ՓՈՂԵՐՆ ԱՆՀԵՏԱՆԱԼՈՒ ՕՐԸ (ոչ գիտական ֆանտաստիկա) / Անահիտ ԽԱՐՄԱՆԴԱՐՅԱՆ

 

– 1 –

– Ի՞նչ արդյունք տվեց գիտափորձը,- հարցրեց Ի-243-ը՝ առկայծելով յասամանամանուշակագույն ճառագայթների շողարձակումներում:
– Հաջողվեց սինթեզել ուղղորդված ճառագայթմամբ Վ-4-ԳԵՆ-315681 ժամանակավոր գենը: Ենթադրում ենք, որ կհաջողվի իրականացնել մեկօրյա ազդեցություն՝ վարքի շարժառիթների հաջորդական ուսումնասիրմամբ… Ժամանակավոր գենը ամբողջովին կոչնչացնի ագահության բնազդը՝ ենթագիտակցության գերալիքային մակարդակում, բայց երկրակեղևի որոշակի տեղամասում: Այնուամենայնիվ, մոլորակի հեռավորությունը հսկայական է, իսկ գործողությունը պետք է ուսումնասիրվի լոկալ տեղամասում: Հետևաբար ընտրել ենք մի քաղաք, այլ ոչ ամբողջական երկիր:
– Տրամաբանական է: Գիտափորձը պետք է անցնի առանց որևէ չծրագրված գործողության:
– Ամենայն հավանականությամբ:
– Իսկ որքա՞ն ժամանակ կպահանջվի բնական ճանապարհով այդպիսի ազդեցության համար:
– Բանական էակների գիտակցության և մոլորակի տեխնիկական հագեցածության արդի մակարդակում՝ երեք-չորս հազարամյակ: Անհրաժեշտ կլինի ուսումնասիրել տասնյակ ընդգրկուն խնդիրներ՝ բնազդների փոփոխությունից մինչև խղճի զարգացումը: Նաև պետք է հաշվի առնել քաղաքակրթության զարգացման անհամաչափությունը այդ մոլորակում: Այնտեղ պահպանվել են քաղաքակրթության մակարդակները՝ տարբեր երկրաբանական շերտերին համապատասխան: Մյուս մոլորակներում այդ երևույթը չկա, և դրանցում աշխատելն ավելի հեշտ է:
– Ենթադրում եմ, որ գիտափորձը հաջողությամբ կանցնի… Ի դեպ, ո՞ր գործոնն է գերիշխելու: Միայն բանականությո՞ւնը:
– Դժվար է ասել: Տարբեր էակներ պետք է տարբեր դրսևորումներ արտահայտեն: Միջգալակտիկական Օղակաձև Գիտակցությունում ոչ բոլորն են այսպիսի գիտափորձը ճիշտ համարել: Բայց գերզոնդ-հետախույզների վերջին տվյալները ցույց են տալիս, որ մոլորակի էակների հիմարությունն ու ագահությունը՝ որպես չզարգացած ենթագիտակցության բացասական հատկանիշներ, հասել են աներևակայելի սահմանների, ուղղակի խեղդում են իրենց բանական համարող նյարդային էակներին: Ստիպված ենք միջամտելու: Բայց եթե անգամ գիտափորձը հաջող անցնի, երկրային էակներին օգնություն կցուցաբերվի միայն այն դեպքում, եթե նրանք արժանի լինեն նման օգնության:
– Հակառակ դեպքում պարզապես իմաստ չի ունենա այդ ուղղությամբ աշխատելը, և պետք է մտածել զարգացման այլ ուղղության մասին: Կամ ընդհանրապես հրաժարվել այդ մոլորակի հետ գիտափորձերից: Չնայած բոլոր դեպքերում պետք է ուսումնասիրել և՛ հաջողությունների, և՛ անհաջողությունների պատճառները:
– Միանգամայն ճիշտ է:

– 2 –

Կարապետը ավտոբուս բարձրացավ ո՛չ այն է՝ դժբախտության, ո՛չ այն է՝ անհարմարության ինչ-որ մութ ու մռայլ զգացողությամբ: Եվ ազատ նստարանին նստելուն պես ձեռքով շոշափելով գրպանը՝ հասկացավ, որ փող չունի: Թե դա ինչպես էր ստացվել, անհասկանալի էր: Չորս կանգառ անցնելով՝ մտքերի մեջ ընկավ՝ մե՛րթ որոշելով իջնել, մե՛րթ ողջամտորեն ընդունելով, որ բոլոր դեպքերում աշխատանքի գնալ պետք է: Պատահաբար նկատեց, որ մյուս ուղևորների դեմքերը ևս մի տեսակ շփոթված են՝ մի մասինը տարակուսանքով լի, մյուսներինը՝ զարմանքով: Բոլորը տարօրինակորեն լռում էին՝ յուրաքանչյուրը խորասուզված իր մտքերի մեջ: Կարապետը տեսավ, որ մի տարեց կին, իջնելով պուրակի մոտ, չվճարեց ուղեվարձը, իսկ վարորդը ոչինչ չասաց նրան: «Գուցե ծանոթ էին, կամ թոշակառու էր,- մտածեց Կարապետը: – Հիմա պետք է իջնեմ: Թե ինչ կլինի…»:
Ի զարմանս Կարապետի՝ վարորդ Մելիքսեթը նույնիսկ չնայեց իր կողմը: Նա պետք է թիվ 12 երթուղով գնար, այդպես էլ անում էր: Եթե Կարապետը կարողանար կարդալ նրա մտքերը, շատ կզարմանար: Բանն այն էր, որ առավոտյան երթուղի մտնելով՝ վարորդը հայտնաբերել էր, որ մանրադրամը վերադարձնելու համար փող չի վերցրել և, փաստորեն, բացարձակապես առանց դրամի է աշխատում: Անգամ ծխախոտի համար փող չուներ… Բայց երբ կանգ առավ ծամոն, ծխախոտ և նման այլ մանրուքներ ծախող ծանոթ վաճառողի մոտ, ահա թե ինչ կատարվեց: Նա սովորականի պես գլխով արեց վաճառողին և ասաց. «Երկու տուփ տուր»: Վաճառողը նրան երկու տուփ «Պառլամենտ» մեկնեց, ապա հանգիստ նայեց, թե ինչպես է նա շտապում դեպի իր ավտոբուսը: Այս ամենի բացատրությունը Մելիքսեթը չգիտեր: Գուցե պարզապես բախտը բերե՞ց:
Ուղևորները բարձրանում-իջնում էին, բայց այն, ինչից ինքը առանձնապես վախենում էր, տեղի չունեցավ: Իսկ նա վախենում էր, որ հիմա որևէ մեկը իրեն մի հարյուրանոց կամ ավելի վատ՝ հազարանոց մեկնի, և ի՞նչ կանի ինքը այդ ժամանակ: Մելիքսեթը վարագուրել էր մուտքը սրահի կողմից և որոշել էր չնայել մյուս կողմը. թող փողերը դնեն առջևի եզրատախտակին: Սա ի՞նչ խաբկանք էր…
Բայց ոչ ոք նրան չէր դիմում «մեկ հատ» կամ «երկու հատ» ամենօրյա բառերով: Ոչ ոք չէր խնդրում մանրել խոշոր դրամները: Նա անգամ ջանում էր չնայել, թե ինչ է կատարվում եզրատախտակի վրա: Քանի՞ մարդ արդեն իջավ… Այնտեղ, անկասկած, երեք-չորս հարյուր հավաքվել է. դե թող իրենք էլ իրենց մանրը վերցնեն, հավանաբար բոլորն էլ գրագետ են և կարող են հաշվել իրենց հասանելիք մանրադրամը: «Եվ իրոք, ե՞րբ պետք է մեր ժողովուրդը սովորի ինքնուրույն, առանց հիշեցնելու, դնել եզրատախտակին՝ որքան անհրաժեշտ է, վերցնել մանրադրամը, եթե անհրաժեշտ է, և հանգիստ իջնել»: Եվ, այնուամենայնիվ, նա ոչ մի կերպ չէր կարող մտաբերել, թե ուր կորան մանրադրամի համար երեկոյան նախապատրաստած մի մեծ խումբ հարյուրանոց թղթադրամները, էլ չասած ծալած-փաթաթված չորս տասանոցների տրցակի մասին:
Ավտոբուսը գնում էր երթուղով, կարծես ոչինչ էլ չէր եղել: Ուղևորները բարձրանում և իջնում էին, յուրաքանչյուրը՝ իր կանգառում: Բոլորը փորձում էին թաքցնել իրենց շփոթմունքը: Կարապետն էլ իջավ իր արհեստանոցի մոտ, բացեց մուտքի կողպեքը, վառեց լույսը, կապեց գոգնոցը և նստեց աշխատելու: Նա սիրում էր իր աշխատանքը և կարծում էր, որ «փինաչի» մականունը առնվազն անարդարացի է: Ինչո՞ւ է իսկական կոշկագործ համարվում միայն կոշիկ կարողը: Իսկ նա, ով նորոգո՞ւմ է: Չէ՞ որ բոլորը միշտ նոր կոշիկ առնելու միջոցներ չունեն. եթե ինչպես հարկն է պահես, ժամանակին նորոգես և փայլեցնես, կոշիկդ եռակի երկար կծառայի, քան անփույթ և անտնտես մարդունը:
Երբ հին կոշիկ էին նորոգման բերում, Կարապետը մտովի արդեն տեսնում էր այն նորոգված, իսկ հետո, երբ արդեն հաճախորդին էր հանձնում վերափոխվածը, մտովի հպարտանում էր լավ կատարած աշխատանքով: Ինչպես իր գործի յուրաքանչյուր արժանավոր վարպետ՝ լիներ բժիշկ, դերձակ թե կոշկակար:
Բայց այսօր մի տեսակ արտառոց օր էր: Սատանան գիտեր, թե ինչպիսին… Երեք զույգ պատրաստի կոշիկներ երեկվանից դրված էին դարակում, նորոգման էին սպասում երկու զույգ կանացի երկարաճիտ կոշիկ, պատռված սպորտային մի կոշիկ, մի զույգ կիսակոշիկ, որոնց կրունկները պետք է փոխվեր, և մի զույգ տղամարդու կիսաերկարաճիտ կոշիկ: Կարապետը գործի անցավ՝ կրկին մտորելով անհրաժեշտ մանրադրամի մասին, որը պետք է վերադարձներ:
Երկարաճիտ կոշիկների զույգի ետևից ցերեկը մի աղջիկ եկավ. նա մոտակայքում էր ապրում և հաճախ նորոգելու էր բերում ծնողների կոշիկները: Աղջկա համար, ըստ երևույթին, միշտ նորն էին առնում, իսկ ծնողները հներն էին հագնում մինչև լիովին մաշվելը: Հասկանալի իրավիճակ էր:
Աղջիկը ներս մտավ և շեմին կանգ առավ: Կարապետը նրան նայեց և ժպտաց. աղջիկը մի քիչ նման էր իր աղջկան, նույն նորաձև նեղ տաբատով էր՝ փողքերը պլատֆորմով կիսաերկարաճիտ կոշիկների մեջ, կարճ բաճկոնով: Աղջիկը վարանած կանգնել էր և չգիտեր ինչ ասեր: Պարզ երևում էր, որ չէր կարող ասել, ինչ ուզում էր ասել: Կարապետն անմիջապես գուշակեց, որ փողերի այսօրվա տարօրինակ բացակայությունը, ըստ երևույթին, ինչ-որ ընդհանուր, անհասկանալի կախարդանք է:
Վերջապես աղջիկը կմկմալով հարցրեց՝ պատրա՞ստ են արդյոք մայրիկի կոշիկները:
– Այո՛, ահա՛,- պատասխանեց Կարապետը՝ դարակից հանելով և հանձնելով սև կիսաերկարաճիտ կոշիկները, որոնք ինչ-որ ժամանակ նորաձև, նույնիսկ շքեղ էին եղել: Գլուխը կախելով՝ նա լուռ շարունակեց աշխատել:
– Շնորհակալություն,- կամացուկ ասաց աղջիկը և անհամարձակ քայլեց դեպի դուռը՝ ամեն վայրկյան սպասելով, որ իրեն կկանգնեցնեն բնական հարցով, թե ո՞ւր է փողը:
Բայց Կարապետը ոչինչ չասաց, կարծես այդպես էլ պետք է լիներ:
Երկրորդ հաճախորդի հետ գործն ավելի հեշտ էր: Կարապետը որոշեց օգնել նրան՝ մատնացույց անելով պատրաստի սրածայր կիսակոշիկները, որոնց վրա ընդամենը կրնկատակեր էր մեխել:
– Ահա՛, խնդրեմ, վերցրեք, պատրաստ են,- և ժպտաց:
Որքան հեշտ կլիներ ապրել աշխարհում՝ գար, կոշիկը հանձներ, նորոգեին, վերցներ, գնար: Իսկ ինքը կստանար և՛ կաշին, և՛ կրնկատակը, և՛ մեխը. ա՛յ այսպես կստանար, այլ ոչ թե կգներ, և վերջ՝ հենց այնպես: Մարդկանց համար էլ կոշիկ կնորոգեր անվճար: Բայց չէ՞ որ այսօր մի քիչ փող պետք է աշխատեր, որ շուկա գնար, կնոջը խոստացել էր երկու կիլոգրամ նարինջ գնել:
…Նույն տարօրինակ իրադարձությունները նաև շուկայում էին տեղի ունենում: Կարապետը դանդաղ անցնում էր շարքերի երկայնքով՝ նկատելով, թե ինչպես են կշռվում և բաց թողնվում բանջարեղենն ու մրգերը. բոլորը մի տեսակ կիսաշշմած տեսք ունեին: Եվ մի տեսակ տարօրինակորեն խաղաղ էր: Հանկարծ նա հասկացավ, որ ոչ ոք առևտուր չի անում, պարզապես մարդիկ վերցնում են այն, ինչ իրենց պետք է: Ուրիշ ոչինչ:
Հարմար նարինջ գտնելով՝ Կարապետը երկար ու սևեռուն նայեց պտուղներին: Վաճառողը այնպիսի մարդու տեսք ուներ, կարծես հենց նոր էր գլորվել բարձր սայլից կամ շունչ էր առնում խիստ զարմանքից հետո. այսօր բոլոր գնորդները շատ երկար ու լուռ նայում էին նարինջներին, քթների տակ քրթմնջում, թե որքան պետք է կշռվի, և հեռանում՝ առանց վճարելու, որից շատ անհարմար էին զգում: Ինքն էլ ամաչեց փողի մասին խոսել, քանի որ այն ինչ որ տեղ էր անհետացել, ըստ որում՝ միաժամանակ բոլորի մոտից, նաև իր մոտից, և դա էլ հենց ամենաանհասկանալին էր:
Կարապետը հասկացավ, որ եթե ինքը հիմա խնդրի հինգ, վեց կամ տասը կիլոգրամ, իր համար կկշռեն հենց այնքան, որքան ուզում է: «Բայց չէ՞ որ պատրաստվում էի երկուսն առնել»,- անցավ նրա մտքով: Ներքին պայքարը, ավելի շուտ՝ հասկանալու ջանքերը, թե ինչ է կատարվում, ինչու և ինչպես պետք է իրեն պահի, այս ամենը արտացոլվում էր նրա դեմքին: Երբ վերջապես արտաբերեց. «Երկու կիլոգրամ, խնդրեմ»,- և վաճառողը պատրաստակամորեն կշռեց նարինջները՝ ոչ այնքան խոշոր, բայց թարմ՝ վատը չէին ընդհանուր առմամբ, մարդը վերցրեց ուղիղ այնքան, որքան իրեն պետք էր…
Ամբողջ ապրանքը վաճառելով՝ Նիկոլը մտածեց՝ իսկ արժե՞ այսօր, այսպիսի տարօրինակ, խռովահույզ օրը, գնալ հանրախանութ՝ մանկասայլակ գնելու: Աղջիկը մոտակա օրերին պետք է ծննդաբերեր, և երեկ ինքը երկար հաշվարկում էր, որ եթե հաջողվի վաճառել ամբողջ նարինջը թեկուզ 350-ով, կբավականացնի մանկասայլակի համար, իսկ եթե ստիպված լինի գինն իջեցնել 300, ապա՝ հազիվ թե: Եվ ահա, խնդրեմ… Սատանան գիտի, թե այսօր ինչ է կատարվում…
