ԼՍՈՂՈՒԹՅՈՒՆՍ ԼԻ է ԱՐՑԱԽՈՎ
Դեպքերն այնքան են սրվել Արցախում,
Որ իրավունքի այս առուծախում
«Արձակում» բառը ես սկսել եմ
Լսել՝ «Արցախում»:
Հեռացույցով ու ձայնասփյուռով
Տրվող սոսկալի լուրերի հանդեպ
Ես, ոտից գլուխ դառնալով հսկա
Մի արթուն ականջ,
Սկսել եմ արդեն «ծլարձակում»-ն էլ
Լսել՝ «Արցախում»:
Լսողությունս լի է Արցախով,
Իսկ սպառնալի բառը՝ «հարձակում»,
Պարզապես սրտիս նետ է արձակում:
ԱՐՑԱԽՆ ԻՄՆ է
Մեծ ու փոքր ազգեր չկան.
Կան հին ու նոր ազգություններ:
Արցախն իմն է՝ հերքել չկա.
Կան պատմական իսկություններ:
Ամեն ազգ իր բախտն է կռում՝
Թոհուբոհի մեջ դարերի:
Զուր է չարն իմ խոսքը ծռում՝
Ուժի դիրքից մեր օրերի:
Արցախն իմն է՝ հերքել չկա,
Զուր են փաստերն անհավաստի:
Արցախն իմն է՝ Աստված վկա՝
Անիմաստ է վիճելն ուստի:
ՀԱՆՈՒՆ ԻՆՉԻ՞
Չարի դեմ ե՞ս միշտ լինեմ բարեկիրթ,
Բայց ինչի՞ համար և հանուն ինչի՞,
Երբ հարևանս, թշնամուց էլ բիրտ,
Իմ դեմ է ելել դեմքով դահիճի:
Չարի դեմ ե՞ս միշտ լինեմ հանդուրժող,
Բայց հանուն ինչի՞ և քանի՞ անգամ,
Երբ խոցել է ինձ, նենգությամբ խուժող,
Երեկվա դրկից կոչված սրիկան:
Ո՛չ, ընտանի չի դառնա բորենին,
Ինչքան էլ նրան դասեր տաք բարու:
Նույն եղկելին է մնում վայրենին՝
Մարդասպան է նա նույնիսկ բարուրում:
Ուստի՝ չարի դեմ պիտի չար լինել,
Ոճրագործի դեմ՝ լինել ոճրագործ:
Խղճին այնքան եմ ես ապավինել,
Որ եղա այսպես լոկ եղեռնակոծ…
ՆՈՒՅՆՔԱՆ ԱՆԳԱՄ
Ինձնից քանի սրտեր խլեց
Ոսոխն իմ ոխերիմ,
Նույնքան սրտեր կխլեի
Ոսոխներից ես իմ:
Ինձնից քանի աչքեր խլեց
Ոսոխն իմ ոխերիմ,
Նույնքան աչքեր կխլեի
Ոսոխներից ես իմ:
Այնքան անգամ վրեժխնդիր
Կլինեի նրանց,
Որքան անգամ նրանք երկրիս
Վիշտ են բերել ու լաց:
ԱՐՑԱԽ
Արարատի ձախ կողմն ես դու՝
Սրտի կողմը Հայաստանի,
Ո՞ր իթօղլին կարող է քեզ
Քո պատմական տեղից հանի:
Հազարամյա կաղնու նման
Կանգուն ես դու և շառաչուն:
Դու կորովի զարմը հայկյան,
Վկա՝ ոգին քո հարաճուն:
Խորն է գոյի արմատը քո՝
Պարարտ հողում հին Արցախի,
Ուր ծաղկում ես առք ու փառքով՝
Չարին առդեմ, առանց վախի:
Քո խնդության օրերն, Արցա՛խ,
Թիվն է շահած քո մարտերի:
Սև էջեր էլ ունես, ավա՜ղ,
Ցավոտ կրծքին քո դաշտերի:
Աննկուն ես պայքարի մեջ,
Հողի հարցում՝ պատվախնդիր:
Չի ընկճի քեզ ոսոխն անվերջ
Վարանումով իր դավադիր:
Մահու-կենաց այս պայքարում
Քոնն է դափնին հաղթանակի:
Զուր է չարը ճամփադ քարում՝
Կատաղությամբ անառակի:
Քեզանով է սրտապնդված
Ողջ Հայաստան աշխարհն այսօր:
Եվ հոգ չէ, որ շրջապատված
Դավի մեջ ես գիշեր ու զօր:
Այս խառնակիչ աշխարհի մեջ,
Շիտակությամբ քո լեռնային,
Խղճի դեմ ես դու միայն խեղճ,
Որ հատուկ է միայն հային:
Հանուն նրա, որ դու լինես
Գրկում քո մայր Հայաստանի,
Մազաչափ իսկ չկասկածես՝
Ազգը մեկտեղ բռունցք կանի:
Բռունցք կանի, և դու կելնես
Այդ տանջալի գերությունից:
Ու կազատի իրեն և քեզ
Բռնակցված տերությունից:
Ես հաղթական այս երազի
Ոտնաձայնն եմ լսում արդեն:
Քիչ էլ տոկա՝ մի՛ վռազի,
Տաքգլուխ է ոսոխը դեռ:
Արարատի ձախ կողմն ես դու՝
Սրտի կողմը Հայաստանի,
Ո՞ր իթօղլին կարող է քեզ
Քո պատմական տեղից հանի:
ՄԱՐՏԱԿՈՉ
Մոնթե Մելքոնյանի անմահ հիշատակին
Ով տաքարյուն պատանիներ հայկազուն,
Ով ջահելներ՝ ջլապինդ ու կորովի,
Մեզ ձեռնոց է նետել չարը գազազուն՝
Զարկ տալով իր նենգությանը նորովի:
Էլ պահ անգամ հապաղելու պահ չկա:
Ուշ է արդեն ծանրութեթև անելն իսկ:
Նոր փորձության շեմին ենք՝ Տերն է վկա,
Մարտակոչվեք, չեք վախենում թե մահից:
Ահասաստել կուզե մեզ լիրբ թշնամին՝
Հենվելով իր հավատակցին զորավոր:
Մահ է անմիտ կորուստն անգամ մի ժամի.
