Էլենը` մեծ, փայլուն, մոխրագույն աչքերով: Լանջոսկրի նուրբ փոսիկով: Ուսերին թափված մետաքսե ոսկեգույն մազերով: Երբ ինչ-որ բան էր ուզում ասել ու չգիտեր` ինչպես, մազերը մանկական անհնազանդությամբ թափվում էին աչքերին, երբ մի բան ասում էր ու ասածի համար փոշմանում, արագ փակում էր աչքերը: Կապույտ երակներով ծածկված թափանցիկ կոպերը մի երկար ակնթարթ շփոթված թրթռում էին:
Վերջին անգամ ինքնաթիռով հոր հետ տուն վերադառնալիս ուղևորներից մեկն ասել էր` մի՛ ծածկիր սիրուն աչքերդ ակնոցով: Կարմիր շրջանակով ակնոց ուներ, կարմիր պուտերով լայնեզր գլխարկ, որ միտումնավոր թողել էր հյուրանոցում այն օրը, երբ հոր հետ վերջին անգամ տուն էր գալիս ինքնաթիռով: Մայրը նախատեց գլխարկը կորցնելու համար: Անիմաստ էր բացատրելը, որ մահու չափ ձանձրացել էր չափերով իրենից մեծ գլխարկից: Արևից պաշտպանելու փոխարեն գլխարկը ծածկում էր աչքերը, մազերը, աշխարհը, իրեն ու կարմիր ակնոցը: Թռիչքներ չեղան հաջորդ տարի: Ծայր էր առել վրաց-աբխազական հակամարտությունը: Թռիչքներ չեղան այդ և եկող տարիներին: Մանկությունը լայնեզր գլխարկի նման ճկվե՜ց-ճկվեց, եռատակ ծալվեց ու տեղավորվեց շրջանաձև պատյանի մեջ:
Էլենին ասել էր, որ տոնածառը տեղադրում են դեկտեմբերի 25-ին, ու մոռացել էր: Հաճախ էր շփոթում ամսաթվերը: Նրա համար շաբաթը սկսվում էր երկուշաբթիից ու վերջանում ուրբաթով: Այդպես էլ ապրում էր` երկուշաբթիից-ուրբաթ: Շաբաթ օրը լարվածությունը թուլացնող վարժություններ էր անում, կարգի էր բերում երկուշաբթիից ուրբաթ թափված բնակարանը: Կիրակի ավարտում էր կիսատ թողած գործերն ու ծոցատետրում նշում ընթացիկ շաբաթվա անելիքը: Տոնածառի մասին նշումներ չկային: Դոլարի կուրսի տատանումների, ատամնաբույժին այցելության վերաբերյալ գրառումներ էին, կիսատ մտքեր: Տոնածառի մասին հիշեց, երբ Էլենը շատ հեռվից հարցրեց` թանկացե՞լ են լապլանդիական Ձմեռ պապն ու Ձյունանուշը, ու խոշոր աչքերն արագ թարթեց: Լանջոսկրի փոսիկը համբուրելու անհաղթահարելի ցանկություն ունեցավ ու հիշեց մոր զսպված քնքշությունը, նրա սիրած թեյի (մենության) հոտն ու կատաղի, անզոր ցանկությունը՝ իրեն չթռչող ինքնաթիռներից պաշտպանելու:
Էլենի անհամբերությունը հասկանալու համար պիտի ետ գնար քսան-քսանհինգ տարի:
Տոնածառը դնելու հանդիսավոր արարողությունը երկար չէր սպասեցնում: Քույրս գրեթե միշտ տեղի էր տալիս, ու տոնածառը մեր տան` իր համար նախատեսված անկյունում հայտնվում էր խոստացված ժամկետից ավելի շուտ: Ջարդված խաղալիքները լրացնում էին տոնական բազմագույն թագերիս թիվը: Նոր տարին սկսվում էր անուշահամ լիմոնադներով ու վերջանում տոնածառը տեղը դնելու ձանձրալի արարողությամբ: Միշտ չեմ հասկացել տոնածառ զարդարելը փոքրերին չվստահելու մեծերի զգուշությունը: Երբ զարդարելու իմ հերթը եկավ, մեր տանն արդեն տոնածառեր չկային: Տոնածառի համար նախատեսված անկյունում փայտե վառարան էր: Վաղ առավոտից վառարանի շուրջ հավաքվում էին հարևանները, որոնք տանը ո՛չ վառարան ունեին, ո՛չ էլ տոնածառ: Հատվող ծառեր էին ու ցուրտ: Մեր վառարանի վրա ամեն օր դարսվում էին ծխից սևացող կաթսաները (մեր և հարևանների): Իրենց առաքելությունն ավարտած հատ ու կենտ եղևնիները շքամուտքերում երկար չէին մնում, հայտնվում էին վառարաններում: Ինձ թվում է` տոնածառ դնել-չդնելու ժամանակացույցով կարող ես ուզածդ ընտանիքի պատմությունն իմանալ: Առավել երջանիկ ընտանիքները նման են իրար, նրանց բնակարաններում նոր տարին մեկնարկում է տոնածառը զարդարելու արարողությամբ:
Էլենի համար մանկական խանութից փայլփլուն թագ գնեցի:
Մեր թաղամասի միակ խաղալիքի խանութը վաղուց հացի փուռ է դարձել: Ես հաց եմ գնում «խաղալիքի խանութից», որ և՛ մանկություն է տեսել, և՛ հացի հերթեր: Երբ տուն եկանք, իմ ձեռքին հացն էր, Էլենի գլխին՝ իմ նվիրած շողշողուն թագը:
Հյուրասենյակի պատի վրա գունավոր թղթեր փակցրի: Էլենի ձեռքը տվեցի լուսանկարչական սարքը: Ուսերիս գցեցի կանաչավուն շարֆս: Մի քիչ ժպիտ, ու չը՛խկ:
Էլե՛ն, երկու տուփ կաթնաշոռ, ձիթապտուղ, գազարի և բազուկի շերտեր, ու մեր սեղանին կհայտնվի աշխարհի ամենահամեղ Ձմեռ պապը: Անուշահամ եղևնին պատրաստ է: Մի պտղունց կանաչ գունաներկ, գույնզգույն կոնֆետներ, ու տոնական սեղանը կզարդարի թխվածքաբլիթի հոտով տոնածառը (խոզի ավանդական ազդրի փոխարեն): Գոնե առաջիկա օրերին ոչ ոք սիրտ չի անի ուտել դրանք: Օգտակար են, համեղ, չմոդիֆիկացված ու տոնական: Էլենը փակեց աչքերը: Երբ բացեց, էլ թաց չէին դրանք:
Մանկությունը կարմիր պուտերով լայնեզր գլխարկի նման ճկվե՜ց-ճկվեց, եռապատկվեց, ծալվեց ու տեղավորվեց նույնագույն շրջանաձև պատյանի մեջ: Էլենին հասկանալու համար շատ էի հեռացել նրանից:
Մի օր ես դուրս կգամ փողոց, երկար կշրջեմ խանութներում և իմ ուզած եղևնին կգնեմ: Հիմա անցնում եմ ձմեռվա միջով…
Տարվա ամենասիրածս եղանակն է ձմեռը: «Ես ձյունը սիրում եմ: Չեմ սիրում ցուրտը»… Բջջայինս անձայն դզզում է… «Դու իմ ձմեռն ես»…