Սակայն ոտքերը, գրեթե իր կամքին հակառակ, Նիկոլին տարան «Մանկական աշխարհ», ապա՝ այն բաժանմունքը, որտեղ դրված էր նրա հավանած մանկասայլակը: Այսօր մի քանի տեսակի կային՝ բոլորը արտասահմանյան, խոշոր, նույնիսկ աչքին շատ խոշոր էին երևում: Ինչ-որ ներքին հոտառությամբ նա հասկացավ, որ կարող է ընտրել ցանկացածը, անգամ ամենաթանկն ու շքեղը: «Բայց իմ տունն այնքան փոքր է, և աղջիկս՝ այնքան նիհարիկ, ինչների՞ս է պետք մեծ սայլակը…»:
Ստանալով մանկասայլակը՝ նկատեց, որ վաճառողը նույնիսկ չի էլ սպասում, որ ինքը վճարի. երևում է՝ արդեն հարմարվել է, որ այսօր ամեն ինչ տարօրինակ է ընթանում…

– 3 –

– Դե, ինչպե՞ս է,- հետաքրքրվեց Ի-243-ը գիտափորձի հաջորդ օրը:
Նրանք կանգնած էին վիթխարի առանցքի՝ Տիեզերքի թվատախտակի մոտ: Առանցքը վերև և ներքև էր գնում, և ոչ ոք, նույնիսկ բանականության ամենամեծ շտեմարանի կրողները չգիտեին, թե որտեղ է նա սկսվում, որտեղ՝ ավարտվում: Համարվում էր, որ այն անսահման է:
– Լավ է,- պատասխանեց մյուսը, որը սինթեզել էր Վ-4-ԳԵՆ-315681 ժամանակավոր գենը: – Նույնիսկ շատ լավ է: Նրանք անհուսալի չեն: Ավելի ճիշտ, մենք համոզված էինք, որ էակների մեծամասնությունը պետք է բավարարվեր ողջամիտով և անհրաժեշտով, ըստ որում՝ ոչ միայն պարզապես անհրաժեշտով, այլև բավարարով: Այժմ ավելի շատ խնդիրներ առաջացան: Նրանք արժանի են մեր օգնությանը: Բայց պետք է, որ բանական էակների համար ոչ միայն հետաքրքիր լինի ապրելը, այլև աշխատելը: Ճիշտ է, արդեն հաջողվեց նրանց սովորեցնել աշխատել տեսահամակարգերի հետ՝ համատեղելով հեռուստատեսային ցանց կոչվող զվարճանքը թվային զուգակցումների տվյալների բազաների հետ, բայց դրանք էլի մեծ մասամբ օգտագործվում են ոչ ըստ նշանակության: Շատ ցածր է ժամանակի հանդեպ գիտակցական վերաբերմունքի մակարդակը: Չէ՞ որ նրանք դեռ չեն հասկանում, թե որքան կարճատև է իրենց դարը:
– Իսկ ինչո՞ւ ես խոսում մեծամասնության մասին: Մի՞թե չի կարելի բոլորի միջից արմատախիլ անել ագահության բնազդը:
– Դժբախտաբար, այն միատեսակ չէ՝ մի մասի մեջ ավելի ուժեղ է զարգացած, մյուսների մեջ՝ թույլ: Բոլորը տարբեր հակումներ և տարբեր պահանջմունքներ ունեն: Նաև գիտափորձն էր շատ կարճ՝ ընդամենը մի երկրային օր: Փաստորեն՝ միկրովայրկյանի միլիոներորդական մասը: Եվ որքա՛ն շատ էներգիա պահանջեց ուղղորդված ճառագայթումը…
– Իսկ ի՞նչ զգացողություններ կունենան նրանք վաղը:
– Կմաքրենք: Նրանք կմոռանան այդ ամենը: Կարևորը, որ սովորեն մտածել, և այդ ժամանակ՝ մի քանի հազար երկրային տարի անց, գուցե և ավելի շուտ, նրանք կդառնան իսկական մտածող էակներ: Հիմա կսկսենք աշխատել ագրեսիվությունը էներգիայի սուբլիմացնող ճառագայթման վրա:
– Մի՞թե ոչ բարության վրա:
– Նրանք հոգի ունեն, նշանակում է՝ բնական բարությամբ արդեն օժտված են: Բայց դա խլացնում է նրանց բնազդները: Եվ դեռ որքա՜ն աշխատանք ունենք այս մոլորակի հետ…

Ռուսերենից թարգմանեց
Արտակ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։