***
Երբ ննջում էի, աշխարհն էր արթուն,
Երբ ես արթնացա, աշխարհը քնեց,
Մութը թանձրացել արյան մեջ մարդու,
Սրտին է խփում այնպես ծանրումեծ:
Ու ոտաբոբիկ երկինքն է վազում,
Էլ որտե՞ղ բռնեմ հայացքը կառչող,
Ես իմ մենության դեղին ավազում
Լուռ խնամում եմ ծաղիկը իմ չոր:
Վարագույրներ կան պատուհաններին –
Յոթ գոմշի կաշվից մուգ վարագույրներ,
Ես որոնում եմ Կարոտն այն վերին,
Որ առաջներում իմ կյանքի գույնն էր:
Մութը թանձրացել արյան մեջ մարդու,
Սրտին է խփում այնպես անխնա:
Երբ ննջում էի, աշխարհն էր արթուն,
Երբ ես արթնացա, աշխարհն էր քնած:
***
Գիշերը այս տխուր նստվածք է սուրճի,
Մեկը թող նայեր, մի բան ասեր,
Որքա՜ն եմ հեռացել գիշերվա անուրջից,
Եվ օրն այս որքա՜ն է հասել:
Ես տատիս հիշեցի. «հասած օր եմ»,- ասում էր,
Եվ ի՞նչ, հիմա նույնը ե՞ս ասեմ,
Կոկորդը մաքրելով մի տեսակ հազում էր.
«Կեղծ հազ է»,- հայրս մեղմ կասեր:
«Ինձ բեյից գցում ես»,- հորիցս էր նեղանում,
Կարծես նրա աղջիկն էր ազապ,
Երբ հայրս մի փոքր խմած էր ձևանում,
Փարվում նրան, դառնում էր վզկապ:
– Քալե՛ ջան,- ասում էր,- շատն ապրանք, քիչ մնաց,
Մոտ արի բաժակմ խմենք,-
Պապի՞ս էր հիշում, թե՞ խեղճ օրերը անցած-
Մի տատ էր, մի արցունք ու… մենք:
Հիշեցի ես իմոնց, ու մի քիչ խմած եմ,
Երևի հորս չափ կյանք ապրած,
Բայց իմ մայրը չկա, որ ցավս թաքցնեմ`
Կեղծ խինդին պահ տալով հոգիս թաց…
Որքա՜ն եմ հեռացել գիշերվա անուրջից,
Եվ օրն այս որքա՜ն է հասել,
Գիշերը այս տխուր նստվածք է սուրճի,
Ա՜խ, մեկը նայեր, մի բան ասեր:
***
Ժամանակը վիրուսակիր է…
Երբեմն խեղդվում է աննախադեպ հարբուխից,
Երբեմն ինչ-որ հաբեր է կլլում սրտխփոցի դեմ,
Երբեմն էլ կանգնում է, թվում է,
ամենաանհարմար տեղում`
վերջերս ի հայտ եկած
խրոնիկ առիթմիայի արդյունքում:
Այն հարյուր մետրը վազում է
Ուսեյն Բոլտից էլ արագ,
Այն քառաչափ տարածության
չորրորդ չափողականությունն է,
որն հեռանում է անընդհատ
ընդլայնվող տիեզերքի հետ:
Այո: Հեռանում է ժամանակը:
Այս վիրուսակիրը:
Այս բազմաֆորմատ ու անժամանակ ժամանակը:
Այս ծերացողն ու շարունակ կարճացողը:
Թաքնվածը:
Քեզանից փախչողը:
Քեզ դեպի անհայտություն հրողը:
Քեզ ոտ(ք) պահողը:
Քո ծնողը:
Քո զավակը:
Քո միակ, քո …
Վիրու
սա
կիր
ժամանակը:
Կարո՞ղ ես հետևից հասնել…
***
Երկնքի ճերմակ ճանապարհներին
Ձյան փաթիլները
Ճոճվում են անվերջ գլխապտույտից,
Իսկ ես անցնում եմ սառը փողոցով,
Տաք-տաք մատները անողորմ գինու
Բռնել են կոկորդս ու սեղմում են ինձ:
Մաշկս սեղմում է հոգնած մարմնիս,
Մարմինս` հոգուս,
Որը քիչ առաջ թևելով իջավ,
Գինով ճամփեքը շա՛տ են խաբուսիկ-
Կամ օդեղեն են` սլանում ես դու,
Կամ աղոթում ես, որ գտնես մի ճար…
Ու տատանվում է տուն բերող ճամփան,
Չի հավատում ինձ,
Իսկ հավատո՞ւմ է արդյոք ինքն իրեն,
Ձյան փաթիլները իջնում տաք գլխիս
Ու հոնգուր-հոնգուր հոսում են, ասես
Գետին շտապող ճակատի գիր են:
***
Երազն արթնանում է, երբ ես քնում եմ,
Ես արթնանում եմ, երազն է քնում,
Այսպես հիմա է, և այսպես հնում էր,
Երազիս հետևից եմ ես դարձյալ գնում:
Ուզում եմ իմանալ` որտե՞ղ է նրա տունը,
Այդ ո՞ր կողմերում է նա քնում, արթնանում,
Գուցե շուն էլ ունի. ի՞նչ է նրա անունը,
Թե՞ շունն էլ իր պես է` անհասցե, անանուն:
Իսկ ունի՞ նրա տունը խոհանոց, ննջարան,
Թե՞ նրա տունն էլ է իր նման երազից,
Եվ որքա՞ն կձգվի մինչ երազի տուն ճամփան,
Եվ իրո՞ք իր կյանքն այդպես կախված է մազից:
Մինչ մտածում եմ, երազն արթնանում է,
Ելնում, համբուրում է աչքերս հանգչող,
Երազն իմ աչքերի վարագույրն հանում է,
Տեսնում եմ. երազն անցնում է մահից էլ այն կողմ:
***
Ինչ-որ ծանոթ բույր է
Քիմքս խուտուտ տալիս.
Ես դրախտից եկող
Բույրը ճանաչեցի,
Այն ինձ մեղուն բերեց,
Որն ընկել էր հալից,
Ու իր ծաղկոտ ձայնով
Ինձ շշնջաց` կեցի՛ր,
Ու ես բույրը առել
Սպասում եմ այսպես,
Ու բզզոց է գալիս
Արդեն հոգուս խորքից,
Մեղվի ասածի պես
Կանգնել, սպասում եմ,
Որ որդիս գա ապշած,
Տանի՛ իմ դրախտից…
***
Բարակ անձրև մաղեց,
Երգս ճոճ էր սարքել ծառին`թրջավ,
Դու աչքերդ ես փակել,
Տրոփում են կրծքիդ երկու կիսաշրջան:
Ծառը արցունքոտվեց,
Ու արցունքը կաթեց հենց երակիս,
Արթնացե՞լ ես արդեն,
Մի քիչ պատմիր, լսեմ քո երազից:
Մի նոր ծնված հովիկ
Մեջքն է քորում ծառին, թռչում` անձայն,
Դու երկնքին նայում,
Լվացվում ես նրա անմեղությամբ:
Հովը քամի դարձավ
Ու սարսռաց ծառը ու հառաչեց-
Այսպես ամբողջ մի կյանք
Գալիս, նախատում են ինձ երկու թաց աչքեր…
***
Արտասվում է դարձյալ
Այս լացկան երկինքը,
Պահել է ժպիտը
Փեշի տակ,
Կարծես նույն աստղերն են,
Լուսինն է, հենց ինքը`
Մի սիրո հեռավոր
Հիշատակ:
Այս որքան արցունք է
Կուտակվել սրտերում-
Կժայթքեն ուր որ է
Աչքերից,
Արտասվում է օրը,
Գետինն է արտասվում,
Հոգնեցնում են արդեն
Ամպերն ինձ:
Ասում են` օրհնել է
Անձրևն այս Աստված,
Եվ Աստծո սրտով է
Ամեն ինչ,
Սակայն կա երկնքում
Մի որոտ դեռ չասված,
Հենց սա է կարևորն
Ամենից…
***
Ես սովորում եմ ինձ չսիրել
Ու ինքս ինձնից փախչել հեռու,
Իմ ու իմ միջև կոշտ խսիր է,
Ջրերն հավատի տեսնես ո՞ւր են,
Որ ինձ գրկեցին, տարան հեռու-
Ո՞ւր է կարկաչող երգի առուն…
Եվ այն պարտեզը, որ հիմնեցի,
Եվ այն կարոտը իմ վարդեղեն,
Հույսիս քարերը խեցի-խեցի,
Լուսնի շրշյունը այն երգեցիկ,
Եվ կարոտները իմ վարդեղեն,
Որ սրտի հևք ու սիրո դեղ են…
Թերթում եմ օրերն այս միգամած
Եվ առեղծվածը փնտրում Գոյի,
Ու հեռանում եմ կամաց-կամաց,
Ես իմ արցունքն եմ` հոսում եմ ցած,
Հետո… կաթում եմ աչքից Գոյի,
Ընկնում եմ այտին երեկոյի:
***
Քամին ճանկռոտում է պատուհանները
Եվ իր ճերմակ շնչով
Ձմեռային բնապատկերներ է ասեղնագործում
Սառը ապակուն:
Ես հիշողությանս պատուհանից
Հանում եմ մի խունացած, սև ու սպիտակ լուսանկար.
Հետևում տարեմուտի բացովի սեղանն է,
Դիմացը` շարված մի գերդաստան…
Ահա ես` մեջտեղում նկարի,
Իսկ որտե՞ղ են մյուսները,
Ո՞ւր տարավ նրանց ճանապարհը ժամանակի:
Ես բացում եմ աչքերս-
Հեռուստացույցը սուլում է ինչ-որ անորոշ մեղեդի,
Ճերմակ քամին թավալվում է դրսում
Եվ խառնում թափառող մտքերս:
Ես ևս մի բաժակ օղի եմ լցնում,
Հետո մոտենում, բացում եմ վառարանի դռնակը
Եվ մի երկու փայտակոճ
նետում ձմռան տխուր երախի մեջ…