Խոսք հրաժեշտի …ՈՒ ՉԷՐ ԾԵՐԱՆՈՒՄ / Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ

Կոնստանտին ՕրբելյանՀամաժողովրդական ցավ ու ափսոսանքով, խոնարհումով վերջին հրաժեշտը տվեցինք մեր վերջին մոհիկաններից ևս մեկին, իր կյանքով, կենսագրությամբ ու վաստակով իսկապես լեգենդար մի մարդու: Ու թեև նա՝ մաեստրո Կոնստանտին Օրբելյանը, արդեն պատկառելի տարիքի էր հասել, ստեղծագործական երկար, վերընթաց մի ուղի թողել ետևում, միևնույն է, ես այն զգացողությունն ունեմ, որ նա մեզանից հեռացավ անժամանակ, և ցավն ու ափսոսանքը ավելի է խորանում…
Անժամանա՛կ, որովհետև մենք նրան երբևէ տարիների բեռան տակ կքած չտեսանք, որովհետև Մաեստրոն թե՛ արտաքինով, թե՛ պահվածքով, թե՛ ստեղծագործական զարմանալի կենսունակությամբ մերժում էր, չէ՛ր ընդունում ծերության որևէ ախտանշան. նա գրեթե միշտ ստեղծագործական մարզավիճակում էր ու շատ ջահելներից ավելի հաճախ էր համակվում նոր ծրագրերով ու գաղափարներով: Հավանաբար, հանրահայտ «Մեր սերը չի ծերանում» երգը ու նրա շատ այլ երգեր բնավ չծերանալով, իրենց հեղինակի համար ապահովում էին միանգամայն վաստակած անձեռնմխելիությունը ծերության հանդեպ…
Գոհ եմ ճակատագրից, որ բախտ եմ ունեցել համագործակցելու մեծ կոմպոզիտորի հետ, վայելելու նրա բարեկամությունը, կյանքի ու ստեղծագործական կարևոր դասեր եմ քաղել նրանից:
Ե՛վ հաճելի, և՛ դժվար էր Մաեստրոյի հետ աշխատելը: Դժվար էր, որովհետև նա չափազանց բծախնդիր էր յուրաքանչյուր բառ ու տողի նկատմամբ, ձգտում էր խոսքի ու մեղեդու լիակատար ներդաշնակության, միշտ աչքի առաջ ուներ նաև կատարողի հնարավորությունները… Եվ թող զարմանալի չթվա, հենց նույն այդ խստապահանջությունն ինձ համար հաճելի էր միաժամանակ: Մանավանդ, երբ տեսնում էի, որ նույնքան ու ավելի խստապահանջ է նախ ինքն իր նկատմամբ: Անվերջ կարող էր փոխել մեղեդին, շտկումներ անել, նոր տարբերակներ գտնել: Ու գոհունակ մի ժպիտ էր ճառագում դեմքին, երբ արդյունքի էինք հասնում, համոզվում, որ արեցինք հնարավորը: Ուրախանում էր գրեթե մանկան պես:
Հաճելի և շատ օգտակար էին մեր զրույցները աշխատանքի ընթացքում, և այսպես թե այնպես, թեման հիմնականում երգն էր: Ակնհայտ էր, որ լուրջ մտահոգություններ, տագնապներ ունի ոլորտում տիրող վիճակի վերաբերյալ, և Մաեստրոյի տագնապները լուրջ հիմքեր ունեին:
Հասկանալի է, որ խորունկ, վարակիչ, այնքա՛ն մեղեդային իր երգերում մշտապես գեղագիտական բարձր չափանիշներ, հայեցի շունչ ապահովող Վարպետին ինչպիսի ցավ կարող էր պատճառել այն ամենը, ինչ կատարվում է մեր երգարվեստում: Նա խորին դառնությամբ էր նշում, որ եթե ժամանակին բառիս լավագույն իմաստով հիթեր էին, ասենք, Առնո Բաբաջանյանի, Ռայմոնդ Պաուլսի (ես կասեի` նաև հենց ի՛ր) երգերը, որոնք միանգամից տարածվում էին ողջ Միությունով մեկ, հուզում, համակում մարդկանց, հոգիներ ջերմացնում, ապա հիմա հիթ կոչվածը լավ երգի հոմանիշը չէ բնավ: Մաեստրոն հաճախ էր վրդովված կրկնում` պետք է ի վերջո հասկանալ, որ «տաշի-տուշի՛ն» չէ մեր երգը…
Ավելի քան երեսուն տարի իր ղեկավարած Հայաստանի էստրադային պետական նվագախմբով ԽՍՀՄ-ի ու աշխարհի առաջնակարգ երաժշտական կոլեկտիվների շարքը համալրած, իր «ձեռքի տակ» տաղանդավոր երգիչ-երգչուհիների մի քանի սերունդ աճեցրած Մաեստրոյի համար մեծ հիասթափություն էր, պարզապես վիրավորանք ճշմարիտ, հայեցի երգի հանդեպ՝ այն դառն իրողությունը, որ երգիչներից շատերի գերխնդիրը հիմա ամեն գնով ծափ կորզելն է կարծես, և գեղեցիկ, խորը, հուզական երգ կատարելը այսօր գրեթե վտանգավոր է դարձել. հանկարծ ու ցանկալի ծափեր չապահովի…
Բայց և Օրբելյանը անհույս հոռետես չէր. նկատում, ոգևորվում էր նոր, խոստումնալից անուններով, հավատում էր, ուզում էր հավատալ, որ երգիչների բազմաքանակ խմբից, երգի ասպարեզ մտած երգահաններից ու բանաստեղծներից աստիճանաբար կառանձնանան իրո՛ք Աստծո շնորհով օժտվածները ու իրենց կոչումն ու առաքելությունը գիտակցելով` ի վերջո կկարողանան առաջ մղել ճշմարիտ, հայեցի, մարդկային անկեղծ ապրումներով թաթախուն երգը: Հոգեմոտ այն երգը, որի իսկական ջատագովն ու քարոզիչն էր ի՛նքը, լավագույն օրինակներ տվողը տասնամյակներ շարունակ, նաև՝ հենց առաջացա՛ծ տարիքում, երբ դարձյալ մեկը մյուսի ետևից թարմաշունչ, վարակիչ, միանգամայն երիտասարդական թրթիռներով համակված երգեր էր հանում ասպարեզ…
Որքան եմ ափսոսում, որ այդպես էլ չհասցրինք իրականացնել մեր համատեղ մի ծրագիրը՝ Մեծ եղեռնի 100-ամյակին նվիրված երգի ստեղծումը, որի գաղափարը հենց իրենն էր:
Մեր վերջին հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ մի քիչ տկար է, բժիշկը մի քանի դեղ է նշանակել. երեք ամիս պիտի ընդունի: Հետո կգա Երևան ու կսկսենք աշխատել: Ձայնի մեջ իրեն հատուկ էներգիան ու վստահությունը կար.
– Այնպիսի մի երգ պիտի ստեղծենք, Լևոն, որի մեջ և՛ ցավն ու ընդվզումը լինեն, և՛ մեր ազգի հարատևության, լուսավոր գալիքի հավատը,- ասաց կարծես և՛ ինքն իրեն, և՛ ինձ պարտավորեցնելու նման: Վստահ եմ՝ կկարողանա՛նք…
Ես էլ վստահ էի ու շատ տրամադրված: Նույնիսկ մի հարցազրույցում ակամա բացեցի մեր գաղտնիքը, հետո միայն հիշելով, որ ինքն ուզում էր անակնկալ անենք:
Ավաղ, հենց ապրիլի 24-ին էլ կնքեց մահկանացուն: Ով գիտե, գուցե ինչ-որ խորհո՞ւրդ կար դրանում… Գուցե չգրված այդ երգը նա իր հետ տարավ, որպեսզի հավերժության ոլորտներից այն հնչեցնի ի լուր ողջ աշխարհի՞…
Գնա՛ս բարով, սիրելի՛ Մաեստրո: Դու էլ ես գնում միանալու Պանթեոնում հանգչող հայոց մեծերին: Բայց և նրանց պես դո՛ւ էլ միշտ մեզ հետ ես լինելու՝ քո ողջ ստեղծագործությամբ, մեծ վաստակով, քո ապրող երգերով, ու նաև՝ մեզ ուղեկցող գեղեցիկ ու բարի հիշողություններով մի մեծ արվեստագետի, ստեղծարար անսպառ ավյունի տեր զարմանալի մարդու մասին, ով միշտ երգի հետ էր ու երբեք չէր ծերանում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։