Հարցազրույց բանաստեղծ ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆԻ հետ
ԳԹ – Ավելի քան մայրաքաղաքային պոետ ես, ապրում ես մայրաքաղաքից հեռու, ասեմ՝ գավառի աուրայում, ինչպե՞ս ես ներդաշնակում անհաշտելին կամ հաշտեցնում աններդաշնակը:
ՀՐԱՉՅԱ ՍԱՐՈՒԽԱՆ – Լինելով նախանձախնդիր լոռեցի՝ իսկույն ևեթ միամտորեն հուսամ, որ արտամայրաքաղաքային դիտարկումդ զուտ աշխարհագրական է: Երևի հիշում ես՝ «Աշխարհից հեռու մի գյուղում»… Երևի նկատել ես նաև, որ հայ բանաստեղծների մեծ մասը գյուղում է կտրել իր եղեգնյա սրինգը, սակայն, հենց նույն Մեծարենցի պես, քաղաքում ուսանելիս է եղել, երբ «Արև է երգել ու գարուն»… Ես էլ եմ սրնգահար այդ փաղանգից, քանզի Աստծո կամոք Գրական աչքս բողբոջել ու բացվել է քաղաքամայր Երևանում, անցյալ դարի անմոռաց 60-ականներին, երբ սովորում էի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում… Իսկ քո սահմանած «Ավելի քան» չափակշռույթի մեջ, սիրելի՛ Կարինե, համաշխարհային մշակույթի պատմության իմ համեստ իմացությունից բացի, իրենց անսահմանելի բաժինն ունեն իմ ծննդավայր Համզաչիման-Մարգահովիտը, իմ մշտական ապրելատեղ Կիրովական-Վանաձորը, իմ երկամյա դասընթացավայր Մոսկվան և հայրենական ու ոչ հայրենական բոլոր այն տեղանքները, ուր ոտք եմ դրել հարթմնի կամ երազում…
Հիշյալ տարիներին դեռևս նոր ձևավորվող ինքնությունս բախտավոր էր մեծն Հովհաննես Շիրազի, երջանկահիշատակ Էդմոն Ավետյանի ու Գևորգ Հարությունյանի անմիջական հոգածությամբ… Եվ, հնուց «կյանքի ուսուցիչ» հռչակված, «ոսկե միջին»-ի և առհասարակ չափավորության ու ներդաշնության քնարերգու-օրենսդիր Հորացիոսին աշակերտելուց առաջ, սրճարանային բարեբախտ ունկնդիրն եմ եղել Կոստան Զարյանի ու Երվանդ Քոչարի, Մհեր Մկրտչյանի ու Լևոն Ներսիսյանի: Ուստի, ինձ չլքող հավիտենական հոգևորի առկայությամբ, առանց որևէ արհեստավարժ բռնության, իմ որոնած բառերն ինքնակամ են արձագանքում լուռումունջ բարեհարդարության կանխահայտ կոչին…
ԳԹ – Միայն քո՝ սարուխանական խոսուն բառապաշարիդ մեջ լռության չափաբաժինն ինչքա՞ն է… և որքանո՞վ գաղտնազերծելի՝ ընթերցողի համար:
Հր.Ս.- Ինձ հոգեհարազատ ճապոնական հոքուներում ու թանկաներում լռության չափաբաժինը թերևս ուղիղ համեմատական է խոսուն բառաշխարհին, և այս առումով հազիվ թե գանղտնազերծման հատուկ ճիգեր պահանջվեն նաև իմ ընթերցողից… Իսկ ի պատասխան ուղղակի ասեմ, որ իմ ստեղծագործական ողջ կյանքում փորձել եմ հնարավորինս զերծ մնալ անհանգ ու հանգավոր ճամարտակությունից, անհարկի բառաբարդումներից ու հեգնահորդոր պարզունակ ծեքծեքումներից, հանուն վերոնշյալ համամասնության և, կամա թե ակամա, ընդդեմ լայն սպառման գրապրանք «ցրող» դափնիավոր շարաբանների… Դե եկ, բանաստե՛ղծ, ու խենթանալու փոխարեն մի հիշիր Սյորեն Կերկեգորին. «Շատե՞ն են, արդյոք, կարողանում լռել, ընդհանրապես արդյո՞ք շատերն են հասկանում, թե ինչ է նշանակում լռել»…
ԳԹ – Ինչպե՞ս կբնորոշես ստեղծածդ բանաստեղծական աշխարհը՝ միայն քեզ հատուկ պատկերայնությամբ:
Հր.Ս.– Անկեղծորեն զգացված եմ նման հարցից, սակայն չեմ ուզում որևէ բնորոշում տալ… Պատկերայնությունը, ըստ իս, Մայրենի լեզվի Շնորհն է յուր շնորհալիներին, և նկարչական ու բանաստեղծական փորձառությամբ ստեղծած իմ աշխարհը կարող եմ նաև այս հղանկյունից հրամցնել.
Օ՜, Մի՛տք անմայրամուտ
Անվերջավոր կամար՝
Ներդաշնություն ու Գյուտ
Բանաստեղծի համար:
Նաև կարող եմ քո թույլտվությամբ կրկին զգացվել ու, ամենայն հավանականությամբ, արդեն հավակնոտ երևալ՝ Դերժավինի, Պուշկինի և Չարենցի «հուշարձանային» ընդօրինակումների կողքին հուշասյան իմ տարբերակը հիշեցնելով.
Ես Հուշասյուն կանգնեցրի այբբենակերտ
Բեկորներով բիբլիական բնաքարի.
Կոթողն ի վեր՝ թևատարած մի թռչնակերպ
Երկնախորհուրդ բյուրեղներից իմ քանքարի.
Սաղմոսելով խոյանքի մեջ խաղաղ ու խոր,
Աչքը հառած Հորացիոսին իր մտերիմ՝
Խա՜ղ է խաղում խալխի գլխին խառնաժխոր-
Ի տրիտուր ներդաշնությանն ու գյուտերին:
Ես Հուշասյուն կանգնեցրի… Ներհակավոր
Հյուլեի պես հավատարիմ յուր նյութերին՝
Ապրա՜ծ կենա Քերթությունը մեր թագավոր-
Թոթափում է թրքաթաթար թյուրն ու թերին…
ԳԹ – Հա՞շտ ես քո ժամանակի հետ, առավել ևս, ինքդ քեզ հետ ի՞նչ կռիվ ունես:
Հր.Ս.– Կռիվ բառը, ամենայն մեղմությամբ ասած, բնավ իմ բառը չէ, ինչքան էլ անհաշտ լինեմ իմ ժամանակի հետ… Հաշտ չեմ, եթե ժամանակս մոլորվում և անհեթեթորեն խառնվում է յալանչիների ու հոգևոր թալանչիների ժամանակին (անդուր հեռուստատեսություն, անմակարդակ համերգներ ու ֆիլմեր, անիմաստ թերթեր, անկապ միջոցառումներ՝ շինծու հանդիսավորությամբ) … Եվ այս ամենի հետ օրեցօր խղճիս խայթն ավելի է տանջում ինձ՝ ժամանակին իբր կարգին զավակ, կարգին ծնող ու կարգին ամուսին չլինելուս պատճառով թե պատրվակով (թեև ծնողներս այս կարծիքին չէին, զավակներս նույն կարծիքին չեն, և միայն կինս է կիսով չափ համակարծիք): Ինչքան էլ զղջում, մեղա եմ գալիս լցված սրտով ու ապաշխարում, պրծում չկա ահագնացող այս մազոխիզմից… Բայց փա՜ռք Աստծո, որ ինքնահաշտեցման խաղաղ պահեր են լինում, ու նաև այսպիսի բաներ եմ գրում.
ԻՆՔՆԱԿԱՄ ԱՔՍՈՐ
Հեռու՝ կրքերից ներազգայնական,
Հասարակական-քաղաքական հույժ,
Մտավոր սիրով և զգայական
Ի՛նքս եմ ընտրել աքսորն իմ անույշ…
Եվ վանաձորյան անկյունում իմ այս՝
Կրքերից հեռու, գրքերին մոտիկ,
Ա՛յլ արժեք ունի և ուրիշ իմաստ
Խորհուրդն իրիկվա ու առավոտի,
Զի անցյալն այստեղ ինձ չի մոռանում՝
Բաժին է հանում իր ցող ու ձյունից,
Որ ամեն գիշեր անուն առ անուն
Պսակներ հյուսեմ հիշողությունից:
ԳԹ – Ի՞նչ է հիմա գրում Հրաչյա Սարուխանը:
Հր.Ս.– Երբեմն նախապես չեմ իմացել թե ինչ եմ գրելու, երբեմն էլ մտահղացումներս չափազանց հստակ են եղել… Տարեսկզբին մի քանի գործ գրվեց: Հիշեցնեմ, որ ջանացել եմ երբեք չկրկնել ինքս ինձ, և յուրաքանչյուր նոր բանաստեղծություն հաճելի կամ զարմանալի նորույթ լինի հենց ի՛նձ համար: Հիմա թարգմանությամբ եմ զբաղված: Ռիլկեին նվիրված (ետմահու)՝ Ցվետաևայի բավականին ծավալուն Ամանորի նամակն եմ թարգմանում:
ԳԹ – Եթե մեկ բանաստեղծությունն ի զորու լիներ փրկել աշխարհը, ո՞րը կամ ինչպիսի՞ն կլիներ այն:
Հր.Ս.– Ինձ թվում է, աշխարհի ամենաանհայտ լեզվով անգամ մի գեղեցիկ բանաստեղծություն կճարվեր այդ նպատակի համար, սակայն համահավաք գեղեցկությունն իսկ դժվար թե փրկի աշխարհը… Ինչևէ, Տերունական աղոթքի հետ մեկտեղ, Նարեկացու Մատյանն է մեր զորավոր Հույսի առահավատչյան.
Աստվա՛ծ փրկության և ողորմության,
Բուժման, նորոգման և առողջության,
Լուսավորության և կենդանության,
Քավման, հարության և անմահության,
Հիշի՛ր ինձ, երբ գաս արքայությամբ քո…