Բագրատ ԱԼԵՔՅԱՆ
ԵՌԱԲԼՈՒՐ
Լուռ, ոգիացած
Դափնեքայլերով
Սար է բարձրանում
Գերեզմանը բաց:
Լեռնացած մարմնի
Ոգին ծածկ չունի.
Զինվորի սիրտն է
Պսակն հայրենի:
ԵՐԿՆԱԾՈՎԵՐՍ
Լույս ծովս Վանա`
Գրկում Սևանի.
Հոգին հոգու հետ`
Ոգեկյաց մարմին:
Աչքից աչք թռչող
Սրբապատկերներ,
Էն Վանում հեծող
Սևանա իմ սեր:
Ետ փռեք ձեր սև
Թևերն արնամած,
Երկունքով լցրեք
Ծովեր ու ցամաք:
«Ոչ ոք կենդանի
Մահից չի անցնի».
Իմ գրչով ջնջեք
Տողերն այս վայրի:
ԷԺԱՆՈՒԹՅՈՒՆ
Հենց հեռացնում եմ
Մատներս իրարից`
Գահավիժում են
Աստղերն երկնքի:
Որ էժան, էժան,
Աստծուց էլ էժան`
Ընկնում է երգը
Վիհերն անսահման:
ԱՍՔ
Կոտայքցու սիրով
Սուլուզաղա՜, Սուլուզաղա՜,
Դու մոռացված իմ նախնացավ,
Աստված անցորդ, դու հարընթաց`
Ճակատագիր վերադարձյալ:
Դու ջրարբի զարդատարերք,
Ահասարսուռ մթին շողակ,
Դու շարեշար ասքի զսպում,
Ոգիների ամուր գգվանք:
Դու մշտանոր փոթորկավոր,
Անզուսպ բացվածք իմ բիբերի,
Քեզնից անմահ եմ բաժանվում,
Էլ ինձ հետ ինձ ցավ մի՛ բերի:
Սուլուզաղա՜, Սուլուզաղա՜,
Քեզ խորախոց մահերգ չկա,
Քեզ ընտրելու, ընդգրկելու,
Քեզ լռեցված պահել չկա՜…
ԵՐԳԻ ԱԼԻՔ
Մի աչքս` ես, մի աչքս` դու-
Մենասարսուռ դեմքիս վրա.
Հազար երկինք են դատարկում
Ու չեն լցվում օվկիանաբար:
Իսկ մի ճահիճ` հեռու – մոտիկ,
Որ երկնում` չի ծնում երբեք,
Աղերսում էր Աստծուց գալիք`
Մի երկնավոր երգի ալիք:
ԵՐՆԵ՜Կ, ԵՐՆԵ՜Կ
Լուսնի խարխուլ, ծակ տաշտակում
Ոստնում, սարսում, երազում եմ.
Երնե՜կ, երնե՜կ մայրս ետ գար,
Ինձ լողացներ գոլ ջրերում,
Հետո փռեր բաց երդիկին
Ու մոռանար, անուշ քներ:
Առավոտը արեգնանար`
Ինձ տուն տաներ, ինձ մայրանար:
Լուսնի խարխուլ, պաղ տաշտակում
Դեռ դողում եմ ու հեկեկում…
Երնե՜կ, երնե՜կ:
ԿԱՐԿՈՒՏԸ ԳԼԽԻՆ
Լեռը չի կարող ամպն այն պահել,
Որ իմ բիբերից կախվել է ահեղ:
Հեռու ափին եմ` հար մերժվածների,
Որ շունչ, հնչածեղ գրպանում չունի:
Որ խաչն համբուրում, սուզում է ծովը,
Եվ խաղաղվում է փոթորկավորը…
Ինքը բազմել է ամպի շալակին,
Գնում է հավերժ` կարկուտը գլխին:
ՄԱՆՈՒԿ ԷԻ ԵՍ
Այդ ինչպե՞ս, այդ ե՞րբ
Ծովերն համբույրիդ
Անապատացան:
Խոստովանանքս
Ավազե ծամոն
Դարձավ հողմերին:
ԳԵՏԻ ՍԻՐՏԸ
Գետն իր զուլալ սկիզբն առնում`
Ձև է ընտրում, առաջ մղվում:
Գիրկն է առնում այս մի ափով
Ծիրն` ընդառաջ իրեն վազող:
Հևքը թողնում է քարերին,
Որ ադամանդ կապի ճամփին:
Որ զույգ ափերով պինդ փարվի`
Սուրբն իր պահած` հողն հայրենի:
Որ պոետի այս գրվածքին
Ավելացնի ծովն երկնածին:
Որ երգն այնքան զուլալանա,
Որ գետի սիրտը շողշողա:
ՑՆՈՐԱԿԱՆ
Նայում հեռուն – ջահե՜լ, ջիվա՜ն,
Նայում մոտիկ – ծերանում եմ:
Կողքիս փոքրիկ բլուրն ելել,
Ինքն իրեն սար է հռչակել…
ՏԱՐԵԴԱՐՁԻՍ
Քրոջս` Հասմիկին
Իր ձեռքի հացը քույրս ուղարկեց,
Մայրս լողացրեց անմեռ ջրերում,
Հայացք – հենակն իր հայրս ժառանգեց,
Որ ձգվում է դեռ ու չի ավարտվում:
Ինձ նոր արցունքներ հին սերը բերեց,
Օտարը գերեց իմ եղբոր հոգին,
Ով քարի հասավ` նա ինձ քարկոծեց,
Դավանափոխվեց ընկերս անգին:
Եկան դիմակով ու անդեմ անցան`
Ծաղկանկարն իմ չտեսան դեմքիս,
Լուռ կարեկցանքով Աստված էլ անցավ`
Ապավինելով հայտնի անհայտին…
ՀԱՎԱՏԻ ՄԱՀ ԻՆՁ ՉԿԱ, ՉԷ՛
Կյանքս անցավ – կյանք չդարձավ,
Ես իմ կյանքը չփրկեցի,
Մենակ թողի` անփորձ, անբավ,
Ապրող չկար` ուր գնացի:
Երկու քարի տակ մնացի`
Խաս անկողնում անեզրական.
