Երբ մեր հայրերը սրբացնում էին մեր թարգմանիչներին և Տոնացույցի մեջ
սբ Թարգմանչաց Տոն էին սահմանում, անվրեպ որսում էին այն ազդակները, որոնք տիեզերքի խորքերից իջնում էին երկրի վրա իբրև Միտք և Խոհ և պետք է ներկրվեին` լցնելու մեր ամբարները և մեր արտերում շաղ տրվելով ապահովելու մեր ցանքսն ու բերքը: Այդ գիտակցությունը ձգվել է մինչև Ստեփանոս Սյունեցու «Արեոպագիտների» լեզվակազմիկ թարգմանությունը, մինչև Մխիթարյանների` առանձնապես արևմտահայ մեր բանաստեղծության լեզվի դոնոր մոնումենտալ ընկալումը, մինչև արևելահայերենի տակ դրած մասեհյանական մոգական խչմարները և մինչև մեր օրերի մեր մեծ թարգմանիչները` Արբուն Տայան, Համազասպ Համբարձումյան, Կարպիս Սուրենյանց… Մեր հակասական ժամանակներում մենք «մեծ» էպիտետը ում վրա` ինչ մուղամբազի ու կլկլոցաբանի վրա ասես չնետեցինք, բայց կարծես չտեսանք, կամ միայն հատուկ տեսողություն ունեցողները տեսան այն մեծ դերն ու նշանակությունը, որը մեր նախնիները, ուրեմն, սրբացրել էին: Թարգմանչաց դասի այս փաղանգը, փառք Աստծու, մեր օրերում իր արժանի համալրումն է ստանում, ավա՜ղ, նրա ամենավառ դեմքերից մեկը անսպասելիորեն բացեց դուռը և գնաց…
Զարմանալ կարելի է Սամվել Մկրտչյանի ոչ միայն տաղանդի, այլև ռիսկի վրա: Բայց եթե տաղանդը ի վերուստ տրված շնորհ է, ապա համաշխարհային գրականության ամենաբարդ ստեղծագործություններին ձեռք զարկելու նրա ռիսկը նրան իր հայերենն էր տվել. նա գիտեր, որ այդ լեզուն դատիրավասու է ցանկացած ոճի, ցանկացած ուղղության, ցանկացած դպրոցի, մի խոսքով` ցանկացած պատումի վրա: Նա գիտեր հայոց լեզվի զորությունը, որն էլ հենց զորություն էր հաղորդել նրան: Անհնարին, գրեթե անհնարին է առանց որևէ նախորդի կամ նախակարապետի ձեռնամուխ լինել մի գրքի թարգմանության,- ես նկատի ունեմ «Ուլիսեսը»,- որը ոչ թե տասնութ գլխից է բաղկացած, այլ տասնութ ոճից և մաներայից, մեթոդից և պատումից, եթե կուզեք` տասնութ հեղինակից, ըստ որում` համեմված անգլերենի սլենգային ամենախրթին, առտնին-կենցաղային արտահայտություններից մինչև 20-րդ դարում արձակի նոր հորիզոններ բացած «գիտակցական հոսքի» զառանցական շարադասություններով ու շարահյուսություններով: Ինչպես որ 20-րդ դարի լեգենդար այդ վեպը գրողական բազում տեխնիկաների և ոճերի, այդպես էլ նրա` Սամվել Մկտչյանի հայերեն թարգմանությունը թարգմանական արվեստի իսկական լաբորատորիա է բոլոր նրանց համար, ովքեր վաղը կամ արդեն այսօր իսկ նրա ռիսկով ոգեշնչված` ձեռք են զարնելու ժամանակակից գրականության մյուս անհնարին ստեղծագործությունների հայերենացմանը:
Դա մի իսկական մշակ էր, ով իր մշակության վարձի ոչ մի ակնկալիք և ցանկություն չուներ: Մի մարդ, որին ոչինչ չէր կարող կաշառել: Ընկեր, ում ընկերության չափանիշերը նույնքան բարձր էին, որքան գեղագիտականները: Նա ոմանց համար դժվար և անբարեհաճ մարդ էր, ինչպես որ իր թարգմանած գրքերն էին այդպիսին այդ ոմանց համար: Սամվելի հետ ընկերությունը ճաշակ և տաղանդ էր պահանջում: Անգամ իր բոհեմիկ վիճակներում նա չափանիշեր ուներ. նա բոլորի հետ կարող էր նստել-ելնել,- իսկ ինչն է ինձ խանգարում ասել` խմել և գինովնալ,- բայց ոչ ոքի թույլ չէր տալիս օգտվել դրանից և ծփալ իր երեսին: Իր թարգմանածը նրա մեջ կեցվածք էր դարձել: Ինչ կեցվածք` կեցություն: Նա գիտեր կյանքի ողջ խաբուսիկությունը, ունայնությունն ու դառնությունը, և նրա հրապուրանքներին ոչ մի արժեք չէր տալիս: Որովհետև մի արժեք գիտեր` գրականության անանց արժեքը, որի լուսապսակով էլ մեզ համար ընդմիշտ պսակված է լինելու այսուհետև վերևում իմ թվարկած և չթվարկած մեր ամենահզոր թարգմանիչների անունների կողքին հանգրվանած նրա անունը:
ՀԱՅԵՐԵՆԻ ԶՈՐՈՒԹՅԱՄԲ ԶՈՐԱՑԱԾ / Հակոբ ՄՈՎՍԵՍ
