Խ Ե Ց Ի Ն
Ծովի ափից գտա խեցի
Ու տուն բերի` աշնան մուտին, –
Մայրս ասաց` Տե՜ր եղիցի, –
Շարականներ ծեր շուրթերին:
Սիրտն հիվանդ էր, աչքը հողին,
Բայց շրջում էր ոտի վրա…
Մի օր ընկավ նա անկողին, –
Դեռ տնքոցն եմ լսում նրա:
Անգութ ցավը շունչ չէր տալիս,
Մարմըրում էր օրը-օրին,
Երբ որ դրսում բուքն էր լալիս,
Հանկարծ գնաց կանչով վերին:
Հիմա նրա ձայնն եմ լսում,
Սուս- կանչերը` «ախուվայի»…
Պատից այն կողմ ծովն է խշշում՝
Լցված ճիչով ծեր ճայերի:
Հավաքել էր, ժողվել խեցին
Մորս մորմոքն, հառաչն անզոր, –
Իմ ականջը նրա դարձին՝
Սպասում եմ մինչև այսօր:
Գիտեմ, կգա անհայտներից,
Երկինքներից կըմտնի ներս, –
Մեր տան-լեզու զանգը նորից
Կղողանջի առաջվա պես:
Կ ՈՒ Ժ Ը
Կուժը գնաց մտավ հնձան,
Ուր արթուն են կարասներ շեղջ,
Ուր խաղողն էր` եփվում անձայն,
Դեռ պճպճում գաղտնիքի մեջ:
Կուժն էր ծարավ, խմեց` կո՛ւմ-կո՛ւմ,
Հարբեց կուժը միանգամից.-
Դրսի դուռն էր քամին թակում,
Թոն էր իջնում երկինքներից:
Մայր կարասի ոտների տակ
Ընկավ կուժը գինուց զարկված, –
Քանզի ուներ մի նպատակ՝
Տեսնել կյանքը ինչպես արկած:
Անցան օրեր: Եկան ձմռան
Օրերը ցուրտ ու հեծեծուն.-
Մարդիկ գինին սեղան տարան,
Որն էլ բերեց խինդ, մոռացում:
Քո ձեռքին է հիմա կրկին
Գինու թասը լիք-փրփրուն,
Այն փոխանցիր այս նորերին,
Որ կանգնած են քո ետևում:
***
Ամեն ձորի մեջ, ամեն մի սարին,
Ամեն ակոսում, ամեն թփի տակ, –
Մի պատմություն է` գլուխը քարին
Մանկան պես ննջում անկողնում
իր տաք:
Այս պատումները ծեգի հետ թռնում,
Խառնըվում կյանքի
հորձանքին օրվա.-
Հիմա ես նրանց թևերից բռնում
Ու բույն եմ դնում թղթերիս վրա:
ՍԵՎ ԾՈՎԸ
«Բալես էղավ ձկներացը կեր…»
Տատիս լացող երգը
Ես մանուկ էի, պատանի մի հեգ,
Աչքս հայրիկիս
տունդարձի ճամփին…
Իմ երազներում` գիշեր ու ցերեկ,
Ալեկոծ ծովն էր փշրվում ափին:
Դեզ-դեզ ալիքներ` շպրտում առաջ,
Ապա կարկատում հայելին մավի.-
Ես մի վայրի հավք, գնում եմ թռած
Դեպի ճողփյունը` ջրերը ծավի:
Մի ձայն եմ լսում փրփուրի միջից,
Օ՜, սուզվող մի ձայն, հազիվ էրերուն…
Բուեր են վայում գիշերվա նինջից,
Ջրի երեսին` դիակներ ցրուն:
Ձայնը խնդրում էր, կանչում օգնության,
Կյանքի, մահի մեջ, ոչ ոք չէր լսում.-
Ասես փլվել էր ձեղունը մեր տան
Եվ այրի մորս արցունքն էր վազում:
…Ծովը «Սև ծովն» էր, իսկ հայրս` զինվոր, –
Վերից, ներքևից թշնամու սարսափ…
Լողալ չգիտեր, ինքը վիրավոր,
Ուզում էր փրկվել-հասնել`
ցամաք-ափ:
Ջահել հոտաղ էր, մաճկալ էր հողի,
Ակոս էր նետել ցորյանի հունդեր, –
Վերքից կաթում էր արյունը աղի
Ու ցոլում ինչպես
պուտ-պուտի գինդեր:
Իսկ հատակն անկուշտ,
քաշում էր անձուկ,
Բացելով իր դեմ անդունդը մութի.-
Նրան սպասող ծնողներ ծերուկ
Եվ հինգը որբեր` տկլոր-անոթի:
Որոնք էլ այդպես չտեսան նրան,
Փակվեցին մեկ-մեկ դռները հույսի.-
Աշխարհը թվաց մի գոց պատուհան,
Ուսկից նայում էր մահիկը լուսնի:
Հիմա, երբ ծով եմ տեսնում փոթոթուն,
Ուռչող ալիքներ, խմբեր ճայերի…
Այն հորս շիրմի բիլ «հողն» է թվում՝
Լցված մոխիրով անհոգ ջրերի:
ՄԱՅՐ ԱՐԱԳԻԼԸ
Վերում` մութ ամպ կար,
կայծակ մեջ ամպին,
Որ արագիլին զարկեց ահագնած, –
Թևերը փռած ընկավ իր բնին,
Ախ, այնպես դաժան, ախ,
այնպես հանկարծ:
Թևերով ծածկեց ձագերին իսկույն
Ու փրկեց նրանց, իսկ ինքը մեռավ…
Դաշտերին իջավ մի պաղ իրիկուն,
Բարդին այրըվեց, ձագերը… թռան:
Ողբերգություն էր մի անպատմելի,
Ուր բառն ու խոսքը անզոր են, ամա.-
Բերանքսի փռված մայր արագիլի
Պատկերը մնաց իմ մեջ մինչ հիմա:
***
Աշնան գիշերվա սափորները կույս
Լցվեցին գինով մասրենիների.-
Չկա ետդարձի ո՛չ հավատ, ո՛չ հույս.
