Ժամանակ
Ժամանա՛կ, արձակիր կոճակներդ,
Հանիր բաճկոնն այդ խամրած,
Որ չարիքի է նման:
Այն պարուրել է քեզ`
Դառնալով հավերժական գիշեր
Թշվառիս համար:
Ժամանա՜կ, ես շոշափում եմ քեզ,
Զգում նշույլներդ անգամ,
Որ վայրկյաններն են կյանքիս:
Դու չափ ես տարածության մեջ,
Այն տարածության,
Որ սահմաններ չունի,
Ինչպես և դու`
Անչափ, անսկիզբ, անծայր,
Բայց և շոշափելի`
Ծաղկած գարնան
Եվ թառամող կյանքի գնով:
Ժամանակ,
Թող այդ կոչումդ,
Դարձիր դու բժիշկ
Իմ հոգու համար`
Արտաքուստ առողջ,
Ներքուստ` քայքայված:
Արձակի՜ր կոճակներդ, ժամանակ,
Թող բաճկոնդ հին
Եվ քո նոր ոգով
Դու ինձ համոզիր,
Որ տարածության մեջ
Սահմաններ դեռ կան`
Սիրո,
Հավատի,
Նվիրվածության:
Սեր իմ`գիշե՜ր
Գիշե՜ր, թող շոշափեմ պարանոցդ,
Որը իմն է այսքան…
Թույլ տուր զգալ երակներդ`
Խեղդելու աստիճան,
Որ կապույտ երազանքներն էին իմ`
Քո ամայության մեջ մխրճված:
Արձակել եմ ուզում փողկապդ,
Որը գործված է թշվառիս հուշերի
գունավոր կծիկից
Եվ դեն նետել`
Զգալով ազատության շունչը:
Թող խլանամ քո աղմկոտ լռությունից,
Որը պատմությունն է կյանքիս`
Անհասանելի բոլորին,
Բայց շոշափելի ինձ և քեզ համար:
Բռնիր ձեռքս, երբ վախենում եմ
քո իսկ հայացքից,
Որ արտացոլանքն է հոգուս`
Խավար, հոգնատանջ,
Սակայն զարդարված
աստղե հուշերով:
Ճանկռիր քո դեմքն իմ ձեռքով,
Որ նշմարվի երազանքներիս
համաստեղությունը`
Ծնված ամենօրյա հանդիպումներից:
Գիշե՜ր…
Ես քոնն եմ կամ դու` իմը.
Թույլ տուր ուշաթափվել քո գրկում`
Չզգալով գոյությունն աշխարհի,
Այլ միայն պարանոցդ,
Որը իմն է այսքան:
«Բաժանում»
Գրիչս կարծես դողում է ինձ հետ
Հրաժեշտ երգող աշնան շշուկից,
Աշունը ընտրեց մի նեղ արահետ`
Տարբեր` աշխարհի բոլոր ճամփեքից:
Անվերջ հրաժեշտ, անդարձ ուղիներ,
Ճամպրուկը ձեռքին հեռացող աշուն,
Նորից բաժանում, հեռացման խոսքեր,
Մենակության վախ`
հեգնող սառնություն:
Տերևը ճյուղից բաժանվեց ցավով,
Ինչպես իմ հոգին զատեցին քեզնից.
Նույն հրաժեշտն էր` հոգի մաշեցնող,
Որը ինձ զրկեց իմ մեծ աշխարհից:
Անշունչ տերևը հեկեկաց ցավից,
Իսկ ես քարացա.
Դողաց գրիչս իմ սառնությունից,
Ես ոչինչ փոխել չկարողացա: