ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆ. ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՍՏԾՈ ՆՎԵՐԸ / Կարինե ԱՇՈՒՂՅԱՆ

Սամվել Մկրտչյանի հանգչելու օրը ստիպում է հավատալ թվերի մոգությանը. նա հեռացավ իր սիրելի Գյումրու անամոք ցավի օրը… Իսկ հաջորդ օրը Լևոն Խեչոյանի 59-ամյակն էր և Սամվելի երկնային կյանքի սկիզբը: Նրանք, որ ոչ թե պարզապես գրչընկեր էին, այլ իսկապես ընկեր՝ աշխարհայացքով, տղամարդկային վարքաբանությամբ, քաղաքացիական դիրքորոշմամբ, և ճակատագիրը նաև այսպես խաչաձևեց մեծերի ճանապարհը: Բայց երբ նաև մտաբերեցի, որ Սամվելի հոգեհանգիստը իր պաշտելի Լենոնի վերջին օրն էր, ուղղակի կարկամեցի ճակատագրի քմայքներից:
Հայ գրականության մեջ Սամվելը Տիրոջ տեսակն էր… Այնքան, որ համաշխարհային գրականության անգերազանց իմացության ընթացքի մեջ՝ կանգ առավ իբրև սքանչելի արձակագիր և իրեն նվիրեց թարգմանությանը, միայն թվարկելը մտավոր հաճույք է պատճառում՝ Շեքսպիր, Էլիոթ, Սարոյան, Քիփլինգ, Ֆոլքներ, Մելվիլ, Քոհեն, Բուքովսկի, ամերիկյան և անգլիական արձակ և նույնքան ընտիր պոեզիա: Մեծ սփոփանք է, որ հասցրեց անգլերեն թարգմանել Եղիշե Չարենց: Իսկ Ջեյմս Ջոյսի «Ուլիսեսը» հայերեն հնչեցնելը գրական սխրանք էր, որով նա մեզ նորից ու նորից դրեց մշակութաստեղծ, մշակութակիր ազգերին համահավասար շարքում: Ինչպես Ռուբեն Հովսեփյանն էր նկատել՝ նա խիզախեց թարգմանել մի վեպ, որ շատերն անգամ կարդալ չեն համարձակվում… «Ուլիսեսի» թարգմանությունը ժամանակի հոլովույթում ավելի մեծ ու վիթխարի կպատկերանա: Չափազանցություն չի լինի պնդելու չափ ենթադրել, որ «Ուլիսեսը» կարդալը հավասարազոր է համալսարանի ևս միդիպլոմ ստանալուն: Այն ոչ միայն դժվար ընթերցվող, այլև, առաջին հերթին, դժվար թարգմանելի վեպ է, այն կարող է երկրորդ կյանք ստանալ միայն ճկուն և քերականական անթերի կառուցվածքով լեզվական տիրույթում: Բայց դա էլ բավարար չէ. այն կարող էր թարգմանել միայն երկլեզվության աստիճանի անգլերենին և հայերենին տիրապետող և անպատճառ գրող մեկը: Այդ առաքելությունը բաժին ընկավ Սամվել Մկրտչյանին: «Ուլիսեսը» կարդացած լինելով տարիներ առաջ՝ ռուսերեն լավ թարգմանությամբ, գիտեի, որ վայելելով կկարդամ նաև հայերենը… Առաջին էջից կռահվում է, որ թարգմանելիս Սամվելը ամբողջովին վերափոխվել-վերածվել է Ջոյսի, ինչպես պատահում է բոլոր կատարյալ թարգմանությունների դեպքում: Բուն տեքստին զուգահեռ՝ ջոյսյան ծանոթագրությունների այդքան համարժեք փոխադրությունը ինքնին մի գիտական խմբի աշխատանք է:
…Հայաստանը մի քիչ էլ փոքրացավ Սամվել Մկրտչյանի գնալով: Իսկ երկնքում լույս ավելացավ: Եվ լույսը նաև մեր կողքին է, որովհետև Գիրն է մնում հիշատակող… Եվ Գիրը կարդալը գրողի հետ առ միշտ մնալու միակ ձևն է: Ուրեմն՝ կարդալ Սամվել Մկրտչյանի ԲՈԼՈՐ գրածները, թարգմանությունները, հարցազրույցները…. եթե կարդացել եք՝ նորից, եթե ինչ-որ բան եք բաց թողել՝ գտեք, եթե չեք կարդացել՝ շտապելով շտապեք…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։