւր, ետ դարձիր:
Ձայնը թիկունքից էր: Գնացողը` բալենու կողքին: Գնացողը չշրջվեց` բան էր սպասում: Ձայնը թիկունքից էր: Մինչ կհասներ գնացողին, բալենու կողքի նռնենուց նուռ կիսվեց ընկավ: Ձայնողը կիսաբաց դռների մեջ նստած գնացողի մարմինն էր: Բումերանգի պես ձայնը գնաց, ետ եկավ: Մարդը երերաց, ցնցվեց:
Ո՛չ ակնարկ, ո՛չ զգուշացում: Քեզ պես ուրացողը, դավաճանն է գնում: Հետո լուռ լռեց:
Աչքերդ բաց, աչքերդ:
Որքան ժամանակ էր անցել, երբ օդի մեջ արձագանքեց: Գնացողը` իր մարմնին, Մարդուն:
Մարդը բարձրացավ, գնաց բալենին: Փնտրեց, գտավ կիսված նռան կեսը: Մյուս կեսը չկար: Չկար և գնացողը: Ետ եկավ, նստեց իր տեղում և ընկավ խոհերի մեջ:
Մեղքը դռան ետևում դարանակալ. ինձ ու ինձպեսների է սպասում: Էլի բան ես հորինել: Առանց ինձ, ո՞նց, ի՞նչպես: Ասեղի անցքով էլ նայես` ինձ կտեսնես: Ահա ես:
Ետ արի հոգի, արի:
Ինձ նամակներ է ուղարկում Աստված, միասին կկարդանք, միասին կպատասխանենք: Ձյան փաթիլներ են, ես ոնց հավաքեմ, կարդամ:
Մարդը` ժպտաց: Բալենու կողքին գնացողը չկար: Ամպերը թուխս էին նստել:
Մարդը հուշերի մեջ էր: Անցած օրերն էր ծանրութեթև անում, իր, հեռացողի ես-ին էր ետ կանչում, որ կյանքը նորից ապրի, ճիշտ ապրի:
Հիշո՞ւմ ես, ես էի, հացթուխի առաջ կանգնեցի, խնդրեցի: Ընտանիքս սոված է: Ես ծեր չեմ: Պարզապես ատամներ չունեմ: Նա էլ բժիշկ էր, պարտավոր էր: Նստեցրեց աթոռին, ծնկներդ առավ շեքերի մեջ ու ասաց.
– Բաց բերանդ:- Նայեց, զննեց: Զննեց, նայեց և ավելացրեց:- Ատամներ չունես ու փչում ես` լավ չի: Դու այդպես էլ ատամ չունեցար:
Արի, արի, քեզ գյուղ տանեմ, մանկությունդ: Հանդերը, բլուրները, բլուրների վրա հենված երկնքին ձուլվող շավիղները: Տես, թղթյա սավառնակդ բազեի նման ճախրում է: Խարտյաշ աղջիկն է նստած վրան: Կուզես ծով դուրս գանք: Լապտերիկդ չմոռանաս: Էն, որ թողիր կողքիդ նստած աղջկա ծնկներին: Ձկները լույս են տալիս: Հիշում ես դասամիջոցի զանգը, երբ բակում արածող ձին զանգի հետ վրնջաց:
Արի, արի մանկությունդ:
Մարդը` մենության մեջ: Կիսված նուռը ձեռքին: Ետ ու առաջ է անում: Հայացքը բալենուն: Անշարժանում է: Մի տարիք կա, որ կյանքի խառնարանից բարձրացնում է գլուխը և հարցնում.
