ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ, արձակագիր, երգիծաբան
ՆԱԶԱՐԵԹ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ
ծննդյան 75-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
ՊԱԼԱՏՈՒՄ
– Գա՛յլ, քեզ ինչպե՞ս
պալատ բերին:
– Թագավորն է մորս քեռին:
– Իսկ քե՞զ, աղվես:
– Քո խղճի հետ պիտի ծախվես,
Որ պալատ գաս:
– Քե՞զ, դժնի իժ…
– Հիմար թե գիժ
Ով հանդիպեց՝
Գլուխ տալով
Ու սողալով:
– Իսկ դո՞ւ, կատու,
– Տերս մեռավ,
Ես տիրոջս միսը կերա,
Արքան սիրեց,
Պալատ բերեց:
– Դո՞ւ, ավանակ:
– Ես ընկածին քացով տալիս,
Արքաներին դուր եմ գալիս:
– Իսկ դո՞ւ, քոռ բու:
– Ես մթության մեջ խարխափում,
Լույս չեմ սիրում
(թագավորն է խավարասեր):
– Դո՞ւ էլ այստեղ, թեթև թութակ:
– Չեմ աշխատում, չեմ քրտնում,
Արքայի խոսքն եմ կրկնում…
Այնտեղ տեսա և ագռավին,
Գրագիր էր՝ տեղյակ դավին,
Տեղյակ ամեն անց ու դարձին,
Սև գլուխը՝ ոսկե բարձին:
***
– Անցման շրջան է, մարդիկ, իմացե՛ք,
Խոր ըմբռնումով
ցավին դիմացեք,-
Համոզեց արքան հինգ թե
վեց տարի,
Մինչև երկիրը զարկվեց քարի…
Մեծ ըմբռնումով զոռ
տվինք հարցին՝
– Կարո՞ղ ենք ապրել
մենք առանց հացի:
ԱՆՏԵՂԻ ԵՐԿՅՈՒՂ
Թույլ նապաստակին,
Որ վերադասում ուներ մեծ քեռի,
Կարգեցին արքա
Մի խոր անտառի,
Որտեղ ապրում էր նաև առյուծը:
Նապաստակն ահից
Չարախոսում էր ահեղ առյուծին,-
Վախենում էր, որ
Գահը նրան տան…
Սակայն առյուծը ցավ
ուներ խորին՝
Ամոթ էր նստել
Վախկոտ շլդիկի
կառչած աթոռին:
ՕՁՆ ՈՒ ԳԵՏԱԿԸ
– Ասա ինձ, գետակ,
Դու, որ միշտ սողում
Ու գալարվում ես,
Նույնիսկ ժայռերի քարե
ոտքի տակ,
Ինչու՞ քեզ մարդիկ
չեն ասում սողուն:
– Հոգիդ էլ նեղ է քո աչքերի պես,
Ու չես տարբերում
քո հոգով աղարտ
Ստոր սողալն ու հոսելը հպարտ:
***
Որ ուրիշներին լիներ հակառակ,
Ոսկեդար կոչեց
դարը խայտառակ,
Մի կաղ էշ ուներ,
Մի հին… փեշ ուներ
Եվ ցախ մի շալակ,
Մի ջարդած սայլակ…
Իր գոված դարում
Չարչարվեց, դաղվեց,
Մեռավ, ուրիշի
Լաթերով թաղվեց:
ԿԱՐՃ ԿՐԱԿՈՑՆԵՐ
***
Նապաստակին ձեռ առան՝
Պաշտոն տվին, վեր տարան:
***
Զարհուրելի բան տեսա՝
Յոթ եղբայրն էլ՝ տնփեսա:
***
Անարժանի դար է հիմա,
Աղբակույտն էլ սար է հիմա:
***
– Ես նոր ուժ եմ
Ու նոր ծիլ,-
Հայտարարեց
Մի բացիլ:
***
Գահը տվին
Ապիկարին,
Ողջ երկիրը
Զարկեց քարին:
***
Փայլեցին՝
Մեկը՝ շողալով,
Մեկը՝ դողալով,
Մեկն էլ՝ սողալով:
***
Երդվում է հայոց հողով
Ու գրպանն է լցնում փողով:
***
Բոլորին է աշխույժ քծնում
Եվ քծնելիս ո՜նց է ցնծում: