Գևորգ ԹՈՒՄԱՆՅԱՆ

 

ոչ դասագրքային բանաստեղծություններ

Նարեկացին գրում և աղոթում էր
աղոթում և գրում էր
երբ շատ-շատ էր գրում
և շատ-շատ էր աղոթում
աղոթելը և գրելը իրար էր խառնում
հետո
մի պահ խաղաղված հայացքը
երկնքին հառելով
սկսում էր երազել
տեսնես դարեր հետո
իր գրածները
կընդգրկե՞ն դասագրքերում

*
բավականին հասուն տարիքում
Նահապետ Քուչակներից
մեկը երազախաբ եղավ
և դրա մասին
մի թովիչ հայրեն գրեց
բոլոր Նահապետ Քուչակները
հավաքվեցին
և երազախաբի բուրդը
մի լավ գզեցին
իբր թե սիրուհու գովքը թողած
էս ինչ ես գրել այ այլանդակ

*
Հունաստանից
վերջին անգամ  վերադառնալիս
Խորենացին լիքը գիր-
գրականության հետ միասին
նաև լեռնային մի հեծանիվ էր բերել
երբ հոգնում էր
գրողական գործերից
և հալածվելուց
սքեմը դեն էր շպրտում
քրձից վարտիքը քաշում էր վրեն
հեծնում էր հունացուն
գիսախռիվ մազմորուքը
փռփռացնելով
Յերկնեց յերկին և յերկիր երգելով
սարուձորերով զվռնում էր

երբ շատ էին հալածում
երբ սիրտը շատ էր ելած լինում
իր խուցը չէր վերադառնում
գիշերում էր
լեռներում թաքնված քրմերի մոտ

*
դանակահարությունից հետո
1904 թվականին
զեյթունցի ընկերոջ հետ
մեկ շաբաթով
Միսաքը Սվազում եղավ
մի քանի օրվա մեջ
թուրք մսագործներ անհետացան
նրանց դաշունահար մարմինները
ոստիկանները հայտնաբերում էին
հետնախորշերի քունջուպուճախներում
Կեդրոնական վարժարանում
ուսումը կիսատ թողեց
ցերեկները անբուժելի
հիվանդ ձևանալով
բանաստեղծություններ էր գրում
գիշերներն իր վրիժառուների հետ
թուրք խուժան էր հալածում
1908-ի հունիսին ոստիկանները
բռնեցին և
կտտանքների ենթարկեցին
իր խմբի տղաներից մի քանիսին
չբացահայտվելու համար
կազմակերպեց սեփական թաղումը
և ծլկեց դեպի Ամերիկա
ապրեց մինչև խոր ծերություն
և եղեգնյա սրնգով
այլևս ոչ արև երգեց
ոչ գարուն

*
434 թվականին
Մեսրոպ Մաշտոցի և
Սահակ Պարթևի
գերշնորհ հանձնարարությամբ
մի խումբ շնորհալի աշակերտներ
հռչակավոր համալսարանում
ուսանելու համար
Ալեքսանդրիա էին մեկնելու
Եղիշեն ինքնաթիռ նստելուց
սաստիկ սարսափում էր
ոչ մի հորդոր ու խնդրանք
չէր ընդունում ոչ ընկերներից
ոչ ուսուցիչներից
Մովսես Խորենացին
նրա չարաճճի ընկերը
հրաժեշտի խնջույք կազմակերպեց
նախօրոք պայմանավորվելով
Եղիշեին մի լավ հարբեցրին
առավոտյան
նա աչքերը բացեց ինքնաթիռում
Միջերկրականի արևելյան
ափերը հատելիս
վախից լրիվ սթափված
առաջին միտքը որ գլխում ծագեց
այս էր
մահ ոչ իմացեալ մահ է
մահ իմացեալ անմահութիւն

*
Հնդկաստանում
և Պարսկաստանում
Սայաթ-Նովան այցելեց
բոլոր համբավավոր շախմատիստներին
եղավ ամենահայտնի խաղատներում
նրա նրբազգաց
խորաթափանց խաղը անգերազանցելի էր
դիրքային խաղաոճը
զուգակցում էր տակտիկական հուժկու հարվածներով
Արևելքի վարպետները
մեծարման երեկոյին
դուն է՛ն գըլխեն
իմաստուն իս երգելով
վարպետաց վարպետի
բոսորագույն խալաթով
պատվեցին նրան
վերադարձին
խալաթը փոխանակեց
ընկերոջ քամանչի հետ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.