Տանուլ կտանք, թե չընդվզենք մենք այսօր:
Ելեք մեկտեղ ու կանգնեք թիկ-թիկունքի,
Ելեք, Դավթի խրոխտությամբ փոթորկուն,
Ելեք, ժամն է պատվախնդիր սխրանքի,
Էլ ե՞րբ պիտի փայլի կամքը ձեր տոկուն:
Նվիրական կամավորի վեհությամբ
Ելեք-կանգնեք շարքում հայոց բանակի:
Տերովները թող քողարկվեն լռությամբ,
Որ չենթարկեն խեղճ գոյն իրենց վտանգի:
Ելեք, տղե՛րք, հայրենիքն է կանչում ձեզ,
Ելեք-հասեք ահազանգին Արցախի:
Ով անվախ է՝ թող կուռ աջն իր պարզի մեզ,
Իսկ վախկոտն էլ թող լուռ գլուխն իր կախի։
Ազգանվեր մարտակոչն այս հրատապ
Կանչ է՝ բոլոր հայրենապահ ուժերի:
Ելեք, հուժկու մաքառումով անխուճապ,
Մեր բախտն է, արդ, նորից դարիս նժարին…
Հայրենիքը ձեր քաջությամբ է կանգուն,
Սիրտը նրա տրոփում է ձեր արյամբ:
Ամենահաս զորությունը ձեր հոգու
Կհամակի նրան հույսի հարությամբ:
Էլ ընտրելու չկա մի այլ ճանապարհ.-
Սա է միակ ելակետը հաղթության:
Ելեք, քաջե՛ր, և բռունցքվեք անհապաղ,
Որ չմեռնի ծաղկուն հունդը հայության:
ԿԱԽԱՐԴՈՒԹՅՈՒՆ
Այս Արարատն է մեզ գամել այստեղ՝
Նոյյան տապանի բուն իրողությամբ,
Իր հրաբխված բարությամբ լուսեղ,
Եվ սիրտ ավերող բարձիթողությամբ:
Այս Արարատն է մեզ գամել այստեղ՝
Իր անկրկնելի փառահեղությամբ,
Գագաթներով իր միշտ ձյունաստեղ,
Եվ հայկյան ցեղի հարակայությամբ:
Այս Արարատն է մեզ գամել այստեղ՝
Էրեբունու իր անհաղթ ամրոցով,
Հայապաշտության ոգով զորընդեղ,
Եվ հանճարածին իր Զվարթնոցով:
Այս Արարատն է մեզ գամել այստեղ՝
Հրաշք ծնունդով հուրհեր Վահագնի,
Իր լուսագմբեթ խորանով անթեղ,
Ուր խունկ է ծխում բուրվառը երկնի:
Այս Արարատն է մեզ գամել այստեղ՝
Առյուծ Մհերի մռունչով առյուծ,
Սասունցի Դավթի նման խելահեղ
Շանթածին ծռով՝ ուժ առած Աստծուց:
Այս Արարատն է մեզ գամել այստեղ՝
Էջմիածնի սուրբ մկրտությամբ,
Ուր անզոր եղավ ոսոխն իսկ ահեղ
Հավատափոխել մեզ իր բիրտությամբ:
Այս Արարատն է մեզ գամել այստեղ՝
Սեպագրերով իր արարչագիր,
Մագաղաթների լույսով հանճարեղ
Եվ դեռ չպեղված կուռքերով ընտիր:
Այլապես մենք էլ արդեն շատ վաղուց
Կլքեինք հողն այս աղետալի
Եվ անցնելով բյուր բևեռ ու հանգույց՝
Կգտնեինք ափ մի երանելի:
Կգտնեինք, բայց հողն այդ անվտանգ
Կհակասեր գիրն Աստվածաշնչի:
Արարատով է հայն արևի տակ
Կենդանացնում շնորհն Արարչի:
Սուրբ է Արարատն՝ այբ-ից մինչև տյուն,
Ծայրից ծայր սուրբ է և հողն իմ անտիկ:
Լոկ այս հողն ունի հավերժական ձյուն
Եվ հողն այս ունի բազմավիշտ մարդիկ:
Երկվորյակներ են հունդերն այդ երկու՝
Ելած արգանդից հավիտենության:
Նեցուկ լինելով նրանք մեկմեկու՝
Կբացեն շուտով դուռն երանության: