ՀԱՅՐԵՆԻՔԸ ԽՐԱԽՃԱՆՔԻ ՍԵՂԱՆ ՉԷ ՄԻԱՅՆ, ՆԱԵՎ ԶՈՀԱՍԵՂԱՆ Է

Սամվել ԿՈՍՅԱՆ – Արցախյան պատերազմի տարիներին եղել եք Նոյեմբերյանի տարածաշրջանի առաջին ինքնապաշտպանական ջոկատի ստեղծողն ու ղեկավարը, մասնակցել մարտական գործողությունների: Մահվան մոտիկությունը ի՞նչ նշաններ է թողել:
Սամվել ԲԵԳԼԱՐՅԱՆ – Չզարմանաք, բայց պետք է ասեմ, որ մահվան մոտիկության զգացողությունը ես նաև մինչ այդ եմ ունեցել, դեռևս մանկության և պատանեկության տարիներին: Մենք ապրում էինք մի բնակավայրում, որից ընդամենը 500 մետր հեռավորության վրա, այսպես ասած, Սովետական Ադրբեջանի մի քանի թրքաբնակ գյուղերն էին: Հասկանալի է, որ նույնիսկ դանակահարութան հասնող տուրուդմբոցներն անպակաս էին, սակայն դրանից չէր «մահվան մոտիկության» զգացողությունս: Տատս արցունքահոս աչքերով հարյուր, հազար անգամ պատմել էր, որ իր երկու խաշնարած տղաներին (հորեղբայրներիս) 1918 թվականին թուրքերը գողացել էին հանդից, կապել ծառին, մորթազերծ արել և պարկի մեջ բերել, դրել են իր տան շեմին: Ասում էր նաև, որ այդ արյունարբու շներից մեկը ապրում է հարևան Բաղանիս-Այրում գյուղում: Այդ գյուղի կողմից մշտապես զգում էի մահվան, արյան, ոճիրի մոտիկությունը: Իսկ ինչ վերաբերում է ինքնապաշտպանական մարտերին, ապա գոյամարտին երբևէ մասնակցածները գիտեն, որ եթե ի ծնե վախկոտ ու երկչոտ չես, ապա պատերազմը մաշկիդ վրա զգալուց հետո այլևս վերանում է սարսափն ու մահվան մոտիկության զգացողությունը, առավել ևս, որ առանց պատերազմի էլ միշտ էլ մտածել և ունեցել եմ այն զգացողությունը, որ յուրաքանչյուր մարդ «մահ ամենազորին» միշտ կրում է իր հագուստի տակ, իր գրպանում, և նա ցանկացած պահի կարող է հանել գլուխն ու պարզել «գերանդին»… Ասելս այն է, որ ան­մտություն չէ՞ արդյոք կաշկանդված լինել անխուսափելիի մոտիկությունից: «Մահվան մոտիկությունը» միշտ է եղել, բայց վախ կամ նշաններ երբեք չի թողել: Եթե «մոտիկությունը» ինձ տակն աներ, ապա այս տարիքում քառօրյային չէի մասնակցի և ոչ էլ կկամավորագրվեի վերջին պատերազմին:
Ս. Կ. – Ազերին նոր պատերազմ հրահրեց Արցախի դեմ՝ կռվի դաշտ բերելով Թուրքիային և ահաբեկիչների: Մի՞թե այսքան փորձությունները շատ չեն մի ժողովրդի համար:
Ս. Բ. – Հո հենց այնպես չի ասված. «Հայի վերջին խելքն իմը լիներ»: Սակայն, ինչպես տեսնում ենք, «վերջին խելքն» էլ մի բանի նման չի: Երկրի չորս առաջին դեմք ենք ունեցել, շարունակ «առաջին ու վերջին, թալանչի ու դավաճան» ենք գոռում, բայց ի՞նչ ասես, երբ անկախության 30 տարիների ընթացքում չկարողացանք աշխարհին ապացուցել մեր արդարացիությունն ու ճշմարտացիությունը, որը նույնիսկ ապացուցման կարիք չի զգում: Ուրեմն ի՞նչ անկախություն, եթե չենք կարողանում դե յուրե դարձնել մեր դարավոր, պատմական իրավունքը: Անկախությունը դարավոր երազանք և ոգեղեն արժեք է բոլորիս համար, սակայն թող մեկն ապացուցի ինձ, որ այն երկիրը, որը չունի ՈՒԺԵՂ ԲԱՆԱԿ, ՀԶՈՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՃԿՈՒՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ, անկախություն կոչվածը նրա համար լոկ պայմանական հասկացողություն չէ: Տեսեք, միայն խայտառակ պարտությունից հետո են երկրի նախագահն ու վարչապետն ասում, որ պետք է վերաշինենք մեր բանակը: Տեսեք, հզոր տնտեսություն չունենալու պատճառով փոքրիկ դպրոցականներն են իրենց դողացող մատիկներով պաշտպանիչ ցանցեր գործում բանակի համար: Տեսեք, մեր դիվանագիտությունն այնքան կռնատ է, որ Ռուսաստանը Թուրքիայի և Ազերիստանի դիվանագիտական թղթապանակներն է թևի տակ առնում: Փորձությունը պետք է դաս ու փորձ դառնա, սակայն մեր դասը միայն այս կամ այն դավաճանի անունն իմանալն է, որ մատի փաթաթան դարձնենք հազարամյակներ: Կարծում եք՝ այլ ազգերը դավաճաններ չունե՞ն… Ունեն, բայց մեզ համար չեն, քանզի իրենց համար դավաճան՝ մեզ համար «հետախույզ» ունենալը ևս դիվանագիտության խնդիր է: Տեսնո՞ւմ եք, ինչքան շատ են մեր դավաճանները… Մի՞թե դա մեր թշնամիների սիրահոժար և առատաձեռն դիվանագիտության արդյունք չէ:
Ս. Կ. – Ըստ Ձեզ՝ «Հայրենիքի մասին խոսելիս վերջում միշտ պետք է բազմակետ դնել…»: Ինչո՞ւ:
Ս. Բ. – Այո՛, իմ հարցազրույցներից մեկում եմ դա ասել: Չեմ կարող ընդունել այն մարդկանց, ում համար Հայրենիքը ավարտվում է իր դղյակով, շքեղ ավտոմեքենայով, սեփական հյուրանոց-ռեստորանով: Այսինքն, եթե Երկիրը իրեն այսքանը ու դեռ մի բան էլ ավելի տալիս է, ուրեմն նրա «միսիան» ավարտված է, ինքն էլ՝ բավարարված, մինչդեռ Հայրենիքը իր դժբախտության, իր ձախողման մեջ անգամ պետք է մեզ համար շարունակական լինի, բազմակետվի… Այդ բազմակետերը հույսի գնդիկներ են, որ վաղը Շուշին դարձյալ մերը կլինի, որ վերջապես մի օր ոչ թե իրար հայհոյող, այլ «նախկին» ու «այժմյան» ղեկավարներ կունենանք: Բազմակետը օրերի շարք է, ժամանակի տիկ-տակը, և պետք է միշտ մտածենք, որ հենց վաղը, հաջորդ օրը, հենց ժամանակի հաջորդ պահը կարող է մեզ համար ամենավճռորոշն ու ամենաերջանիկը լինել, դարերի երազանքի իրագործում: Ձեր նշած մտքիս շարունակությունն է նաև, երբ ասում եմ, որ ՀԱՅՐԵՆԻՔԸ ԽՐԱԽՃԱՆՔԻ ՍԵՂԱՆ ՉԷ ՄԻԱՅՆ, ՆԱԵՎ ԶՈՀԱՍԵՂԱՆ Է: Ասել կուզի, որ միշտ պատրաստ պետք է լինենք այդ բազմակետերով անձնազոհության գնալուն, որը և կարող է ինչ-որ չափով նպաստել Հայրենիքիդ համար նոր էջ բացելուն, բախտորոշ օրվան, նոր սկզբին… Վերջակետը ավարտ է, ինչպես բառն է ասում. վերջ, մինչդեռ ո՛չ հաղթանակը, ո՛չ պարտությունը երբեք չպետք է վերջակետել, նամանավանդ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ պարագայում:
Ս. Կ. – Դուք հաջողել եք սահմանամերձ շրջանում գործող թատրոն ունենալ: Հատկանշական է, որ այդ թատրոնում և՛ բեմադրիչ եք, և՛ դրամատուրգ ու դերասան: Դժվար չէ՞…
Ս. Բ. – Թատրոնն ինձ համար կենսագրություն է: Արդեն 60 տարի է՝ բեմում եմ: Մեկ տասնյակից ավելի բեմադրված դրամատիկական գործեր, 40 բեմադրության ռեժիսոր, 50-ից ավելի դերակատարում, մանկական թատրոն, փառատոներ, մրցանակներ… Երբ մի բան խառնվում է քո արյանը, զարկերակ ու գերճնշում կամ թերճնշում է դառնում, շնչառությունդ է դառնում, քնում-զարթնում, հոգնում ու զվարթանում, պարտվում կամ հաղթում է քեզ հետ, այլևս նա քեզ համար դժվարություն չէ: Չեմ ընդունում, երբ դերասան կամ դերակատար են ասում. դեր «ասելը» կամ դեր «կատարելը» շատ դյուրին գործ է, նույնիսկ առօրյա կյանքում են շատերը հաճույքով դրանով զբաղված, մինչդեռ պետք է ոչ թե «խաղալ», այլ քայլել, շարժվել, շնչել ու մտածել, դառնալ ու լինել ՆԱ: Երբ «խաղաս», դու կլինես, բայց խաղդ մի օր կվերջանա, իսկ երբ ԱՊՐԵՍ, ԴԱՌՆԱՍ ՆԱ, ապա կլինես միշտ ու կապրես նաև քեզնից հետո…
Ս. Կ. – Ձեր կապը բնության հետ հաճախ սրտառուչ երկխոսություն է հիշեցնում: Արդյոք բնությանը կարելի՞ է նաև Ձեր որոշ ստեղծագործությունների համահեղինակ համարել:
Ս. Բ. – Երբ գրիչը ձեռքիդ ամենաշքեղ աշխատասենյակում, ամենափափուկ բազկաթոռին չես նստած, այլ՝ մի չեչոտ քարի կամ հողակոշտի վրա, երբ քայլում ես ծմակով, և հաճարենու ճյուղը սիրատոչոր աղջկա նման թևանցուկ է անում քեզ, երբ ծառից կաթող տերևը թախծոտ օրվադ արցունքի կաթիլն է դառնում, երբ կեսգիշերին գիշերահավի ծկլտոցը տողիդ մի հանգն է արդեն, իսկ ծղրիդը զահլեդ տանում է իր մի քիչ ձանձրալի երգը լսելու հրավերով, երբ Լուսինը նանիդ թխած գաթան է թվում, իսկ աստղերը՝ թոնրատան կայծեր, երբ Արևը լեռների կոպերի տակից է զարթնում և քնելու է գնում սեգ ժայռերի գրկում, երբ քայլում ես, քայլում և ողջ օրվա ընթացքում ո՛չ դուռ ես բացում, ո՛չ էլ ծածկում, ապա, ուզես-չուզես, բնությունը համահեղինակ է քեզ, և գրածիդ տակ նրա ստորագրությունն էլ պետք է դնես…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.