Լիանա Շահվերդյանը պատկերավոր մտածողությամբ, զգայուն բանաստեղծ է, արձակում՝ հրաշալի պատմող։ Նրա նախորդ ժողովածուները՝ «Բազմակետ…» (2015 թ.), «Հուսահատության գարուն» (2018 թ.), միանգամայն ինքնատիպ, ուշադրության արժանի գրքեր են, և երկուսում էլ հեղինակը ներկայացել է միաժամանակ բանաստեղծությամբ ու արձակով։ Արմատներով Թիֆլիսից, Լիանան իր մեջ կրում է մանկության հին Թիֆլիսի հայազգի երևելիներ Գայանե Խաչատրյանի և Սերգեյ Փարաջանովի անզուգական-մոգական արվեստներով հագեցած կոլորիտը, որտեղից ծլարձակում է նրա բանաստեղծության հունդը։ Պատմվածքներում Լիանան մտածող, հոգեբանական շերտերի մեջ խորացող, կերպար ստեղծող և շնչավորող արձակագիր է՝ սուր դիտողականությամբ օժտված։ Այս դիտողականությամբ է նա, ինտուիցիայի և պատմական անցյալի իրողությունների փաստական համադրությամբ, հայտնի ու անհայտ անունների կյանքի գծերը բերում-զուգադրում վերջերս լույս տեսած իր «Ձեռքեր-գետեր» վեպում, որն առանձին ուսումնասիրության արժանի գիրք է։ Ռուսագիր Լիանայի մտածողության, աշխարհընկալման առանցքում շատ որոշակի է ազգային ինքնագիտակցությունը, իր հայկականության ու մայրենի լեզվի, սեփական արմատների մասին վկայությունը, որն արդեն «Արևի երազները» խորագրով ժողովածուի մեջ նոր երանգներ է գտնում։ Ի դեպ, «Ձեռքեր-գետեր» խորագիրը նաև այս գրքի բանաստեղծական չորս շարքերից մեկի վերնագիրն է, գտնված մետաֆոր, որի միջոցով ձեռքերի ափերում քարտեզագրված ճակատագրի գծերին միախառնված մազանոթների ու երակների արյան գետերը ասես ձեռքերի օվկիանոսներ են սնուցում «ուրիշ արևների համար»։
Իր հնամենի լեզուն, որպես օտարներին «անհասկանալի հայոց բարբառ», Լիանան անվանում է «հեռավոր կողմնացույց», (էջ 12)։ Սա բանալի գիտելիք է, որի բանաձևն ակունքից բխող ջրի պես պարզ է. «Ցեղի ուժը //աղբյուրի ջուր է՝ // բո՛ւն ակունքից», (էջ 8)։ Սրա առևանգումը՝ համակարգը կրող Արա արքայի սիրտն առևանգելու փորձով, չէր հաջողվելու անգամ մեծն ասորուհուն։ Իսկ բաբելոնյան նոր աշտարակաշինության հանդիման Լիանայի հարցը ներքին պատասխան է որոնում արդեն սեփական գրի ակունքում. «Ի՞նչ լեզվով են երազները։//Իսկ ճշմարտությո՞ւնը…», (էջ 44)։
Լիանան հարց տալու վարպետ է…
Իրականության և երազի, մղձավանջ-մոռացումի միախառնումով են հոսում Լիանայի ձեռքեր-գետերը, «…դա երազ չէր.// պատերազմ էր աշխարհում–//բոլորը՝ բոլորի դեմ…», (էջ 26)։
Խավար գիշերվա միջից – ճերմակ ձյուն,//Ճերմակ ձյան միջից – կարմիր ծաղիկներ,//Կարմիր ծաղիկների միջից՝ մոխիրը մոռացության.
……………………………………………..
Ի՞նչ գույն ունի մոռացությունը… (էջ 15)։ Գուցե շեքսպիրյան հանրահայտ՝ «Ի՞նչ կերպ երազներ մեզ այցի կգան…» հարցի արձագանքը փնտրենք Լիանայի այս վերջին հարցի մեջ։ Թերևս։ Այսուհանդերձ, Լիանայի հունն ուրիշ տեղում է՝ հաստատապես իր հավատի ակունքներում…
«…Ինձ լռություն է պետք…//Ինձ Քո ձայնն է պետք այդ լռության մեջ,//որպես հենարան՝ կարգավորելու համար մարմինս։//Կարգավորիր քաոսը գլխում և մարմնի մեջ -//գաղափարը դուրս կթռչի//կեցության անծանոթ կետից…//Մեծ գիտելիք է չիմացությունը։//Մեծ է Կամքը Քո…», (էջ 60)։
Լիանայի հայտնության մեջ, Մագթաղինացու վերհառնումով, առաջին քրիստոնյա կինը որպես քրմուհի է կանգնում Արարչի առաջ՝ բերելով իր ընծան… «Ընդունիր հզոր բնին Քո Ծառի// բացված ծաղկունքի ջրվեժի ոսկին», (էջ 52)։ Իսկ «Սրտի ճաքեր» բաժնում Լիանայի այդ ընծան զոհողությունն է՝ առանց որի ոչինչ չես փրկագնի։
«…Կրծքիցդ բաց թող թռչունին,//թռիր նրա ետևից այնտեղ,//ուր զուգահեռները //խաչվում են զոհողության մեջ,//և չասվածի նոտաներն են թառած//բարալիկ լարերին…», (էջ 24)։
Ի վերջո, «Կյանք չկա առանց օդի։//Օդ չկա առանց զոհողության…», (էջ 25), այս և բազմաթիվ խտացումներով է մեզ ներկայանում բանաստեղծուհի Լիանա Շահվերդյանը. «…մոլախոտն էլ տեսակ է՝ //առանց հիշողության…//արագ է աճում,//կառչում է մահացո՛ւ», (էջ 29), իսկ սրանք բանաստեղծական տեքստից էլ առանձին ապրելու իրավունք ձեռք բերող տողեր են, ինչպես որ արծաթասիրությունը՝ առանց Հուդայի անունը տալու, որ «լույսի խոտորման ծնունդ» է ըստ Լիանայի, (էջ 29)։
Եվ որքան որ պատկերավոր, հաճախ նույնքան էլ անսպասելի են հեղինակի անցումները, ինչպես որ կերպարները «Փողոցների լաբիրինթոսներ» շարքում, որտեղ «Մոռացումն իր օրենքներն ունի…», (էջ 39)։
Սա մասն է միայն,//ընդամենը՝ երազներ,//ուր ձեռքերը ձգվում են թռչուններին,//թռչունները՝ դեպի ձեռքերը…//Երկինքը մեզ միավորում է…//Ամեն անգամ ցնցվում եմ մտքից,//որ թռչելը մոռացել եմ.//գուցե //թևե՞րս են խոցել//վերջին պատերազմում… Ամեն անգամ մեռնում եմ,//երբ թռչում եմ//վերջապես…(էջ 14)։
Լիանա Շահվերդյանը, որ մեզ այստեղ ներկայանում է իմ թարգմանությամբ, իր՝ գենետիկորեն հայ բանաստեղծությամբ և արձակով առանց միջնորդվելու է ներկայանում ռուսալեզու ընթերցողին, և սա, անշուշտ, իր դերակատարությունն ունի այդ ընդարձակ լսարանի համար առավել ընկալելի լինելու իմաստով։ Իր մտքի ռուսերենով նա հրաշալի է աշխատում բառի հետ՝ ասոնանսային հնչյունախաղերով առանձնահատուկ հմայք հաղորդելով իր բանատողին։ Խոսում է՝ ինչպես միայն բանաստեղծներն են խոսում։ Ազնիվ է ինքն իր հանդեպ։ Ուրեմն և՝ թող բանաստեղծորեն օրհնված էլ լինի այս գրքի ճանապարհը, հասնի իր ընթերցողին, ու բարձր լինի նրա թռիչքը…