Բամբուկի անտառում մի ալեհեր ճապոնացի կա, որին մեկ-մեկ թվում է, թե ինքը նախկին զորավար է: Նա միայնակ նստել է բամբուկագործ խրճիթում ու աշխարհի չորս ծագերին կռվարար խոսքերով ողողված նամակներ է ուղարկում: Բոլոր կողմերից արշավանքներ են սկսել դեպի նա` չիմանալով, որ նա անզորք, խելապակաս ծերունի է: Եվ վերջին մտքից հրճվում է ծերուկը, իբր` ուր որ է մարտակոչ կլսի, երբեմն կատանան քաշում ու մարտական Ձզեդան դիրքով այնքան է կանգնում, մինչև ծնկները տեղի են տալիս, սակայն չի նահանջում, թիկունքը դեմ է տալիս ճոճվող բամբուկին ու շարունակում սպասել, իսկ երեկոյան կողմ տխրում ու խավարող երկնքի հետ միասին մթնում է ալևորը, քանզի ինքը սամուրայ է ու տենչում է թրի շեղբով մահանալ, թեև գիտի, որ զորավարները չեն հասնի այստեղ, ոչ մի սամուրայ չի անսա իր նամակների մարտակոչերը ու բանատեղ չի դնի թշնամական հոխորտանքները: Նա չի կարող հարակիրի կատարել, քանի որ հպարտ տարեցի սրտում դեռ վառվում է փառքի ջահը, և ցանկանում է ներկաների առջև բացել իր կուրծքը ու ակնածանքի շշունջներ որսալ սպիների առատությունից. ահա թե ինչեր էր պատկերացնում ծերը Սադզակի թռչնակի ծլվլոցի ներքո:
Լա՛վ, ճապոնացի սամուրային անտառում թողնեմ ու ընդունեմ, որ տարօրինակ համեմատություն էր, բայց սա մտքիս եկավ. այսինքն` սրանով ցանկանում էի ասել, որ սամուրայի պես ինքս իմ դեմ ցավեր եմ հանում, գուցե ներքին ճանաչողությամբ զգում եմ, որ այդ ցավը գլորվելու է և, ինձ իր մեջ առած, նետվի անդունդը: Էս պահին ինձ ալեհեր սամուրայի մենությունն է հարազատ իր բոլոր դրսևորումներով ու ներքին անպատիվ անեծքներով, քանզի ինչ-որ բան այն չէ, եթե սամուրայը ողջ և առողջ հասել է այդ տարիքին…
Նախ, ժամանակի երկու ընթերցում ասելով` նկատի ունեմ հորիզոնական և կետի տեսքով կերպավորումները: Հորիզոնական պատկերացմամբ արթնանում եմ, հետաքրքիր ու անհետաքրքիր իրադարձությունների միջով հասնում եմ երեկոյին:
Կետի պատկերացումով օրվա որևէ պահի նստում եմ գրասեղանի առջև ու կետ եմ բացում, որտեղ էլ լցվում են զգացողություններս. ես նախընտրում եմ կետային ժամանակը, չնայած` այստեղ է մենությունն իր դրոշմը դնում երեսիդ: Մի առավոտ էլ զարթնում և հորիզոնական ժամանակով չես անցնում ու ամբողջությամբ լցվում-լռվում ես կետի մեջ:
Երբ հնչյունը բառավորվեց ու լքեց ինձ, ես նոր բառեր հորինեցի, որպեսզի սրանք հեռանան ու, խմբեր կազմած, մեկ այլ ճանապարհներով վերադառնան ու մարտնչեն իմ դեմ, ինչպես ինձ սպասող սամուրայը:
