… Ի՞նչ է ուզում ձյունն ինձանից

Թաթուլ ԲՈԼՈՐՉՅԱՆ

***
Ի՞նչ է ուզում ձյունն ինձանից,
Ձմեռն ինձնից
Ի՞նչ է ուզում,
Ի՞նչ է ուզում ջուրն ավազից,
Ալիքն ափից
Ի՞նչ է ուզում…
Ցավն անտառից,
Ծառն արմատից,
Արևն ամռան անապատից…
Անսովոր եմ կարծես խոսում,
Երբ աշունն է իմ հանդեսում…
Երբ գույներն են հասունանում,
Երբ լեռներն են ջահելանում,
Երբ գիշերվա ջրերի մեջ
Լուսնի խալն է անէանում…
Ի՞նչ է ուզում ձյունն ինձանից,
Ձմեռն ինձնից
Ի՞նչ է ուզում`
Ես վաղուց եմ
Հալվել, կորել,
Ձյուն ու ձմեռ
Ինձ հետ տարել…

***
Չեմ հասկանում
Այս տաք ու պաղ
Օրվա խաղից,
Ներս ու դրսի եղանակից
Չեմ հասկանում…
Աղն արցունքից է նեղանում,
Աչքն` իր բախտից,
Երանությունն` իր դրախտից…
Ճանապարհները` մանրանում,
Մանր ու թեթևը խորթանում,
Այս մայրությունն ո՞ւր է տանում…
Հողի կարոտն է պակասում,
Առվի աղերսն է նվազում`
Ջրերն ասես ետ են վազում…
Չեմ հասկանում
Այս աներես օրվա խաղից,
Խաղամոլից չեմ հասկանում…

***
Ձայն եմ տալիս
Ձայն եմ առնում երկնքից,
Աստղի փայլից,
Լույսի ծարավ արմատից,
Պտղի ծառից ու կեղևի
Խոր ցավից…
Ձայն եմ տալիս
Ձայնի առջև խոնարհվում,
Ինչ անում եմ,
Աղմուկը չի խաղաղվում…
Ժայռը փլվում,
Անապատը լվացվում,
Ինչ անում եմ`
Պակասը չի լրացվում…
Ձայն եմ տալիս,
Ձայն եմ առնում երկնքից,
Երկնի լույսից,
Երկնավորից եմ առնում`
Ինչ անում եմ`
Չեմ ազատվում ինձանից…

***
Այս նույնությունից,
Ունայնությունից
Հեռանում եմ ես,
Գնալով կարծես վերադառնում եմ…
Թե քար եմ դառնում`
Քարս նախշեցեք,
Թե ծառ եմ դառնում`
Բարս հաշվեցեք,
Արծաթագործիս արև բաշխեցեք…
Իսկ թե սաղմ դառնամ`
Ցանեք ինձ, հնձեք,
Հողս չխանձեք…
Կծկեք ինձ, գործեք
Մաքրագործեք ինձ
Մորս գոգնոցով
Երեսս գոցեք…
Այս նույնությունից,
Ունայնությունից,
Հեռանում եմ ես
Կորցնում, գտնում
Վերադառնում եմ…

Ձոն եղերական
Մինասին

Նկարիր դու ինձ
Երկնքի գույնով,
Երկնքի ձայնով ինձ նկարիր,
Երկնքում ծնվող ծաղիկներ
կան դեռ,
Երկունքի ցավով ինձ նկարիր…
Երկնքում ապրող
Բառեր կան, բառեր,
Բառերի գույնով ինձ նկարիր…
Նայիր անտերունչ
Անապատներիս`
Փուշ ու տատասկով ինձ նկարիր…
Նկարիր` տեսնեմ թերություններս,
Մերկություններիս ծառը նկարիր,
Հասունը պահիր,
Խակը նկարիր,
Դառնություններիս
Չափը նկարիր…
Նկարիր տեսնեմ իմ հոգու հունդը,
Աշնանամուտիս
Խունկը նկարիր,
Ինձ պտղունց-պտղունց
Շաղ տուր կրակին`
Ես վառվեմ`
Դու իմ ծուխը նկարիր…

***
Մի քիչ էլ կարծես
Նկարիչ եմ ես.
Պիտի նկարեմ արտերի գույնը
Հասկերի բույրը,
Լեռների կապույտ
Համբերությունը,
Մառախուղների
Անտերությունը…
Հոսող ջրերի հոգնածությունը,
Ծոցվոր ծովերի անդորրությունը,
Ավազանների հաղորդությունը…
Այսպես ջրից ջուր
Նկարից նկար
Գնալով նորից ինձ եմ որոնում,
Ցորենի նշխար՝
Խունկ եմ որոնում,
Անտառի արթուն
Քունն եմ որոնում,
Գնամ` թիթեռի մահը գողանամ,
Ծաղկի աղոթքն ու ուխտը մոռանամ…

***
Գիշերն աստղից,
Լույսն արևից եմ առնում,
Վերև նայում,
Վերին լույսով եմ ապրում,
Էլ ինձանից ի՞նչ եմ ուզում` չգիտեմ…
Գնում-առվի ակունքներում մկրտվում,
Ալիքների արցունքներով եմ ապրում,
Արցունքը ժայռ,
Ժայռը` ավազ է դառնում,
Էլ ինձանից ի՞նչ եմ ուզում, չգիտեմ…
Հոգնած օր է,
Հոգսի խաչով եմ ապրում,
Դրսի նազով,
Ներսի հազով եմ ապրում,
Մայրանում է հոգուս բեռը,
Այրանում,
Էլ ինձանից ի՞նչ եմ ուզում,
Ի՞նչ եմ ուզում,
Չգիտեմ…

***
Երնեկ նրանց, որ ապրում են
Երկնքում,
Աստծո արդար
Մագաղաթները կարդում,
Երկնքի ճոխ երազներով են ապրում,
Երկինք տանող
Ճանապարհները մաքրում…
Աղոթում են,
Ապաշխարում,
Հաղորդվում,
Գնում երկինք`
Երանության
Մունետիկներ են դառնում…
Երնեկ նրանց,
Երնեկ նրանց, որ ապրում են
Երկնքում…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.