Գվատեմալացի մանկավարժ, գրող, խմբագիր, մշակութային գործիչ: Ծնվել է 1977 թ., Ագուակատանում (Գվատեմալա): «Voces Convergentes» գրական ամսագրի և «Cafeína Editores» հրատարակչության տնօրենն է, Ագուակատանում պոեզիայի միջազգային փառատոնի հիմնադիրն ու կազմակերպիչը: 2022 թ. արժանացել է Կլեմենս Յանիցկիի անվան IANICIUS մրցանակին՝ ականավոր պոեզիայի և միջազգային մշակութային գործունեության համար:
XXXII
Տերևների շարժումը, գիտեմ, մատնում է քամուն:
Շոյանքներից հետո նույնը չէ ոչինչ:
XXXVII
Հասակ առնելուն պես՝
ես, իհարկե, դադարեցի երեխա լինել:
Մի թիթեռնիկ եմ տեսել ու ջանում եմ հասնել նրան:
XVI
Օրվա մեջ ես պայքարում եմ ամենի ու ամենքի հետ,
լրատվություն եմ հաղորդում,
մեռած ձեռքեր եմ սեղմում, կեղծ
ձևեր բռնում լայն ժպիտով,
ստորագրում եմ թղթեր, անձրև
է գալիս, բայց
ես չեմ թրջվում,
շատ բան վերապրած ուրվականի պես մտնում եմ դռնով,
նստում եզրին մահճակալի։
Անձրևը ե՛ս եմ։
XLII
Թիթեռը նստում է ձեռքիս։
Նա ինձ իր գույներն է տալիս,
շերամաորդի իր երազները,
թռիչքը նրանց թևերի։
Հետո գալիս է գիշերն ու ցավն անցկացնում:
Ծնունդ է առնում մի ուրիշ թիթեռ։
Խաղաղ լուսիններ
Թռչունները ժամանակն են կողոպտում:
Շերամաորդերը մեր ցավերն են հագցնում:
Ծովն իրեն զույգ չի գտել իր հավերժական պարի համար
Դեռ: Զբոսանքն իմ ի՞նչ խաղաղ լուսիններ են հիշելու:
Ժամանակը
Ժամանակը՝ կողոսկրի վերք,
Մոռացության շրջաններից մթնած՝ սևին տվող արցունք։
Ժամանակը մեռյալների
Թաքուն ծիծաղն է, որ պառկած են բետոնե ժամերի մեջ։
Բաբախյունն է նա մի բռունցք
Դարձող սրտի՛,
Որ ստիպում է ինձ ուղիներն այժմու հյուսել՝
Ալգորիթմիկ ճշգրտությամբ։
Ծովն ու ժամերի խավարը
Ճայերը թրև գալիս լողափին՝
մանկության լույսն են փնտրում ավազի։
Սիրենների երգն է պահում ավազն հիշողության մեջ։
Սիրենները՝ կամակոր հարսնացուներ,
թևավոր ձկան իրենց էությամբ
ճամփորդում են միշտ ուրի՜շ ծովերով։
Ծովեր, որ պահում են լույս ու երգեր ու հիշողություն,
որով ես ամեն-ամեն օր դեպի
ժամերի խավարն եմ վերադառնում։
Թարգմանությունը՝ Էդուարդ ՀԱՐԵՆՑԻ