Թե մահն անգամ իմ գլխին տան`
Հավատի մահ ինձ չկա, չէ՛…
ՏԱՂ
Ճակատագրի հրայրք,
Թռչող զատկածաղիկ,
Հարատևող պսակ,
Երգող իղձ ու կարիք:
Հոգու մեջ դատարկեք
Հրաշքն` ով այն տեսավ,
Եվ երազն այն պահեք,
Որ վառվեց ու անցավ:
ՁՅՈՒՆԵ ՄԱՅՐԱՄՈՒՏ
Լուսնի մեղսավոր
Մերկաճաղերից
Արևս ձյունեց:
Սառույց կապեցին
Հաճախանքները
Երգաշքերթիս:
Անանց վարժանքում
Հավետ կորցրի
Հասունությունն իմ:
Դեռ սիրտս ձյունեղ`
Կայծկլտում է լուռ
Մայրամուտի դեմ:
ԲԱՆԱՍՏԵՂԾԻՆ
Լուսեղ, կենդանի
Անվերջությունն եմ
Փնտրում քո երթի:
Դու կուրծքդ բռնած
Մեռնում-հառնում ես`
Անհագ ծիծաղից:
ԴԱՏԱՐԿ ԷՋ
Դեռ մի մատ մանուկ` կաթից կտրեցին,
Ոսկեփոշու մեջ զատեցին սիրուց:
Մի պուտ արյունից,
Արցունքից սերված գրից ջնջեցին:
Ինձ ժամից տարան`
Թանաքե ջրհորն հավերժ կախեցին:
Իմը մի կյանք էր`
Յոթմահուբերան կերան, ժայթքեցին:
Անտերներն եկան`
Գիշերը անտեր մեռել թաղեցին:
ՄՈՐՄՈՔ
Փոշին` փոշու փառքի ծարավ`
Վազող քամու գիրկը թռավ,
Ելա՜վ, ելա՜վ, երկինքն անցավ,
Աշխարհն անտեր` նա տեր դարձավ:
Բայց այստեղ էլ` հաշտ հարթություն,
Չկար աստված, աստվածություն.
Շպրտեցին նրան վերից,
Մի տող մնաց խոր մորմոքից`
– Արդարությո՜ւն ամենեցո՜ւն…
ՎԱՌՎՈՂ ՍՊԻ
Իմ սրտի այտին, իմ խեղճ անփորձի`
Հրեշտակի սիրով, իմ մոր հրեշտակի,
Համբույրները պաղ ու դալկատարած
Մաշվեցին անշյուղ, անհուշ հալվեցին:
Շանթաշեղջը գաղջ…
Վշտի անհատակ խորք ու բարձունքից
Դժնի ճայթանքով խողխողեց հոգիս.
Իմ դեմքին վառվող այն սպին մնաց:
ՔԱՌԱՏՈՂԵՐ
***
Մենությունը ամենակույր
Ինձ հետևում էր ամենուր,
Լույս մատանի դրի մատին`
Աչքիս մեջ է հիմա ապրում:
***
Դրսից եկար` դրսից երկար մնացիր,
Ջորու քացին ամլացավ քո ճակատին,
Էլ մնայուն քո ձայնն ո՞ւմ է հմայում.
Գնա, պոե՛տ, մեռյալ ծովում քարացիր:
***
Սրտիս նման ձեռքս անեղծ
Թղթին չհասավ, չբաբախեց,
Այրվեց, հանգավ արևն հոգուս,
Մոխիրն արագ… թագադրվեց:
***
Անձեն, անեղել
Հուշերն են ծխում.
Դժոխքն հեռվից է
Դրախտ երևում:
***
Թե համբուրվելիս թևերդ ընկնեն,
Երկնելու պահին` քո ճիգ ու ջանքը,
Ուրեմն, պոե՛տ, քեզ մայր չի ծնել`
Դժոխքում փնտրիր քո անրջանքը:
***
Ինձնից ո՞վ միայն չհիասթափվեց`
Ընկերս, սերն իմ, արեգակն անգամ.
Անշունչ երկինքը իմ վրա փլվեց,
Դատարկությունը ինքնիրեն զնգաց:
***
Ով դու խոսքի լռին բերան,
Ոգեշունչդ առան թաքուն,
Փոսի մեջ նոր փոս փորեցին,
Վարար գետով ձայնդ տարան: