Դե եկ, վարդապետ…
Պ. Սևակ
***
Ես դատարկվում եմ
Ներսից ու դրսից,
Ինձ գողանում են,
Առևանգում,
Առևանգումիս տեր եղի՛ր,
Տե՜ր…
Ինձ մաս-մաս արել,
Աղավաղել են,
Կյանքս հարամել,
Ինձ խաթարել են`
Խաթարումներիս
տեր եղի՛ր,
Տե՜ր…
Ինձ` ինձնից հանել,
Ինձ ավերել են,
Ինձ խարանել են,
Ինձ կալանել…
Ես` ես չեմ,
Ես դեռ նոր պիտի ծնվեմ,
Ես ինձնով պիտի
դեռ սածիլվեմ,
Իմ սածիլներին տեր եղի՛ր,
Տե՜ր…
Գտնեմ ինձ,
Նորիվ վերընձյուղվեմ…
Օգնիր ազատվեմ
Այս զեռուններից,
Մոտիկ թվացող
Այս հեռուներից,
Այս նենգ ու դավից,
Խորթ ու օտարից,
Ազատիր ինձ, Տեր,
Մաքրագործիր ինձ,
Անեծքից հանիր,
Օրորոցներս
Անեղծ պահիր…
***
Օրը օրի նոսրանում է
Իմ մատյանի ելումուտը,
Ափերիս մեջ թրթռում է
Մայրամուտը…
Չեմ հասկանում`
Ինչ է ուզում օրը օրից,
Հինը` նորից,
Ծովն՝ հատակից,
Ալիքն՝ ափից,
Ադամանդը` կրծքի խաչից…
Տարօրինակ ժամանակ է`
Խուսափում եմ նժարվելուց,
Նկարվելուց` հրաժարվում,
Ես ինձ կարծես
Չեմ ճանաչում…
Փրփրում է ժամանակը`
Ջուրը ջրից չի կշտանում,
Չի վշտանում
Ագահության խորությունից,
Ծանծաղուտի մերկությունը
Չի նշմարում…
Խառնակ օրվա այս
ինչ խաղ է,
Խախուտ օրվա`
ինչ մի շաղախ…
Չի մեղմանում եղանակը,
Չի վերջանում շարունակվող
Այս թալանը,
Այս կողոպուտն ու կալանքը,
Անկախության անարգանքը…
***
Ժամանակն ի՞նքն է
Ինձ տանում հիմա,
Թե՞ ես եմ նրան
Իմ շալակն առել…
Ծանր է տանելը,
Ծանր է պահելը,
Ծանր է այս ճամփին
Ուղիղ նայելը…
Ժառանգական են
ճանապարհները,
Ժայռերն իմաստուն` ժառանգական են…
Լսում եմ` քարերն
ինչպես են խոսում,
Գետերն ինչպես են
ծովերն ակոսում,
Երկնքում կարծես
ամպն է նոսրանում,
Անձրևներն են
կարծես ծերանում,
Երաժշտության
եղանա՞կ է սա,
Թե՞ անապատից
ելնող աղաղակ…
Որքան էլ ուսիս
բեռը ծանրանա,
Այս ճանապարհը
պիտի ամրանա.
Այս ճանապարհը
Նոյյան տապանն է,
Արարատ լեռն է,
Աստծո կտակը,
Իմ ծննդյան վկայականն է
Իմ ժառանգական կտակարանը…
Չգիտեմ ի՞նքն է
Ինձ տանում հիմա,
Թե՞ ես եմ նրան
Իմ շալակն առել…
***
Ինչ էլ լինի`
Չի մեղմանում եղանակը,
Խտանում է մառախուղը,
Ճանապարհներն են կուրանում…
Այսքան դավեր ու տառապանք,
Այսքան ատող արհամարհանք
Ինչպե՞ս պիտի տանեմ,
Կողոպուտի այս երախը
Ինչպե՞ս պիտի փակեմ…
Իմ չարչարված խաչի առջև
Ինչպե՞ս պիտի կանգնեմ,
Այս անդավան հեղեղի դեմն
Ինչպե՞ս պիտի առնեմ…
Չեն նկատում
Գարնան բացը,
Ամռան քաղցը.
Հսկա լեռան կուտ գնացած
Վերադարձը չեն նկատում…
«Վշտի ծիծաղն»
ամուր պահեմ,
Ծիծաղելով պիտի նայեմ
Իշխանական այս հնոցին,
Պատուհանի գոցված խոցին,
Ներսում աճող գզգզոցին
Ծիծաղելով պիտի նայեմ …
Չի մեղմանում եղանակը,
Չի հանդարտվում
Ո՛չ փողոցը,
Ո՛չ էլ դժոխքից ելնող բոցը…