(«Կաթիլներ ջրհեղեղից հետո» գրքից)
Վանահայրը, անունն ինչ էր, ասում էին՝ լավ չի:
Տարիքի հարցն էլ կար, առողջության խնդիրն էլ, հոգին անդադրում վանքի գրապահոցի նորոգումն էր ձեռնարկել, գմբեթը պիտի վերաշինվեր, գյուղական ամեն ծուխ այսքան ու այսքան մթերքով` մշակների համար, գրաստներով` բեռներ կրելու համար, անհաշիվ ձվահարկով` շաղախի համար ու գումարած պարհակ աշխատանքը, պիտի անխտիր, այո՛, ամեն ծուխ իր մասնակցությունը բերեր… Ամեն տեսակ տալիքներին այդքանը ևս ավելացել էր, ու ծխականների մեջ աճող դժգոհություն կար: Սմքած բռունցքներն ու մորուքը ցնցելով, վանահայրն ասել էր` ձեզ դեռ կասեմ: Խոսքը սպառնալիքի պես էր ընկալվել: Եվ լուրը որ տարածվեց, թե վանահայրը լավ չի, մի մասն ասաց` կպրծնենք, մի մասն ասաց` ինքն էլ կազատվի, մի խոսքով` ինքն էլ կազատվեր, իրենք էլ: Առայժմ վանահայրը կար ու գործը նախաձեռնել էր, և գյուղական յուրաքանչյուր ծուխ՝ այսքան ու այսքան…
Դա խուժուդուժ վարքով ու հեշտասեր բարքով տխրահամբավ կաթողիկոս Մելքիսեթի ժամանակներն էին. ով փողով մարդկանց դրության մեջ էր մտնում չհասի, ապօրինի պսակի, կնաթողության, երկկնության… ու այդպես համատարած, հարցել լուծելիս, մինչև, ինչպես ասում է ժամանակագիրը` այս աշխարհից պակասեց և իր հայրերին ավելացավ: Ահա այդ ժամանակների պատմագրի նկարագրած` երբ հարավային հողմը փչելով ծննդագործում է հողը և բխեցնում է բազմազան ծաղիկների սեռերն ու տեսակները, որոնցով երփնազարդվելով վայելուչ տեսք է ստանում երկրի երեսը, …մի գարուն էր, ու գյուղի վանահայրը, ասում էին՝ լավ չի:
Թեպետ ամպաբնակ դիմացի սարերին ձյուն կար, արևն այնքան էր տաքացնում, որ նանը տեղափոխվել, բակի ճյուղատարած խնձորենու տակ էր իլիկի վրա հավաքում անհատնում իր թելը: Ինքը նինջի մեջ, մի աչքը իրենց խաղով աշխարհից վերացած թոռների վրա էր աչալուրջ, մյուսը՝ բարձրալանջին դեռ երևացող երկու սպիտակ ու կենտ մի սև գառների կողմը, որ արածելով-արածելով, սարի ուսագծին էին մոտենում, բայց մյուս երեսն անցնելուն ահագին կար, դեռ աչքի առաջ էին: Վերևի ծմակից իջած, հյուղակից քիչ վեր կառչած-մնացած մոշի ցանցառ թփի մեջ վանքի պարհակից համետը վրեն փախած ավանակը մռութը խոթել էր հավերի երեկվա քուջուջատեղին ու փռշտում, մեծ գլուխը տարուբերելով, դժգոհում էր աշխարհի փոշու շատությունից: Ավանակի էշությանը համակերպվել, նոր նստատեղում սսկված հավերը ընդերքում իրենց ձվերն էին հասունացնում պապի ձվածեղի ու մատենապահոցի շինարարության շաղախի համար: Գյուղի վրա գարնան տաքերի հետ աշխուժացած ճանճի բվվոցն էր ու վանքի կողմից լսվող քարտաշների համաչափ չխկչըխկոցը և բակում ծիծառի ամեն վերադարձին` նորափետուր ձագերի աշխարհակալ ժխորը` քիվի տակ:
Դուրգարությունը գյուղում Մաթևոսի կարեցածն էր, նորոգվող գմբեթի փայտամածը դուրգար Մաթևոսի անելիքն էր, իր գործի վրա էր, ասաց.
