ԱՄԵՆ ԱՅՑԻՍ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՈՐՈՎԻ ԵՄ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ / Նինա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Կարինե Սահակյան ՀԳՄ վար­չու­թյու­նը
շնոր­հա­վո­րում է բանաստեղծ, թարգմանչուհի, գրականագետ
ՆԻՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ծննդյան 60-ամյակի առթիվ

«Գրա­կան թեր­թը» միա­նում է շնորհավորանքին

Կարինե ՍԱՀԱԿՅԱՆՑ – Հայկական պոեզիան ե՞րբ և ինչպե՞ս դարձավ ձեր ստեղծագործական կենսագրության մի մասը:
Նինա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ – Ավարտել եմ Մորիս Թորեզի անվան օտար լեզուների ինստիտուտի ֆրանսերենի ֆակուլտետը, 70-ականների սկզբին սկսեցի թարգմանել ֆրանկոֆոնյան պոեզիան, հիմնականում Աֆրիկայի ֆրանսալեզու բանաստեղծներին: Որպես երիտասարդ թարգմանիչ` մասնակցեցի Մոսկվայի ԳՄ առընթեր Արևելքի բանաստեղծ-թարգմանիչների սեմինարին, որը վարում էր Միխայիլ Կուրգանցևը: Իմանալով, որ հայ եմ, նա զարմացավ. «Իսկ դուք ինչո՞ւ չեք թարգմանում հայկական պոեզիան»: «Ինչպե՞ս թարգմանեմ, եթե չգիտեմ հայերեն»,- զարմացա ես: Ես ծնվել եմ Մոսկվայում, կրթությունս ռուսական էր, տանը խոսում էին ռուսերեն, և այն միտքը, թե կարելի է թարգմանել հայկական պոեզիան, ինձ շատ զարմացրեց, թեև ինքս արդեն բանաստեղծություններ ունեի գրած Հայաստանի մասին: Միշտ եմ կապված եղել Հայաստանի հետ. հայրս ծնունդով Զանգեզուրից է` Բռնակոթ գյուղից, մայրս` Բաքվից, և ըստ ամենայնի` ղարաբաղյան արմատներ ունի: Հինգ տարեկան առաջին անգամ եկա Հայաստան: Ամենաուժեղ տպավորությունս` քայլում էինք զբոսայգում, որտեղ Ստալինի հսկայական հուշարձաննն էր, ու ես վախենում էի, որ այն ինձ վրա կընկնի: Երկրորդ անգամ արդեն 17 տարեկան էի, տպավորություններն այնքան ուժեղ էին, որ բանաստեղծություններս անբացատրելի, խորհրդավոր կերպով հայկական թեմային էին առնչվում: Հավանաբար այդ պատճառով Մ. Կուրգանցևը, ով կարդացել էր իմ բանաստեղծությունները, հարցրեց, թե ինչու չեմ թարգմանում հայերին: Նա ինձ ասաց. «Դու անպայման պետք է ծանոթանաս Լևոն Մկրտչյանի հետ, նա շատ անվանի մարդ է, հայկական պոեզիայի մեծ գիտակ»: Ու մի օր զանգում է Կուրգանցևը և ասում. «Նինա, իսկույն արի ԳԿՏ (Գրականագետների կենտրոնական տուն): Պրոֆեսոր Լևոն Մկրտչյանն այստեղ է, դու պետք է ծանոթանաս նրա հետ»: «Պրոֆեսոր» բառն ինձ շփոթեցրեց, մտածեցի, երևի շատ ձանձրալի, ծեր, լուրջ մարդ է, ու ես պետք է նրա վրա տպավորություն թողնեմ: Երբ տեղ հասա, Մ. Կուրգանցևը, ուղեկցելով դեպի սեղանը, ասաց. «Ահա Լևոն Մկրտչյանը»: Ու ես ապշեցի` ոտքի կանգնեց երիտասարդ մի տղամարդ և ինձ հետ խոսեց անմիջական ու անկեղծ, ասես հարյուր տարվա ծանոթներ էինք: Նրան ցույց տվեցի Կոմիտասի մասին բանաստեղծությունս (ցեղասպանության թեման դեռ այն ժամանակ հուզում էր ինձ): Կարդաց ու հարցրեց. «Իսկ դուք գիտե՞ք, Տարկովսկին բանաստեղծություն ունի Կոմիտասի մասին»: Եվ սկսեց արտասանել. «Հոգիս ոչինչ չի խնդրում…»: Մտածեցի. «Աստված իմ, ա՛յ քեզ պրոֆեսոր»: Ավելի ուշ պիտի հասկանայի, որ իսկապես մեծ մարդը չի կարող լինել գոռոզ, երբեք չի ճնշի դիմացինին և կուրախանա տաղանդի նույնիսկ առկայծումով: Նրան տվեցի նաև Շառլ Ազնավուրից կատարած թարգմանություններից մեկը: Ժամանակ անց Լևոն Մկրտչյանից նամակ եմ ստանում: Նա գրում էր, որ իր հանձնարարականով կուղարկեն Տերյանի տողացիները «Պոետի գրադարանը» մատենաշարում Վ. Տերյանի բանաստեղծությունների հատորի տպագրման համար և որ ինքը ինձ հրավիրում է Թարգմանչաց տոնին («Ձեզ պաշտոնական հրավեր կուղարկվի»): 24 տարեկան էի, և բնական համարեցի, որ ինձ են պատվիրել թարգմանել Վահան Տերյանին, որ Թարգմանչաց տոնին մասնակցելու հրավեր կստանամ. դե, իհարկե, ինչպե՞ս կարող են ինձ չգնահատել: Հիմա, շատ տարիներ անց, հասկանում եմ, որ այդքան էլ բնական չէ, երբ մեկի օժտվածությունը ուրախացնում է մեկ այլ մարդու, և նա ուզում է օգնել: Դա Լևոն Մկրտչյանին բնութագրող շատ կարևոր գիծ էր: Պատահական չէր, որ նա այդքան հզոր մշակութային գործիչ էր. նրան դուր էր գալիս օգնելը:
Այդպես առաջինը թարգմանեցի հայ դասականին: Տերյանին թարգմանելը շատ դժվար էր: Քանի որ տողացիներին կցված էր տառադարձությունը, կարող էի պատկերացնել, թե ինչպես է հնչում հայերեն: Եվ հասկանում էի, որ Տերյանի յուրահատկությունը հնչյունն է, ինքնատիպ հնչողությունը, իսկ դա հնարավոր չէ թարգմանել: Ես պիտի կարողանայի ռուս ընթերցողին հաղորդել այն զգացումները, որոնք զգում է հայը բնագիրն ընթերցելիս: Որովհետև իմաստը ըմբռնելու համար բավական է տողացին, իսկ պոեզիան զգալու համար անհրաժեշտ է կախարդական ինչ-որ հնարք: Եվ այդ բարդագույն խնդրի մեջ ինձ ներքաշեց Լևոն Մկրտչյանը: Երևի այդ խնդիրը հաղթահարեցի, քանի որ թարգմանությունները տպագրվեցին:

Կ. Ս. – Ասացիք, որ հրավիրվել եք Թարգմանչաց տոնին: Որքան գիտեմ, ձեր այդ այցելությունը Երևան որոշակի իմաստով նշանային էր, չէ՞ որ դրանից հետո սկսեցիք թարգմանել Վահագն Դավթյանին:
Ն. Գ. – Այո, դա Թարգմանչաց առաջին տոնն էր: Լևոն Մկրտչյանը ԳՄ քարտուղարն էր, և նրա նախաձեռնությամբ 1979 թ. այդ տոնը բազմադարյա ընդհատումից հետո վերածնվեց: Ու դարձյալ ավելի ուշ հասկացա, որ պետական աթեիզմի երկրում եկեղեցական տոն վերածնելը մեծ գործ էր: Թարգմանչաց տոնին ծանոթացա հայ պոեզիայի ականավոր թարգմանիչ Նաում Գրեբնևի հետ: Մոտ մեկ տարի անց նա զանգեց ինձ ու ասաց, որ «Սովետսկի պիսատել» հրատարակչությունում տպագրության է պատրաստվում Վ. Դավթյանի ժողովածուն, ինքը թարգմանում է նրա բանաստեղծությունների մեծ մասը, բայց որոշ բան չի հասցնում: Եվ առաջարկեց թարգմանել չորս բանաստեղծություն: Թարգմանեցի, ուղարկեցին Վահագն Դավթյանին, նա հավանեց: Որոշ ժամանակ անց նրանից նամակ ստացա, ուր նա գրել էր, որ թարգմանություններն իրեն դուր են եկել և որ կուզենար` ավելի շատ թարգմանեմ: «Հիմա Երևանում,- ասված էր նամակում,- «Սովետական գրող» հրատարակչությունում պատրաստվում է իմ բանաստեղծությունների գիրքը: Ուզում եմ, որ գաք և Ծաղկաձորում աշխատեք թարգմանությունների վրա»: Դրանից անմիջապես հետո նամակ ստացա Վարդգես Պետրոսյանից, ուր նա կրկնում էր այն ամենը, ինչ գրել էր Դավթյանը: Ես հայտնվել էի անհարմար վիճակում` Նաում Գրեբնևը առաջատար թարգմանիչներից մեկն էր և շատ էր թարգմանել Դավթյանին: Բայց նրան գիտեի նախ և առաջ որպես Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության», Թումանյանի քառյակների, Նահապետ Քուչակի հայրենների փայլուն թարգմանությունների հեղինակի: Իսկ հիմա Գրեբնևից` թարգմանության վարպետից, ես խլում եմ թարգմանվող գրողին: Զանգեցի Գրեբնևին ու հարցրի` ի՞նչ անել, գուցե հրաժարվե՞լ: Գրեբնևը խորհուրդ տվեց չհրաժարվել, որովհետև երիտասարդ թարգմանիչ եմ և չի կարելի հնարավորությունը բաց թողնել: Ահա այդպես եկա, ծանոթացա Վահագն Դավթյանի հետ: Որոշ տողացիներ նրա հետ միասին էինք անում, նա կարդում էր բնագիրը (ինձ համար շատ կարևոր էր, թե ինչպես են բանաստեղծությունները հնչում հայերեն): Մի քանի տողացիներ արել է Անահիտ Բայանդուրը, շատ բարձրորակ տողացիներ: Թարգմանեցի Վահագն Դավթյանի չորս պոեմները` «Ասք սիրո և սրի», «Ստեղծագործություն», «Ասք Հայաստանի մասին» և «Ռեքվիեմ»: Եվ բազմաթիվ բանաստեղծություններ: Պետք է ասեմ, որ դա մեծածավալ թարգմանության առաջին փորձս էր: Ես հասկացա, որ գործ ունեմ կենդանի դասականի հետ: Մինչ այդ ծանոթ չէի նրա բանաստեղծություններին: Հասկացա, որ Դավթյանը ինձ հոգեհարազատ է, ինձ շատ մոտ թվաց նրա գունային գամման: Ես բանաստեղծներին պայմանականորեն բաժանում եմ ձայնափնջերի և ծաղկեփնջերի: Պարզվեց, որ Դավթյանը և՛ ձայնափունջ է, նրա համար մեծ նշանակություն ունի ձայնը, և՛ ծաղկեփունջ, նրա գունային երանգներն այնքան ինքնուրույն են, որ անգամ կարող են առանձին ընկալվել:
Դավթյանն ինձ նաև հոգեհարազատ թվաց, որովհետև ազգային գրող էր, օժտված էթնոսի խորքային զգացողությամբ: Ի սկզբանե ողբերգական ճակատագրի տեր էր` ծնվել էր արաբկիրցի գաղթականի ընտանիքում և կորստի ցավով ապրել ամբողջ կյանքում: Բայց նրա բանաստեղծությունները լի են լույսով ու գեղեցկությամբ: Ձայնի գեղեցկություն, պատկերի գեղեցկություն, աշխարհի հանդեպ հիացում և զարմանք այդ աշխարհի, ծաղկի, լեռան, կնոջ գեղեցկության հանդեպ: Վահագն Դավթյանն, անկասկած, բանաստեղծ-հայրենասեր էր, բայց լուսավորյալ հայրենասեր, ով տեսնում էր նաև պրոբլեմային հանգույցները: Լուսավոր պոետ էր, անկասկած: Տառապող պոետ էր, անկասկած: Նա տառապում էր իր ժողովրդի ցավով, բայց այդ տառապանքները վերածվում էին դյութիչ ձայների ու կերպարների: Եվ հենց դա է, ըստ իս, Դավթյանի առանձնահատկությունը:

