72 տարեկանում կյանքից հեռացել է թարգմանիչ, լրագրող, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության խմբագիր Հովհաննես Այվազյանը:
Հովհաննես Այվազյանը ծնվել է 1950 թ. մարտի 3-ին, Սիղնաղի շրջանի Սաքոբո գյուղում (Վրաստան): Սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում, ապա տեղափոխվել Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետհամալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ, որն ավարտել է 1979 թվականին: Աշխատել է «Ավանգարդ», «Սովետական Հայաստան», «Հայաստանի Հանրապետություն» թերթերում` որպես գրական աշխատող, բաժնի վարիչ, եղել է «Նոր դպրոց» և «Նաիրի» հրատարակչությունների գլխավոր խմբագիր: «Համո Սահյան» ԳՄԿ հիմնադիր անդամ է: Կազմել է Ջիվանու, Հ. Սահյանի, Ս. Եսենինի գրքերը։ Նրա թարգմանական գրչին են պատկանում Լևոն Օսեփյանի պատմվածքները, Լեոնիդ Ենգիբարյանի «Ծաղրածուն աշունը սրտում», Գարսիա Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին», Քնյուտ Համսունի «Միստերիաներ», Վլադիմիր Ստուպիշինի «Իմ առաքելությունը Հայաստանում» և մի շարք այլ գրքեր: Հովհաննես Այվազյանն արժանացել է «Արմենպրես» գործակալության «Տարվա բեսթսելեր» մրցանակին` Գ. Մարկեսի «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» գրքի թարգմանության համար, 1987-ին արժանացել է ՀՀ ժուռնալիստների միության մրցանակի, 2011-ին՝ «Համո Սահյան» ոսկե հուշամեդալի։
ՀԳՄ վարչությունը ցավակցում է Այվազյանների ընտանիքին, հարազատներին, գործընկերներին։