– Երկու ողնարկը տաշեմ, էս մի կամարն էսօր կկապվի:
– Ձորի ծառերը տերևել են, ներքևի հողը մնաց վերընկած,- ասաց կինը:- Որ չվարենք, գլխահարկի ժամանակ…
– Էս կամարների չափով վանքահարկից, ասում եմ, կհանվի:
– Դու ես ասում:
– Տեր հայրը ոնց որ խոստացավ:
Տեր հայրն իր խոստումներով քսան տարի, ավել կամ պակաս, հայտնի վանահայր էր ձորաշխարհում:
– Ասում են՝ լավ չի,- ասաց կինը:
– Բերանդ խերով բացի,- բարկացավ Մաթևոսը:- Էդ որ շինում են ու չեն քանդում, ժողովրդի համար չի՞:
– Շինականի հաշվին:
– Բա էլ ո՞ւմ: Մարդն էսօր կա` էգուց չէ, բա ո՞ւմ համար…
– Անունի,- ասաց կինը:- Որ հիշվի:
– Ինքը որ հիշվի, դրանից քեզ վնաս կա՞, այ երկարամազ:
– Օգուտ էլ չկա:
– Ի՞նչ իմանաս: Էն փոքրը ոնց որ թե գիտության սեր ունի, թողնես` ժամերով կկանգնի, խաչքարերին կնայի: Նախշի սեր ունի:
– Դուրի՞կը:
– Էդ տարիքում` էդքան աչքաբաց:
– Դրա համար անունը Դուր դրեցիք:
– Բա` Անդո՞ւր: Համ մեր պապական գործիքը` դուր, համ էլ դուրեկան…
– Գրիգոր` որ Մագիստրոս դառնար, Հայրապետ, որ կաթողիկոս դառնար…- ծիծաղեց կինը.- թե չէ` դուրգար-գիտնական: Ցեղովի նույն սեպին եք խփել պապեպապ ու նույնն էլ կաք:
– Գիտությունը` հա,- ասաց Մաթևոսը,- բայց դուրգարությունն էլ մի կտոր հաց միշտ կտա:
– Մի փոր հացով ուզում եք գիտնական դառնաք:
– Աչքներս ուրիշի ունեցածին չի:
Կինը չասաց` դրանով էլ պարծեցեք, ասաց.
– Գիտնական ո՞ւմ պիտի քաշի:
– Մի օր մեր հերթն էլ կգա:
Լվացքի ջուրը տաշտով տարավ, ցանկապատից դուրս թափեց, եկավ ասաց.
– Մենք բանդիրության հերթում ենք:
Մաթևոսն ուրագը բարձրացրել էր, հապաղեց: Բեղերը խնդախուճուճ թրթռացին, ասաց.
– Բա որ բան չդնես, բան դուրս կգա՞…
Նանը միալար իր իլիկն էր պտտում, պապը ներսում էր, լսողությունն էլ լավ չի: Մաթևոսի աչքն ընկավ տրեխի ծակից դուրս ցցված մատին, մատը ետ քաշեց աննկատ: Սև, քթարմատին բարակ կամրջով միացող հոնքերի հարցականը մարդուն, խոնարհ արտևանունքներով աչքերը փեշածայրերին, կինն ասաց.
– Էդտեսակ բաները կգնաս Երանյակին կասես:
– Երանյակն ո՞վ ա:
– Ես էլ եմ ասում,- չոր, ասաց կինը:- Ինքն ո՞վ ա:
– Բայց ինքն ի՞նչ կապ ունի:
– Ունեցել ես:
Ծմակում ողջ օրը մութ ու մթար, քո աշխարհն ու դու, քո բանին, բայց դրսից, ուրեմն, ոնց որ արևի լույսի տակ:
– Մի թաք անգամ,- շիվար, ասաց Մաթևոսը:
– Էդպես էլ գիտեի,- ասաց կինը:- Ուրեմն ունեցել ես:
Միամիտ թակարդն ընկածի իր անկյունից, Մաթևոսը բարկանալու պես կատակեց.
– Ուրեմն ազգի ունեցվածքը մնար անիմաստ քոռուփո՞ւչ: Աստծո ստեղծածն անկարևորվել կորչի՞:
Անհավես, կինն ասաց.