Դրսերում մուժ է անտեսանելի:
Բայց քո կարոտը իմ բորբ ականջին,
Դեռ շշնջում է կրակով անանց.
Նա կգա…մթնած` վերմակիդ էջին
Իր մարմնով դառնա
սպիտակ լուսանցք:
***
Մի աղջիկ տեսա, մի աղջիկ սիրուն,
Նրա ետևից վազեցի մի պահ,
Բայց նրան տարան
աղբյուրն ու առուն,
Տարան-թողեցին մայթերի վրա:
Եվ հարավ քամին` նման թռչունի,
Անկողին բացեց գաղտնիքով մի մութ.-
Հիմա գիշերս առավոտ չունի,
Հիմա ցերեկս` իջնող մայրամուտ:
***
Զմրուխտ ակն էիր ոսկե մատանուս,
Նշանի քարը, որ ես քեզ բերի.
Ծաղիկ երազը գեղջուկ պատանուս,
Հենքն ու հյուսվածքը իմ նուրբ երգերի:
Տարիներ հետո հասկացա միայն,
Քո սերն էր ցնորք`
պատմըված-ասված…
Մեր կենաց կյանքը աշնան գերեզման,
Վրան էլ` ցավը գրերով մաշված:
***
Սարի լանջի ձյունը հալվեց,
Գետը կանչեց` վա՜շշ ու վի՜շշ.-
Ձնծաղիկը ձյունից ծլեց,
Տեսավ կողքին մի ուրիշ:
-Դու որտեղի՞ց արդյոք բուսար,
Աշխարհ եկար շուտափույթ, –
Սակայն շուրջը արև էր վառ, –
Չիք պատասխան գեթ մի պուտ:
Օրը անցավ: Մայրամուտին,
Խփեց աչքերը ծավի.-
Աշխարհ կգա՞, տեսնես կրկին,
Մյուս գարնանն հիրավի:
Ծաղիկն էլ է մարդու նման,
Գալիս-գնում է շտապ..-
Նրանից ետ, մնում միայն
Անլցնելի մի պարապ:
***
Կյանքս` բնագիր, ծիծաղս` արձակ,
Լացս` չափածո – վիշտ բերանացի…
Իմ երազները` ծովերի հորձանք,
Մտածումներս` արդյունք ապրածի:
Ներշնչանքներս` գարնան փոթորիկ,
Անձրևի՛, ամպի՛, զարթոնքի ցայգով.-
Իմ ձեռագիրը տանում են երկինք,
Այն հաստատում է Տերը` կայծակով:
***
Ես պարտք մնացի ամպի՛ն ու հովի՛ն,
Հասկերի՛ն դաշտի,
հավքերի՛ն անգամ…
Նրանք ջուր եղան իմ հեգ ծարավին,
Նրանք հաց եղան`
ինձ ամեն վայրկյան:
Ինձ փոխ են տվել
հուզմունք մի անանց,
Նրբին զգացմունք, ներշնչանք, զղջում…
Վերադարձնում եմ թեև ուշացած,
Երբ գլխիս ձյունը, ախ, էլ չի հալչում:
***
Ես մի առավոտ արթնացա քնից,
Տեսա աշխարհը նոփ ու նորովի,
Ինչպես որ հավքը թռած իր բնից
Դեպի միրաժը մով հեռուների:
Տեսա՛, ճանաչի՛ մարդու տեսակը,
Իր էությունը հասկացա փութով,
Ինչպես որ արտում ցորենի հասկը
Գլուխն է լցնում գոյության կաթով:
Իրիկվան դարձա: Ո՛չ մայրիկը կար,
Ո՛չ էլ մերձավորք` եղած մտահան
Եվ իրենց կողքին, ես էլ շիրմաքար,
Վրաս թվերը` ծննդի, մահվան:
ԳԱՂԹ
Երբ պուճուր էի, մանկիկ մի սիրուն,
Փայտե ձի հեծած` անհոգ ու անփույթ.
Ողջ օրը խաղում, հանդում ու արտում
Ընկերներիս հետ մինչև մայրամուտ:
Տուն էի վազուն հոգնած ու խռով.-
Սպասում էին մերոնք շարունակ…
Մայրս ինձ գրկում իր թև-ձեռներով,
Պապս ծնկներով`
համբուրում` տաք-տաք:
Քուն էի մտնում տատիկիս գոգում, –
Որդու կարոտը առնում էր ինձնից.-
Ես այդ ամենը հիմա եմ զգում,
Երբ հեռացել են նրանք մեր տնից:
Ավա՜ղ, անցել է ուղիղ կեսը դար, –
Նստած եմ դրսում
վշտերում խորունկ.-
Չես վերադառնում երկրից օտար
Իմ գաղթած տղա, իմ կորած մանուկ: