Թովմա ՔԱՀԱՆԱ (ՎԱՀԱՆ) ԱՆԴՐԵԱՍՅԱՆ․ «ՍԻՐՈ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ» ՇԱՐՔԻՑ

Թովմա քահանա (Վահան) ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

ՍԻՐՈ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
Երբ շունչդ կտրվում է,
հոգիդ ելնում մարմնից
և երկնքում վառվում է,
ինչպես մի աստղ անբիծ,
և մի լարի վրա
շարվում են հնչյունները,
ու երգով անվարան
կարող ես հեռուները,
այս աշխարհի կողմերը
լցնել ու ծավալել,
ու մեկ են ողջ բառերը,
և բառ արտաբերել`
ուրեմն դուրս մղել
հոգուց ողջ էությունը
համակ տիեզերքի…
Եվ դա է իսկությունը:
Բայց դուրս նայիր կրկին.
գիշեր է ու փողոց է,
և անցորդի կողքին
մութ չարքն է, իսկ հաչոցը
ազդարարում է` փակ է
սիրո համար անոթը,
և ամեն պահը հարկ է,
չարիք է ու սև բոթ է:

ԳԱՂՏՆԻՔՆԵՐ
Անձրևը
լվանում է մտքերս,
անձրևը
մաքրում է իմ հոգին:
Երբեմն մոտենում է Տերս,
բայց մեկ էլ` հեռանում կրկին:
Ինչո՞ւ է
քամին բերում այս տխրությունը,
ինչո՞ւ է
հանկարծ ցրում պահերը չար։
Մարիա՛մ, մեկ դու ես անձկությունս,
և մեկ լքված եմ, խեղճ, տկար։
Հասկանայի
հոգու գաղտնի դրվածքը,
հասկանայի
պահի խրթին խորհուրդը,
ամպերի մեջ լույսի բացվածքը,
և այն՝ ինչո՞ւ դողաց ճկույթս։
ԵՐԹՈՒՂԱՅԻՆ
ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ
Երթուղային տաքսում`
ետևի անկյունում նստած`
երեկոյան կիսախավարում, դրսում
երկու կողմից լույսերն են սլանում
հակառակ ուղղությամբ, ներսում
մարդկանց մութ ծոծրակներն են
լուռ ընթանում,
ծանրացած կոպերդ փակվում են,
դու ննջում ես փափուկ աղվամազի
և իրականության արանքներում,
երթուղային հրեշտակները
շոյում են քո աչքերը,
ժպիտ է քո դեմքին,
և ինչ-որ բան է
շշնջում քեզ Տերը:

ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՏԱՔՍԻՆ ՁՄՌԱՆԸ
Եղյամով պատված պատուհանում՝
մի կլոր բացվածք։
Այն է լոկ պատմում դրսի մասին՝
մութ, ցրտահարված։
Երթուղայինի ետնամասում
զույգն է լուռ նստած։
Տղայի ձեռքում՝ ձեռքն աղջկա,
գլուխն՝ ուսին հակված։
Նրանց մարմիններում արյունն է նույն
սրտից սիրտ հոսում,
նրանց հոգիներում հրե շղթան
խոսքեր է ջերմ ասում:
Նրանց համար աշխարհը` փորձություն
աննշան ու սին,
նրանք հիմա` ուրիշ մոլորակում,
թեև երկրի տաքսին
տանում է նրանց, որ հասցնի մի տեղ,
որտեղ նրանք չեն լինի,
ինչպես չկան հիմա իմ առջևում`
այն ցուրտ նստարանին:
Զորե՜ղ է վառարանը նրանց ներսում`
այս ցուրտ, մութ անտառում,
ամեն մի խոչընդոտ ու կեղտ այրում,
ժպտում ու մեզ լռում:

ԵՐԲ
Երբ կարծես երազ է լուսաբացը,
երբ հորիզոնում ճամփեքը բաց են,
երբ փարվում է քեզ օրն աղմկոտ,
երբ ծնվում է անհասցե կարոտ,
երբ հանկարծ ժպտում է անծանոթը,
երբ թվում է քեզ՝ աստղերը
մոտ են,
երբ արևն է շլացնում ծառերը,
երբ քամով շնչում են անտառները,
երբ անշարժ է երկնքում թռչունը,
երբ երազանքից կորցնում ես քունդ,
երբ լռում է չարախոս գիշերը,
երբ քեզ օրորում են քո հուշերը,
երբ կաթում է ապրիլյան անձրևը,
երբ սպիտակը՝ վառ,
խամրում է սևը,
երբ ամբոխանում է մենությունը,
երբ նույնիսկ խոսում է
խուլ անկյունը,
երբ ջերմ ձեռքերով քեզ
բարևում են,
երբ երեխաները ծիծաղում են,
թիկթակում է երբ
ժիր ժամացույցը,
կարմիրով հրճվում է օրացույցը,
ինչ-որ մեկն է բարձրացրել լապտերը
և վերից օրհնել աշխարհն ու սերը:

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Ե՛վ ճայերի ճչան մեղեդիները,
ալիքների հանդարտ ճողփյուն-երգերը,
և՛ սոսափյուն-ռոմանսը ծառերի,
խաղաղ և լուռ խորալը քարերի,
քամու նոկտյուրնը ջրերի վրա,
մայրամուտի ադաջիոն հուրհրան,
երեկոյի հանգչող երգչախումբը,
ավազների օրոր երգող այն թումբը,
և՛ սարերից հնչող անդորր-կանտատը,
և՛ ափամերձ տնակների սոնատը,
և՛ ինչ-որ տնակից՝ նուրբ երգեհոնը,
որ լրացնում է հնչյունների տոնը…
Ահա, ամենը երգող միություն է,
տիեզերքի սուրբ
երաժշտությունն է,
և երաժշտության առկայությունն է
Աստծո գոյության վկայությունը։

ՔՍԱՆ ՀՈԳԻ
Երթուղայինում`
տատիկներ և պապիկներ,
ամուսնական զույգ, երեխաներ,
քսան հոգի,
քսան համաստեղություն,
քսան համաստեղության
փոքրացրած կրկնություն:
Բայց այդ փոքրացումը
մարմնի համար է, ոչ հոգու,
հոգու տիեզերքը ոչ մի սահման
չի փակում…
Քսան հոգի,
քսան համաստեղություն
ծննդյան, հույզերի,
համբույրների, խոստումների,
քսան հավերժություն
թռիչքի և անկման,
հույսի և միայնության,
քսան արև հորիզոնում,
ուր քսան երազ են իրենց հետ տանում…
Քսան դուռ, ուր կարող ես մտնել,
բայց միայն բանալին է
պետք գտնել,
իսկ բանալին
ինչ-որ տեղ է` տարիների պահոցում,
կորցրած ժամանակի անհայտ խցում…
Չես կարող գտնել:
Մեր փորձը`
մինչև երթուղայինի
պատուհանը,
ուր պատկերներն են հար փոխվում,
և չես կասեցնի
այդ բանը
մեծ վազքի վետվետուն բովում:

ԵՐԳ
Մարիամ, օգնիր մաքրել իմ հագուստները:
Գիտեմ, հոգնել ես Դու ինձ հետ
քայլելուց և բռնելուց ձեռքերս,
որ չկորչեմ անհետ:
Օրհնյալ լինես հավետ:
Մարիամ, օգնիր մաքրել իմ հագուստները:
Գիտեմ, հոգնել ես Դու ինձ հետ
դիմելուց Որդուդ` ջնջի գործերս
հիմարավետ:
Օրհնյալ լինես հավետ:
Մարիամ, օգնիր մաքրել իմ հագուստները:
Գիտեմ, հոգնել ես Դու ինձ հետ…
Երազ լիներ այս կյանքը, և կորչեին
մեղքերը իմ անհետ…
Օրհնյալ լինես հավետ:

* * *
Փակիր մարդուն սենյակում
շքեղ, հարմարավետ:
Փակիր մարդուն ծովափի
հիասքանչ մայրամուտի մեջ:
Կամ բաց թող նրան
դրախտի պուրակներում,
կամ հիասքանչ գեղեցկուհու կողքին,
կամ այլուր
և հարցրու` ի՞նչ է
պետք նրան։
Եվ նա կասի.
– Ուսուցիչներ
և գաղափարներ։
Նրանց նա փնտրելու է
միշտ։

ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ
Երկրաշարժեր, պատերազմներ, խրոխտ լուրեր,
և ղեկավար մարդկանց կոչերը անվեհեր
– դու դիմակով նման ես զավեշտ միմոսի,
թերևս այն փրկի գրոհից վիրուսի –
իսկ գիշերները խտանում են, լույս չկա
այս հոգեխում մեր օրերի խորքում ագահ,
և ամեն ինչ ահագնանում է անընդմեջ,
և՛ դու, և՛ ես փոշեհատիկ ենք նրանց մեջ։

ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Բոլորը պետք է փակվեն տներում:
Բիլ Գեյթս
Մարդկային հաղորդակցությունն է
մեր՝ ամենքիս, կարոտն ու կեցությունը։
Տեսնել՝ ինչպես են մոտենում, ժպտում են,
բառերը շուրթերից շարժվող հնչում են,
ինչպես առվակների խոխոջն ու հոսքը,
լցվում է տարածքում սնող մեզ խոսքը,
աչքերը՝ երկնքի բացվող դռներ են,
ուր փայլփլում են մեր էությունները։
Հոգուց հոգի անցնում են նուրբ թելերը,
որոնցով կապում են մեզ հոգսերը,
զգացմունքները, հիշողությունները,
մտքերը, հանապազ մեր խնդիրները…
Որքան սփոփիչ է մեզ ուղղված բարևը,
որքան է հուսադրում մեզ հրաժեշտը,
հաղորդակցումը մեր՝ ինչպես արևը,
հաղորդակցումը կա՝ ամեն ինչ հեշտ է։
Բայց թե չկա՝ ուրեմն Արարիչն է
միակ մեր խոսակիցը և շփումը։
Եվ նա ասում է, որ կգա Փրկիչը,
և նա պնդում է՝ կլցվի մեր տունը,
նորից կգումարվեն կորած ձեռքերը,
նորից մեզ կգրկեն հանդիպումները,
այգիներում զբոսնող սիրահարները,
խաղով տարված զվարթ երեխաները…
Ուզում ես մեզ զրկել այդ ամենից։
Չի հաջողվի։ Ինքնամեկուսացումը
գուցե քեզ՝ հանճարեղ հանճարներից,
տալիս է հույս, գուցե հպարտացնում է,
որ խաբեցիր մարդուն և հաղթեցիր…
Չի հաջողվի։ Կացինը արմատին է։
Աստված հաշվել է իր զորքերն անծիր,
և հաղթանակը, մեկ է, Հիսուսինն է։

ԱՂՋԻԿՆ ՈՒՇԱԹԱՓՎԵՑ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱԿՈՒՄ
Աղջիկն ուշաթափվեց եկեղեցու բակում,
այն եկեղեցու, որտեղ պսակն էր լինելու
զոհված իր զինվորի հետ։
Այդպես ընկավ հենց այն կետում,
որտեղից զույգերը միասին ներս են մտնում,
և այդ պահին,
երբ աշխարհը պտտվեց և շուռ եկավ
իր գլխի վրա,
երբ մթնեց այդ օրն իր աչքերում,
երգեհոն հնչեց, և բոլորը ծափահարեցին,
իսկ զոհված զինվորն իրեն ժպտաց
ուրիշ լույսերի միջավայրում,
որի նմանը չէր տեսել այդ դեռատի աղջիկը,
և հետո նա ապշահար էր՝ ո՞րն է, ասեք, երազ,
այս դաժան, պատերազմող աշխա՞րհը,
թե՞ լույսերը, որոնցում զինվորն էր՝ իր փեսան,
իր բախտը, իր թռած կապույտ, անհաս թռչունը։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։