– Ո՞վ եմ ես:
Թղթյա սավառնակը դեռ օդում է: Ինքը օդապարիկով իջնում է: Ինքը` կավ Աստծո ձեռքին, ճոճվելով իջնում է:
– Ժամանակը չէ՞, արյուն ներարկեմ: Ռունգերիդ շունչ փչեմ,- հարցնում է Աստված:
– Տեր, դեռ խակ եմ, բան չեմ հասկանում:- պատասխանում է կավը:
– Ոչինչ, մնացածը կյանքին եմ թողնում:
Կավից ձայն է լսվում: Մարդը շարժում է շուրթերը և ասում` Օ~օ օ, Կյանք…
Մարդը մենության մեջ էր: Կիսված նուռը ափին ետ ու առաջ է անում: Կանգնում է հայացքը բալենուն ու անշարժանում:
Ուշ ժամ է: Դրսում շարժ կար: Երեխաների խաղ, մեքենաների հռնդյուն, մարդիկ, որ պարուրված մշուշով ու մթով, հանց ուրվականներ …
Չէր երևում փաթիլվող երկինքը: Դրսի աշունը իրենը չէր:
– Ձիու համար, տարվա չորս եղանակն էլ գարուն է:
Հիշեց` ձին: Դպրոցի բակում արածող ձին:
Բալենու կողմից ձայն էր լսվում…
Դասվարը թելադրում էր: Լսարանի ապակիները խշշալով թափվեցին: Ձին մտել էր լսարան ու պատեպատ էր զարկվում: Դասվարը թելադրում էր… Չէ, դասվարը արագ-արագ, հևիհև գնում ջուր էր բերում, ցփնում ձիու վրա, որ ձին գնա, որ ձին դասը չխանգարի: Հետո ձին սպառվեց: Ու ելքը գտավ: Ու գնաց: Ձին հեծվորով գնաց` մեկ ձեռին սանձը, մյուսին երկնքի ալմասը:
Երբ տետրերը հավաքեցին, տետրերից մեկը ջուր էր: Ջուրը արյան գույն ուներ:
Հիմա չեմ հիշում: Ձին մայր մտնող արևի քուրան անցավ, թե ոչ: Դասվարն էր տեսել:
Ուշ ժամ էր: Դրսում անցուդարձը դադարել էր: Մարդը դեռ պատրանքների մեջ էր: Օդում ճոճվող օդապարիկը իջավ ջրերի վրա: Դարձավ ծաղկեպսակ: Ծաղկեպսակի մեջտեղում` կարապ, որ պսակի մասն էր կազմում: Երկրորդ կարապը փորձում էր բարձրանալ, տեղավորվել: Չէր ստացվում: Երկրորդ կարապի թևը փետրահան էր:
Դռների մոտ մի կին հայտնվեց, ափին կիսված նռան կեսը:
– Կանչում էիր, եկա,- ասաց կինը: Մարդը անտարբեր ու սառը ընդունեց: Հիասթափվեց կինը:
– Մտքերի խեցին ես մտել ու զմռսել քեզ: Ավազներում թաքնվում փրփուրներից ու ձկներից ես հարցնում տեղդ: Ուզածդ ի՞նչ է, մարդ: Թեթև ապրիր: Ափի նռան կեսը մեկնելով նրան:- Քո նռան կեսն է, վերցրու: Հետո շրջվեց.
– Հա, հացը: Սեղանին է, չրեղեն էլ կա:
– Նույն Անուղղելին ես մնացել:
– Թե իմ կարիքը կզգաս, արի բալենին:
Մարդը: Ճանաչեց` Սեզամն էր: Նա, որ սավառնում էր թղթյա սավառնակը հեծած: Սեզամը իջնում է բալենուն ու անհետանում:
Մարդը երկրային էր, գնաց Սեզամի հետևից:
Բռնել էր բալենուն ու ճոճվում էր: Ճոճվում էր և բալենին: Հետո մեկիկ-մեկիկ հանեց շորերը, կախ տվեց բալենուց: Մերթընդմերթ կրկնելով: Մեղք է, կմրսի:
Աշուն էր: Աշնան ամպերը թուխս էին նստել: Երկիրը ճեպ-ճերմակ վերմակ էր:
Քրքջալով մութուլույսի սահմանագիծն էին անցնում ագռավները:
ՄԵՂՔԻ ՆՈՒՌ / Արզուման ԱՅՎԱԶՅԱՆ
