ՔԱՂԱՔԸ / Լևոն Անանյան

AnanyanԵրևան դարձած իմ Էրեբունի…
Պ. Սևակ

1. ԵՎ ՊՈԵՏՆԵՐ, ՈՐ ԵՐԳԵՑԻՆ, ՔԱՂԱ՛Ք, ԱՆՈՒՆԸ ՔՈ…

(Պոետական պոպուրի)

Այս է քաղաքն իմ
երկնահուպ բլրի վրա`
հետերուհի լանջաբաց,
նրա առաջ դժնի` սլացք ու անկում։
Պատմության սկզբից անդին`
Խալդ աստծո մեծությամբ
և ծանր կնիքով Արգիշտիի
(ում ամորձու տակ դեռ ազգեր են բազմանում)
հիմնեց իր թագադիր ոստանը առաքյալ`
ի սարսափ թշնամյաց։
Եվ դարերի կիզիչ խորշակների բորբում
կենտավրոսյան հևքով իր անսանձ ու արբշիռ
(Օ՜, մա՛րդ-նժույգ),–
տասնմեկ անգամ իր ածուն առավ`
անհայտի գիրկը տարավ,
տասնմեկ օժիտ կապեց, տասնմեկ անուն փոխեց,
և ամեն անգամ մի նոր ամրոց`
մինչ երևումը Երևանի…
Բայց զարմանալի խոհուն-խոհեմ`
արմատի խորքը խո՛րը թաղեց,
անգամ թե պորտն իր եղելության
ոմն հրեա Պիատրովսկի պեղեց,
որ գեթ երեսպարզ մի բան թողեց`
գտա՛վ նա խեցին
հայոց հավերժության…
… Արդ, պոետներ բազում, շարվեշարան,
Հա՛ր քո փառքն են երգում, ի՜մ Երևան,
Այդքան ներբող ու ձոն, այդքան օրհներգ, գեղոն,
Պսա՜կ սոնետների ու դի‎‎ֆերամբ…
Տե՛ս, գալիս են նրանք քեզ ընդառաջ–
Վ. Ի. Լենինի հրապարակ,–
Ձգվում ըստ տաղանդի
պատվանդանին անգո,
Տաղասրահ բացում
Փանդիռ-ծնծղաների բամբ նվագի տակ…

* * *
Մեռած քաղաքի փողոցներից մառ,
տենդոտ շուրջպարից ուրվականների,
խեղ ամբոխների հրով արբեցած
(որ սյուք են դարձել, ուրուր ու քամի)`
Չարե՜նցը եկավ`
միաձուլվելու մայր Երևանի փոշուն ու ոգուն.

Երևան,
Աստա‎ֆյան փողոց,
Քնաթաթախ։
Աչքերին` փոշի։
Խաղաղ-խաղող-քաղաք։
Եվ զռռոցը – «Ա՜-ի՜, ա՜-ի՜, ա՜-ի՜»–
Իշու
Էշան
Էշի…

Բայց գիտեր, անշուշտ, դասականը մեծ և Անկրկնելին–
Ինքը ո՞ւր և թե ինչո՞ւ էր եկել,–
Քաղաքը փոշու մեջ ընկած ծաղիկ,–
տարազն արևելից,
բնույթքը` արևմուտից։

Երևան։
Այսինքն` Նաիրի։
Այսինքն` այստեղից սկսած
գնում էր դարերի հեռուն
Հնամյա, հին մի երազ,
Երկիր մի` դարերի ուրու։
Աշխարհի ճամփեքի մեջտեղում,
Ու գալիս են, խառնվում իրար
Արևմուտքն ու Արևելքը հին…

(Եվ շուկայում այդ սանձարձակ,
այսօր, վաղը ու շարունակ.
– Ոտքի՛, Արևմուտքն է գալիս…):

Մենակ չէր եկել Չարենցը,
իր կողքին հրա՛շք մի զորագունդ,–
և խմբանկարն այդ լուսավոր
մեկնարկն էր նոր վերածնության,–
Եվ թաթաբռնուկ մեծերի շարքում՝
Մեծն Ալեքսանդրը,
որ իր սրբազան ձեռքն է, պարզել տե՛ս
դեպք գալիքի ցնորքը կապույտ.

