ՎԱՀԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ
Նրա կանգնելատեղին կամրջի տակն էր. գարնանն ու ամռանը` հով, աշնանն ու ձմռանը` անձրևից ու ձյունից պաշտպանված: Գալիս էր` երբ պատահեր. նայած թե անկողնուց երբ էր ելնում և` ինչ տրամադրության, նայած թե իր անկողնուց էր ելնում, թե քաղաքում գաղտնիքի պես փակ, բայց, իրականում, կրունկի վրա հյուրընկալորեն բաց ինչ-որ մի խորտկարանի ինչ-որ մի քունջում շնացողի թաթի տակից էր փախչում: Բայց դրսում ու օտարաշունչ ինչ խցում էլ լիներ` նախ տուն էր գալիս. գալիս մի լավ լողանում էր, օտար քրտնահոտը իրենից վանում ու մեղսաբույր խոնջանքով սեփական անկողնում փռվում էր վաստակած հանգստի` հոգու և մարմնի ներդաշն շաղախում խռովքի տարրը բացառելու համար: Հանգստանալու հարցում սրտի վրա չէր բռնանում` տրվում էր ձանձրույթի կարգավորիչ բնազդին: Հետո անկողնում ճմլկոտալով մարմնի եռանդը տեղն էր բերում, անշտապ հագնվում էր, մասնագիտությանը պատշաճող գույներով մանրամասն շպարվում-ներկվում ու գնում էր դիպվածին ընդառաջ…
Դիպվածը կամրջատակի գաղտնիքն էր, որ հյուսվում էր մեկեն ու հանկարծակի, նկարի անթերի պատկերի մեջ. բոյով, մաշկը սպիտակ, ճակատը բարձր, աչքերը ջինջ, կրծքերը վերձիգ ու ասես խոյահարելու միտված, ոտքերը… Ոտքերն ասես սկիզբ էին առնում խորհրդավոր անհայտությունից, բայց իրականում ելնում էին թզաչափ շրջազգեստի տակից ու կարմիր լույսի մոգությամբ վարորդներին տեղերում քարացնում: Թզաչափ շրջազգեստն էլ, երևի թե, նրա համար էր, որ ամոթույքն իր վրա չառներ արևի լույսն ու չփչանար լուսանկարչական ապարատի հույժ կարևոր պատկերներ թաքցնող ժապավենի նման: Կանգնում էր մի տեսակ կանգնելուն կարևորություն չտալով. գիտեր, որ գալու էին, գիտեր, որ վարքի տարուբեր երթում մոլորված մեկ-երկուսը օրվա մեջ ճամփից շեղվելու էին` սիրո իր ուռկանում հոգսերը առժամանակ մոռանալու և իրենց հոգու մելամաղձը ցրելու համար. և՛ գինն էր հարմար, և՛ քաղցրությունն էր տեղը, և՛ անկողնային արվեստն էր կատարելության հասցված` դեռ սիրո դասագրքեր չմտած մանրամասներով… Միայն թե տուրևառի պայմանը չխախտվեր. իր իգական բույրի խենթությունը նրանց և նրանց գրպանի զորությունը` իրեն: Եվ հնարավորինս առատ ու բոլ-բոլ, որպեսզի հափշտակվածությունը ջնջեր վայելքի նսեմացնող կապանքները: Գալիս էին իրենց ծնողների ավտոմեքենաները փախցրած ու գայթակղության գոլորշին գլխներին խփած դեղնակտուց թուլեք, տաքսիների նստուկների վրա միապաղաղությունից ծերացող վարորդներ, ետնախորշերի ճարպաշերտերում փողի զորությամբ դիրքավորված պատկառելի այրեր, ստվերների պես անակնկալ հայտնվող փորձառու կավատներ, որ ներքինու ծպտյալ հեզությամբ նրան թռցնում, տանում էին անառակության ապահով մի որջ` երկրի մե՜ծ հոգսի տակ կքած իրենց շեֆերի բթացած ուղեղների սնուցումը կարգավորելու համար: Ու երկրի հոգսից զարկված այդ տառապյալները որոշ ժամանակով երկրից երանությամբ համբառնում էին: Շեֆե՜րը… Գործից աչք չբացող, ժամանակի մեջ վռազ ու առօրյա կարգուկանոնին գերի… Հասկանո՞ւմ եք… նրանք էլ, ախր, մարդ են, միսուարյուն են… Նրանց հոգուն էլ էր ներշնչանք պետք, նրանց թալկացած