ԿԱՄԻԼԼԱ

Նուիրում եմ բոլոր ժամանակների նահատակ Տղաներին…

 

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԵՐԳԵՐ շարքից

 

Ա

Չկաս.

Ես շարունակում եմ

Սիրել քեզ։

Մեզնից մէկը պէտք է բացակայի՝

Կատարեալ սիրոյ համար…

 

Բ

Դու միշտ չես գալիս

Քեզ հետ բերելով

Կարմիր գիշերներ.

Դու միակն ես,

Ով գիտի լինել՝

Քեզանից հեռու…

 

Գ

Սիրելու ժամանակն է.

Երկրիս փողոցները փոքրացել են,

Ու գիշերները էլ չեն տեղաւորւում

Իմ տանիքի վրայ,

Իսկ քամին անզգուշօրեն կոտրեց թեւերը՝

Ինձ թողնելով մի քանի փետուր։

Իմ ափից թռչող թռչունը

Տարել է հացի բոյրը,

Ու երկինքը լաւա՜շ – լաւա՜շ

Ամպեր է բաժանում՝

Առաւօտուայ դեմքին փռելով

Անաղմուկ մի լուսաբաց…

Ծառի ճիւղին ճաքել է նուռը՝

Սիրտը տալով ցրտին։

Իմ երկրի ձմեռն երբեք

Այսպէս կարմիր չի եղել…

Իսկ նոր տարուան մնացել է

Մի քանի տերեւ,

Որ ուր որ է կ’ընկնի

Քեզ չհանդիպած ճանապարհին,

Եւ ծառերը էլի կը մրսեն՝

Իմ ու քո փոխարէն…

 

Դ

Պատերազմ է.

Ես քեզանից առաջ եմ մտել

Քո գերեզմանը,

Ու հողը տաքացել է,

Որ չմրսես…

 

Գ

Քո սեւ բաճկոնը

Տարուայ իմ ամենատաք եղանակն է՝

Ուսերիս վրայ…

 

Դ

Վերջին անգամ ես ինձ

Հանդիպել եմ քեզ մօտ.

Յաջորդ օրը սկսուեց պատերազմը,

Ու ձմեռը առանց ինձ

Հաւաքեց ձնծաղիկներ…

 

Ե

Ես վախենում եմ

Իմ ու քո միջեւ

Անվերջ բացուող – փակուող

Պատուհաններից,

Որովհետեւ վերադարձը

Ամենածանր բաժանումն է…

 

Զ

Աստղերի ու մթութեան միջեւ

Ապրում են չծնուածները,

Իսկ ես ափերիս մէջ տաքացնում եմ

Պապիս աչքերի լռութիւնը…

Երազների ամենացուրտ եղանակը

Իջել է տանիքին,

Ու ոչ ոք այլեւս

Ոչ մի տեղ չի շտապում…

 

Է

…իսկ իմ փոքրիկ երկրի

Փոքրիկ փողոցում

Թրջւում է ծառը,

Ու միայ նա գիտի,

Թէ ինչու է այդպէս

Շտապում կինը՝

Պատերազմից առաջ…

 

Ը

Մենք միակն ենք,

Որ ապրում ենք հողի

Եւ երկինքի վրայ միաժամանակ…

Դու ինձանից տարել ես

Քո երջանկութիւնը,

Ու ես մնացել եմ

Ինքս ինձ գրկած,

Որ չփլուեմ յանկարծ…

Եւ ոչ ոք չգիտի՝

Ինչպէս են լուսանում

Առաւօտները…

 

Թ

…եթէ չլիներ պատերազմը,

Դու ինձ կը գտնեիր

Ու ինձանից առաջ անցնելով

Կը յանձնեիր քեզ՝ ինձ…

Ինչքա՜ն գեղեցիկ են պատերազմները տարել

Մեզ հասնելու ճանապարհը.

Չգաս, որ չկորցնեմ քեզ…

 

Ժ

Քեզ գրկելու միակ ձեռքը

Իմ սիրտն է.

Մնացածը միշտ նոյնն է,

Նոյն վերջաբանով…

Ես տեսայ, թէ ինչպէս էի

Արագ – արագ հագնւում,

Երբ պատուհանից անդին

Մթի մկանները ներկում էին առաւօտը։

Ի՜նչ լաւ են հեռանում կանայք,

Իրենց թողնելով տղամարդկանց աչքերում՝

Մի քիչ մերկ ու մի քիչ մեղաւոր…

 

ԺԱ

Մենք տեղաւորուեցինք

Միմյանց յուշերում՝

Դու երկնքում,

Ես հողին կանգնած.

Հնչում է մի նոր մենութիւն՝

Թեւերերը թողած խրամատում…

 

ԺԲ

Իմ երակներում հոսում է կապոյտ արիւն,

Եւ միայն լեզուս գիտի համը նրա…

Բայց դու, միայն դու կարողացար

Պոկել ինձ՝ ինձնից,

Ու գիշերը լաց եղաւ

Դատարկ բնիս վրայ…

 

ԺԳ

Կորցնելու ոչինչ չգտայ,

Այն, ինչ ունեմ՝ քոնն է,

Մնում է արտագրեմ ինձ…

Մթագնած ամպերը ձիւն են տռզել

Ու սահում են երկնքի աչքից,

Չլսելով անգամ, որ ներքեւում՝

Չասուած բառի համար

Դողում է ծառը…

Գրկեմ քեզ՝ երկուսով լցուենք

Լռութեան մէջ…

 

Հունվար, 2023

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։