Կ. Ս. – Ձեզ բախտ է վիճակվել լինել հանճարեղ հեղինակներին արտահանող: Կարելի էր հպարտանալ նրանցից յուրաքանչյուրի թարգմանությամբ, իսկ Դուք թարգմանել եք և՛ Դավթյանին, և՛ Չարենցին, և՛ Տերյանին, և՛ Երզնկացուն…
Ն. Գ. – Հիմա հասկանում եմ, որ երջանիկ մարդ եմ: Երիտասարդ տարիներին ես ուղղակի ողողված էի այդ պարգևներով, բայց չէի գիտակցում: Լևոն Մկրտչյանը ուղարկեց Երզնկացու իր կատարած տողացիները և առաջարկեց թարգմանել: Իսկ Չարենցը իրադարձություն էր իմ կյանքում: Երբեմն ընդունված է համարել, որ իրադարձությունը միայն այն է, ինչ տեղի է ունենում արտաքին աշխարհում, բայց իրական հեղափոխությունները, հեղաշրջումները տեղի են ունենում մարդկային հոգում: Այդպիսի ցնցում էր ինձ համար Չարենցը: Իհարկե, հայկական պոեզիան հարուստ և առատ է հանճարներով, բայց կարծում եմ, որ Չարենցը 20-րդ դարի հայկական պոեզիայի բարձունքն է, գուցեև ընդհանրապես հայկական պոեզիայի: Ավելին, առանց չափազանցելու կարելի է ասել, որ Չարենցը համաշխարհային մեծություն է: Սակայն, ինչպես ամեն ոք ունի իր Հայաստանը, այնպես էլ ամեն մեկն ունի իր Չարենցը: Ես բացահայտել եմ միստիկ Չարենցին: Թարգմանել եմ նրա «Սոմա» պոեմը: Ապշեցուցիչ է, սեփական ճակատագրի ինչպիսի՜ կանխազգացում: Եվ այս պոեմում (չգիտեմ` Չարենցը դա հասկացե՞լ է…) նա կանխազգացել է իր մահը հեղափոխությունից: Երևի թե Չարենցը ինչ-որ բաներ բացահայտել է նյութական աշխարհի սահմաններից անդին: Ընդհանրապես, հսկայական բեռ է` տեսնել ու լսել, ինչ ամեն մեկը չի տեսնում ու լսում, մերձենալ ինչ-որ էներգետիկ հոսքի խորքերին և կարողանալ այդ անձևը, քաոսայինը վերածել հիասքանչ տողերի. դա միայն հանճարներին է հասու, իսկ Չարենցը հանճար էր:
Կարծում եմ` Կոստանդին Երզնկացին նույնպես օժտված էր թաքուցյալը բացահայտելու շնորհով:

Կ. Ս. – Բայց որպեսզի թարգմանիչը կարողանա այլ լեզվով փոխանցել այնպիսի գրողի, ինչպիսին Երզնկացին է կամ Չարենցը, նույնպես պետք է օժտված լինի սահմանից այն կողմ տեսնելու որոշակի ունակությամբ:
Ն. Գ. – Թերևս: Ինքս իմ մասին խոսելը մի տեսակ անհարմար է: Բայց հաճախ վեճ է ծագում. արդյո՞ք կարելի է թարգմանել տողացիից: Ահա ուրեմն, իմ կարծիքով, թարգմանիչը, կարևոր չէ` բնագրից թե տողացիից, պետք է կարողանա լինել այն նույն տեղում, ուր գտնվում է թարգմանվող գրողը:

Կ. Ս. – Շնորհակալություն:
Ն. Գ. – Շնորհակալություն ձեզ, ամեն նոր այց ինձ համար Հայաստանի նոր բացահայտում է: Ե՛վ Հայաստանն է ասես փոխվում, և ես եմ փոխվում, և ամեն անգամ Հայաստանի միջոցով ինքս ինձ նորովի եմ ճանաչում ու հայտնաբերում:

Հարցազրույցը` Կարինե ՍԱՀԱԿՅԱՆՑԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։