Հրադադարից հետո, երբ ազերիների վերահսկողության տակ են անցել Թալիշը, Մատաղիսը, հատվածներ Մարտունու, Ասկերանի շրջանից, համաձայնագրով՝ Շուշին, Հադրութը և անվտանգության գոտու շրջանները, մեր երկիրն այսօր հայտնվել է ներքին և արտաքին ճակատագրական բազմաթիվ մարտահրավերների առջև: Խնդիրն այն է, որ եռակողմ հայտարարությամբ պայմանավորված տարաձայնությունների պարագայում առաջացել են հարցեր, որոնց լուծումներն էականորեն կարող են անդառնալի ու բախտորոշ լինել: Պատերազմը չի ավարտվել, այլ ժամանակավորապես տեղափոխվել է դիվանագիտական դաշտ: Մի բան պարզ է, որ պարտված վարչապետը անկարող է բանակցություններն ի շահ Հայաստանի վարել, քանի որ փաստացի նրան արդեն իսկ չի հաջողվել խուսափել հայտարարության կապիտուլյացիոն բովանդակությունից: Մի կողմ թողնելով հանգամանքները, թե ինչ պայմաններում է Փաշինյանը տխրահռչակ համաձայնագրի տակ իր ստորագրությունը դրել, այն էլ պատերազմի քառասունչորսերորդ օրը, այն դեպքում, երբ, ըստ ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Օնիկ Գասպարյանի, ինքն արդեն պատերազմի չորրորդ օրը ներկայացրել է ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը, նշելով, որ երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է պատերազմը կանգնեցնելու միջոցներ ձեռնարկել, հակառակ դեպքում՝ նման ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում, մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, ինչը նշանակում է, որ դիվանագիտական հմուտ գործունեության շնորհիվ հնարավոր կլիներ ավելի քիչ զոհերով և Հայաստանի համար առավել նպաստավոր պայմաններով հասնել հրադադարի: Բայց այժմ ունենք այն, ինչ ունենք, և, չգրված օրենքով, իրավիճակը գնահատել չկարողացող և պարտված ղեկավար կազմը պիտի հրաժարական տա: Նոր ուժեր են պետք, որոնք ընդունակ կլինեն դիմագրավելու աշխարհաքաղաքական երբեմն կոշտ ու բռի մարտահրավերներին, քանի որ գերհզոր տերությունների շահերի բախման խաչմերուկում, հավանական աղետյալը միշտ էլ փոքր երկրներն են:
Ռուսաստանին պետք էր իր զորքը տեղակայել տարածաշրջանում և Ալիևի համաձայնությունը ստանալու համար խոստացավ ամեն ինչ, դույզն-ինչ չմտահոգվելով, թե ընկճախտի ինչ կործանարար ալիք է ուղղում հայերի կողմը: Ռուսաստանը նույնիսկ այս իրավիճակում իր ռազմավարական ծրագիրն իրականացրեց հայերի ու Հայաստանի հաշվին: Կկարողանա՞ Մոսկվան ապահովել արցախցիների անվտանգությունը, կուլ չի՞ գնա ազերիների և թուրքերի ճնշումներին: Արդյո՞ք 2000-անոց զինկազմը ի վիճակի է իրականացնել այն մեծ պատասխանատվությունը, որ ստանձնել է: Ձախողելու դեպքում ի՞նչ հետևանքներ են հնարավոր: Սակայն այս ամենն ապագայի օրակարգից են: Այժմ այնպիսի իրավիճակ է, որ մի քանի օրվա էյֆորիայից հետո, «հաղթած» Բաքուն և Անկարան նույնպես սկսել են անհանգստանալ ու դժգոհել: Թուրքերն ամեն ինչ անում էին, որ Ղարաբաղում հայտնվեն, բայց նրանց ձեռքից վերցրին այդ հնարավորությունը: Խաղաղապահ ուժերի մուտք գործելուց հետո ռուսական հռետորաբանությունը սկսեց փոխվել ու կոշտանալ: Մյուս կողմից էլ՝ ազերիները տարակուսում են, թե եթե հնարավոր էր ողջ Ղարաբաղը գրավել, ինչ իմաստ ուներ խաղաղապահների անվան տակ ռուսական հատուկ նշանակության հարվածային սպեցնազի բարձր տեխնոլոգիաների տիրապետող կոնտինգենտն իրենց մոտ բերել, ինչը վերջնականապես զրկեց ողջ Ղարաբաղն իրենցով անելու երազանքից: Մտածում էին՝ հաղթել են, որ ամեն ինչ իրենց ձեռքերում է, և հարմար պահի կգրավեն Ղարաբաղը, սակայն ռուսական զորքը փաստացի չեղարկեց նրանց նկրտումները, հայերիս համար որոշակի հույսի միջանցքներ ապահովելով: Հիմա կարևորվում է, թե որքանով սթափ, խոհեմ և միասնական կլինենք, որքանով ուժ կունենանք հաղթահարելու պարտության բարդույթը, երբ իրականում մեր զինվորները չեն պարտվել, քառասունչորս օր դիմակայելով ժամանակակից սպառազինությամբ զինված ՆԱՏՕ-ի ամենահզոր զորքին, գումարած բազմահազար ահաբեկիչները: Մեր զինվորներից յուրաքանչյուրն իսկական հերոս է, և աշխարհի շատ բանակներ կուզենային նման զինվորներով համալրված լինել: Մենք դեռ կհասցնենք ըստ արժանվույն գնահատել նրանց սխրանքը, իսկ այս պահին պետք է հրաժարվել դավաճանների փնտրտուքից, միմյանց ամենատարբեր մեղադրանքներով թիրախավորելուց, երբ գերագույն խնդիրը Ղարաբաղի հարցով հայանպաստ լուծման ապահովումն է: Շատերն են համամիտ, որ ելքը Փաշինյանի հրաժարականն է, սակայն Ազատության հրապարակում, ռազմական դրության պայմաններում, հրաժարական պահանջող նախկինների ներկայությունը ապագայի նկատմամբ քիչ վստահություն է ներշնչում: Ազգային ժողովն իրավասու է լուծել խնդիրը, սակայն անհավանական է, որ մեծամասնություն կազմող իմքայլականները դավաճանեն իրենց առաջնորդին: Փակուղին հաղթահարելու հավանական ուղին արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, այն էլ հնարավորինս շուտ, նույնիսկ ինչ-ինչ կանոնակարգեր շրջանցելու պայմանով: Այս մասին պետք է հենց ինքը՝ Փաշինյանը հայտարարի: Ինչ-որ բան փոխելու համար դեռ ուշ չէ, միշտ էլ արդյունավետ է երկաթը տաք-տաք ծեծելը: Ուշացումը կարող է անդառնալի հետևանքների հանգեցնել, հաշվի առնելով թուրք-ազերիների բնույթը, որոնք ամեն պահի միտված են նոր, ավելի եղկելի սադրանքների: Պատերազմն իսկապես չի ավարտվել: Թուրքը չի փոխվել, նույն թուրքն է, և նրանից եկող սպառնալիքներն իրենց անօդաչուների պես դեռ երկնքում են: