– Լույս է տեսել Սփյուռքահայ օտարագիր և հայագիր գրողների խորհրդաժողովի զեկուցումների և ելույթների «Դեպի ակունքը լույսի» խորագրով ժողովածուն, ինչպես նաև հայ կին գրողների ռուսերեն անթոլոգիան: Թեև բովանդակությամբ տարբեր, սակայն երկու ժողովածուների առաքելությունը նույնն է` հայ գրականության և հայ գրողների հանրաճանաչումը: Հետաքրքիր է Ձեր կարծիքը:
– Ես խոստացել էի, որ «Ժամանակակից հայ գրողն ու գրականությունը 21-րդ դարի մարտահրավերների առջև» օրակարգով Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների 6-րդ համաժողովի նյութերը կամփոփենք մի ժողովածուում: Մտածեցինք, որ ամբողջական պատկերացում կազմելու համար նյութերն ու ինչ եղել է օրվա ընթացքում, պետք է ներկայացնել: Ստացվեց սյուժետային մի առանցք, մի կառուցվածք, որի շուրջ հավաքվեցին զեկուցումները, ողջույնի տեքստերը, ելույթները, պոեզիայի շուրջ զրույցները, հարցերն ու պատասխանները, նաև մեր հանդիպումները Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ` Էջմիածնում և Սփյուռքի նախարար տիկին Հրանուշ Հակոբյանի հետ` Սփյուռքի նախարարությունում: Այդ ամենը գումարվելով` դարձավ համաժողովի միս ու արյունը: Նաև խոստացել էինք, որ համաժողովի մասնակիցների ստեղծագործությունները ևս կներգրավվեն ժողովածուում: Առաջին անգամն է, որ մեր համաժողովի նյութերը ներկայացվում են ժողովածուով, որը լավ հիմք է հետագա բոլոր համաժողովների, նաև փառատոների աշխատանքները պատմությանը ժառանգելու համար, ինչը գոհացուցիչ երևույթ է թե՛ մեզ և թե՛ մեր սփյուռքահայ գրողների համար: Ծրագրել ենք ապրիլի 11-ին ՀԳՄ-ում կազմակերպել գրքի շնորհանդեսը: Ապրիլի 11-ը պատահականորեն չի ընտրված: 1915 թ. Կոստանդնուպոլսի հայ մտավորականների, գրողների մի մասին հենց այդ օրն են ձերբակալել: Փաստորեն, սա մեր և սփյուռքահայերի հիշողության այն զանգն է, որ ապրող գրականությունը միշտ պետք է հնչեցնի: Կարծում եմ, այսպիսի ձեռնարկները նաև միավորիչ` հայոց արևելահայ, արևմտահայ լեզվամտածողության, գրական ըմբռնումների միասնական մի քուրա է, որտեղ էլ թրծվում է մեր ժամանակակից գրականությունը: Նաև պիտի ավելացնենք օտարագիր հայ գրողների մասնակցության խնդիրը: Նրանք օտար լեզուներով ներկայացնում են հիմնականում հայոց ճակատագրի կնճիռները` իրենց պապերի, տատերի, ծնողների արյան կանչը: Դա ինչ-որ չափով տարածում է մեր ժողովրդի խնդիրներն այլ ազգերի, այլ գրականությունների շրջանակներում: Վստահ եմ, որ լավ ձեռնարկ է ու անպայման պիտի շարունակվի:
Ռուսաստանաբնակ գյումրեցի Արա Գևորգյանը հայտ էր ներկայացրել «Վան Արյան» տպագրատուն` մեր ժամանակակից և դասական հայ կին բանաստեղծների ստեղծագործությունները ռուսերեն հրատարակելու: Ուրախալի է, որ Ռուսաստանում ապրող հայ մտավորականը, թարգմանիչը քայլ է արել ռուսերեն ներկայացնել հայ բանաստեղծուհիներին: Որակի մասին, իհարկե, կդատեն ընթերցողները, գրականագետները, սակայն այն, որ այդպիսի նպատակ է իրագործվել, խիստ դրական եմ համարում: Դասական հայ բանաստեղծուհիներն արդեն գնահատված են, ժամանակակիցներն էլ, իսկապես, բանաստեղծական լավ ճաշակ են թելադրում, բանաստեղծական որակ են ապահովում: Ես բովանդակային և խոսքի արժեքի տեսակետից տարբերություն չեմ տեսնում` կի՞ն է, թե՞ տղամարդ: Մարինա Ցվետաևայի, Աննա Ախմատովայի և աշխարհի մյուս մեծ բանաստեղծուհիների ու տղամարդկանց գործերն ինչպե՞ս տարբերակել իրենց որակով, իրենց խորությամբ: Չեմ ասում, թե կանանց պոեզիան տարբերակիչ հատկություններ չունի, ինքս հավատացած եմ, կողմ եմ, որ կնոջ հոգու ասելիքն անպայմանորեն տարբերվում է տղամարդկային խոսքից, որովհետև բազում անիմանալի նրբերանգներ, խորքային բաներ կան, որ տղամարդը հաճախ չի էլ զգում: Թվում է, թե տղամարդիկ լավ են ճանաչում կանանց, բայց, կարծում եմ, այդպես չէ: Վկա են բանաստեղծությունները, որ շատ հետաքրքիր են, տղամարդկանց համար անծանոթ, ինտիմ եզրեր են բացում կանացի հոգու, վերաբերմունքի, աշխարհաճանաչողության, լեզվամտածողության առումով: Շատ հետաքրքիր աշխարհ է, որը Արա Գևորգյանը փորձել է ներկայացնել մի գրքով: Հեղինակների ընտրությունն իրենն է, ԳՄ-ն ուղղակի որոշակիորեն աջակցել է գրքի տպագրությանը: