Գևորգ ԳԻԼԱՆՑ
Եթե մեկին ասես, որ մայրաքաղաքը մնացյալ երկրի հետ կապող միակ հասարակական տրանսպորտն օրական մեկ անգամ` առավոտյան իննին այստեղից շարժվում և երեկոյան ետ է գալիս (պատճառն այն է, որ վարորդը տեղացի է), չի հավատա: Բայց այդպես է: Առավոտյան երթուղայինը մեկնում է 45 կմ հեռավորության վրա գտնվող Արմավիր մարզկենտրոն ու երեկոյան վերադառնում: Վե՛րջ: «Հիմա լավ է,- ասում են տեղացիները,- մի երեք տարի առաջ էդ էլ չկար»… Սեփական մեքենա ունենալը այստեղ գրեթե պարտադիր պայման է, չնայած ճամփաներն այնպիսին են, որ կարեկցում ես ոչ միայն այդ մեքենաներին, այլև դրանց շնչավոր ու անշունչ բեռին…
«Էստեղ Երվանդաշատն է եղել, էնտեղ` Երվանդակերտը, քիչ վերև` Բագարանը,- շրջում ենք երբեմնի մայրաքաղաքում,- իսկ այնտեղ, լեռան վրա, Դաստակերտը: Այնտեղ ամրոց է եղել, ուր միայն արքունիքն է ապրել ու արքունի պահակազորը: Էս ամբողջ տափարակը բնակեցված է եղել… Էստեղ ավերված տաճար է եղել… էստեղ` եկեղեցի… Մեկն էստեղ կարտոֆիլի հոր էր փորում, բայց ուրիշ փոս բացվեց, շատ խորը… Էստեղ հին պարիսպների հետքերը դեռ կան… Խորենացին գրում է, որ…»:
Ժամանակին պարսիկներն այստեղից 20000 ծուխ են գերեվարել… Նայում ես հրաշալի ընտրված տեղանքին, թագավորների երբեմնի ռազմավարական մտածողությանն ու ներկա իրավիճակին… Ու պատմությանն անդրադառնալու ցանկությունդ իսպառ ցնդում է… Հիմա այստեղ ընդամենը 724 մարդ է բնակվում (2011 թ. տվյալներով), 2010-ին 809 է եղել:
«… Գյուղից հարս գնացած աղջիկներին դուրս ենք գրել, դրա համար էլ բնակչությունը պակասել է… Արտագաղթ չկա, արտագնա աշխատանքի գնացողները շատ քիչ են»… Նայում ես ասողի աչքերին: Աչքերն ասում են` «շառից հեռու», մանավանդ հիմա` նախընտրական այս եռուն շրջանում, երբ համագումարների շքերթին հաջորդելու է անիրական խոստումների հեղեղը, իսկ հետո` մեղավորների փնտրտուքը. սեփական գյուղի ղեկավարությանը հարվածի տակ չեն դնի, քանի որ սոցիալան բեևեռացումից ծնվող ատելությունն այստեղ դեռ պարարտ հող չի գտել… Թեև հեռվում, ձորի գեղատեսիլ պռնկին, նորօրյա մեծահարուստի կիսակառույց դղյակ է կանգնած, բայց անունն աքցանով էլ դուրս չես քաշի… «Դրա հետ գործ չունես… Որ գիտես` ինչի՞ ես հարցնում…»:
Գյուղն ավելի շուտ սովորույթի ուժով ու ճարահատությունից է վարուցանք անում, այգի մշակում (ծիրան, դեղձ, սալոր, ձմերուկ), անասուն պահում… Գյուղն էլ երկրի պես տրանսֆերտային, վարկային ու դոտացիոն «ասեղների» վրա է: …Չէ, միայն հողագործությամբ յոլա գնալ չի լինի, աշխատատեղ է պետք, մթերողներ չկան, եղածներն էլ հեռու են, փողն ուշացնում են… Եթե բերքդ քիչ է` քաղաք տանելն անիմաստ է, մերն ավելի թանկ է ստացվում, քան քաղաքամերձ գյուղերի բերքը. քաղաքը` հեռու, ճամփեքը` քարուքանդ…»… Իրենց լսում ես, բայց ուղեղիդ մեջ այլ բան է հնչում. «Մեր ուզածն ի՞նչ է` մի կտոր չոր հաց, էն էլ հրեն հա՜ …»: Նայում ես` իրենց էդ «հացը» պետք չի… Հակակարկտային կայան կլինի (դեռ նախորդ ընտրություններից խոստացված – Գ.Գ)… Գազ կլինի… Գյուղը կղզու պես է, հիմնական մայրուղիներից կտրված ենք… Սակավահող ենք, վարչական տարածքը մեծ է, մոտ 4400 հեկտար, բայց մշակովի հողերը քիչ են` մոտ 250 հեկտար, դրա համար էլ գյուղը լքում են…»… Էլի ծնվում են նույն զգուշավոր հայացքները` «շառից հեռու…», ու շարունակում են` «Արտագաղթ չկա… Մշակույթի տուն ունենք, պահպանել ենք… Դպրոցը միջնակարգ է… Առողջության կենտրոն ու շատ լավ բժիշկ ուենք, հեռուներից տեղն իմանում ու գալիս են… Սահմանամերձ ենք, ռազմավարական ծրագրեր կան մշակված…»…
Իսկ գետի մյուս ափին հարևան երկրի ռազմավարական նշանակության աշխույժ եռուզեռով ավտոմայրուղին է և երկու, դեռևս չբնակեցված, նորակառույց ավան: «Նոր են սարքել… Իսկ սահմանին կպած էն շինությունը տեսնո՞ւմ ես, անասնապահական խոշոր ֆերմա է…»: Գետի այն ափին ռազմավարական ծրագրերն իսկապես աշխատում են…
Սահման, Թուրքիա… Այստեղ դրանք տեսանելի ու շոշափելի են, ինչպես մեր պատմական հայրենիքը մեզնից բաժանող փշալարերը, որոնց տերուտիրականը Մոսկվան է: Դեռ մի հինգ տարի առաջ Երվանդաշատ հասնելու համար սահմանապահ անցակետեր պիտի հաղթահարեիր, անձդ հաստատող փաստաթղթեր ու հատուկ թույլտվություն պիտի ունենայիր: Հիմա այդ անցակետերի ավերակներն են միայն, գյուղի ելումուտը բացվել է, հարս բերելու, աղջիկ ուզելու գալ-գնալը հեշտացել է, թեև սահմանի մասին նոր օրենքն էլ պակաս գլխացավանք չի առաջացնում: …Քիչ չի` սակավահող ենք, հիմի էլ իրիկունները հողդ գնալ չես կարող… Վայրի խոզերը դաշտդ վարում են` դեմն առնել չես կարող… Գիշերը ջրելու հնար չկա, ձմերուկը… Ամեն գարուն սահմանապահները գալիս են, թե` ի՞նչ առաջարկներ ունեք: Ասում ենք` սա՛, սա՛, սա՛: Ասում են` չի՛ կարելի, սահմանի մասին ձեր երկրի օրենքով` չի՛ կարելի… Էնպես ենք հասկանում, որ ամեն գարուն մեր գործն իրենց ինչ-որ բան առաջարկելն է, իրենցը` մերժելը…»… Նայում եմ` հայացքներին դաջված է հարցը. «Տեսնես էդ օրենքն ընդունողներից քանի՞սն են սահմանի մոտ եղել, մի սահմանամերձ գյուղի բնակչի հետ խորհրդակցե՞լ են…»: Բայց նույն «շառից հեռու» դիմակը դրած ասում են. «Դե, մեր մեղքն էլ կա, պիտի հետները լեզու գտնել, աշխատել…»: Իրենց ասածին իրենք էլ չեն հավատում, ինչպես չեն հավատում «սահմանամերձ գյուղափրկիչ ռազմավարական» ծրագրերի մասին իրենց պատմածներին: Ճիշտ այնպես, ինչպես դանդաղ մահվան դատապարտված անբուժելի հիվանդը չի հավատում անգրագետ բժշկի «ռազմավարական» նշանակումներին: Ու թվում է, թե մեր ամերիկացի հայրենակից «Դոկտոր մահ»-ի` Ջեք Գևորգյանի մոտեցումը գոնե ավելի ազնիվ է…
Կանգնած ենք բլրակի վրա: Շուրջս աշխատասեր, արժանապատվության խորքային զգացումով և սեփական ծննդավայրի պատմության ու բնաշխարհի մասին գրեթե հանրագիտարանային գիտելիքներով զինված մարդիկ են: Քիչ ներքևում փշալարերն են: Հետո` գետը: Խառնարանն ասես ափիդ մեջ լինի…
Քիչ հետո մեքենան քեզ հանելու է զառիվերը, ու չքնաղ հովտին, ուր միախառնվում են Արաքսն ու Ախուրյանը, կփոխարինի հայաստանյան նախալեռնային շրջաններին բնորոշ անծայրածիր քարաբլրակների տաղտուկ բնապատկերը: Ու ակամայից քեզ պարուրում է կորուսյալ դրախտ գտնելու, և գտածիդ դանդաղ հոգեվարքին ներկա գտնվելու կսկիծը…