ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ
ԿՈՐՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
«ՄԻ ԱՇԽԱՐՀ՝ ՍՐՏԻ ՉԱՓՈՎ…»
Այնքան տպավորիչ է ժամանակների ներդաշնակ անցումը, որ կարծես դրանից սկիզբ է առնում կյանքի փիլիսոփայությունը: Եվ դրան մի առանձին գրավչություն է տալիս կենսագրական ձևույթը: Դա ինքը Կորյուն Առաքելյանն է՝ վերուստ տրված տոհմիկ նշանով և մտքի ու հոգու որոնումներով լեցուն: Այստեղ է իր պոետական հորիզոնը` մի աշխարհ՝ սրտի չափով:
Այդ աշխարհը տիեզերական գոյաբանության իր մոլորակն է, բնաշխարհի գունագեղ արթնացումներով, ռոմանտիկական հասակի սիրո երազանքով և պապի արդեն լռած ջրաղացի նոստալգիկ վերհուշով: Եվ այդ վերհուշերում կարոտի երանության խորը թախիծ կա և արդեն անցածի փիլիսոփայական անդարձությունը:
Հուշերի երկրի մոլորակում արժեքները մնայուն են, որի մաքուր և անաղարտ անդրադարձումներում կարծես լսելի է բարքերի նորօրյա անկումների սարսափը:
Այսպես ես ընկալեցի Կորյուն Առաքելյանի «Մի աշխարհ՝ սրտի չափով» պոետական խոհերի փիլիսոփայական արձագանքները:
Սերգեյ ՍԱՐԻՆՅԱՆ
Ակադեմիկոս
ՄԱՐԴ ԵՄ…
Մարդ եմ, մեկ-մեկ փոթորկվում,
Ելնում եմ իմ ափերից,
Դարն իմ սրտով չափելիս
Նեղվում անսիրտ բաներից:
Ընտելացել եմ կարծես
Նենգ, խորամանկ խաղերին,
Բարեկամի դիմակով
Խարդավանքին, դավերին:
Քանի անգամ փորձեցին
Ինձ անցկացնել դժոխքով,
Քանի անգամ փրկվեցի
Մորս բարի աղոթքով:
Տիրոջը փառք, որ չարից
Չչարացա ոչ մի օր,
Չարությունը վանեցի
Միշտ բարությամբ զորավոր:
Մարդ եմ, մեկ-մեկ փոթորկվում,
Ելնում եմ իմ ափերից,
Զարմացած այս աշխարհի
Ու իմ սրտի չափերից:
ԶԱՐՄԱՆԱԼԻ Է…
Զարմանալի է,
Որ դարեր ի վեր
Այս լեռների մեջ,
Այս լեռների հետ,
Մեր լեռների պես
Ես չեմ վեհանում:
Զարմանալի է,
Որ դարեր ի վեր
Այս ձորերի մեջ,
Այս ձորերի հետ,
Մեկ է` նրանց պես
Ես չեմ խորանում:
Զարմանալի է,
Որ դարեր ի վեր
Այս գետերի մեջ,
Հորդ ջրերի հետ,
Մեկ է` նրանց պես
Ես չեմ հորդանում:
Զարմանալի է,
Որ դարեր ի վեր
Քար սրտերի մեջ,
Քար սրտերի հետ
Այսքան քարերից
Ես չեմ քարանում:
ԱՆՀՆԱՐԻՆ Է ՀԱՎԱՏԱԼ
Անհնարին է հավատալ,
Որ Աստծո ծիրից
Փախած այս դարում,
Հազար անաստված
Բանից վշտացած,
Այսքան տմարդի
Վարքից կշտացած,
Անգամ ինքն իր դեմ
Չարացած դարում
Կարող է ծնվել
Մեկն, ով կարող է
Պայթող բողբոջի
Կրքից խենթանալ,
Գարնան մի ծաղկի
Բույրով արբենալ,
Ցրտում, խավարում
Մի լույսի ցոլքով
Անգամ գոհանալ…
Անհնարին է
Անգամ հավատալ,
Որ այսքան խաբված,
Որ այսքան խոցված
Սրտում դեռ փոքրիկ
Տեղ է մնացել
Սիրելու համար,
Ապրելու համար,
Մեռնելու համար…
ՀՈՒՇԵՐԻՍ ՀԵՏ…
Երբ փոքր էի,
Հաճախ էի
Ճամփա գնում
Ես հորս հետ՝
Ընկած ծանոթ
Մի արահետ:
Երբ հայրս էր
Ինձնից առաջ,
Վազում, նրան
Չէի հասնում:
Ընկնում էի
Ոտքերի տակ,
Թե հայրս էր
Ինձանից ետ:
Ես եմ հիմա
Ճամփա գնում
Իմ որդու հետ:
Գնում ենք լուռ,
Հաճախ՝ անխոս,
Ամեն մեկս
Մեր մտքի հետ,
Ու չգիտենք
Հին ճամփա՞ն է
Դեռ մեզ տանում,
Թե՞ ընկել ենք
Նոր արահետ…
ՏԱԳՆԱՊ…
Մեր ջրաղացի
Պատը ծռվել էր,
Պապս փակել էր
Իր ջրաղացը:
Մտքի տուն էին
Խեղճ մարդիկ ընկել,
Թե կթանկանա
Նորից մեր հացը:
Ես շատ փոքր էի,
Ինձ թվում էր, թե
Մեղադրում էին
Բոլորն իմ պապին,
Իսկ պապս նստել
Ու անօգնական
Նայում էր ծռված
Ջաղացի պատին:
Շատ տարիներ անց,
Երբ ես լսում եմ,
Թե թանկացել է
Նորից մեր հացը,
Ինձ թվում է, թե
Նորից ծռվել է
Ջաղացի պատը,
Պապս փակել է
Իր ջրաղացը…
ՔԱՂԱՔ ԵԿԱ ԵՍ
ՄԻ ՕՐ
Քաղաք եկա ես մի օր
Գյուղից, տնից սրտնեղած,
Հոգսն ու ցավը մեր գյուղի
Հորս տան հետ շալակած:
Փողոցներում լայն ու մեծ
Թափառում եմ մինչ հիմա,
Մի տեղ անգամ չեմ գտնում՝
Մեջքիս բեռը դնեմ ցած:
Ու ամեն օր մտովի
Հորս տուն եմ ես գնում,
Մտքերիս հետ կռվելով,
Ինքս ինձնից խռոված:
Ու մի օր էլ ինձ գտա
Գյուղիս ճամփին` սրտնեղած,
Հոգսն ու ցավը քաղաքի
Հորս տան հետ շալակած…
ՁԵՐ ՏՈՒՆԸ
Ձեր տունը ուղիղ
Արտի եզրին էր,
Ու երբ որ քամին
Մեղմիվ շոյում էր
Վարսերը արտի,
Ինձ թվում էր, թե
Մայրդ էր սանրում
Վարսերդ ոսկի:
Ձեր տունը ուղիղ
Արտի եզրին էր:
Միշտ կանգնում էի,
Նայում շատ երկար
Ծփացող արտին,
Ու ինձ թվում էր՝
Արտն էր քո հոգու
Մեղմօրոր երգը
Հասցնում իմ սրտին:
Արտում հասկից շատ
Կակաչներ կային
Անթիվ, անհամար՝
Կարմիրով վառված:
Ու ինձ թվում էր՝
Սև պուտիկներով
Քո կարմիր շորն էր
Արտի ծփալար
Պարանին փռած:
ԱՇԽԱՐՀԸ ՎԿԱ
Աշխարհը վկա,
Աշխարհը մի կողմ,
Դու ցորենն էիր
Մեր վերին արտի,
Աշխարհը վկա,
Արտի հովն էիր,
Սիրո ծովն էիր
Իմ պապակ սրտի:
Աշխարհը վկա,
Երբ դու չկայիր
Արտույտի դատարկ
Բույն կար իմ արտում,
Աշխարհը վկա,
Հույսի բաց դուռ կար
Բայց դեռ իմ սրտում:
Աշխարհը վկա,
Կռվազան էիր,
Ու քո պատճառով
Կռիվ ունեի
Ես աշխարհի հետ,
Աշխարհը վկա,
Վերջին շնչում էլ
Ես անպարտ էի
Միմիայն քեզ հետ…
Աշխարհը վկա,
Փոխվեց աշխարհը,
Թեքվեց անիվը
Նաև մեր բախտի,
Աշխարհը վկա,
Բայց միշտ մնացիր
Ոսկե ցորենը
Մեր վերին արտի…
ՈՒՇ ԵՄ ՀԱՍԿԱՑԵԼ
Ես քեզ հետ երկար
Հանդիպելուց հետո եմ
Միայն հասկացել,
Որ իմ ժամանակը
Շրջանաձև է
Ու պտտվում է միալար
Քո առանցքի շուրջը…
Ես քեզ հետ երկա՜ր
Երկինք նայելուց եմ
Միայն հասկացել,
Որ աստղերը այնքան էլ
Հեռու չեն մեզանից,
Ու մեր հոգու կրակները
Սնվում են աստղերից…
Ես միայն երկար
Ճամփորդելուց եմ հասկացել,
Թե ինչպես են խաչվում
Ճանապարհները,
Ու ինչքան երազներ են
Գլանվում
Գնացքների անիվների
Ու ռելսերի արանքում…
Ես քեզ կորցնելուց հետո եմ
Միայն հասկացել,
Թե մեր հեքիաթները
Ինչու են ապրում երկնքում
Ու թաղվում անհետ
Ծովի հատակում…
ՔԵԶ ՍՊԱՍԵԼՈՒՑ…
Քեզ սպասելուց
Իմ պատուհանի
Գոգը մաշվել էր,
Իսկ արմունկները
Վերնաշապիկիս՝
Ծակվել նույն տեղից:
Ես այնքան էի
Դեմքով, տաք շնչով
Քսվել ապակուն,
Որ այն մաշվել էր,
Դարձել բարակ թուղթ:
Մթից, խավարից
Փախչելու համար
Միշտ փրկություն է
Եղել ինձ համար
Իմ պատուհանը,
Քանզի մշտապես
Ես շնչահեղձ եմ
Եղել արևի,
Լույսի պակասից:
Իսկ դու, Լույս, դարձյալ
Հեռու ես ինձնից,
Ու ոնց կարող ես
Քո հեռուներից
Մի օր հասկանալ,
Թե իմ սպասող
Ու իմ չբացվող
Գիշերները մութ
Ինչ լույս օրեր են
Խլել ինձանից:
ԻՆՁ ՀԱՄԱՐ
Ինձ համար հիմա
Դու ավելին ես,
Քան որ կարող է
Լինել խավարում
Խարխափող մեկի
Աչքին հայտնված
Լույսի կանթեղը:
Ինձ համար հիմա
Դու ավելին ես,
Քան որ կարող է
Լինել շատ անհույս
Հիվանդի համար
Գտնված դեղը:
Ինձ համար հիմա
Դու ավելին ես,
Քան որ կարող է
Լինել մեծ ծովում
Կողմնորոշումը
Կորցրածի համար
Հայտնված ափը
Կամ օդանավի
Վայրէջքի պահին
Կորցրած ու հանկարծ
Գտնված կապը:
Դու ավելին ես,
Քան որ կարող է
Խեղդվողի համար
Լինել մոտեցող
Փրկարար լաստը
Կամ էլ՝ մեռնողի
Գլխում հայտնված
Ապրելու հույսն ու
Սիրո իմաստը:
Ինձ համար հիմա
Դու ավելին ես…
Սակայն, ափսո՜ս որ
Դու դա չգիտես:
ԱՌԱՎՈՏԸ
Առավոտը ծովի վրա
Հրաշքի պես
Խորհրդավոր
Հազարաթև է
Ու անտես է
Գալիս…
Մութը մարում,
Լույսը իրեն
Ոնց թաքնված
Բարի ոգի,
Դանդաղ իրեն
Զգալ է տալիս…
Արթնացումի շունչը ծովի
Ճային մի նոր
Թև է տալիս…
Ինչքան իրար
Նման թվան
Առավոտներն իրար,
Ամեն բացվող
Մի առավոտ
Նոր երկինք է
Ծովին տալիս…
Առավոտը ծովի վրա
Հրաշքի պես
Լայնաթև ու հազարթև է
Գալիս…
Ամեն բացվող
Օրը ծովի
Սրտին մի նոր
Երգ է տալիս…