Սամվել Մկրտչյանին / Արտաշես ԱՐԱՄ

ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆ-3
Լույսը չի մարում,
Տենչը չի հատնում,
Հար հոգին մարմնի
պատյանը թողած:
Ինչպես չեն հատնում
բիլ ճառագայթն ու
Հուշն անխամրելի
սրտում ապրողաց:

Քո ամեն քայլը
թռիչքի պես էր,
Թռիչք
Անհայտի վիհի վրայով:
Ինչ կյանք, արարման
ու տենդի ծես էր
Ապրած օրերիդ
հոսքը վարարող:

Հիմա Այնտեղ ես,
եզերքում այն ձույլ,
Ուրկից ամեն ինչ
սկիզբ է առնում:
Օրերը խուլ են,
ժամանակը՝ կույր,
Իսկ սիրտը՝ ճաքած
և արևառ նուռ:

Դառնալ ցող ու շաղ ու
նորից ծնվել՝
Հանց զարդագրյալ
բառերի հյուսվածք:
Եվ առկայծում է
ժպիտդ, Սամվել,
Այլաշխարհային
լույսերին հյուսված:

08.12.2014

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։