ԳԱՌՆԻԿ ՇԱԽԿՅԱՆ

Գառնիկ ՇԱԽԿՅԱՆ

82 տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց ճարտարապետության դոկտոր-պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ (2012), Հայկական հանրագիտարանի ավագ գիտական խմբագիր, Ճարտարապետաշինարարական համալսարանի վաստակաշատ դասախոս Գառնիկ Սմբատի Շախկյանը:
Շախկյանը հայ մտավորականի տիպիկ ներկայացուցիչ էր, հմուտ մանկավարժ, ճարտարապետության պատմության մերօրյա լավագույն մասնագետներից: Նա իր աշխատասիրությամբ, բազմազբաղ առօրյայով, մարդկանց օգտակար լինելու պատրաստակամությամբ բացառիկ անձնավորություն էր:
Գ. Շախկյանը նախագծել է «Գրողների ստեղծագործական տունը» Ծաղկաձորում, հյուրանոցներ՝ Ալավերդի, Մարտունի քաղաքներում, Ալավերդու քաղաքապետարանի շենքը, մանկական ճամբար՝ Ծաղկաձորում, մատուռ՝ Նեղոց գյուղում, հուշակառույցներ՝ Ալավերդի քաղաքում, Շնող, Լճկաձոր գյուղերում, բնակելի տներ, կոմունալ օբյեկտներ՝ ՀՀ տարբեր շրջաններում:
Գ. Շախկյանը 250-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է, լույս է ընծայել 15 գիրք: Նրա ուսումնասիրությունների ընդգրկումը շատ լայն է. դրանք արդի և միջնադարյան ճարտարապետության` մինչև օրս չուսումնասիրված կամ սակավ ուսումնասիրված հարցեր են: Լոռու ճարտարապետական դպրոցի փաստական նյութի ուսումնասիրությամբ նա շրջանառության մեջ է դրել Վրաստանի տարածքում գտնվող ճարտարապետական այնպիսի գլուխգործոցներ՝ Ախքյորփի, Բրդաձոր, Խորակերտ, Խոժոռնի և այլ վայրերում, որոնց պատկանելիության խնդիրը դեռևս վիճարկվում է:
Հակառակ մեզանում տարածված այն կարծիքի, թե 8-9-րդ դարերում, արաբական դաժան ճնշման պայմաններում, Հայաստանում քար քարի վրա չի դրվել, այսինքն` դադարել են շինարարությունն ու եկեղեցաշինությունն ընդհանրապես, Շախկյանը պարզել է, որ կան այդ ժամանակներում կառուցված մի շարք եկեղեցիներ, ինչպես, օրինակ՝ Արամուսի եկեղեցին, փաստ, որ վկայում է Հայաստանում շինարվեստի շարունակական զարգացման մասին: Հակառակ դեպքում անհասկանալի կլիներ դրան հաջորդած ժամանակաշրջանում եկեղեցաշինության և շինարվեստի աննախադեպ վերելքը: Շախկյանը ճարտարապետության պատմության ոլորտում ուսումնասիրությունների, ժամանակակից ճարտարապետության հարցերում արժեքավոր հրապարակումների համար արժանացել է ՀՀ ԳԱԱ «Թորոս Թորամանյան» մրցանակին:
Նրա ուշադրության կենտրոնում էին նաև բնապահպանության, հատկապես՝ Ալավերդու, Շամլուղի, Թեղուտի և այլ հուշարձանների պահպանության խնդիրները, համոզված էր, որ զբոսաշրջային նպատակներով Լոռու ճարտարապետական հուշարձանների խելամիտ օգտագործումը կարող է հսկայական եկամուտ բերել տարածաշրջանին:
Իր բուն ճարտարապետական հետաքրքրություններից բացի, նա եռանդ չխնայեց նաև իր մեծ հայրենակցի՝ Հովհաննես Թումանյանի տոհմի ու ընտանիքի, բնաշխարհի հետ կապված առանձին հարցերի ուսումնասիրության գործում և շատ օգտակար բացահայտումներ արեց: Հրատարակել է «Հովհաննես Թումանյան: Հայրենագիտական համանվագներ» (2005), «Թումանյանի ընտանեկան աշխարհը» (2011), «Թումանյանական աշխարհ. մշակութային գիտարանը» (2016), «Ժպտադեմ, զվարճախոս ու զարմանահրաշ մեր Թումանյանը» (2016) երկերը: Նա նաև «Հովհաննես Թումանյան» գրական հանրագիտարանի նախաձեռնողներից ու ակտիվ աշխատակիցներից էր, հեղինակ՝ «Պատկերազարդ կենսագրական» (2004), «Կայծոն-Շնող» (2005) հանրագիտական բնույթի հայրենագիտարանների, «Ոգի, գույն, կերպար» (2009) շատ ուշագրավ գրքի և բազմաթիվ այլ աշխատությունների:
Թումանյանագիտության բնագավառում ունեցած ակնառու հաջողությունների համար 2017 թ. արժանացել է ՀԳՄ «Հովհաննես Թումանյան» մրցանակին:
Շախկյանն իր հայրենի Շնողի արժանավոր զավակներից էր, գյուղի պատվավոր քաղաքացի: Նա առավելագույնն է արել գյուղի կրթամշակութային զարգացման համար:
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի:

«Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»
«Շնող» հայրենակցական ընկերություն

ՑԱՎԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀԳՄ վարչությունը ցավով հայտնում է, որ կյանքից հեռացել է ճարտարապետ, հրապարակախոս, ՀԳՄ անդամ
ԳԱՌՆԻԿ ՇԱԽԿՅԱՆԸ, և վշտակցում է հանգուցյալի ընտանիքի անդամներին, հարազատներին, գրչընկերներին:

One thought on “ԳԱՌՆԻԿ ՇԱԽԿՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։