սրտերին էլ էր սեր պետք, թեկուզ սիրո օտար պատառ, թեկուզ շան դեմից փախցրած, թեկուզ հազար անգամ համտեսած, միայն թե աչքից հեռու լիներ ու իր մեջ բողբոջի պայթյունի պատրանք ունենար, կույսի խոնարհ աչքերով ու կավատի հղկված վարքով ամբողջացներ հափշտակության վերերկրային կավը` նորից վերածնվելու կախարդանքով… Ցերեկները օրենքով սքողված-օրենքով պաշտպանված, իսկ արևամարքից հետո նրանք փողկապները հանում ու խառնվում էին տարփանքի շիրայում արբեցած խառնամբոխին, և լիմոնի պես քամված` իրենց սեփական անկողիններում սեփական կանանց մեջքով շրջված` տրտնջում էին. «Ախր, գործ չի, տառապանք է, մարդ գլուխ քորելու ժամանակ չունի, բա մենք ե՞րբ ենք ապրելու, Տեր Աստված…»: Ու խոսքերը դեռ չավարտած` խռմփացնում էին: «Ցավդ տանեմ,- գթասրտության անգիտակից թոթովանքով փափկում էին կանայք,- քեզ խնայի, երեխատեր ենք, գործի հերն էլ անիծած»:
Այդ աղջիկը սեր վաճառող թիթեռնիկների երամից էր զատվել: Բայց նախ եղել էր համալսարանի բանասիրականի պարծանքը, հմայքի խորհրդանիշ ու գերազանցության դրոշ էր եղել, հետո գեղեցիկ ու բանիմաց շողացել էր մի հայտնի օֆիսի ճտվտուն միջավայրում և գեղեցիկ ու բանիմաց էլ սայթաքել էր… Քարտուղարուհու կարգավիճակի թեթև մահճում, իր շեֆի բիրտ թաթի տակ, սեփական կամքով տրվելու պես բռնաբարվել էր: Ու թեպետ շեֆի փետրավոր խոստումներով շլացած մի որոշ ժամանակ դեռ անգիտակից ճախրել էր, բայց շատ շուտով պարզվել էր, որ այդ շեֆ կոչվածը պարզապես տականքի մեկն է. մի օր օֆիս եկած իր ընկերոջ դեմը բազկաթոռի մեջ ետ ընկել, աղջկան ասել էր. «Մի պատիվ արա, քո էդ ունեցած-չունեցածով մեր ախպորը երջանկացրու»: Աղջիկը նրա երեսին թքել, հեռացել ու հանկարծ մինչև կոկորդը իրեն աղբի գարշահոտում խրված էր հայտնաբերել…
Իսկ աղբի գարշահոտից մինչև սաունաների ջրերի զուլալություն` ընդամենը մի քայլ էր եղել. սաունաներում վխտացող աղջիկների խայտաբղետ վտառը նրան իր մեջ էր առել… Ու աղջիկը դառել էր սաունաների ջրահարս, որ ջրերի մեջ աղտոտվում ու ջրերի մեջ էլ մաքրվում էր: Բայց դա ուրիշ խաղ էր ու իր խաղը չէր. ոնց որ ոսկին պղնձե սափորի մեջ զնգացնեին. տղերքը աղջիկների վտառը թողած՝ խմբովին իր վրա էին սևեռվում, և խաղի կանոնները ոտուգլուխ խառնվում էին: Ու թեպետ փոխհատուցման ավարը հավասարաչափ էր բաշխվում, բայց ինքը դարձյալ մնում էր տղամարդկանց գերին. իր ընկերուհիների փոխարեն լուծ քաշող, նրանցից թափուր անկողինները իրենով լցնող, քրտնահոտի նրանց բաժինը իր պնչերով վանող… Բայց եղնիկը գոմշացուլի հետ չեն լծի. զոռի ինտենսիվությունից ջլատվելը` դեռ մի կողմ, բայց, ախր, անառակությունն էլ պիտի չափ ու սահման ունենա… Աղջիկը միայնակ ելավ սիրո երթի: Տեղի ընտրության հարցում, իհարկե, տատանում եղավ, բայց լինելիքը ինքը հարթեց իր ճամփան. ամռան երկնքից կրակ էր թափվում, կամրջի տակով անցնելիս աղջիկը մի պահ կանգնեց` տապից թալկացած շունչը տեղը բերելու. մելամաղձից փափկած հայացքով աջ նայեց, վիզը թեքեց` ձախ նայեց ու մնաց տեղում… Շունչը նոր էր տեղը բերել` «Մերսեդեսը» նրան իր մուգ ապակիների մեջ առավ ու թռցրեց դեպի դրախտի հեռուները…
Եվ դա փողոցային վարքի սկիզբն էր. բնության գեղատեսիլ մի անկյունում թաքնված խորտկարանի յոթնածալք խորքում գինարբուքի տրվեց պատահականության քմահաճույքով փողատեր դարձած այդ նորօրյա բդեշխի հետ: Քաջ Նազարի տոհմից սերված այդ հաջողակը թյուրիմացության փայլուն մի նմուշ էր. հոդաբաշխ խոսքը լուտանքի շաղախ, իմացության պաշարը` մերսեդեսից ջիպ, փողի քանակությունը` տրցակներով հաշվող, մտավոր կարգավիճակը` դեռ գրաճանաչ, երևակայությունը` չալաղաջ խորովածից մինչև տարփանքի վայնասուն… Ասաց. «Էս աշխարհը քեզ նման քաղցր ու քեզ նման պոռնիկ քած է. վրայից իջար` ինքը կելնի քո վրա»: Եվ ամբողջ գիշեր խմեց ու սիրեց, և օրը քաղցրության մեջ դառնացավ, և դառնությունը գոլորշի դարձավ ու ցնդեց` անորոշ պայմանավորվածությամբ. «Կհանդիպենք կամրջի տակ…»:
Ու կամրջատակը ժամադրավայր դարձավ շահի տիրույթում ինքնահաստատված տղերքի այդ նույն խոսքի հազար հոլովույթով: Կամրջի ապահով ծածկի տակ աղջիկը գալիս կանգնում էր` իր մենավոր լռության ու անակնկալով երիզված սպասման մեջ: Ասես յուղաներկ պատկեր լիներ` սիրաբույր գույներով խտացված, որն իր վրա կարծես մեղքի շորշոփ չէր վերցնում, այդ պատկերից պոռնկության հոտ չէր փչում, պոռնկությունը լուսաբացի աներես ճանճի պես դրսից էր գալիս կպչում, և շարքային կնամոլ թե պալատական բանսարկու, խարդախության քուրայում թրծված աճպարար թե իշխանական աթոռին անակնկալ հայտնված անդեմ զանգված, պատեհապաշտության դրոշի ստվերում աքլորացող մանրապճեղ ստահակ թե քոքված պնակալեզ` կավատների ծպտյալ ստվերների մեջ ներքաշված, փչացածության սեփական ձեռագրերով էին քննության ներկայանում, և, ժայռածերպին բացված կակաչի մենավոր թախծով, ցերեկվա պատկերը գիշերվա տարփանքում մեղրի պես հալվում էր: Ցերեկվա լույսի մեջ բացված ու ցուցափեղկի նմուշի նման աչքառաջ պատկերված այդ կակաչը խոհի կնճիռ էր երթուղայինների պատուհաններից ամեն օր այդ պատկերին նայող ուղևորների համար. փողի խուտուտը գրպաններում մասամբ զգացողները տիրելու կրքով էին իրենց վարքը ծրագրավորում, փողի հետ թշնամացածները` երազանքով, հալիվորները` առեղծվածի կախարդանքով, պառավները` հուշերի քուջուջով, իսկ իրենց քրիստոնյա տեղը իգական թանձրույթում դեռ չճշտած ու ճակատագրի աչքից վրիպած աղջիկները այդ պատկերին նայում ու իրենց պարկեշտ վարքի ու նամուսի խորքերում մոլորվում էին:
Իսկ մոլորության աստառը դեպի դուրս միշտ էլ անակնկալ է բացվում… Մի օր մի դեղնակտուց սեր խոստացավ աղջկան. դեղնակտուց` տարիքով, բայց ճարպկության հարցում ձիավոր էր, և երևակայությունը Ամերիկայի հյուսիսից մինչև Չինաստանի հարավ էր առագաստները բացում: Տռիփի գլխակորույս շրջապտույտում ջահելը սիրո խորշակից անողոքաբար զարկվել ու սիրտը սփռոցի պես փռել էր աղջկա առաջ. «Դու այլևս բոլորինը չես ու այսուհետ միայն իմն ես,- ասել էր: – Հերս ինձ համար դղյակ է կառուցել, ես ու դու այնտեղ հեքիաթի առանձնության մեջ կապրենք, ու դու կլինես դղյակի թագուհին»: Աղջիկը ժպտացել, նրան սիրել ու նրա խոսքը անպատասխան էր թողել. թոկից փախած իր վարքը սիրո մենավոր մահճում բանտելը զառանցանք էր թվացել, թողեց, որ տղան իր յուղով տապակվի: Հետո հայտնվեց երկրորդ շեղվածը… Ավելի ճիշտ կլինի ասել` վերահայտնվեց, որովհետև նա իր մշտական հաճախորդն էր. հայտնվում էր` երբ խելքին փչեր, երբ առտնին հոգսի ճիրաններում մարած սիրտը քաղցր բան էր տենչում: Եկավ ու անհարցմունք սկսեց. «Դու էս կյանքում այլևս դժվարություն չես ունենա, ես ապրելու խորհուրդը սերտած ու մարսած տղա եմ, քեզ դրախտի արահետի վրա կերջանկացնեմ»: Աղջիկը շոյվեց, նրա սիրո քուրայում հալվեց ու աչքունքի սեթևեթ խաղով նրա խոսքը քամուն տվեց. «Դու գնա քո կյանքով ապրի,- ասաց,- իմ կյանքն արդեն որդնել է, իմ կյանքից արդեն գարշահոտ է փչում»: Շեղվածը գլխիկոր գնաց ու օրվա թախիծը խմիչքի զորությամբ ցրեց: Հետո ձեռաց հարբեց և… «Պառկվա՜ծքը,- վերհուշի հաճույքից տնքաց ու խելագարվեց իր մեջ,- ախր, պառկվածքը լավն է, շան քածի»: Իսկ մի խփնված ավելի էր առաջ գնացել ու բանաստեղծություն էր ձոնել` այսպիսի հանգով. «Ծոցիդ ճերմակ դրախտը, սրտիս խորքում լույս վառեց…»: Ու հրայրքը ծորացել էր փսլինքի պես, և խփնվածը մերժման ջղաձիգ ցավից ոռնացել ու բանաստեղծությունը թուղթ ու թանաքով, հանգ ու վանկով ծամել, կուլ էր տվել…
Սիրո խոստովանությունները գնալով զավեշտի զուգս էին հագնում, բայց աղջիկն այլևս ինքն իրենը չէր ու բոլորինն էր` անվարտիք ժամանակների խարանը ճակատին, անառակության ցուպը ձեռքին, բախտի առագաստները համընթաց քամիներին, ինքն իր մեջ ավարտված, բայց իրենից դուրս լույս ու սպեղանի` կյանքի դառնությունից խոցված սրտերի համար: Եվ այդ ամենի գլխին դիպվածի ոգին էր սավառնում, ու աղջիկն ապավինել էր դիպվածի ողորմածությանը…
Եվ ժպտերես, պայծառ մի օր այդ դիպված կոչվածը ընդառաջ եկավ կոտոշները սրած ու սարդոստայն կապեց վայելքի ճամփին… Քսանհինգ-քսանվեց տարեկան մի ջահել, աղջկան կողքն առել, իր շքեղ մեքենայի գլուխը բաց թողել ու սլանում էր դեպի հեքիաթի հեռաստաններ: Մուգ ապակիների խորքում աղջկա կիսամերկ մշուշներին ձուլված, վիսկիի շիշը դնչին, երաժշտությունը մինչև վերջ քոքել ու երկրային չափումներից հիմնավորապես վերացել էր: Մեքենան քրտինքի մեջ լողում ու պեգասի թևերով թռչում էր, ասֆալտի գիծը գնալով բարակում էր, լինելիության խորհուրդը կուչ եկել դողում էր ասեղի ծայրին, կեռմանի վրա մի պահ հորիզոնի գիծը թեքվեց, տատանվեց ու… Վերջին պատկերը որ տեսան` անդունդի երախն էր:
Բոթը արագ տարածվեց և օրվա դեմքին ապշանքի կնճիռներ հյուսեց:
Հաջորդ առավոտը բացվեց սգո ժապավենը ճակատին վերցրած: Կամրջատակի դրախտը ծաղկեպսակներով զարդարված էր: Աղջկա սիրուց զարկվածները գիշերվա լռության մեջ եկել ու նրա կանգնելատեղին ծաղկեպսակներով զարդարել էին: Ինչ-որ մեկը նրա նկարը մեծացրել ու ծաղկեպսակների արանքում տեսանելի հարմարեցրել էր: Մեքենաների հոսքը գալիս ու տարաշխարհիկ այդ պատկերի առջև ընթացքը դանդաղեցնում էր: Աղջկա մեծադիր նկարը ծաղկեպսակների միջից ժպտալով նայում ու կամրջատակի դրախտից աշխարհի դառնությունը ցրում էր: Ու մեղքով լցոնված և Աստծո ու սատանայի արանքում մոլորված հոգիները հայացքները շրջում էին` հուշի ընդերքից նրա տարփանքի ցոլքը ինչ-որ հնարքով պեղելու և իրենց որբացած ու թշվառ կյանքը վերստին ջերմացնելու համար: