Շուշանիկ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ուզում եմ գրել…
Ուզում եմ գրել, լավ բան հորինել,
Բայց ում նվիրել` դեռ չեմ որոշել,
Նվիրել նրան, ով ինձ հասկանա
Ու իր ողջ կյանքում ինձ չմոռանա:

Երևի կտամ մեկ հայ զինվորի,
Որ հողը պահի, ազնիվ ծառայի,
Կտամ եղբորս` նոր զինակոչված
Ու իր մայր հողին պաշտպան կանգնած:

Նա խոստացել է ազնիվ ծառայել
Ու մեր հայրերի պատիվը պահել,
Լինի միշտ ազնիվ, լինի միշտ բարի,
Թող հավերժ լինի անունը հայի:

Պարույր Սևակին
Կյանքում ամեն ինչ կտայի,
Գեթ մեկ անգամ քեզ տեսնեի,
Քեզ հետ խոսեի կամ վիճեի,
Թեկուզ և ես սխալվեի:

Գլուխդ ձեռքիդ հենեիր,
Բարի խորհուրդ ինձ տայիր,
Քո խորհրդով կյանք կտայիր,
Կյանքիս մի թանկ պահ կտայիր:

Թախիծով լի ինձ նայեիր,
Քմծիծաղդ ինձ նետեիր,
Այդ ամենը կընդունեի,
Գեթ մեկ անգամ քեզ տեսնեի:

***
Այդ ո՞վ է ասել`
մենք հարուստ չենք,
Որ մենք հարստություն չունենք.
Նա հայ չի եղել ու չի հասկացել`
Մենք գիր ու գրականություն ունենք,
Մենք կերտած
պատմություն ունենք,
Սողոմոն Սողոմոնյան ունենք,
Տերյան ու Թումանյան ունենք,
Պարույր Սևակ ունենք,
Չարենց ունենք,
Սողոմոն Թեհլերյան ունենք:
Միլիոններ ունենք
աշխարհով սփռված,
Վրեժ ունենք դեռ չլուծված,
Պատմություն` դեռ չկերտված,
Աշխարհի գանձերն ունենք:
Ախր մենք ի՞նչ չունենք,
Հարգող ու սիրող չունենք,
Հարստությունը
գնահատող չունենք…

Հոգնել եմ…
Հոգնել եմ ուժեղ լինելուց,
Շատ եմ ուզում հանգիստ ապրել,
Գլուխս հանգիստ բարձին դնել,
Ոչ ոքի մասին չմտածել:

Ուզում եմ այլևս ուժեղ չլինել,
Ուզում եմ լինել, ինչպես որ կամ,
Ուզում եմ ապրել առանց կեղծիքի,
Առանց ոչ ու փուչ մարդկանց կարծիքի:

Ուզում եմ, շատ եմ ուզում,
Ուզում եմ լինել հանգիստ ու բարի,
Ոչ թե ատելի, այլ սիրելի,
Ուզում եմ երբեք չլինել թերի:

Չեմ ուզում լինել
կենտրոնն աշխարհի,
Թող գոնե մի տեղ ինձ համար լինի,
Թող ոչ ոքի այս
աշխարհում չխանգարի,
Թող ամեն ոք աշխարհում
իր տեղը գտնի…

Գրեք մեկնաբանություն