– Ձորի հողը մնաց անվարել:
Ու զանգերն անկանոն ղողանջեցին:
Մինչև նանն իրար կգար, թոռներից փոքրն էլ մեծերի հետևից անհետացավ վանք տանող ճանապարհի ոլորանում, նանը ծնկները բռնած, նորից տեղում նստեց:
– Էս օրն էս ինչ կարճ էր,- ներսից լսվեց պապի ձայնը:
Զանգերի ղողանջը ուժգնանում էր տագնապալի, բոթագույժ: Խաղաղ կտուրների վրա տարածվեց մեկի բարձրաղաղակ ծղիրտը:
– Տեր հա՞յրը…
Պապը հենափայտով երկրագնդի պորտը պինդ բռնած, կանգնել էր շեմին: Հնամաշ չուխի կեռիկներն անփույթ կոճկելուց փեղկերը բարձրուցածր էին:
– Մշակին գործախափան արին…– պապն ապարդյուն ջանում էր հայացքը մի կետի բերել:– Բայց գործ առաջ գցող էր:
– Էդ ու՞ր, այ մարդ,- թխսատագնապ, ասաց նանը:
– Բա գեղամիջում մեր տանից շունչ չլինի՞:
Երկար, նոսր բեղերն անկառավարելի հպարտ տմբտմբում էին հորիզոնական:
Որմնադիրը, քարտաշներն ու մշակը կիսատ պատի տակ շիվար շարվել էին: Վանքի ծառերի տակ ժողովուրդն արդեն հավաքվում էր:
– Ճի՞շտ են ասում…
– Հոգոց-հանգուցելոց եղավ:
– Բա… Աստծու մարդն էր ու մեռա՞վ:
– Գիտեիր` քարե խաչ պտի դառնա-մնա՞:
– Մարդ էր, կար ու չկա:
– Ինչ եղավ` գնացողին եղավ…
– Հոգին ազատեց, փրկվեց…
– Ինչ եղավ` մնացողին եղավ:
– Բա մեր էսօրվա վա՞րձը…
Փուչ, փուչ աշխարհ…
Ողողամաշ ու լերկ Ցից Քարի վրա արդեն թաց ցախ էին վառել, ծուխը քուլա-քուլա էր լինում: Ապա մեծ ձորի մյուս ափին, Մանից Գոմերի գլխի Քոշաբերդում ևս ծուխ երևաց: Էնտեղ հերթապահողներն էլ երևի արդեն տեսնում էին Դսեվանքի (պատմագիրն ասում է Տեսևանց, այսինքն՝ կանգառքի տեղ չի, ճանապարհային անհասանելի դրվագ է) ու Դեբեդի հունով հակառակ` Օձունի Մուտի ծուխը, էստեղիններն էլ` Սեդվու ու Քոբայրի կապանների ծուխը… Մինչև մութն ընկնելն իրար այդպես իմաց տալով, ողջ ձորաշխարհին լուրը պիտի հասու լիներ, որ…
– Այդչափ կարևոր մարդ էր ու պակասեց ազգից:
– Էդպես անգնահատվել, գնաց…
– Լույս տվեց-հանգավ:
– Բա` բան չասա՞վ:
– Ասել ա քարիս վրա բան չգրեք. ոչ անուն, ոչ կարգի հիշատակում…
– Ասել ա` ես գնացի, քարիս վրա կգրեք` ԱՓ ԱՅՆ…
Զանգերն ավաղակոչ ղողանջում էին: Անմխիթար սուգ էր ու անփարատ վիշտ:
… Վանքի գրապահոցին մեկ էլ անցյալ դարի յոթանասունականներին անդրադարձան: Բայց այն նորոգումն այլ խորհուրդ ուներ, վերջին, գիրք-մատյանից զուրկ ու սպասավորից լքված շինության վերակառուցումը` այլ իմաստ:
Մաթևոսը հիշվում է, որովհետև հյուսնահմուտ իրենց ցեղի շարունակությունը կա: Երանյակին գիտենք, քանզի իրեն առնչվողներին երանի տվողների արձագանքը ձորաշխարհում տակավին չի մարել: Իսկ վանահայրը… Ականատեսները վերացել են, ականջալուրները` մոռացել: Բայց անանուն այդ տապանաքարը կա Սանահնավանքի մեծ գավիթում: Հին գրապահոցից Գրիգոր Մագիստրոսի ճեմարանի կամարաշարը տանում է մեծ գավիթ, գավթի կենտրոնում գմբեթի լուսամուտքից կեսօրվա արևի ճառագայթամատը տեղը նշում է, ու ընթեռնելի երևում է վրան երկաթագիր փորագրված` ԱՓ ԱՅՆ : Ոչ անուն, ոչ կարգի հիշատակում: Բայց քարը մեծ է ու շքեղ: