Համլետ ԿԱՐՃԻԿՅԱՆ

Այս տարվա ձմեռը
Ձմեռն իսկապես համը շատ հանեց,
Ձմեռն իսկապես նմանվեց նրանց,
Ովքեր պաշտոնի, դիրքի բերումով,
(Նաև անպաշտոն, նաև առանց դիրք),
Թմբկահարում են (միևնույն հանգով)
Իրենց կարիքը, վաստակը իրենց,
Իրենց չարիքը, բարիքը իրենց,
Եվ այն էլ հանո՜ւն հասարակության…

Ձմեռն իսկապես նմանվեց նրանց,
Ովքեր միալար, ովքեր ձանձրալի,
Իբր թե կարգով բնականության,
Իբր թե հանուն բանականության,
Իրենց արժանի պարտքն են կատարում
Բնության հանդեպ, հողի ու մարդու…

… Ձմեռն իսկապես գործը կատարել
Եվ հիմա գարնան հիմերն է քանդում…

Խեղդում է ծանր արթնացած հողի
Տաք ու ծաղկաշունչ շնչառությունը,
Ցրտահարում է բողբոջը ծառի
Եվ խաթարում է ծիլ ու
շիվերի առողջությունը…
Ձմեռն իսկապես համը շատ հանեց,
Ձմեռն իսկապես նմանվեց նրանց,
Ովքեր պնդակող վարք-բարքով իրենց
Ծնում են գարնան կարոտը անանց…

Ծնում են նորի ձգտումը հանուն
Չսառչող հույզի, պայթող բողբոջի,
Եվ երազների այն հազարանուն,
Որ ծառս են լինում ընդդեմ հին «ոչ»-ի…

Ուրեմն ի՛նչ, փառք տանք անհամ ձմռա՞նը
Եվ փառք տանք նրանց, որ հա՞մն են հանում,
Թե՞ ոտի տակ տանք այն ուրագանը,
Որով ձմեռը և որոշ մարդիկ
Գարնան օրերն են մեզնից գողանում:
Եվ… հանուն իրենց կեղծ իրավունքի
Ու բաբելոնյան այն աշտարակի,
Որ կառուցել են հենց նրա համար,
Որ… պատմության մեջ անուն ունենան:

… Եվ անկեղծ ասած, և անկեղծ չասած,
Սեր իմ, գործ չունենք անհամ ձմռան հետ,
(Նույնիսկ չենք ձգտում հանդիպել իրար):
Եվ անկեղծ ասած, և անկեղծ չասած,
Սեր իմ, գործ չունենք այն բարքերի հետ,
Որ հավակնում են տիրակալ դառնալ,
(Նույնիսկ չենք ձգտում նկատել իրար):

Եվ այսպես ասած, և այսպես չասած,
Չենք տեսնում գարնան ծիլի խեղդվելը,
Առողջ բողբոջի իզուր մորթվելը,
(Նույնիսկ փորձում ենք մոռանա՜լ իրար):

Ձմեռն իսկապես համը շատ հանեց,
Ձմեռն իսկապես նմանվեց նրանց,
Ովքեր մեր ծնած,
Մեր արյամբ սնած,
Մեր իսկ խենթ սիրո լույս ու խավարով
Մե՜զ սպանեցին…
(Նույնիսկ չենք փորձում ճանաչել իրար):

Նույնիսկ չենք փորձում հարություն առնել,
Նույնիսկ չենք փորձում մեր իսկ սիրո մեջ
Եղած խավարը (մեր իսկ հնարած)
մեզանից վանել,
Եվ միայն, միայն (դարձյալ մեր ծնած)
լույսերը գրկել
Ու փառաբանել…

Խավարն ու լույսը կռիվ են տալիս,
Կռիվ են տալիս դարեր շարունակ,
Սիրո երջանկությունն հնո՜ւց է գալիս,
Բայց մենք, սիրելիս,
Իրավունք չունենք
Սիրո սրտի մեջ խրել կեռ դանակ…

Ձմեռն իսկապես համը շատ հանեց,
Մեր սեր-սրտերում շատ որոմ ցանեց,
Շատ ծլարձակում անմիտ խափանեց…

Բայց և գարո՜ւնն է տոնում հաղթանակ:

Ու մենք ժպտալ ենք արդեն սովորում,
Ու մենք սիրել ենք սովորում արդեն,
Ձմեռը մուժով մեզ չի օրորում,
Էլ չի նվիրում պատրանքի վարդեր:

Թե նվիրի էլ, գարունը վկա,
Էլ չենք խաբնվի,
Թե խաբնվենք էլ, արյունը վկա,
Էլ չենք կապնվի:
Ու թե կապնվենք էլ մթան պարանով,
Լույսի խարանով կապը կկտրենք,
Ու ջերմիկ, տաքուկ սիրո ծարավով,
Գարնան (ո՜չ ձմռան) հարուստ ավարով
Իրար կգտնենք…

Իրար կգտնենք,
Որովհետև մենք,
Որ լույս արարել ու սեր ենք ծնել,
Իրավո՜ւնք չունենք
Իրար կորցնել՝
Հանուն մեր լույսից ծնված ստվերի
Եվ կամ խավարի…

(Նայած թե լույսի իր ճանապարհին
ում է հանդիպել
Կամ ինչ զանգվածի
Եվ… ինչ ծավալի ստվեր է… ծնել)…

Իսկ անկեղծ ասած, իսկ անկեղծ չասած,
Իրար ո՛չ գտել, ո՛չ կորցրել ենք,
Միամտաբար միայն կարծել ենք,
Թե մենք ենք ու կանք,-
Եվ վճարել ենք և՛ հարկ, և՛ տուգանք
Ոչ թե մենք իրար,
Այլ այս ձմռանը,
Նաև՝ գարնանը,
Այլ մեր… ստվերին
(Եվ՝ նաև… նրա՜նց)…

Եվ միամտաբար նաև կեղծել ենք,
Անգիտակցորեն մենք մեզ եղծել ենք,
Ու չենք հասկացել,
Որ սերը սեր չէ,
Եթե չի ծնվում և արո՛ւ զավակ,
Այն էլ՝ զո՛ւյգ զավակ…
(Մենակը ինձ պես տխուր է ապրում):

Ուրեմն խմենք կենացը ձմռան,
(հե՛րն էլ անիծած),
Ուրեմն խմենք կենացը գարնան,
(փա՛ռք ասենք սրտանց),
Ուրեմն խմենք կենացը սիրո,
(կենացը՝ կենա՛ց),
Ուրեմն խմենք կենացն իմ ու քո
Եվ մեր կարոտի ու մեր հավատի,
Մեր կորցնելու
Ու մեր գտնելու…
Ուրեմն խմենք կենացը նաև
այն զույգ զավակի,
Արո՜ւ զավակի,
Որ կհաստատեն մեր սերն աշխարհում
Եվ կպահպանեն սուրբ ծառը կենաց…

Ու նաև խմենք կենացը կյանքի
Եվ ձմեռները տված ոտնատակ
Փառքով արարենք գմբեթները սուրբ
Կառուցվող վանքի…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։