Կերբերոս կամ դժոխքի մետամորֆոզներ
Թաղականի շրջագայության
պես բան է դարձել
Կերբերոսի հետ զբոսնելը –
իմ Կերբերոսը ազնիվ շուն է,
խելոք, ետևի թաթերի վրա
կանգնում`մռութը պարսպաքիվի
արանքը դրած
զննում է նախարարական նստելավայրը,
որ փողոցի աջ կողմում է, ձախում`
Գեմոր պուրակն է:
Քարոնի մտքով անցնում էր` մեկ-մեկ
այդ հայհոյանքը բարձրաձայն արտաբերել`
Գ ե – մ ո ր…
բայց ու՞մ ասեր, երբ շուրջ
բոլորը մեռյալներ էին:
Քարոնը հսկում էր նախարարների տան
և Գեմոր պուրակի միջև ընկած փողոցը:
Այս փողոցը, ստույգն ասած, փողոց չէր,
նրա գետնատակով Աքերոնն է անցնում:
Հենց նրա վերգետնյա մայթեզրերով է,
որ իմ Կերբերոսի հետ ես երբեմն շրջում եմ:
Գ ե մ ո ր` չմտածեք ուրիշ բան, այլ
գերիշխանություն, գերդաստան,
գերդաստանային գերիշխանություն, գերություն
գերդաստանային գերիշխանությանը:
Այնպես որ` իմ Կերբերոսը,
ում հետ ես զբոսնում եմ
առավոտները Աքերոնի վերեզրյա մայթով,
տարբերություն չի տեսնում
Գեմոր պուրակի և նախարարների
տան միջև:
Եվ ճիշտ է անում, չնայած,
չի նկատում մի բան –
նախարարական նստելավայրի կողմից
Գեմոր պուրակն անցնելու համար
արծաթադրամի պակաս երբեք չի լինում,
մինչդեռ պուրակից այնտեղ`
Քարոնի հետ լեզու գտնելու հաշվին է:
Դեհ, ինչ խոսք, չի բխում սա իմ
Կերբերոսի շահերից,
եթե Քարոնն է կաշառված,
ու՞մ է պետք ինքը:
Կեղտոտ սակարկումներից փախավ նա
թաղական թափառող շների մոտ,
հյուծված, ոսկրոտ, ճնշված, մազաթափ
տնանկների հետ այնպես էր
կտոր- կտոր լինում
քաղցից ոնց որ նախկին քաղաքագլուխ,
որ վերարթնացնելով իր
վտարման խայտառակությունը`
բռնազբոսիկ ժպտում է Կերբերոսի ժպիտը:
Իմ Կերբերոսը կար, բայց այլևս
Կերբերոս չէր դառնա:
Նա ոռնում էր իր ժառանգությունը դժոխքում:
Մլռտում էր` ոռնոց թողնելու իր ցավը
խլացնելով այդ մլռտոցի մեջ:
Անիծված էր նա, անապաստան,
ու մի գիշեր էլ,
երբ գյուլլեցին նրան քաղաքի
տղեքը մյուս շների հետ,
նրա հոգին, որ բանիմաց հոգի էր,
հայտնվեց Աքերոնի ափին:
Գեմոր պուրակը և նախարարական նստելավայրը
դարձել էին մի պետություն: