Աղվոր ա՛ն է հավիտյան՝ որ անցավ օր մը քովեդ
Եվ աչվներդ օծեց,- աստվածային այցելո՛ւ,-…
…Որ զերդ ծաղիկ մ’ օրորվող
գարնան անուշ հովերեն,
Երբ մեկնեցար մտքիդ մեջ մնաց միշտ թարմ,
միշտ բուրյան…
Վահան Թեքեյան
Է
Պարզվեց դու կա՛ս, և դյուրին դարձավ
Ապրե՛լը, տոկալ-տառապե՛լն անգամ…
Ահա անցնում ես ներհո՛ւն, հերարձա՛կ,
Անսեթևեթ և քայլերով անգա՛յթ…
Դու կա՛ս, սիրելի՛ս: Փառք Բարձրյալին,
Գո՛վք հրեշտակին քո այն պահապան…
Այդպես ցոլում է լո՛ւյսը բաղձալի,
Այդպես լոտո՛սն է բացվում պահ առ պահ…
Ընծայակի՛ր, տա՛ք, բաց ու շռայլ օր,
Ներկան դյութո՛ւմ է, իսկ հեռուն՝ գերո՛ւմ…
Իմ ունկերում քո շշո՛ւկն է այրող,
Թավշե վարսերիդ բո՛ւյրն՝ իմ ռունգերում:
Ը
Մեր բաժանման պահից շա՛տ ջրեր են հոսել,
Ես կարոտե՛լ եմ քեզ և հո՛ւշը դարձդարձիկ…
Իրիկնաժա՛մ, կորե՛ր և աչքերը քո սև՛,
Ծամերը քո սաթե՛, պարանոցը քո ձի՛գ…
Դու իմ ճչա՛ն Կարապ, դու Արորիկ իմ լուռ,
Ցայգացողով օծված Կարմրաթևի՛կ դու իմ,
Իմ դեմ անակնկալ բացված դրախտի դո՛ւռ,
Հեռո՛ւ պատանության դու իմ ընկերուհի…
Շիկնոտ իմ շափյուղա, հեզահմա հակի՛նթ,
Ոսկեձեռիկ դու ի՛մ, դու իմ Ոսկեմա՛տն ու
Մշուշներից հառնած դու իմ անշե՛ջ բագին,
Ուրց ու խունկով բուրող, խորանազարդ մատո՛ւռ:
Թ
Արձագանքի՛ր, դու իմ կորած ու գտնվա՛ծ,
Թող որ մի անգամ էլ լսեմ ձայնը ես քո…
…Եվ գարնան օրն այն ջերմ, երբ ցնորքով տարվա՛ծ,
Դե՛մս ելար երկչոտ ջրահարսի տեսքով…
Եվ մանկորեն խայտա՛ց սիրտը այն պատանու,
Եվ ցոլացին միգում ծիածանե ծիրեր…
Բայց խենթացա՛վ տղան (ո՞ւմ հետ չի՛ պատահում),
Քամահրեց սերն իր թա՛նկ, կործանեց ինքն իրեն…
Հաճախ շո՛ւնչ եմ տվել իմ երազին առկա՛յծ,
Իմ երազին անհաս հույզ ու հույս եմ խառնել,
Որ իմ պատառ հացը չդառնանա հանկարծ,
Եվ օրերից մի օր կրկին դու վեր հառնես:
Ժ
Պատկերը լրվե՛ց, և դու կա՛ս գինի՛ն,
Որ հարկ է ըմպել անշտա՛պ, կո՛ւմ-կո՛ւմ…
Դու իրիկվա մեջ վառվող կասկենի՛,
Հրկիզվող ցողուն: Էս ճապա՛ղ կյանքում
Ի՜նչ եմ որոնում, ձգտում եմ ինչի՞,
Երբ շղթայված ես դու հավերժորեն,
Երբ ինձ խուլ մի ձայն հուշում է՝ ննջի՛ր,
Օ՜, ունա՛յն անցյալ, գահավե՛ժ օրեր…
Բա՛վ է պատրանքի ճոպանից կառչել
Եվ ապավինել ցնորքին այն հո՛ւյլ…
Անթեղը հուշի պիտի՛ որ սառչեր,
Բայց ցավն անվե՛րջ է ու կարոտն՝ անհո՛ւն:
Ի
Ես՝ Անհայտի առջև, և քո տեսի՛լքն է ինձ
Ելք ու ճամփա հուշում կանչող փարոսի պես…
Իմ նո՛ւրբ, իմ զգայո՛ւն, անարժանիս ների՛ր,
Որ անցյալում սաստի՛կ ցավեցրել եմ ես քեզ…
Կյա՛նք էր, ցնցե՛լ էր ինձ լո՛ւյսը քո հայտնության,
Եվ ես փորձում էի փախչել գլխակորույս,
Հետո քայլո՛ւմ էի ճամփով անհայտության,
Ճակատագրի ձեռամբ խոցվա՛ծ, գլխիկո՛ր ու…
Սակայն գիտեի՛, որ վերջնագծին մոտիկ
Քեզ կարոտելո՛ւ եմ և որոնելո՛ւ եմ քեզ,
Եվ որ հեռու հեռվի՛ց, անխե՛թ ու մտերմի՛կ
Սատարելո՛ւ ես ինձ դու աչքերով քո հեզ:
Լ
Անսո՛ւտ դու՝ սփոփանք, դու՝ հուսալի խարի՛սխ,
Ամբրոսիայի բողբոջ՝ բաց իրիկվա մեջ,
Այս աշխարհիկ այգում դու տո՛ւնկ՝ գերաշխարհիկ,
Ժխորի մեջ բանտվա՛ծ, նրբին դու ելևէջ…
Խնդրո՛ւմ եմ քեզ, սե՛ր իմ, մի՛ կորցրու պահը,
Արձագանքի՛ր, թող որ հնչի և Այն Զանգը…
Իմ խենթ պատանության հեռուներում ահա
Տեսիլվում են դյութիչ քայլքդ ու նազանքդ…
Գալիք կյանքում գուցե կհանդիպենք կրկին
Նո՛ւն փողոցում՝ բանո՛ւկ, դեպի անհայտ միտո՛ղ…
Դու ջերմ քո շուրթերով կը՛-շշնջա՛ս. «Գրկի՜ր,
Գրկի՛ր և այս անգամ այլևս բաց մի՛ թող…»:
Խ
Ամենուր դո՛ւ ես, հայա՛ցքդ, ձա՛յնդ,
Որոնք խոցո՛ւմ են, բայց և՝ ամոքում…
Իսկ ես չեմ փոխվել, ավա՜ղ, դեռ ա՛յն եմ,
Ով խաթարում էր անդորրը հոգուդ…
«Մոգի՜չ», «կախարդի՜չ», «չքնա՜ղ», «հոգեթո՜վ»,-
Օ՜, իմաստազուրկ, հնացա՛ծ բառեր…
Փնտրել քեզ այսքա՛ն տարիներ հետո՞
Եվ նոր հանդիպման հույսե՞ր փայփայել…
Գուցե չափն անցա, բայց դու մի՛ նեղվիր,
Որ վրիպեցի նորից, նոր սահա՛նք…
…Բայց քո զայրույթի ալիքը հեռվի՛ց,
Ահագնանալով գալիս է ահա,
Որ ոտից գլուխ ինձ ողողի, և՛
Որ հույժ բարակած քուղը կտրվի…
Այսպիսո՛վ, ա՛յս էր, այսքա՛նն էր, եղե՛ւ,
Նախանշվածը թող որ կատարվի…
Ծ
Ինձ քո «ընծա՛ն» և քո «նվե՛րը», Գա՛յ…,-
Հյուսվա՛ծքն՝ հուշերի, որն ասղնտո՛ւմ է…
Եվ քո ժպի՛տը էն նվիրական,
Մթնում ուղեկից իմ աստղը դո՛ւ ես…
Այս լուսնի ներքո չի՛ հատնում ոչինչ,
Եվ չեն սպառվում կարոտն ու հույսը…
Իրիկվա միգում շրշո՛ւմ է նոճին,
Եվ բոցահավքն իր նարո՛տն է հյուսել…
Իրիկնալույսն այս թող զո՛ւր չհեղվի…
Ինձ թո՛ղ որ մե՛ն-մի ակնթարթ տրվեր,
Նշմարեի քո դեմքը գե՛թ հեռվից,
Եվ թող կյանք կոչված խա՛ղն այս ավարտվեր:
Կ
Բառերը՝ տարտա՛մ, ճիգերը՝ իզո՛ւր,
Եվ ոչ մի հրաշք չի՛ կայանալու…
Շիկացած հուշե՛րն են սիրտս կիզում,
Իմ գեղաթարթի՛չ, իմ Գայանե՛, ու
Հեռվում մրսում են ճայե՛րն անանուն,
Ճայերը էն խե՛նթ և մեկթևանի…
Հենց ա՛յս վայրկյանին դու ի՞նչ ես անում,
Կենցաղով տարված, իմ եթերային…
Անդուռ կարոտի այս տա՛պը հեղձուկ
Եվ Հուշդ իբրև տրտմության քուրա…
Դու իմ անշղարշ, անբի՛ծ, անե՛ղծ, ու
Պա՛հը այն շենշո՛ղ, որն անդարձ կորավ:
Հ
Պատանությունն իմ և քո անո՛ւնը,
Եվ այն աստղային պահի բեկո՛ւմը…
Ինձ վախեցնո՛ւմ էր գեղեցկությունդ,
Եվ քո հմայքն ինձ ահաբեկո՛ւմ էր…
Պատանությո՛ւնն իմ և քո հայա՛ցքը,
Որ խոցո՛ւմ էր ինձ թախիծով անհուն…
Հետո շրջում էր սի՛րտն իմ առանց քե՛զ,
Վայրերով անհա՛յտ, ամա՛, անանո՛ւն…
Շուրթերդ գարնան արևի շողից
Շիկնա՛ծ, շուրթերիդ շշունջը մոգիչ,
Որն ինձ խենթացնո՛ւմ, կտրո՛ւմ էր հողից.
Եվ գլխապտույտ՝ հարուցո՛ւմ, հոգի՛ս…
Քո քնքշանքը ինձ ահաբեկում էր,
Եվ ես փախչելու փո՛րձ էի անում…
Հիմա չգիտե՛մ, հեռավո՛ր իմ սեր,
Թե պտտահողմն այս ինձ ո՞ւր է տանում…
Ձ
Մի պուտ՝ ներշնչանք, ծվեն՝ կրակի,
Եվ ճամփաները կբացվեն դարձյալ…
Դուռը հյուղակիդ հանկարծ կթակի,
Նե՛րս կմտնի նա՛,- հրա՜շք մարմնացյալ…
Հյուրը քո այնքա՜ն, այնքա՜ն սպասված,
Միակ սե՛րը քո, անմոռանալին…
Եվ կարտաբերվեն բառերը չասված,
Վերհուշը բա՛րկ և անմե՛ռ է, նայի՛ր…
«Գիտե՞ս, չեմ եկել հրաժեշտ տալու,-
Կասի նա ձայնով իր կենսաթրթիռ,-
Հանդիպելու ենք մի ա՛յլ աշխարհում.
Եվ դու վստահի՛ր ձայնին քո սրտի…»։
Ղ
Ես խոցվելու եմ, քո ա՛յն նիզակից,
Որ մի այլ բառով կոչվում է կարո՛տ…
Դու իմ հեռավո՛ր և էն եզակի՛
Աստղակե՛րպն անցած ճամփիս քարքարոտ…
Շիթերի տեղում իմ թափված արյան,
Վարդեր չեն աճի[1], լսո՞ւմ ես, օ՜, կի՛ն…
Եվ ոչ մեկ չի շշնջա՝ Հարյա՜վ,
Երբ պատենազերծ կճախրի հոգիս…
Իրիկուն մի՝ որբ և շուրթը ճաքած,
Կիսադեմը քո իրիկնամուժում…
Շը՛-շնջալու ես. «Մի՞թե էլ չկաս,
Ո՞վ ես դու, ասա, ես քեզ չեմ հիշում…»։
Ճ
Դու իմ ներամփո՛փ, իմ թախծո՛տ, իմ լո՛ւռ,
Ծաղկած նշենու՝ բուրմո՛ւնք, խնկի՝ հոտ…
Դու ա՛յլ աշխարհից հայտնված իմ հյո՛ւր,
Եվ տեսիլքի պես չքացա՛ր մի օր…
Քեզանից հետո պահը դալկացա՛վ,
Եվ անշքացա՛ն ապրած ժամերն իմ:
Բառն արժեզրկվե՛ց, խինդը թանկացա՛վ,
Եվ հե՛րթը հասավ տարաժամերին…
Օրն առկայծում է հին ճրագի պես,
Անորոշ ափե՛ր: Ուզում եմ սակա՛յն,
Որ դու երջանիկ և անհո՛գ ապրես,
Ե՛վ չմռայլվի դեմքդ հուզակայծ:
Մ
Ծանոթ այն մեղեդին և ձա՛յնը՝ կերկեր…
Հիմա մի պատանի (օ՜, անքնին վճի՛ռ…)
Թեքվեց ու քնքշորեն մտերմուհուն գրկեց,
Եվ համբուրեց նրա աչուկները վճիտ…
Այն նո՛ւյն զբոսայգում, նստարանին այն նո՛ւյն,
Նո՛ւյն այն քանդակի մոտ ճերմակ այն ձեռքերի…
Եվ շուրթերը այն տա՛ք, կախարդանքը անհո՛ւն,-
Անշրջելի դիպվա՛ծ և փա՛ստ անհերքելի…
Լռե՛ց այն մեղեդին, մարե՛ց ձայնդ կերկեր,
Մնաց հուշը խոցո՛ղ… (օ՜, իմ բեկված եղեգ),
Բայց երջանի՛կ եմ, որ ճանաչե՛լ եմ ես քեզ,
Եվ վայրկյաննե՛ր թեկուզ դու կողքի՛ս ես եղել…
Հ.Գ.
Ես կանցնե՛մ, // Եվ պա՛ղ, ամայի՛ // Տարածության և // Ժամանակի մեջ // Կշարունակեն հնչել // Այն բառերը, // Որոնք // Աշխարհին և մարդկանց // Կպատմեն // Քո անապակ մաքրության, // Քո խորը, անմեկնելի // Ներաշխարհի // Եվ անանց ու անխամրելի // Գեղեցկության մասին, // Ի՛մ Գայանե…
[1]. Ադոնիս Փյունիկյան աստվածությունը մահանում է որսի ժամանակ ստացած վերքից, և նրա թափված արյան կաթիլների տեղում վարդեր են աճել…