Խաչիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

***

Ես քարեր եմ հանում հիմա երկինք,

Բառ քարեր եմ հանում,  ոգի քարեր,

Տաճարդ եմ կերտում լուսակնիք՝

Աստծո պարտեզին մոտ,  ամպերից վե՜ր:

 

Անանձնական սիրո լապտերներդ

Ամրացնում եմ ձգվող ուղիներով,

Լամպարներից ինձ  ժպտում է Տերը՝

Քո աչքերով, Քո հայացքով ներող:

 

Ես հուշեր եմ հանում հիմա երկինք՝

Արցունքների փայլով ու շողերով,

Որ ոգելով այնտեղ՝ գրկեմ կրկին

Աստվածային լույսը Քեզ արարող:

 

***

Դուք գնացիք, տղե՛րք,  Հայրենիքը մնաց,

Որբ կարոտն է վազում  ձեր թաղերում,

Հիշողություններ են  փլվում ուշագնաց,

Տանիքները ճեղքող  անձրևներ են մաղվում:

 

Չէր գոցվելու ոչինչ  ձեր մեծ սիրո դիմաց,

Խորքում՝  աստվածային շունչը վերին…

Դուք գնացիք, տղե՛րք,  Հայրենիքը մնաց,

Ինչ բալասան տանենք  ձեր մայրերին:

 

ԱՐՑԱԽ

Դու Որդուս մեծ սիրո

Բերդամրոցը դարձար,

Դարձար լեռնապարը լույսի,

Արցա՛խ:

Ես միայն քո կանաչ

Գգվանքով հիացա,

Նա արծվի վեհությամբ

Սլացա՜վ:

Քեզ հիմա նայում եմ՝

Իմ Որդին ես,

Արցա՛խ,

Հաղթական իր պատկերն է

Դեմքիդ,

Քեզ սնող այն բոլոր

Քաջերին միացավ,

Որ լվա

Արյունը վերքիդ:

Չտխրես,

Նա՝ հզո՛ր, անհա՛ղթ է ու պայծա՛ռ,

Չի թողնի, որ ցավի

Արցունքները փայլեն,

Ջահի պես պահեց վեր,

Հրայրքիդ միացավ,

Ու ասաց աշխարհին՝

Ես հա՛յ եմ:

 

***

Ես քո փոխարեն ապրել չեմ կարող,

Իմ բաժին կյանքն էլ  շաղվեց եթերում,

Օղու թասերը՝ երկինք երկարող,

Խաբեություն են ամպերից քերում:

 

Հրեշտակների հետ են քեզ տեսել –

Նորից՝ հաղթական,  անպարտ, խնդուն ես…

Հիմա «ողորմիր»՝ ումի՞ց աղերսեմ,

Երբ վաղուց արդեն  իմ Տերը Դու ես:

 

***

Քո թանկ արյունն ես  ներարկում, Որդի՛ս,

Սմքող երակում մեր Հայրենիքի,

Դրոշի պես է փողփողում հոգիս՝

Կենաց բառերով Քո արյունագիր:

 

Կյանքի հետ կապող  հանգույցներ չկան,

Հերոսիդ առաջ՝  թշվառ անցվոր եմ,

Գիտե՞ս՝ տեսել եմ ես այն աղջկան՝

Ում նվիրեցիր սեր ու խնձորներ…

 

ՀԱՂԹԱՆԱԿ

Քեզ մոտեցել ենք ցավի՛ միջով,

Կորստի՛ միջով ու աղետի՛,

Մահվան ահի դեմ՝ մեր քրքիջո՛վ՝

Քաջության շքեղ արահետին,

Նոր աշխարհ եկած  մանկան ճիչո՛վ,

Գերի չդարձա՛ծ արցունքներին,

Աստծուց ժառանգած ամե՛ն ինչով

Կանգնելով Հայոց բարձունքներին:

 

Քեզ մոտեցել ենք խանդի՛ միջով,

Դավաճանությա՛ն ու դավերի՛,

Աշխարհի փակվա՛ծ խղճի կիրճով,

Առած իրենց մեղքն անքավելի՝

Մաքրում ենք  արյա՛մբ մեր հանճարի,

Որ արարչական շունչը հոսի՝

Փշրելո՛վ շուրջը ամեն չարիք՝

Որպես հերո՛սը նոր էպոսի:

 

Քեզ մոտեցել ենք ողջույններով

Երկնից ժպտացող մեր քաջերի,

Ոգու ցնծության հնչյուններով

Մահկանացուներ նրանք չէի՛ն,

Նրանց շառաչո՛ւն զարկի առաջ

Նենգ ոսոխները փախչո՛ւմ էին,

Ավա՜ղ, քաջերը՝ միշտ աննահանջ,

Հավերժության հետ խաչվում էին:

 

Քեզ մոտեցել ենք ինքնամոռա՜ց՝

Անդունդի եզրին քայլո՛վ անդող,

Հավատի՛, հույսի՛ դռները՝ բա՛ց,

Մայրական սիրո՛վ ու աղոթքո՛վ…

Բերկրանքիդ շունչն  է թևածում, բա՛յց…

Երբ խոնարհվում ենք  քաջ հաղթողին՝

Տաք կաթիլներն են գլորվում ցած՝

Հավերժ սրբացած Հայոց հողին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։