***
Այն, ինչ գիտեինք միայն ես ու դու,
Լռեց հավերժի ծանրության ներքո։
Այն, ինչ գիտեինք միայն ես ու դու,
Փակվեց անցյալի հնչյունների մեջ։
Այն, ինչ գիտեինք միայն ես ու դու,
Մնաց չգրված պատմության ափին։
Այն, ինչ գիտեինք միայն ես ու դու,
Դու թողեցիր ինձ՝ կյանքիս ապավեն։
***
Գաղտնագրված մտքերն իմ,
փոշիացած հույսերն իմ,
բույրը կորցրած ներկան իմ
ու դու՝ անցյալի էջերին։
Եվ հիմա ո՞ւր քայլեմ, երբ մոլորված եմ,
Եվ հիմա ո՞ւմ երգեմ, երբ դատարկված եմ։
Մտափոխված հավատը,
սևագրված անցյալը,
գունազրկված իմ սերը
ու դու՝ անցյալի էջերին։
Եվ հիմա ի՞նչ պատմեմ, երբ հուսահատ եմ,
Եվ հիմա ի՞նչ տեսնեմ, երբ սիրազուրկ եմ։
***
Բառերը ջնջելով,
Տողերը սեղմելով
Փորձել փակել դարպասը Ցավի ամրոցի։
Ցերեկը երգերով,
Գիշերն արտասուքով
Փորձել ծածկել հետքերը Տառապանքի ճամփի։
Հաստատելով կանոնը
Ու ժխտելով զգացումը
Փորձել փախչել խցից Հիշողության բանտի։
Մտքերն արգելելով,
Վերքերն անտեսելով
Փորձել հատել սահմանը Անցյալի կղզու։
***
Աշխարհին նայել եմ ուզում լուսնաքարի միջով,
որ լազուրի նմանվի մեղրագույնի երանգով,
որ մաքուր թվա,
ու քաղցր կարծեմ,
որ ուզեմ սիրել
ու ներել փորձեմ։
Աշխարհին ներեմ անարդարի գահակալումը,
տառապանքն ու ցավը,
բաժանումն ու վիշտը,
կորուստը նրա, ով հենց իրեն՝
Աշխարհին էր պետք։
Ներեմ ու ժպտամ
ու լուսնաքարի պես էլ ոչինչ, ոչինչ չանդրադարձեմ։
***
Մերկանալ։
Ջրին խնդրել՝ վերցնի-տանի տառապանքը,
ջնջի, սրբի զղջումները,
ու տաքացնի,
մաշկը այնքան տաքացնի, մինչև սիրտը ջերմացնի։
Մերկանալ։
Հայելուն խնդրել փոքր-ինչ ստել,
մտախռով գիշերների թողած դրոշմը ծածկել
ու հոգնատանջ ժպիտից ուրախություն
դուրս բերել։
Մերկանալ։
Հպարտությունը դեն նետել,
զրույց սկսել, անկեղծ լինել,
չթաքնվել, չվախենալ,
սիրել-սիրվել առանց պայման։
***
Բառերն այստեղ են,
մեղեդին չկա։
Ինչպես խոստումը, որ հավատ չունի,
Ինչպես համբույրը, որ զուրկ է սիրուց,
Ինչպես գորշ ամպը, որ չի անձրևում.
Ունայն է երգը առանց մեղեդու։
Բառերն այստեղ են,
մեղեդին տարար։
Իսկ ի՞նչ կլինի, երբ կտավից գույնը խլես
Ու գիծը խեղես։
Պատկերը հետո ինչպե՞ս ճանաչես։
Բառերն այստեղ են,
մեղեդին կորավ։
***
Զգուշացեք.
Անցյալի դուռը փակվում է…
Ժամանակի հետ ես կռիվ կտամ,
որ իմ պայմանը երբեք չխախտի։
Հուշերն ինձնից չխլի,
ցավը մեղմել չփորձի։
Անցյալն Իրենն է, դա ընդունում եմ,
բայց մոռացման դեմ ես ընդվզում եմ։
Հուշերը մեկիկ-մեկիկ կհավաքեմ,
Մարգարտե ապարանջան կշարեմ
Ու կրծքիս կկրեմ։
***
Դու ինձ երգ տվեցիր, երբ ամուլ էր իմ հոգին։
Դու ինձ հույս տվեցիր,
երբ աշխարհն էր բիրտ ու սին։
Դու ինձ սեր տվեցիր, երբ անթև էր սիրտը իմ։
Դու ինձ կյանք տվեցիր քո հոգու լույսով։
Արցունքները խռովել են,
Խենթացել է իմ հոգին։
Սփոփանքը անիմաստ է,
Ու կարոտն անհուն, անսպառ։
Քո հայացքը իմ սրտում դրոշմված է առհավետ։
Եվ ինչպե՞ս է առանց քեզ առավոտը լուսանում,
Եվ ինչպե՞ս է առանց քեզ երկրագունդը պտտվում,
Եվ ինչպե՞ս են առանց քեզ մեր
սրտերը բաբախում,
Եվ ինչպե՞ս երգել պապանձված ձայնով…
***
Զգացմունքները բաժանեցի Ճշտի, Սխալի
ու Ճշտի հետ որոշեցի ճամփա ընկնել։
Ճանապարհը հարթ էր, ու Ճիշտը վստահ էր,
քայլեցինք ձեռք ձեռքի, իրար նայելով
ու հասանք գալարապտույտ կածանին։
Ճիշտը շփոթվեց ու հայացքը թեքեց։
Ես սայթաքեցի, ու Սխալը ձեռքս բռնեց։
Քայլեցինք առաջ մինչև որ մթնեց,
ես վհատվեցի, բայց Սխալը ձեռքս բռնած
ինձ դուրս հանեց հարթ ճանապարհ։
***
Ի՞նչ նյութ ունի սպասումը,
Երբ սպասման հավերժությունը
տարրալուծում է իմ հավատը։
Ի՞նչ բույր ունի սպասումը,
Երբ սպասման խտությունից
շնչահեղձ է լինում իմ հույսը։
Ի՞նչ գույն ունի սպասումը,
Երբ սպասման կարծրությանը
բախվելիս երերում է իմ սերը։