Ինչպես մաքուր մարմարի կապույտ կողին նկարած,
Արևային ժամացույց` քարտեզն ահա քաղաքի,–
Պողոտանե՜ր, փողոցնե՜ր՝ բոլորաձիգ, երկարած,
Իսկ կենտրոնում երկնահաս, գրանիտյա մի բագին։
… Սյունաշարե՜ր, տերրասնե՜ր, աստիճաններ մարմարե
Եվ պարտեզներ ոսկեզօծ, շատրվաններ երգաձայն…
… Ե՛վ մարմարիոն մարմնագույն, և՛ գանգրահեր գրանիտ,
Եվ վարդագույն տու‎ֆաքար, և բիլ բազալտ սրբատաշ…

Հրաժեշտից առաջ
Հայոց քարաշխարհի մեծ գիտակին՝
Դեպի երկինք նայեք մի պահ,
Տեսե՛ք ո՜նց է բազմել արեգակի փեշին.
Բաց թողած Պեգասն արոտի,-
Փստացնում է ծխամորճը՝
շեղահայաց-օտարոտի…
Արդյո՞ք սրտովը չէ
գումակը նոր տաղերգուների,
Թե՞ նոր մուշտի է կրկին
Նա ստացել Երևանից
(Ականջը կանչի մի գրականագետի,
որի անունը այստեղ չեմ հեգի):
Եվ կտակը հիշենք նրա՝ ուղղված մեր գալիքին.
Կառուցելուց առաջ ձեր քաղաքը
Այրեցե՛ք մագաղաթյա մարմինը
Եվ մոխիրը նրա ննջեցյալի հազարամյա
Խառնեցե՛ք ձեր ապագա պարիսպների քարին։

* * *
Հետո եկան նորերը`
տրուբադուրներ մերօրյա,
իծաշարուկ շարվեցին,
քաղքի փեշին փարվեցին,–
բարեբանեցին-օրհնաբանեցին,
փառաբանեցին-փառաքաղեցին,
բանդագուշեցին ու այպանեցին,
վարին-ցանեցին,
ցանին-վարեցին,
մեջն՝ ամեն ինչ՝
և՛ մեռելածին,
և՛ տաղեր, որոնք մարդկա՛նց ապրեցրին…
Նրանց բոլորին ասենք մեկ առ մեկ՝
վարձքներդ կատար,–
Բայց նրանց մեջ՝ բոլորովին հզոր մի ա՛յլ ձայն‎
Բայց նրանց մեջ՝ բոլորովին տարբեր մի ա՛յր ձայն,–
անպարտ ասպետը ինքնաբավ՝
Դավիթ Հովհաննես.

Ա՜խ, լսիր ինձ, իմ շուն, իմ Չալանկ, իմ ձմեռ,
Ես սիրում եմ քեզ, թեպետ որբ ու անտեր,
քո ծծերով ցամաք, քո արգանդով չբեր
դու խե՛ղճ ես, խեղճ մի ձմեռ-քաղաք իջած,
ես համբուրում եմ քո սև դունչը սառած,
բայց փախի՛ր այստեղից, հեռացի՛ր, իմ Չալանկ,
չե՞ս տեսնում ոտքի տակ քեզ տրորում ենք մենք։
(Պատկե՜ր աննման):

Դե՜, իմ ջոջ Դավիթ, դու հիմա ասա՝
Հին Երևանից է՞լ ինչ ես հիշում։

Ֆելլինուհիներին մեր հին քաղաքի,
ում մսերի մեջ, ում գավակներում
և ում ծծերում տաք ու հսկա,–
քո պատանության եռքը կայացավ,
ինչը որ լավ էր – արդեն անցյալ է,
ինչը գարշելի՝ աղբ է առկա։

Իմ Երևանը գերի են առել
մա‎ֆիոզ ու բոզ, չարչի, զառ գցող,
գիջացող ու գող,- բայց է՛լ առավել
ազատ բազարն այն ինքնազարգացող…

Ազգի պոետի, ա՜խ, սիրտն է լալիս,
Երբ քաղաք-յարը հոգին է տալիս…
իր հին կանանց է փնտրում տենդագին…
(Անհնարի՜ն երազ – ու ի՛նչ ծանր գին…)

Բոշի շոր է իմ Էրեվանը հագել,
և «կանաչով» է առևտուր անում…
… զարգանո՜ւմ է իմ Էրեվան – յա՛րը,
և հին բարքերը թողնում է հնում,

… Բարձրանում է – քաղաքային Քամը,
ճարպիկ ու ձեռներեց, չարչի ու ելուզակ,
քաղաքային Քամը – քայլող մի անարգանք,
քաղաքային Քամը – ելած պատի ծակի՛ց

Բայց Չալանկը՝ մնաց –
ու տրորում է
իրեն տրված մի ողջ քաղաք։

… քո ողջ քաղա՜քն է խլել –
քեզնից երկի՛ր է ուզում։

Ձյունախառն անձրևի կեղտաջրերում
Դու ցոլքն ես փնտրում քո հին օրերի…
Քաղաքն այրվող ու քիմիախեղդ,
Ու քաղաքի՛ մեջ, ու քաղաքի՛ հետ
Դառնում ես խանձված մի սև հուշարձան։
Ա՛յս է Հայրենիքն ու Ժողովուրդը քո,
Դավիթ անունով կնքված մտերիմ…

…Երևա՜ ն դարձած իմ Էրեվա՛ ն
… Ես սիրել եմ քեզ – նախկին կյանքում քո այն,
և սիրում եմ հիմա – ատելություն իմ սեր…
(Ինչպիսի՜ անկեղծություն)

Եվ դու ընդլայնում ես քաղաքը քո պոետական ,—
Հավատում եմ, որ Ջրվեժը կդառնա պոեզիայի ուխտավայր…

* * *

Ա՜խ, Վիոլետ, վա՜խ, Վիոլետ Անմրցելի,
Երևանյան տաղարանում այս պատվելի,–
Եկանք, հասանք քո քաղաքին,–
Որքան դաժան, նույնքան և կանացի,
Հիմա ասա, ո՞նց դիմանամ
Բարոյահեղձ ընթերցողի հիացքին ու հալածանքին.

Կարմիր արևից ընկած, Քաղաք ջան,
Կանաչ տերևից ընկած, Քաղաք ջան,
Քամուց ու ջրից քշված, Քաղաք ջան,
նախշուն շորավոր,
պուրպուր զորավոր, Քաղաք ջան,
մատնիքը մատիդ,
բաղնիքը ճակտիդ, Քաղաք ջան,
մեդալը դոշիդ,
աստղերը ուսիդ, Քաղաք ջան…

(Հապա ոճը՛, լեզուն՝
այսքան ճկուն, ճապուկ,
իսկը՝ ջղի կապուկ,–
հո պատկեր չէ՝ դաջվածք)։

… Արեգակ էիր, խավարեցիր, Քաղաք ջան,
մանիշակ էիր, թառամեցիր, Քաղաք ջան…
… Էլ վրեդ մեր ու քուր չի գա,
ա՜խ, վրեդ մեր ու քուր չի գա։

(Իսկը՝ հրաշք, իսկը՝ կույսի կարմիր խնձոր):

Ահա էսքան սիրուն,
էսքան նախշուն քաղաք,
Բայց ի՞նչ եղավ, ասա՛,
քեզ ո՞վ դրդեց, անսի՛րտ,
հելնել տասնվեց հարկ (վերելակո՞վ)՝
աղտոտ ջուրը քաշել զուգարանի…

Էլ ի՛նչ աղտ ու աղետ,
էլ ի՞նչ սոդոմ-գոմոր
սադրած ձեռամբ
գուժկան բանաստեղծի…
Փակե՛ք աչք ու ականջ,
փակե՛ք ծակ ու ծակուռ–
նրբաճաշակ այրեր
և տիկիններ հայոց բարձրաշխարհիկ
և մանավանդ կույսեր, կույսեր անդրդվելի…

Եվ մթության մեջ լափին տալով, բլթբլթալեն,
քլթքլթոցով, դարիվ‎-դարիվ իջնում է,
հարկ-հարկ իջնում է, տուն-տուն իջնում է
Արտաքսյալն ամենայնի՝ արտաթորանքը,
ձեռնաշարժված սերմը, նեխած կերակուրը,
անասելի բառը, հարբածի փսխուքը, կնոջ
ավելցուկ արյունը, մեռելածին կատվաձագը,
(Վա՜յ, մամա ջան),
չկանչված անունը, ճաղատի գաղտնիքը։
… Խլթխլթոցով իջնում ու կոյուղու
սփռոցով տարածվում է Քաղաքի ներքո
ու բշտիկներն է տեղ-տեղ պայթեցնում
գիշերվա ողորկ, լերկ գանգամաշկին…
(Ասա՝ հըբը՛)։

Եվ քաղաքային իր պոեզիայի ձոներգ ընտիր
(ընտրողաբար).
Մենք երկուսս էլ մորեմերկ ենք
կամ հորնջոկ… ընդելուզված՝ կապրենք
սիրով արնապիղծ ու ամոթապորտ,
սեռադարտիչ-ախտավարակ, այլամերժ
ու ինքնահերքող, պսակալույծ–
խառնակեցիկ, ջրաբերուկ, քամուքշիկ,
մեկ մաշկի մեջ, մեկ մարմնում՝
մենք զուգաձույլ-հերմաֆրոդիտ…

Ի՞նչ թուղթուգիր արիր մեր քաղաքի գլխին,
ա՜խ,Վիոլետ, վա՜խ Վիոլետ ջան..

* * *
Իմ հինավուրց ընկեր՝
հնադարյան հողից
(Չկա ուրիշ Արտեմ Հարությունյան)-
Քո հերթն եկավ, արի՛ դիլիջանյան
քո դրախտից,
ուր աստվածանալ էիր ուզում անեղծ բնության մեջ:
Ահա այդպես եղավ,- հրաշք ու հայտնություն,
խեցբեկագույն ակնոցդ հանեցիր
սալորաչրե քո աչքերից,
մի պահ թափ տվեցիր քեզ, Մսրա Մելիքի նման,-
Շլեգելի սև բարուրը նվիրեցիր
Մանուշակի արցունք-աչուկներին,
հրաժեշտի ջանգյուլում երգեցիր
անզուգական նեյնիմներիդ վրա,-
Եվ բաբաներիդ թնդանոթն ուղղեցիր
փլելու աղբանոցը հայոց նեյնիմգրադի
Եվ ուղիղ… փրկելու Երևանը մեր նոր:
Հեծար նժույգը Ալեն Գինզբերգի
ու վայրէջք կատարեցիր անշեղ
Տերյան 59, «Օմեգա» բարի շքամուտքին
(Չէ, քաղաք չէ սա, բար է,
Պորտապար է, պոռնոակումբ է ու խաղատուն…
Ուր մայթեզրին ջահել հոմանուհիներ են
մի կուշտ փորահացով հղիանում):

* * *

Իսկ քաղաքը դարձել է քրիստոնյա խաչ,
աղանդների իրարամերժ ճիչ,
որոնց ծանրությունը Երևանի բնակիչը
անկարող է այլևս իր ուսերին տանել–
խիստ վտիտ է նրա կառուցվածքը…

Ա՜խ, ուրիշ-ուրիշ է
Արտեմի տեսիլքը,
Երևանը նրա՝
Քաղաքը՝ ընդհանրական,
Քաղաքը՝ վաճառական,
Քաղաքը՝ կաճառական,
Բայց ամենից առաջ՝
Քաղաք՝ նախընտրական.
Եվ վերջապես քաղաքային…
որ լքվել է պետության կողմից…
Բայց հանգիստ չի տալիս նրան երբեք
Ուրվականը սադո-մազոխիստի`
մեր քաղաքի վրա՝
Ով ո՞ւմ է ընտրում, անհայտ է, հույժ գաղտնի,
Բայց արդյունքները վստահ են՝ կոնկրետ,
Ինչպես իրավական օրենք նշող կետ,
Որից ոչ ոք չի օգտվում՝ չկա՜,
– Չի էլ լինելու, էսպես եկել է, էսպես կգնա,–
ասաց մահվան մոտ կանգնած մի բիձա։

Եվ դեռ էլի հատված՝ անմեկնաբան
Երբ պետությունը վերացել է
կամ՝
վերածվել հտպիտ, վավաշոտ
բանդաների,
որ միմյանց վերքերն են լիզում
շան նման, կատաղի գզվռտոցից հետո,
կառավարական շենքի՝ նախկին կենտկոմի
ձեռքով սարքած նոճիապատ բակում,
ուր Ստալինի արյունով նալած սապոգների
ոտնաձայնը դեռ չի մարել…

Կատաղի տեսիլներ են ինձ սանձում
Եվ միանգամից ընկնում այլոց խումհարի մեջ.
Գիշերվա թմրամոլ թաղամասերից
ուր իմուժիսետները շնչում են
արցունքաբեր տողի իրենց հարկաբաժինը
նստացույց անելով
պետությունների և հնաբույր քաղաքի
ճառագայթված կմախքի առաջ…

Հիմա ես ի՞նչ անեմ,
ո՞նց փարատեմ հոգսդ,-
անհոգ ապրի՛ր, եղբայր,
քանզի քո ձեռքում է
բախտը արդի հզոր քնարերգության,-
իսկ դեսպոտի հախից՝
մե՛նք կգանք…

* * *
Ահա եկանք-հասանք վերջաբանին,–
Այսքա՜ն նման քաղաք մեր պերճ քաղաքի մեջ։
Այսքա՜ն տարբեր քաղաք մեր խեղճ քաղաքի մեջ.–
Թամանյանի ցնորքն պերճն ամֆիթատրոն ոստանի.
Նա տեսել էր երևի արևային մի քաղաք…
(իցե, իցե թե, իցիվ…)։
Ասպետական հրաժեշտը Դավթի.
Եվ արքայաբար ես քեզ դնում եմ հողե գերեզման,
Էրեվան յարըս…
(Իսկ թե ինչո՞ւ – դիահերձումը ցույց կտա)։
Վիոլետ ջան, էլ մի՛ արա շարավ. բշտիկ, պզուկ ու այլ թարախ
պոռնոքաղքի ցայլքից
է՛լ մի պոկիր, մի պայթեցրու սրա-նրա գանգամաշկին
(ապաշխարհի՛ր, ապաշխարհի՛ր,–
ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում):
Եվ վերջապես, Արտե՛մ, լիրո-էպիկական
պոեզիայի համբավաբեր,
Վանի՛ր սապոգը Ստալինի
Երևանի մազապուրծ գագաթից–
Հանի՛ր շինելը Ստալինի Երևանի սալջարդից ու սլոլից…
Եվ թող բացվի, հույսի մի նոր առավոտ
Մեծ կամարից
Դեպի լյառն Արարատ,
Ի՜մ քաղաքի վրա, երկրիս վրա համայն,-
Ու ես դառնամ նրա նոր տաղերգուն…

Կողբ, 13.08.2013

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։