Մի կիսավեր եկեղեցու ներսում էի, պատից քարակտոր պոկվեց և ընկավ սալահատակին. սա ավերվող ու վերացող պատմության հնչյուն և տեսարան էր, որն ամբողջովին վերցրեց իմ ներկան, ու ես դարձա պատմական անցյալ, իսկ եկող` այլևս օդում բնակվող մարդկանց աչքին գուցե դիտվեմ դեռևս քայլող վայրենի, որը վկան էր հողին կառուցված աշխարհի կործանման առաջին ձայնին: Ես իրողությունը կլանում, բայց այդ պահին անմասն եմ մնում, տարիներ կամ գոնե ամիսներ անց եղածը վերարտադրվում է հուշի տեսքով, հնացած գինու նման համեղ. հուշի են վերածվում իմ բոլոր ներկաները, այդ պատճառով չկա մի բան, որը հենց այդ պահին ճչալու աստիճան ինձ գրավի: Ես հիմնովին բառաստեղծ եմ. ասել են` թո՛ղ մարդ լինի, ու ես արարվել եմ բառի շաղախով: Ամբողջ աշխարհը բառե կառույց է, և ես ապրում եմ խոսքի մեջ. այստեղ իրականություն չկա: Նույնիսկ երկրային օրս բառերով եմ ստեղծում (սուրճ բերեք, գիրք տվեք և այլն), գուցե իրականում ոչինչ` բացարձակ ոչինչ է շուրջս, անգամ ինքս ինձ բառով եմ առաջացնում, գուցե ինչ-որ ուժ միայն բառերն է լսում ոչնչի մեջ…
Ժամանակը տարբեր ընթերցումներ է կատարում քայլող մարդու վրա. մինչ ծնկները նա հոսող ժամանակում է, ծնկներից վերև և հատկապես գլխուղեղը մեկ այլ ժամանակում են կենում: Ոտքերս հողի վրա են ու վերջինիս ապրումներով, իսկ գլուխս մահամերձ է, միգուցե վաղուց մահացել է, բայց ո՛չ, երբ նրան ափերիս մեջ եմ առնում (կետ-ժամանակում), համոզվում եմ, որ տնքացող ու գրեթե վերջին շնչում գտնվող ինչ-որ հարազատի եմ գրկել, քանզի այնտեղ օր օրի բառերը պակասում են: Ես բառակույտ եմ. երբ դուրս թողեցի «գաղտնի» բառերից մի քանիսին (սեր, Աստված և այլն) դարձա անմարդաբնակ. սա երևույթ է կամ պատկեր. մի լքված Պուեբլոյի պես, որտեղ վաղուց մարդ չի բնակվել:
Այսպիսով, ծերունի սամուրայը բառաստեղծ արարածն է. կյանքումս առաջին անգամ պատրաստվում եմ բառավորին գտնելու մեկնել և հետը կռվել, որպեսզի նրան վերջին պատվին արժանացնեմ: Կարելի է մտածել, թե սա խենթ որոշում է` թողնել բանուգործն ու ճամփորդելով փնտրել ինքդ քո ստեղծած բառ-արարածին. ո՞վ է ասել, որ նրանք գոյություն չունեն ինչ-որ տեղ աշխարհում:
Ըստ Բուսիդոյի կանոնների` սամուրայը մինչ հարվածելը նայելու է ուղիղ աչքերիս խորքը, ինչպես կնայեր հեռավոր հորիզոնին, և վստահ եմ` այնտեղ կտեսնի այն բառը, որն իրեն ստեղծեց. իրո՛ք, ծերուկի համար սարսափելի ավարտ եմ նախատեսել:
Ծանոթագրություն.
Կատանա` երկար ճապոնական թուր է, որը օգտագործել են սամուրայները:
Ձզեդան (Dzedan)` կատանան գլխավերևում պահած մարտական դիրք:
Սադզակի` ցախսարեկ, փոքրիկ երգեցիկ թռչուն, այս թռչունը մեծ դեր ունի ճապոնական միֆոլոգիայում և համարվում է անդրշիրիմյան աստվածությունների ավետաբերը:
Պուեբլո` ամերիկյան հնդիկների տուն-ամրություններից:
Բուսիդո` սամուրայի վարքագծի մասին պատմող գիրք: