Ալան Ուայթհորնը սփյուռքահայ բանաստեղծ է և քաղաքագիտության վաստակավոր պրոֆեսոր: Կանադայի գրողների միության և
Հայաստանի գրողների միության անդամ է։
Ինը գրքի և ավելի քան 180 գիտական ու հրապարակախոսական հոդվածների հեղինակ է:
Խմբագրել է «Հայոց ցեղասպանություն. հիմնական տեղեկատու ուղեցույց»-ը:
Բանաստեղծությունները «Ղարաբաղյան օրագիր. բանաստեղծություններ սփյուռքից» ժողովածուից են, որ գրվել են վերջին երկու տարվա ընթացքում:
ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔՆԵՐ
Մենք ընկել ենք տրոյկայի մեջ ողբերգական.
հայկական երազանքներ,
հայկական հռետորաբանություն
ու հայկական իրականություն:
Հայերը երազում են միասնական
հայրենիքի մասին,
ուր վերջապես կարող են վերադառնալ բոլոր սփյուռքահայերը տեղահանված:
Հաճախ ենք լսում հայկական հռետորաբանությունը
ցեղասպանության ժամանակ կորած Արևմտյան Հայաստանի տարածքների
ապագա պատմական ազատագրման մասին:
Բայց բախվում ենք ահա
իրականությանը հայկական –
փոքր խոցելի պետություն մի ցամաքային,
թշնամական ու ռեպրեսիվ ռեժիմներով շրջապատված:
ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԽԱՂԵՐ
Պատերազմ շտապող զինվորները կարծում են՝ խաղ է այն զրոյական գումարով,
բայց շուտով խաղն այդ դառնում է
բացասական գումարով:
Մեր հույսն այն է, որ ի վերջո ռազմագետներն ու գործիչները քաղաքական
կգիտակցեն՝
կարող էր դրական գումարով խաղ լինել:
Քանի՜ պատերազմ ու զոհ եղավ
մինչ Ֆրանսիան ու Գերմանիան հասկացան ճշմարտությունն այս ցավալի:
Քանի՞ տասնամյակ անց Ադրբեջանն ու Հայաստանը սա նույնպես կգիտակցեն:
ՍՈՒԼԹԱՆՆԵՐՆ ՈՒ ՑԱՐԵՐԸ
Անցյալում
սուլթաններն օսմանյան ու ցարերը ռուսական
բաժանել են Հարավային Կովկասը
կայսրությունների միջև իրենց ախոյան:
Ժողովուրդները տեղի
քիչ են խոսել կամ՝ բնավ:
Նրանք ազգեր էին լոկ հպատակ
կայսերական շախմատի պարտիայում մեծ:
Այսօր ի՞նչ:
Զինվորները զոհաբերվո՞ւմ են դեռ:
Արդյո՞ք նոր սուլթաններն ու ցարերը
մեկ անգամ ևս Հարավային Կովկասը պիտի բաժանեն:
ՀԻՇԱՏԱԿԻ ՍԵՎ ԳԻՐՔ
Թող մայրերն ու տատերը
կազմեն ցուցակը զոհված ու
անհայտ կորած զինվորների:
Թող երեխաները մեզ հիշեցնեն
հայրերի մասին, որ տուն չեկան:
Թող կանայք պատմեն երկար,
մութ գիշերների մասին միայնակ:
Թող քույրերը պատմեն կանանց մասին՝ բռնության ենթարկված ու մահացած:
Եկե՛ք կազմենք վշտի ցուցակները երկար
երկու կողմերի:
Եկե՛ք միավորենք դրանք հատորի մեջ
ահռելի մեծ:
Սև գիրք կլինի հիշատակի:
Այն պետք է մեզ հիշեցնի ամբողջովին
ծախսերի մասին ահռելի անցած պատերազմների:
Այն կարող է նախազգուշացում լինել՝
խուսափելու ապագա պատերազմներից,
զոհերով իրենց հսկայական,
կորուստներով,
վշտով՝ չափազանց մեծ:
ՍԵՎ ԱՄՊԵՐ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Փոթորիկն է պատել Սևանա լիճն ու
վտակները նրա:
Նույնիսկ հեռավոր սփյուռքից
հայերն ականատես են ազդեցությանն
այդ ահռելի:
Ժամանակներ են սարսափելի:
Այնուամենայնիվ,
մենք պետք է տանք ցավոտ հարցեր.
դեռևս սպասվո՞ւմ են ավելի ուժգին փոթորիկներ:
Եթե այո,
ժամանակն է արդյո՞ք մտածել շտապ տապան կառուցելու մասին:
Ո՞վ է ճարտարապետը լինելու կարևոր այդ նախագծում:
Ի՞նչ հմուտ բանվորներ կկառուցեն այն:
Երբ նավն ավարտված լինի,
ո՞ւմ կթույլատրվի նավն այդ ապահով բարձրանալ:
Ո՞վ է անխուսափելիորեն դուրս մնալու:
Պետք է հաշվի առնենք՝
որտեղ տապանն այդ կարող ենք հավաքել։
Մենք շատ ենք ուշացել նախապատրաստությունից։
Մութ են, չարագուշակ՝ ամպերն այդ գալիք։
Պատրա՞ստ ենք հաջորդ փոթորկին մոտալուտ:
Թվում է՝ շատ քիչ ժամանակ կա:
Անհանգիստ են հայերը:
Ամեն դեպքում,
անցյալն ենք մենք հիշում:
Այնքա՜ն շատ բան կա դեռ վախենալու:
ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԽԱՂԵՐ
Անկախ նրանից՝ երեխաներ են խաղում, թե
պետական պաշտոնյաներ ու ռազմավարներ,
ու ի՞նչ սցենարներով՝
երեքն են հիմնական տեսակները խաղի.
ամենատարածվածը խաղն է զրոյական գումարով:
Դա տեսարան է մրցակցային
փոխազդեցության նման:
Երբ բարձրանում եմ ես, իջնում ես դու:
Ես հաղթում եմ, երբ դու ես պարտվում,
հակառակը՝ կամ։
Բայց կարող է դուրս գալ մրցակցությունը վերահսկողությունից:
Այն կարող է ստեղծել մրցակցություն,
որ թշնամանքն է խթանում,
ինչը, իր հերթին, կարող է պարույր առաջացնել կոնֆլիկտային:
Երբ ազգերը գնում են պատերազմի,
յուրաքանչյուր երկիր ու ընտանիքներ անթիվ՝ գին են վճարում մահացու,
թեև ոչ բոլորը՝ հավասար:
Պատերազմները խաղեր են բացասական գումարով:
Հակառակը՝ ուսուցումն ու
գիտելիքների փոխանակումն են
համատեղ դրական գումարով
խաղի օրինակներ,
ուր մենք բոլորս ենք շահող:
Այն է հիմքը համաշխարհային
զարգացման առաջընթացի:
Ադրբեջանն ու Հայաստանը հիմա իրար զրոյական գումարով խաղի ակնոցով են նայում։
Կողմերից յուրաքանչյուրն ուզում է մյուսի հաշվին հաղթել։
Բայց այդպես՝
նրանք շատ ավելի վտանգավոր բացասական գումարով խաղի մեջ են արդեն:
Արդյունքը թշնամանքն է աճող,
մահ ու ավերիչ պատերազմ:
Առաջադեմ տեխնոլոգիական սպառազինությունների
մրցավազք է սանձազերծվել,
որ տանում է փոխադարձ ոչնչացման հաստատ:
Ի՞նչ է պետք անել.
նոր ձևեր գտնել՝ փոխօգնության և համագործակցության։
Ու վարվելով այդպես՝
նպաստել շահավետությանն ընդհանուր ու բարեկեցությանը:
Յուրաքանչյուր սերունդ պետք է որոշի՝
ի՞նչ խաղ է պատրաստվում խաղալ:
Դրանից է կախված նրա ապագան։
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԵՐ ՀԱՅ ԸՆԿԵՐՈՋՍ
Իրականում՝ այս հակամարտությունում բոլոր որոշում կայացնողները տղամարդիկ են:
Որտե՞ղ են Հարավային Կովկասի կանայք.
Մենք չենք կարող ունենալ այն ամենն,
ինչ ուզում ենք։
Ուստի պետք է բարդ որոշումներ կայացնենք։
Կարծում եմ՝ 140000 մարդ պետք է որ մտահոգված լինի:
Որքա՞ն երկիր մեկ մարդն արժե:
Ասել է թե՝ ի՞նչ է կյանքը մեկի,
կարո՞ղ ենք փրկել արժեքավոր մշակութային ժառանգության վայրերը դարավոր:
Վիրաբույժը մարմինը փրկելու համար երբեմն վերջույթը պետք է վտանգի:
Բայց ի՞նչ կլիներ, եթե վերջույթն այդ գործընկեր վիրաբույժինը կամ դաշնակահարինը լիներ:
Ի՞նչ կլիներ, եթե հիվանդն ասեր, որ կարևոր է՝ ումն են նրանք,
ու հրաժարվում է վերջույթից զրկվել:
Ի՞նչ կանեիր:
Կհարգեի՞ր կարծիքը քո հիվանդի:
Կշրջանցեի՞ր արդյոք հիվանդին՝ ըստ քո փորձի:
Կդիմեի՞ր ավելի փորձառու ավագ բժշկին:
Կթողնեի՞ր բժշկությունն ու երկրից կհեռանայի՞ր։
Երևի գրիչը թղթի վրա դնեիր ու
բանաստեղծություն սկսեիր գրել:
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
Ի՞նչ հեռանկարներ կան այժմ Հայաստանի ու
Ղարաբաղի համար:
Դրանք տատանվում են վատից ավելի վատ,
մինչև աղետալի:
Ծանր հարված էր պարտությունը պատերազմում:
Անտեսելով ռազմաքաղաքական պայմանները ծանր՝
պայքարը շարունակելը ավելի էր վատ:
Աղետալի կլիներ՝
մտածել, որ կա հայկական ռազմական լուծում:
Ժամանակն է դժվարին ընտրության:
ՁԱԽՈՂՎԱԾ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Շատ հեղափոխություններ են սկսվում հույսերով մեծ, իդեալներով վեհ:
Բայց հաճախ են մոլորվում նրանք ուղիներում անհամար:
Ինչո՞ւ։
Կոռուպցիա՞ն է քաղաքական պաշտոնի ու իշխանության։
Թե՞ պարզապես ապստամբ իդեալիստներն անկարող են ուղղորդել լավ ու կառավարել:
Խրթին են կարծես խնդիրներն ու խորը արմատավորված։
Գաղափարախոսություններն անբավարար են՝ վերլուծելու, ընկալելու իրականությունը բարդ:
Իրավիճակն, իհարկե, ավելի է բարդանում,
երբ քաղաքական գործիչների ունայնությունը ձախողում է օգնությունը մրցակիցների:
Արդյունքում՝ սովորաբար թերի են
հեղափոխությունները լինում։
Ու շուտով,
ստիպված ենք լինում հերթական անգամ
հեղափոխություն սկսել նոր:
ՓՈԽԵԼ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կարծես մահվան, ավերածությունների ու ցեղասպանության մասին է միշտ գրածս:
Կամ ինչ-որ բան՝ գրված գաղթած սփյուռքահայերի նախնյաց երկիր վերադառնալու
կարոտի մասին:
Եվ կամ նրանց երկար ձգտումն անհույս՝
արդարության համար ուշացած:
Երանի ուրիշ բան գրեի:
Գո՞ւցե բանաստեղծություն ուրախության, սիրո կամ խաղաղության մասին:
Մի օր երևի:
Մի օր…
Այդ ժամանակ,
մեկ այլ բանաստեղծություն է հայտնվում իմ նոթատետրում:
Դարձյալ հակամարտության ու տարաձայնությունների մասին:
Կարծես
հոյակապ բանաստեղծ եմ ես հայ:
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԵՐԱԶԱՆՔՆԵՐ
Այս երեկո
Ղարաբաղի լեռները երազեմ:
Վաղն
ի՞նչ կտեսնեմ:
Թարգմանությունն անգլերենից՝
Հերմինե ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